38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կասպից ծովում կրկին արյան հոտ է գալիս»

«Կասպից ծովում կրկին արյան հոտ է գալիս»
08.09.2009 | 00:00

ԿԱՐԾԵՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
«Կասպից ծովում կրկին արյան հոտ է գալիս»։ Այս հայտարարությունը մոտ ութ տարի առաջ հնչեց հանգուցյալ Թուրքմենբաշու շուրթերից, երբ ավարտվեց նրա հերթական հանդիպումն այսօր նույնպես հանգուցյալ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ։ Այսօր կարծես պատմությունը կրկնվում է։
Թուրքմենստանի նոր նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը բոլորովին վերջերս հայտարարեց, որ երկիրը, ցամաքային սահմանից զատ, ունի ծովային սահման, և այն անհրաժեշտ է պաշտպանել։ «Ներկայումս հատուկ աշխատանքներ են իրականացվում ծովային սահմանի ամրապնդման և պահպանության ուղղությամբ Կասպից ծովի այն հատվածում, որ վերաբերում է մեր պետությանը, և որն անհրաժեշտ է պաշտպանել օտար ոտնձգություններից»,- հայտարարել է Թուրքմենստանի նախագահը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ արագընթաց պարեկային կատերների հետ մեկտեղ ձեռք կբերվեն երկու ժամանակակից հրթիռներով զինված ռազմանավեր։ Այս ուժերն արդյունավետ օգտագործելու համար Կասպիցի թուրքմենական ափում կստեղծվի ժամանակակից ծովային բազա` բոլոր անհրաժեշտ դիտարկման միջոցներով զինված։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2015 թվականը, միաժամանակ Թուրքմենստանն արագորեն ձևավորում է սեփական առևտրական նավատորմը` էներգառեսուրսները դեպի իրանական նավահանգիստներ արտահանելու համար, և այդ նպատակով Ռուսաստանից գնվել են մի քանի տանկերներ։
Մինչ օրս Կասպիցում իրական ռազմածովային ուժեր ունեին միայն Ռուսաստանը, մասամբ` Ադրբեջանը, Իրանը դեռ խորհրդային տարիներին ստեղծել էր միայն առափնյա պաշտպանության համակարգ։ Այժմ ռազմածովային ուժեր են ստեղծում ինչպես Թուրքմենստանը, այնպես էլ Ղազախստանն ու Իրանը։ Այդ գործում մեծ ակտիվություն են ցուցաբերում տարբեր պետություններ, մասնավորապես ԱՄՆ-ը նպաստում է Ղազախստանի և Ադրբեջանի նավատորմների ձևավորմանը, չնայած ռուսների պնդմամբ, Կասպից ծովի վերաբերյալ բոլոր պայմանագրերում պետք է ամրագրված լինի ոչ կասպիական պետությունների զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունն այս ծովային ավազանում։ Ադրբեջանա-թուրքմենական հակասություններն այս անգամ ակնհայտորեն հայտարարություններով չեն հարթվելու, քանզի Աշգաբադի համբերությունը սպառվել է, Բաքվի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, և Թուրքմենստանը պատրաստվում է Կասպից ծովում գտնվող վիճելի նավթահանքերի պատկանելության հարցը հասցնել միջազգային դատարան։ Արդեն խոշոր միջազգային իրավաբանական ընկերություններն աշխատում են այս ուղղությամբ և շուտով Թուրքմենստանի կողմից միջազգային նորմերով հիմնավորված հայցը կներկայացվի։
Խոսքը մասնավորապես վերաբերում է «Ազերի» և «Չիրագ» ծովային նավթահանքերին, որոնք շատ վաղուց շահագործում է Բաքվուն, թեպետ դրանք ավելի մոտ են ծովի թուրքմենական ափին։ Ընդ որում, հենց այստեղից են գոյանում ադրբեջանական նավթի հիմնական պաշարները։ 16 տարի շարունակ Թուրքմենստանը փորձել է բանակցություններում բարձրացնել այդ հարցը, սակայն Բաքուն առայսօր շարունակում է պարզապես գողանալ հարևանի ունեցվածքը։ Ավելին, ադրբեջանական ինժեներա-երկրաբանական հետազոտություններ իրականացնող «Զոհրաբ Վելիև» նավը ծովի թուրքմենական հատվածում սկսել է նոր նավթահանքերի ուսումնասիրությունը։ Այս ամենը տեղի ունեցավ Ղազախստանում կասպիական պետությունների ղեկավարների հանդիպումից քիչ առաջ, որին չէր հրավիրվել Իրանը։ Ըստ այդմ, Կասպից ծովը «խաղաղության գոտու» վերածելու մասին բոլոր հայտարարությունները թղթի վրա էլ կմնան։ Ավելին, Հայաստանի դեմ փորձարկված քարոզչական պատերազմի մեթոդներով ադրբեջանական ԶԼՄ-ները զուգահեռ պայքար են սկսել Թուրքմենստանի դեմ` կառուցված սպառնալիքներից և ֆանտաստիկ առաջարկությունների խառնուրդից։ Հղումներ են արվում, թե Աշգաբադը նույնիսկ Ապշերոնյան թերակղզու մի մասը համարում է իր տարածքը, պարում է է Ռուսաստանի դուդուկի տակ, Թեհրանն է գաղտնի հրահրում Թուրքմենստանին իր աշխարհաքաղաքական նպատակներով և այլն։ Մեղադրանքներ հայտնվեցին նույնիսկ Թուրքմենստան նոր մուտք գործած ամերիկյան ու գերմանական ընկերությունների հասցեին, որոնք էլ իբր պաշտոնական Աշգաբադին խորհուրդ են տվել դիմել միջազգային արբիտրաժային դատարան։ Կարծես նման եզրակացության հանգելը հանճարեղ խելք է պահանջում։
Ավելին, ֆանտազիաներից անցնելով սպառնալիքների, ադրբեջանական կողմը հավաստիացնում է, թե իր ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները։ Միաժամանակ վերոնշյալ հանքավայրերի` Ադրբեջանին պատկանելը հիմնավորելու համար հղումներ են արվում բոլոր հնարավոր պայմանագրերին` սկսած Գյուլիստանի պայմանագրից, վերջացրած խորհրդային համաձայնագրերով։ Ադրբեջանցիների` գողացածը պարտակելու մոլուցքը հասնում է զավեշտական դրսևորումների, թե իբր այդ նավթահանքերը չեն կարող հանձնվել Թուրքմենստանին, «որովհետև դրանք հայտնաբերել ու շահագործել են ադրբեջանական նավթագործները»։ Մինչդեռ հայտնի է, որ ԽՍՀՄ շրջանում խորհրդային «Նավթգազպրոմի» համար բոլորովին միևնույնն էր, թե որ ափին էին մոտ գտնվում հայտնաբերված հանքերը, կարևորն այն էր, որ նրանք գտնվում էին ԽՍՀՄ տարածքում։ Ինչ վերաբերում է «ադրբեջանական նավթագործներին», ապա նրանց թվում քիչ չեն եղել և առաջավոր դիրքեր են զբաղեցրել հայերը, և այդ տրամաբանությամբ Հայաստանն էլ կարող է հավակնել այդ նավթահանքերի տնօրինմանը։
Բոլոր այս փաստարկների ազդեցությունը հավանաբար մեծ չէ, և պաշտոնական Բաքուն զուգահեռ անցնում է նաև շանտաժի քաղաքականության։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար, ոչ անհայտ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե կասպիական պետությունների միջև բոլոր վիճելի խնդիրները կլուծվեն ծովի իրավական կարգավիճակի վերջնական ճշգրտումից հետո։ Իսկ սա մերձկասպյան հինգ պետությունների միջև այնպիսի վիճելի հարց է, հատկապես Իրանի դիրքորոշման պարագայում, որ կարող է ձգվել տարիներ։ Այսինքն, ադրբեջանական կողմը ավազակին բնորոշ պարզունակ խորամանկությամբ մտադիր է ևս մի քանի տարի գողանալ ուրիշի ունեցվածքը։ Ինչ վերաբերում է վիճելի հանքավայրերի շուրջ լարվածության մեծացմանը, ապա Նովրուզ Մամեդովը Թուրքմենստանին սպառնացել է «ՆԱՏՕ-ի գործընկերների միջամտությամբ»։ «Դաշինքը չի կարող մի կողմ քաշված մնալ, եթե Կասպից ծովում ինչ-որ սպառնալիք առաջանա»,- հայտարարել է նա, փորձելով ընդդիմախոսներին ահաբեկել գոյություն չունեցող ուժային գործոնով։ Այն պարզ պատճառով, որ Թուրքմենստանը ոչ պակաս է համագործակցում արևմտյան երկրների հետ, ընդգրկված է բազմաթիվ ծրագրերում և, ըստ այդմ, հասկանալի չէ, թե առանց միջազգային արբիտրաժային դատարանի որոշման ՆԱՏՕ-ն ինչո՞ւ պետք է պաշտպանի հատկապես Ադրբեջանին։ Թուրքմենստանը կարող է նույն հաջողությամբ այդ նավթն Արևմուտքին վաճառել։
Ճիշտ է, Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները Կասպից ծովի ապագայի վերաբերյալ համընկնում են։ Մոսկվան առաջարկում է բաժանել ծովի հատակը, բայց ջրածածկույթը թողնել նույնը։ Այս մոտեցմանը, սակայն, չեն աջակցում Թեհրանում և Աշգաբադում, որոնք պահանջում են ծովն ամբողջությամբ բաժանել 20-տոկոսանոց «ազգային սեկտորների» բոլոր հինգ պետությունների միջև։ Թեպետ ռուսական «Կոմերսանտ» թերթի գլխավոր խմբագիր Ազեր Մուրսալիևը համարում է, որ Թուրքմենստանն Իրանի պատճառով է այդպիսի կեցվածք որդեգրել, և որ ժամանակին մեծ սխալ էր Թեհրանին Կասպից ծովի հետ կապված գործընթացներում ընդգրկելը, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծովի նախկին խորհրդային մասը կարելի էր բաժանել չորս պետությունների միջև ու դրանով վերջնականորեն հարցը փակել։
Մյուս կողմից, սակայն, կողմերի դիրքորոշումները միանշանակ չեն գազամուղների հարցում։ Եթե Ղազախստանն ու Ադրբեջանը համարում են, որ երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա կարող են ստորջրյա գազամուղներ կառուցել Կասպից ծովում, ապա այս անգամ Ռուսաստանն ու Իրանն էլ կտրականապես դեմ են հանդես գալիս, պնդելով, թե նման նախաձեռնությունները պետք է արժանանան բոլոր հինգ պետությունների հավանությանը։ Անհանգստություն են սկսել ցուցաբերել թուրքական ԶԼՄ-ները, ընդ որում, թուրք-ադրբեջանական հարաբերությունների սրումը կարող է հանգեցնել «Նաբուկո» նախագծից Թուրքմենստանի դուրս գալուն, իսկ առանց Աշգաբադի մասնակցության այդ ծրագիրն իրականացնելն անհնար է, Ադրբեջանն այդքան գազ ուղղակի չունի։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Աշգաբադն ակնարկել է, որ չի հրաժարվում «Նաբուկոյին» մասնակցելուց, եթե այն իրագործվի Թուրքմենստան-Իրան-Թուրքիա ուղղությամբ` այսինքն Ադրբեջանին ծրագրից դուրս թողնելու ճանապարհով։ Մանավանդ որ Թուրքմենստան-Իրան գազամուղի խողովակաշարը մինչև այս տարեվերջ կհանձնվի շահագործման, ինչն ինքնին կրճատում է «Նաբուկոյի» ծախսերը։
Առայժմ ռազմական հակամարտության ծավալումը Կասպից ծովում հավանական չէ, և կողմերն ավելի շուտ զբաղված են փաստարկների «խաղով»։ Սակայն, միաժամանակ, կասպիական ավազանի միլիտարիզացիան ակնհայտորեն թափ է հավաքում, իսկ դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում էներգետիկ նախագծերի մասնակից բոլոր կողմերի համար։ Եվ ժամանակի ընթացքում, երբ հիմնախնդիրների լուծման քաղաքական փաստարկներն անհրաժեշտ ներգործությունը չեն ունենա, բոլորովին չի բացառվում, որ ի հայտ գան այլ «փաստարկներ», և կողմերն այլ չափման միավորներով սկսեն չափել միմյանց ուժն ու վճռականությունը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ