38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դեմիրճյանը Լենինի արձանն էր, մենք` պատվանդանը»

«Դեմիրճյանը Լենինի արձանն էր, մենք` պատվանդանը»
03.04.2009 | 00:00

«Երբ մենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրինք, որոշ լրատվամիջոցներ աղմուկ բարձրացրին, թե ինչ-որ անհայտ մի կուսակցություն նման հանդուգն քայլ է արել»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ ՄՈՎՍԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ, շեշտելով, թե ցանկացած քաղաքական ուժի հիմնական գործառույթն ընտրություններին մասնակցելն է, այստեղ արտառոց որևէ բան չկա, և ՀԱՍԿ-ն էլ ամենևին անհայտ կամ հանրությանն անծանոթ կուսակցություն չէ։
Լրագրողների հիշողությունը թարմացնելու և ասվածն ավելի արժանահավատ դարձնելու համար ակումբի հյուրը որոշ «կենսագրական» մանրամասներ ներկայացրեց։ Ըստ այդմ, արդարադատության նախարարությունում առաջին անգամ իրենք գրանցվել են 1996-ին` Հայաստանի սոցիալիստական կուսակցություն անվամբ, իսկ 1998-ի մարտյան արտահերթ նախագահական ընտրություններում եղել են տասը տարվա ինքնամեկուսացումից հետո քաղաքական ասպարեզ վերադարձած Կարեն Դեմիրճյանի միակ հենարանը։
«Հին լրագրողները լավ պիտի հիշեն Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացած մեր կուսակցության համագումարը, որն էլ հենց նախագահի թեկնածու առաջադրեց Կարեն Դեմիրճյանին։ Այն ժամանակ մենք ունեինք նաև «Հասկ» թերթը, որի տպագրությունը հասավ 10 հազար օրինակի, ինչն այդ տարիների համար ռեկորդային թիվ էր»,- հիշողություն թարմացնելու գործը շարունակեց Մովսես Շահվերդյանը, հավելելով, թե ավելի ուշ քաղաքական իրավիճակ փոխվեց, իրենք անցան «ընդհատակ», ինչը «մտածված տակտիկա» էր կուսակցության կողմից։
Իսկ ինչո՞ւ ՀՍԿ-ն հանկարծ դարձավ ՀԱՍԿ։ Կուսակցապետի պարզաբանումը բավականին անկեղծ էր։ Քանի որ, կուսակցությունների մասին օրենքի համաձայն, երկու ընտրություն իրար հետևից բոյկոտած քաղաքական ուժն ինքնաբերաբար լուծարվում է, իսկ իրենք երկու ընտրություն արդեն բաց էին թողել, ուստի պարտադրված էին նոր անվամբ «կնքվել» արդարադատության նախարարությունում` լուծարման վտանգից խույս տալու համար։
Այսպես էլ ծնվեց ՀԱՍԿ-ը, որը շուտով նորից «Հասկը» լույս կընծայի` ակտիվ քարոզչությամբ վերջնականապես թոթափելով քաղաքական պասիվության տասնամյա փոշին։ Համենայն դեպս, սա էր կուսակցապետի ակնարկը։
Շատ բարի։ Իսկ ի՞նչ կամ ո՞ւմ «դուխով» է «պուճուրիկ» ՀԱՍԿ-ը խառնվել «փղերի ճակատամարտին» և չի էլ կասկածում, որ երևանցիների 7 տոկոսի քվեն արդեն «գրպանում ունի»։ Որքան հասկացանք` հաշվարկը բավականին «լուրջ» է։ Բացատրենք։ Եթե 98-ին իրենք են եղել Կարեն Սերոբիչի միակ քաղաքական հենարանը, իսկ նա, պաշտոնական տվյալներով (իրական ձայները` մի կողմ) ստացել է 615 հազար քվե, մոտավորապես 43 տոկոս, դա նաև իրենց արդյունավետ նախընտրական արշավի արդյունքն էր։ Այդ 615 հազարի առնվազն տասը տոկոսը, այսինքն, 61 հազար ձայն, Մովսես Շահվերդյանն իրենցն է համարում, որի ճիշտ կեսը` առնվազն 30 հազար քվե, ապահովել է միայն Երևանը։ ՈՒրեմն` ի՞նչ։ Այն, որ այսօր էլ ոչինչ չի փոխվել, և իրենք այդ մինիմում 30 հազարի տերն են։
Դուք իրո՞ք հավատում եք այդ «թվաբանությանը», ասուլիսից հետո հարցրինք Մովսես Շահվերդյանին։
Իհարկե` ասաց և մի պատկերավոր համեմատություն արեց.
«Մերկուրովի քանդակած Լենինի արձանը փառահեղ էր, չէ՞։ Իսկ պատվանդա՞նը։ Որքա՜ն համահունչ էր արձանին։ Առանց դրա շատ կարևոր մի բան թերի կլիներ։ Դեմիրճյանը արձանն էր, մենք` պատվանդանը»։
Ցավոք, այսօր «արձանը» չկա։ «Պատվանդանը» կա։ ՈՒ կռվի է դուրս եկել «փղերի» դեմ։ Երևի, «արձանի դուխն» է սիրտ տալիս։ Դե ինչ, քաղաքականության մեջ էլ են միստիկ բաներ լինում։
Ճիշտ է` հազար տարին մեկ։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ