Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը Ջավախքում

Հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը Ջավախքում
27.02.2009 | 00:00

ՋԱՎԱԽՔ
Ջավախքի հասարակական կազմակերպությունները սկսեցին ձևավորվել «վերակառուցման» հետ` 1989 թվականին։ Խորհրդային համակարգի փլուզման սկզբում Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունները բավական արմատական դիրքորոշում ունեին` կապված երկրամասի ինքնավարության հարցի հետ, իսկ որոշ կազմակերպություններ էլ Լեռնային Ղարաբաղի օրինակով պահանջում էին վերամիավորում Հայաստանի հետ։ Կա ոչ անհիմն տեսակետ, որ եթե չլիներ ղարաբաղյան խնդիրը, Ջավախքի հայ բնակչությունը խորհրդային համակարգի փլուզման գործընթացում միգուցե և առաջ քաշեր Վրաստանից անջատվելու հարցը։

Հետագայում Ջավախքում հասարակական տրամադրությունները շատ բանով պայմանավորվեցին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ Ջավախքի հայությունն ակտիվ մասնակցություն ունեցավ Ղարաբաղի ինքնապաշտպանությանը և միաժամանակ բավական անհաշտ դիրքորոշում որդեգրեց Վրաստանի քաղաքականության նկատմամբ, հատկապես Զ. Գամսախուրդիայի կառավարման շրջանում։ Է. Շևարդնաձեի` Վրաստանում իշխանության գալուց հետո, աստիճանաբար ձևավորվեցին Ջավախքի ներկայիս հասարակական կազմակերպությունները, որոնք բնութագրվում են ներքին համախմբվածության բարձր աստիճանով, թեպետ մեկը մյուսի նկատմամբ գտնվել են անհաշտ դիրքերում։ Ներկայումս Ջավախքում գործում են մինչև 20 (այլ տվյալներով` մինչև 40) հասարակական կազմակերպություններ, որոնք, չնայած իրենց թվակազմի և նախաձեռնող ներուժի տարբերությանը, այնուհանդերձ, որոշակի դերակատարություն ունեն հասարակական կյանքում։ Առավել խոշոր կազմակերպություններն են «Ջավախք» միությունը, «Միասնական Ջավախքը», որ ներառում է մի շարք կազմակերպություններ, քաղաքական կուսակցություն լինելու հավակնություններ ունեցող «Վիրք» կազմակերպությունը։ Ջավախքի և Վրաստանի այլ հայաբնակ շրջանների հասարակական կյանքում կարևոր դեր է խաղում դաշնակցությունը, որը Վրաստանում ստեղծել է մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ, որոնք գործում են տարբեր հասարակական կառույցների ցուցանակի ներքո։ Գնալով ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում «Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը», որի մեջ ներգրավված են շուրջ տասը կազմակերպություններ, կարևոր դերակատարություն ունի նաև Վ. Չախալյանի կողմից գլխավորվող երիտասարդական կազմակերպությունը, որին արմատականների ու ծայրահեղականների պիտակ են փորձում փակցնել վրացական իշխանությունները։
Ջավախքում հասարակական-քաղաքական իրադրության ձևավորման առումով զգալի բացասական նշանակություն ունեն Վրաստանի քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները, վրացական ԶԼՄ-ներում առանձին հրապարակումներն ու տարածաշրջանի վրացական վարչակազմի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում ինչպես նաև Հայաստանում ու Ադրբեջանում քաղաքական կուլտուրան շատ ցածր մակարդակի վրա է։ Սակայն էթնիկական խնդիրների առկայությունը Վրաստանում հանգեցնում է դրսևորումների, որոնք չկան Հայաստանում։ Ըստ այդմ, Ջավախքում նկատելի են հիմնականում երեք տիպի միտումներ` երկրամասի էթնիկ-մշակութային ինքնուրույնությունը պահպանելու առումով։ Առաջին միտումն առանձնացված քաղաքական կազմակերպությունների ստեղծումն է, որոնք սերտ կապված կլինեն Հայաստանի հետ։ Կա միտում` ակտիվորեն մասնակցելու համավրացական քաղաքական կուսակցությունների գործունեությանը և դրանով իսկ նպաստելու Հայաստանի ու Վրաստանի հետ համաչափ ինտեգրացիային և, վերջապես, մասնակցություն Ռուսաստանի գեոռազմավարական նախագծերին` կապված Վրաստանի ձևավորման հետ։ Այսօր հնարավոր չէ ճշգրիտ գնահատել այս կամ այն գաղափարների, քաղաքական ու հասարակական գործիչների ազդեցության չափը Ջավախքում։ ՈՒժերի հավասարակշռությունն այստեղ փոփոխվում է քաղաքական իրադարձությունների հետ մեկտեղ։ Անկասկած է, որ հասարակական կազմակերպությունների այսպիսի բազմազանությունը Ջավախքում նպաստում է երկրամասում քաղաքացիական հասարակության, կայուն ուժերի ձևավորմանը` արտաքին շահագրգիռ կողմերի հետ շփման առումով ու ընդդեմ Վրաստանի խտրական քաղաքականության։ Երկար տարիներ Ջավախքի հասարակական կազմակերպությունները նպաստել են հասարակական տրամադրությունների ու կողմնորոշումների ձևավորմանը, որոշակի պահանջների առաջադրմանը վրացական իշխանություններին։
Մինչդեռ Վրաստանը Ջավախքում իրականացնում է լուրջ աշխատանք հասարակական կառույցների և նրանց առաջնորդների գործունեությանը հետևելու և տեղեկատվության հավաքման ուղղությամբ։ Վրաստանին հաջողվել է ստեղծել որոշակի գործակալական ցանց, որն արձագանքում է տեղի ունեցող իրադարձություններին և որոշակիորեն ընդունակ է ազդելու հասարակական տրամադրությունների վրա։ Վրացական կողմի ու եվրոպական կառույցների աջակցությամբ ստեղծվող ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով Թբիլիսին ձգտում է Ջավախքի հասարակական կազմակերպություններն էլ ընդգրկել իշխանությունների ազդեցության դաշտում, բայց առանձնակի հաջողություններ արձանագրել չի հաջողվել։ Ընդհանուր առմամբ, ներկայումս Ջավախքի հասարակական կազմակերպությունները որոշակի գաղափարական ճգնաժամ են ապրում, ինչը պայմանավորված է քաղաքական հեռանկարի անորոշությամբ, անբավարար կադրերով ու ֆինանսներով, գործողությունների ոչ բավարար համաձայնեցվածությամբ։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, նրանց առջև հիմա արդեն լուրջ խնդիրներ են, որոնք պահանջում են կազմակերպվածության ու տեղեկացվածության այլ մակարդակ, ու քիչ ժամանակ չի պահանջվի դրանք լուծելու համար։ Կարելի է արձանագրել, որ Ջավախքի հասարակական կազմակերպությունների մեծամասնությունն անպատրաստ գտնվեց «հեղափոխությունից» հետո Վրաստանի կողմից նոր քաղաքականության կիրառմանը։ Այդ կազմակերպությունները կամ պետք է վերագնահատեն իրենց գործողությունները, կամ լիկվիդացվեն ու միավորվեն այլ կառույցների հետ։
Առավել խոշոր կազմակերպություններից մեկը «Վիրք» կուսակցությունն է, որն ստորաբաժանումներ ունի Ջավախքի բոլոր բնակավայրերում։ Վրացական իշխանությունները բազմիցս մերժել են այդ կուսակցության գրանցումը` օրենքին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Սակայն վերջին ժամանակներս վրացական կողմն ազդանշաններ է տալիս «Վիրքին», որ գրանցումը հնարավոր է իշխանությունների նկատմամբ լոյալության դրսևորման պայմանով։ Սա ցույց է տալիս, որ գոյություն ունի հայկական կազմակերպությունների ղեկավարներին և ակտիվ դեմքերին վերահավաքագրելու ուղղորդված քաղաքականություն։ Վրացական օրենսդրությունն իր մեջ պարունակում է բազմաթիվ անորոշություններ «էթնիկական» կուսակցությունների գործունեության առումով։ Այդ անորոշությունները հնարավորություն են տալիս իշխանություններին` մերժել կամ կասեցնել այլ էթնիկական խմբերի քաղաքականությանն ակտիվ մասնակցություն ունենալու փորձերն ու ձգտումները։ Թեպետ «Վիրքի» կանոնադրությունը հատուկ էթնիկական դրսևորումներ չունի, բայց, նկատի ունենալով փոքրամասնությունների նկատմամբ պետության պարտավորությունները, վրացական իշխանությունները չեն կարող շարունակաբար մերժել այս կուսակցության գրանցումը։ Թեպետ, ինչպես Է. Շևարդնաձեի օրոք, ներկայիս վարչակազմն էլ ձգտում է Վրաստանում իշխող կուսակցության համար դիրքեր ապահովել բոլոր մակարդակներում և հատկապես այլ էթնիկ համայնքներում։ Ազգային փոքրամասնությունները, որպես ընտրազանգված, զգալի ռեսուրս են Վրաստանում գործող ցանկացած իշխանության համար, սակայն եթե ստեղծվի առանձին էթնոսի շահերը պաշտպանող կուսակցություն, այդ ռեսուրսն իշխանությունն այլևս չի կարողանա օգտագործել։
Ջավախքի հասարակական կազմակերպությունները ներկա փուլում սպասողական դիրքորոշում են որդեգրել, սակայն դա հասարակական ապատիայի ու շփոթվածության հետևանք չէ։ Նրանց նկատմամբ լուրջ ճնշում կա ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Երևանից, ուստի նրանք նախընտրում են սպասել ու գնահատել իրավիճակը։ Ջավախքի հասարակական կառույցների շրջանակում կա ձևավորված տեսակետ, թե քաղաքական պահանջները կարող են համադրվել երկրամասի տնտեսական զարգացման գործունեության հետ, ինչը ենթադրում է մասնակցություն Վրաստանի ու Հայաստանի նախաձեռնությամբ իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին։ Այդ տրամադրությունները վտանգավոր են այն առումով, որ որոշակիորեն շեղում են բնակչությանը, նրա ակտիվ հատվածին քաղաքական գործունեությունից։ Բայց, մյուս կողմից էլ, այդ նախագծերին նրանց մասնակցությունը կարող է ձևավորել նոր բազա նոր տիպի հասարակական-քաղաքական գործունեության համար։ Կա տպավորություն, որ Ջավախքի հասարակական կազմակերպությունների մի մասը որոշել է ընդունել վրացական կառավարության համագործակցության առաջարկները, պետությունից ստանալ համապատասխան ռեսուրսներ և օգտագործել դրանք իրենց երկրամասի բարգավաճման համար` անկախ պաշտոնական Թբիլիսիի երկերեսանի քաղաքականությունից։
Ջավախքի հայ բնակչությունը շատ քիչ է հետաքրքրվում Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքով, քանի որ գործնականում ինտեգրացված է Հայաստանի քաղաքական գործընթացներում։ Ամբողջ Վրաստանում հայ բնակչությունը նախընտրում է Հայաստանի ԶԼՄ-ներն ու քաղաքական գրականությունը, անվստահություն ու անհետաքրքրություն է դրսևորում վրացական ԶԼՄ-ների նկատմամբ։ Դրան զուգահեռ` Ջավախքի հայությունը շատ լավ տեղեկացված է ու կողմնորոշվում է Հայաստանի քաղաքական զարգացումներում, ղարաբաղյան հարցում։ Վրացական ԶԼՄ-ների մեկնաբանությունները տարբեր քաղաքական խնդիրների վերաբերյալ հայաբնակ այս տարածաշրջանում միայն հեգնանք են հարուցում։ Սակայն այսպիսի իրավիճակը, Վրաստանի քաղաքական զարգացումներից տեղեկացված լինելու առումով, նորմալ չէ։ Գաղտնիք չէ, որ Ջավախքում, թեկուզ երբեմն նվազագույն չափով, ներկայացված են հայաստանյան 6 քաղաքական կուսակցությունների համակիրները (ԱԻՄ-ի, «Հզոր հայրենիքի», ՀԺԿ-ի և ՀՀԿ-ի և այլն)։ Սակայն միակ հայաստանյան կուսակցությունը, որ ողջ Սամցխե-Ջավախեթիում ունի կազմակերպությունների տարածված ցանց, ՀՅԴ-ն է։ Հայաստանում մի քանի տարի առաջ ստեղծվեց ջավախահայերի յուրօրինակ կուսակցություն` «Հզոր հայրենիքը», որը, սակայն, չկարողացավ հասնել մեծ ազդեցության։ Սակայն նախադեպն ինքնին արդեն կարևոր է, քանի որ Հայաստանում բնակվող ավելի քան 200 հազար ջավախահայերը պետք է ունենան Վրաստանում գտնվող իրենց ազգային օջախի հետ կապված իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն։
Նախկինում Ջավախքում գոյություն ունեին վրացական կուսակցությունների մասնաճյուղեր։ Դա «Վերածնունդ» միավորումն էր, սոցիալիստական, լեյբորիստական, ազգային ժողովրդավարական և կոմունիստական կուսակցությունները։ Ներկայումս գործում են միայն երեք կուսակցությունների մասնաճյուղեր։ Դա կառավարող «Ազգային միասնությունն» է, Իգոր Գեորգաձեի և կոմունիստական կուսակցությունները։ Ջավախքի որոշ հասարակական կազմակերպություններ և առանձին գործիչներ փորձեցին ինտեգրացվել վրացական առաջատար, ասենք, լեյբորիստական, հանրապետական, ազգային ժողովրդավարական կուսակցություններում։ Բայց դա չհաջողվեց, քանի որ վրացական կուսակցությունները բացարձակ ցանկություն չունեին ներգրավելու հայերի, առավել ևս ամբողջական հայկական կազմակերպությունների։ Սա ավելի հեռացրեց հայերին Վրաստանի քաղաքական կյանքից, ցույց տվեց նրանց մասնակցության անարդյունավետությունը վրացական կուսակցությունների միջոցով, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց հայկական կամ տարածաշրջանային կուսակցություն ստեղծելու գաղափարին` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Այսպիսով, Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքում բավական բարդ իրադրություն է, երբ հասարակական կառույցները, հասկանալով հակադրության անհեռանկարայնությունը, սպասողական դիրքորոշում են որդեգրել` մինչ Վրաստանն ու Հայաստանը երկխոսություն կսկսեն տարածաշրջանի խնդիրների հետ կապված։ Այս իրավիճակի ստեղծման մեջ կարևոր դերակատարություն ունեցավ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, որը բոլոր դեպքերում կարևոր գործոն էր Ջավախքում իրավիճակի վրա ազդելու առումով, ընդ որում` երկարաժամկետ կտրվածքով։ Այսօր տեղի է ունենում լայն հասարակական բանավեճ ոչ միայն Ջավախքի կազմակերպությունների, այլև Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կան նախանշաններ, որ հասունանում է համախմբումը և ազգային առաջնահերթությունների հստակեցումը։ Հնարավոր է նոր հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ստեղծում, առկա է նաև որոշակի համախմբում Թբիլիսիում, Սամցխեի այլ շրջաններում, Աջարիայում գործող հայկական կազմակերպությունների և Ջավախքի հասարակական կառույցների միջև։ Դա, մի կողմից, ուժեղացնում է Վրաստանի իշխանության հետ հարաբերությունները կարգավորելու միտումները, ընդ որում, հայկական բնակչության շահերից չբխող տարբերակով։ Սակայն, մյուս կողմից էլ, նոր նախաձեռնությունների հանդես բերման դաշտ է ստեղծում, հատկապես լեզվի, կրթության, տեղական ինքնակառավարման հարցերում։ Վրաստանի հայ բնակչությունը «հեղափոխությունից» հետո ձգտում է այս փուլում հասնել առավելագույն ձեռքբերումների, քանի որ համոզմունք կա, թե այս փուլը ժամանակավոր է, և Վրաստանին նոր ցնցումներ են սպասում։ Այս համոզմունքը տարածված է վիրահայության շրջանում, որը վրացիների հետ բազմադարյան շփման փորձից ելնելով է հանգել դրան։ Վրաստանի հայերը չեն հավատում վրացական պետության երկարատև կայունության գաղափարին և տնտեսական ոլորտում արագ դրական փոփոխությունների հնարավորությանը։ Բնութագրական է, որ Թբիլիսիի հայության շրջանում վերջերս գաղափար է առաջացել հիմնելու Վրաստանի հայերի կրթամշակութային կենտրոն ոչ թե Թբիլիսիում, այլ Ախալքալաքում։ Առհասարակ, Թբիլիսիում ավելի ու ավելի է հասունանում վիրահայերի ինտեգրացման գաղափարը, սակայն Ջավախքի հասարակական կազմակերպությունների առաջնորդությամբ։
Միաժամանակ Սամցխե-Ջավախեթիում վերջին տարիներին ձևավորվել է դրամաշնորհների ձեռքբերման ավանդույթ մի շարք եվրոպական պետություններից։ Դրանք տրամադրվում են հասարակական կազմակերպություններին և, փաստորեն, միակ լեգալ ֆինանսավորման աղբյուրն են։ Դրամաշնորհների տրամադրման պայմանները շատ բարդ չեն, ուստի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ այս մոտեցումն ընդունելի են համարում` իրենց ազատության աստիճանը պահպանելու առումով։ Այս իրողությունը, սակայն, չէր կարող փոփոխություններ չառաջացնել հասարակական գիտակցության մեջ, ավանդական արժեքների համակարգում և արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Կան մտահոգություններ, որ շուտով դրամաշնորհների տրամադրումը կդադարի կամ զգալիորեն կկրճատվի։ Միաժամանակ հայտնի է, որ վրացական կառավարությունը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել այդ գործընթացը, հատկապես Ջավախքի կազմակերպությունների մասով։ Կա տեղեկատվություն, թե Բրյուսելում գործող «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» երաշխավորությամբ հնարավոր է, որ ընդլայնվի Սամցխե-Ջավախեթիի կազմակերպությունների հետ համագործակցությունը, և այդ տեսակետն արդյունք է Բրյուսելում գործող և ՀՅԴ-ի կողմից ղեկավարվող լոբբինգային խմբի։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ Եվրամիության կառույցներն ու կազմակերպությունները գնալով կորցնում են հետաքրքրությունը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի նկատմամբ, ԱՄՆ-ը կարող է իր դիրքերն ամրապնդել այս երկրամասում։ Վատ չէր լինի վերագնահատել այն տեսակետը, թե Ռուսաստանի քաղաքականությունն այս երկրամասում բացարձակապես ապակառուցողական է։ Այդպիսի բարդույթ գործում է և Հայաստանի նկատմամբ, որին, ինչպես և Ռուսաստանին, վրացական կողմը միշտ մեղադրում է տարբեր «դավադրությունների» համար։ Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել խաղի կանոնների այն դաշտը, որ այստեղ ձևավորում են ամերիկացիներն ու եվրոպացիները։ Նպատակահարմար կլիներ նաև Սամցխե-Ջավախեթիում ԱՄՆ-ի հյուպատոսության և 3-4 խոշոր հասարակական կազմակերպությունների կամ ինստիտուտների գրասենյակների բացումը։ Հայերին պատկանող ամերիկյան ընկերությունները, որոնց տերերը համագործակցում են ամերիկյան վարչակազմի հետ, կարող էին օգնել Ջավախքի տեղական իշխանությանն ու գործարարներին` կազմակերպելու բնական քարի վերամշակման արտադրություն, ոչ մեծ ֆաբրիկաների կառուցում թեթև արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև կաթի վերամշակման խոշոր ընկերության ստեղծում Ախալքալաքում ու Նինոծմինդայում։ Տրիկոտաժի և կարի երկու ֆաբրիկաները շրջանային կենտրոններում զգալիորեն կլուծեին աշխատատեղերի հարցը երկրամասում, իսկ կաթի վերամշակման գործարանը, առհասարակ, խոշոր նշանակություն ունի, քանի որ կարող է իր գործունեության ոլորտում ընդգրկել Ջավախքի ավելի քան հարյուր գյուղ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3944

Մեկնաբանություններ