ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց կառավարության ներկայացրած «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: ՊԵԿ փոխնախագահ Արշակ Գասպարյանը հայտարարեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նրա տեղեկացմամբ՝ զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։