Ինչ էլ կատարվի աշխարհում և ձեր կյանքում, չչարանաք և ատելությամբ չլցվեք
05.06.2020 | 00:26
Ծնվել եմ Երևանում՝ Պլանի գլխի հիվանդանոցի ծննդատանը, անցյալ դարի կեսերին՝ ինչպես ընդունված էր արձանագրել խորհուրդների երկրում, ծառայողի ընտանիքում: Չգիտեմ, հեղափոխական բարեփոխությունների արդյունքում ծառայողներ հասարակության մեջ պահպանվել են, թե իսպառ վերացավ սոցիալական պատկանելության այդ տեսակը՝ տեղը զիջելով տերերին: Հայրս գրող էր, մայրս՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Հայրս հիմա մեզ հետ է միայն մտավոր և մեր երակներով հոսող արյան հիշողությամբ, մորս ապրած ամեն օրվա համար երախտապարտ եմ Աստծուն: Ասել է թե՝ գրքերի, գրի և գրչության միջավայրում եմ դաստիարակվել, ձևավորել աշխարհայացքս: Եվ որքան էլ ժամանակի իշխանությունների կողմից չէր խրախուսվում ազգային խնդիրների բարձրաձայնումը, մեր տանը, հորս ընկերական միջավայրում դա՛ էր զրույցների, բանավեճերի հիմնական թեման՝ ինչպե՞ս հրատարակել այս կամ այն գիրքը, ասենք Ֆրանց Վերֆել կամ Լևոն Շանթ, ինչպե՞ս գեղարվեստական երկի ենթատեքստում թաքցնել, սակայն ընթերցողին հասցնել այս կամ այն ճշմարտությունը, ասենք, Պարույր Սևակի կամ Կոստան Զարյանի ասելիքը և այլն: Նա այդ տարիներին «Գրական թերթի», այնուհետև «Հայպետհրատի» գլխավոր խմբագիրն էր: Ձեռքս բռնած հաճախ է տարել իր աշխատավայրը, և ինձ բախտ է վիճակվել անձամբ տեսնելու մեր գրականության, մշակույթի և գիտության այնպիսի հեղինակությունների, որոնք այսօր դասականների շարքում են: Այդ օրերն իմ հիշողության գանձերն ու հարստությունն են: Հիշողությանս մեջ դաջված են նաև այն տարիների Երևանում հաճախ հանդիպող թափառական աշուղները, Արամուսի գազարով բարձված ավանակները, մաղ ու սարի ծամոն վաճառող բոշաները, փողոցներ ավլող երկարամորուս մոլոկանները և այլ «մասունքներ», որոնք այսօր պատմության գիրկն են անցել: Իսկ որ ամենից տպավորիչն էր, և այսօր էլ հնչում է լսողությանս մեջ, մեր շենքի տանիքին տեղադրված մետաղական սև սկավառակից երբեմն հնչող ազդանշանային շչակի ուսումնական տագնապի չարագույժ և երկարաշունչ ձայնն է, որն անցորդներին ակամայից ստիպում էր երկինք բարձրացնել հայացքները և որոնել մոտակա շենքի տակ գտնվող ռմբապաստարանը. Հայրենական մեծ պատերազմի ավարտից անցել էր ընդամենը 10-15 տարի և մարդկանց մեջ, հատկապես պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, որոնք շատ-շատ էին քաղաքում, դեռ թարմ էին նրա հետքերը։
Ծնվել եմ իմ շատ սիրելի քաղաքամայր Երևանում, որն այն ժամանակ վարդագույն էր, իսկ կանաչ բակերում խանդավառ խմբային խաղեր էին խաղում երեխաները, երբ քաղաքում համարյա բոլորը ճանաչում էին միմյանց և ձգտում ապրել որպես մեկ միասնական ընտանիք՝ փոխըմբռնմամբ և հարգանքով, այսօրվա կարգախոսային բնորոշմամբ՝ սիրո և համերաշխության թավշում, միայն մեկ տարբերությամբ, որ այն բնական, անկեղծ և իրական էր: Ոգևորվում էինք մեր դրացու ամեն մի նոր հաջողությամբ և երկրի շինարարությամբ, հետևում կարևոր կառույցների ամեն մի քարը տեղադրելուն, անկեղծ հրճվում, երբ միութենական և միջազգային բարձրախոսներից հնչում էին մեր հայրենակիցների անունները:
Երևանի պետական համալսարանում ուսանելուս տարիներին մի օր տանը երգեցի «Մենք անկեղծ զինվոր ենք» երգը, որ սովորել էի սասունցի իմ դասընկերներից: Հայրս հուզվեց՝ գիտե՞ս, թե այդ երգի տրամադրություններով քանի քաջազուն է մարտնչել և կյանքը նվիրաբերել հայրենիքին: Ե՛վ գիտեի, և՛ ոչ. մեր գիտելիքները հայոց ազատագրական և ինքնապաշտպանական մաքառումների և հերոսապատումների, հատկապես այդ պայքարում հսկայական ներդրում ունեցող դաշնակցականների գործունեության մասին սահմանափակ, ուղղորդված և կցկտուր էին, հաճախ հայհոյախառն, և մենք կորզում էինք ճշմարտությունը արգելված գրքերի չգիտեմ որերորդ պատճենահանված օրինակներից, ականջալուր լինում անցյալ դարի յոթանասունական թվականներին տակավին ապրող քաջազունների խոսք ու զրույցին, որոնք բոլորը մեզ պատկերանում էին որպես Անդրանիկ զորավարի զինվորներ: Դաշնակցությանը վերաբերող ամեն մի մանրուքի բոլշևիկ-կոմունիստներն արձագանքում էին նույն կերպ, ինչպես երիտթուրքերը, ինչպես ներկայիս անկախ պետականության պայմաններում որոշ հակադաշնակցական ապազգային տարրեր, որոնք լուրջ խոչընդոտ են տեսնում նրանում՝ ազգային ինքնության բաղադրիչները նենգորեն ոտնահարելու իրենց միտումներն իրականություն դարձնելու խնդրում: Տարբերությունն առանձնապես էական չէ. միևնույն տգիտության ու դիտավորության կենսունակությունն է ընդդեմ ազգային ինքնության և բարոյական արժեքների:
Համաշխարհային պատերազմի բովով անցած հայրս իր երեխաներին հայրենասիրության դասեր չի տվել, նա ապրում էր՝ հայրենասիրությունը կրելով իր մեջ և, որպես կենդանի օրինակ, այն սփռելով իր շուրջը, ներարկելով մեզ: Նա երբեք չասաց, թե մեր սրբություն սրբոց Բիբլիական Արարատը մեր մեծագույն ցավն ու սրբությունն է և պետք է օր առաջ վերադարձվի տիրոջը: Այդ ցավն ու պահանջատիրությունը ես կարդում էի նրա հայացքում, երբ ամեն անգամ մեր տան պատշգամբից երկա՜ր նայում, ասես զրուցում էր Սրբազան Լեռան հետ: Աստծո տիեզերական ընծան այնքան մոտ էր, որ հեռավորությունն աննկատելի էր, ավելի ճիշտ, նա հորս, և ոչ միայն նրա, հոգում և սրտում էր, որպես հպարտություն ու նաև ցավ: Հպարտություն էր Տիգրան Պետրոսյանի շախմատային հաղթական խաղին հետևելը Օպերայի հրապարակում, Խ. Աբովյանի անունը կրող հին Աստաֆյան փողոցի նոր կահավորումն ու զբոսավայր հռչակումը, Ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված ցույցը, Սայաթ-Նովայի հոբելյանական հանդիսությունները, երբ քաղաքում բացվեցին համանուն փողոցն ու հայտնի մարմարակերտ քանդակը, Կարապի լճում լողացող թռչունների հմայքը, 70-ականների «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթական խաղերը, որտեղ միաձուլված էին ուժն ու գեղեցկությունը, թատերական և համերգային բազմաթիվ հանդիսություններ, և այլ իրադարձություններ. դրանք իրոք ձեռքբերումներ ու նվաճումներ էին՝ ինքնաբուխ, համախումբ, համաժողովրդական, վայել զարգացող երկրի հաստատապես հպարտ և ապահով քաղաքացիներին։
ՈՒսմանը հաջորդեց աշխատանքային գործունեությունս: Նախ, հիմնական աշխատանքի սպասումների ընթացքում գրեցի մի քանի պատմվածք, զբաղվեցի թարգմանությամբ, լրագրողական նյութեր տպագրեցի՝ մամուլում և առաջին գործուղման, պաշտոնական պատվիրակության կազմում որպես լրագրող, 1979 թ. մեկնեցի Արցախ՝ Ստեփանակերտում Մուրացանի արձանի բացմանը: Պատվիրակության անդամներից շատերը, ցավոք, չկան այսօր: Մնացել ենք Վան Արյանն ու ես: Անկեղծ ասած, անփորձությունս և երիտասարդ տարիքս պատճառ դարձան մի անախորժ բանավեճի, երբ ես միամտաբար հարցրի, թե ինչու գրողի կիսանդրին նրա ծննդավայր Շուշիում չի կանգնեցվում և արժանացա տեղի փադիշահ ընկեր Բորիս Սարգիսովիչ Կևորկովի քաղաքական կսմիթին: Հայրս, իրեն բնորոշ հումորախառն ոճով «մարեց» թեժացող իրավիճակը՝ «Համբերիր, մի օր նաև նրա ծննդավայրում կկանգնեցվի...»: Հանդգնությունս, իհարկե, անկանխատեսելի վախճան կունենար ինձ համար, եթե նորին գերազանցությունը շարունակվող բանավեճը չեզրափակեր ինձ միայն քաղաքական անգրագիտության մեջ մեղադրելով։ Մինչդեռ բոլորն էին համոզված, որ ես ընդամենը ճշմարտությունն եմ հնչեցրել: Իսկ դուք ասում եք, թե փորձը նշանակություն չունի, կարևորը անբասիր լինելն է: Ըստ իս, փորձի պակասը սխալվելու երկվորյակն է:
1980 թվականին աշխատանքի անցա «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում, որպես ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության կրտսեր խմբագիր, ապա բաժնի վարիչ Լյուդվիգ Դուրյանն առաջարկեց պաշտոնի մեկ աստիճան բարձրացում. շուտով նշանակվեցի խմբագիր: Հիմնական աշխատանքն ինձ հնարավորություն և համարձակություն ընձեռեց ընտանիք կազմելու. ամուսնացա համակուրսեցուս՝ Վալյա Ալավերդյանի հետ, ում պարտական և երախտապարտ եմ իմ բոլոր հաջողությունների և ձեռքբերումների, երեք երեխա լույս աշխարհ բերելու, հատկապես, գրեթե չորս տասնամյակ արդեն ինձ նմանին դիմանալու, նաև ընտանեկան ու աշխատանքային կյանքից դուրս հասարակական գործունեություն ծավալելու ազատությունների համար: Էվալլա՛ նրա համբերությանը…
Մինչ 1990 թվականը հրատարակչությունում խմբագրեցի բազմաթիվ գրքեր, ներքին գրախոսություններով հաստատեցի կամ մերժեցի տասնյակ ձեռագրերի լույսընծայումը: Հիշում եմ, նման մի թղթապանակ, որի մերժումն աղմուկ բարձրացրեց որոշ հին բոլշևիկների շրջանում, նշանավոր զրպարտիչ Արտաշես Ոսկերչյանի հոդվածների ժողովածուն էր, որտեղ նա դեռ շարունակում էր հաշվեհարդար տեսնել Կոմիտասի և մեր մյուս «նացիոնալիստ» մեծերի հետ: Խորհրդային ժամանակներում գործում էր հայտնի երեսպաշտ զրպարտիչների մի խումբ, որի անդամներին բոլորն էին ճանաչում, որոնցից խորշում էին նույնիսկ գրաքննիչներն ու ղեկավար պատասխանատուները, քանի որ պաշտպանելով գրական-գեղարվեստական ստեղծագործության արժանիքները, հաջորդը հենց իրենք էին հայտնվում Կրեմլ ուղարկվող հերթական մատնագրի թիրախում: Բայց դա մեկ այլ, իմ ապրած ժամանակների մասին ավելի համապարփակ պատմության նյութ է: Պարզապես այն ժամանակաշրջանին բնորոշ էր թե բանավոր, թե գրավոր խոսքի արժևորումն ու կարևորումը, պատասխանատվությունը դրա նկատմամբ, որը խամրել է մեր օրերում: Չեմ կարծում, թե խոսքի արժեզրկման պատճառը տարբեր առիթներով հնչող անլուրջ ու փողոցային բառապաշարն է միայն, այլև հռետորների անարժանապատիվ և անինքնասեր բնույթը։
Հընթացս Հայկական հեռուստատեսությունում, հետագայում նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում վարեցի նոր հրատարակված գրքերին նվիրված հաղորդաշարեր: Իմ սցենարներով նկարահանվեցին բազմաթիվ հեռուստահաղորդումներ և ակնարկներ:
1988 թ., երբ հայ ժողովուրդն ալեկոծվեց փառահեղ և արդար ըմբոստության ոգով, որին ի պատասխան նեռը կազմակերպեց սումգայիթյան և հայաբնակ հայտնի այլ վայրերում իրեն բնորոշ նախճիրները, Աղդամից հարձակվեց Ասկերանի ուղղությամբ, մենք՝ գրչակից ընկերների մի փոքր խմբով, մեկնեցինք Արցախ: Իմ արմատները Էրզրումից են, հայրս ծնվել է Ջավախքում, և Արցախն իմ ներաշխարհում միավորեց կորցրած հայրենիքի ազատագրության գաղափարը՝ ներառելով իր մեջ Էրգիր ու Երկիր: Այդ տարիներին կանդրադառնամ մեկ այլ առիթով:
1990 թ. մամուլի կոմիտեի նախագահ Կարեն Ա. Սիմոնյանի հրամանով նշանակվեցի «Հայաստան» հրատարակչության տնօրեն: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ համակողմանի ճգնաժամի մեջ հայտնված մայր հրատարակչությունն անհրաժեշտ էր փրկել կործանումից: Մենք հաջողեցինք, իհարկե, մեծ դժվարությամբ և զրկանքների գնով: Նույնիսկ կարողացանք կասեցնել հրատարակչությունը փակելու վերադասի անհիմն և մեռելածին, կամայական հրամանը: Հրատարակչությունն ապրեց և այսօր էլ շարունակում է իր ընթացքը, միայն թե ոչ իր ավանդական անվանումով: Ենթադրում եմ, որ անվանափոխության անհրաժեշտությունը դեռևս նորանկախ հանրապետության կառավարության այն տխրահռչակ որոշումն է, որով «Հայաստան» անվանումն օգտագործելու համար հիմնարկ-ձեռնարկությունները պարտավոր են պետությանը վճարել բավական խոշոր գումար... Հակված չեմ կարծելու, թե «Արարատ» ֆուտբոլային թիմի անվանը հրաժեշտ տալն անկախության տարիներին նույնպես այդ գործոնով էր պայմանավորված: Բայց անցնենք առաջ: Հրատարակչական գործի համար անբարենպաստ այդ տարիներին լույս ընծայեցինք գրքեր, որոնք մեր պարտքի մարումն էին պատմական արդարությանը՝ Սիմոն Վրացյանի «Հայաստանի հանրապետություն», Զարևանդի «Անկախ և միացյալ Թուրանիա», Մաղաքիա արք. Օրմանյանի «Ծիսական բառարանը», «Խանասորա Վարդանի հիշատակարանը» և այլն:
1998 թ. վերջերին մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանի հրավերով աշխատանքի անցա նախարարությունում, որպես աշխատակազմի ղեկավար, որից հետո նշանակվեցի Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն: Ի դեպ, քաջատեղյակ լինելով այնտեղ կուտակված խնդիրներին և թերահավատորեն վերաբերվելով դրանց շուտափույթ հաղթահարման իմ հնարավորություններին, համաձայնությունս տվեցի գրեթե երկու ամիս իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո, այդ ընթացքում համատեղելով երկու աշխատատար և պատասխանատու պաշտոնները: Չգիտեմ, մեզ նմաններին կարելի՞ է դիտարկել որպես դուխով նվիրյալներ, բայց չունեինք հավելավճարների, պարգևավճարների և վայելքների ակնկալություններ: Մենք պարտավոր էինք ամրապնդել և հզորացնել պետության հիմնասյուն հանդիսացող ազգային կառույցը: Կարծում եմ, և շատերն են բարձրաձայնում այն մասին, որ գրադարանում աշխատանքս արգասաբեր և արդյունավետ է եղել, հակառակ դեպքում ինչու՞ պետք է տիկին նախարարուհին անօրինաբար և կամայականորեն դադարեցներ ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Ինչևէ: Իմ պաշտոնավարման տասնամյակից ավելի տարիների արդյունքում գրադարանը թոթափեց իրենից դամբարանային թմբիրը և վերածվեց գիտակրթական, մշակութային, տեղեկատվական աշխույժ կենտրոնի, հանդես եկավ բազմաթիվ հայրենանպաստ նախաձեռնություններով, անդամակցեց գրադարանային մի շարք միջազգային կազմակերպությունների, ձեռք բերեց վստահելի և հավասար գործընկերոջ վարկանիշ միջազգային տարբեր հարթակներում: Այդ ընթացքում, գործընկերներիս հետ համատեղ ջանքերի արդյունքում, հիմք դրվեց բազմաթիվ նորամուծությունների՝ Ազգային գրադարանային շաբաթ, Գիրք նվիրելու օր, «Հոգևոր Հայրենիք» մշակութային ամսաթերթ, որի տպագրությունը ինձ փոխարինած պաշտոնյան զարմանալիորեն աննպատակահարմար գտավ, Օրենք գրադարանների և գրադարանային գործի մասին, պետական տոնացույցում ամրագրված Գրադարանավարի օր և այլն: Վերջին երկուսի համար երախտապարտ ենք երջանկահիշատակ Ռուբեն Հովսեփյանին և Ջեմմա Անանյանին, այդ տարիներին ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին: Իմ անունը, կամոքն ոմանց, կարելի է և չշոշափել այդ և այլ ձեռքբերումների, ասենք, Հայկական գրադարանային միասնական ավտոմատացված ցանց և այլ ծրագրերի, Ազգային գրադարանի 175 և Հայոց տպագրության 500-ամյա (վերջինիս նույնիսկ մասնակցության հրավեր չստացա) հանդիսությունների կազմակերպման գործում, սակայն կան անուններ, որոնց նկատմամբ երախտամոռությունն անընդունելի և անբարո է՝ անկախ այն հանգամանքից՝ ընդունելի է տվյալ անձը որոշ ամուլ և հավակնոտ պաշտոնյաների համար, թե ոչ: Պաշտոնազրկմանս բուռն հակադրվեցին և արձագանքեցին գրադարանի աշխատակիցները՝ կազմակերպելով հանրահավաք, մտավորականությունը, արտերկրի և սփյուռքի կազմակերպություններ և ներկայացուցիչներ, որոնց դիմումներն ու զանգվածային լրատվամիջոցների անդրադարձները օրվա իշխանիկներին՝ մնացին անպատասխան և անհետևանք: Իմ կյանքում մեկնարկեցին հիասթափության, շինծու քրեական գործի տաղտկալի և նողկալի խաղերի, հարցաքննությունների և զավեշտալի մեղադրանքների, պարբերական խուզարկությունների ենթարկվելու և անհիմն հարձակումներից պաշտպանվելու, դրանց պատասխանելու, նաև աշխատանքի որոնման դժվարին ժամանակներ: Այդ խոչուխութերի առկայությունը մի կողմից շահեկան էր, քանի որ իմ մեջ կրթվեց մարդկանց մարդանմաններից տարբերակելու մշակույթ, որը վերստին հաստատեց այն ճշմարտությունը, թե չարությունն ու ճղճիմությունը բնորոշ են թույլ և հանցամիտ արարածներին: Բայց այդ տարիների մասին պատմությունն այլ թեմա է, դա արդեն ինքնակենսագրական վեպի նյութ է՝ ապրածս ժամանակի գռեհիկ բարքերի և դրանց գլխավոր կերպարների դերակատարությամբ, երբ երկիրը դառնում է ոմանց բոստանը, որտեղ խփում են, որքան կուզեն, կցանեն՝ ինչ ցանկանան, իսկ բերքահավաքին կպարզվի, որ «խիարը թարս է աճել», երբ անսահմանափակ ազատություններ են տրվում տգիտությունն ու ընչաքաղցությունը մարմնավորող պաշտոնյաներին, որոնք այն աստիճան են զայրացնում ու հիասթափեցնում հասարակությանն ու ժողովրդին, որ նա հոժարակամ ու դռնբաց հյուրընկալում է իշխանական հերթական և անգերազանցելի թյուրիմացությանը:
ՈՒժերիս ծաղկման շրջանում դարձա գործազուրկ և հասկացա, թե որքան ճշմարիտ է սեփական եղունգով գլուխդ քորելու մասին ասույթը: Եզակի էին այն անձինք, ովքեր իրենց մեջ հաղթահարեցին իմ նկատմամբ իշխանությունների բացահայտ անբարեհաճ վերաբերմունքից ձևավորված վախի ախտանիշը, և ես հայոց լեզու առարկա դասավանդեցի բուհերից մեկում, աշխատեցի Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, ղեկավարեցի Մուսա լեռան հերոսամարտի և ազգագրության թանգարանը, որի ընթացքում հիմնանորոգվեց այն՝ իր տարածքով հանդերձ, մեծ շուքով նշեցինք հերոսամարտի 100-ամյակը: Այնուհետև աշխատեցի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդականի պաշտոնում, մինչև սույն թվականի հունվարի մեկը, երբ նոր աշխատատեղերի բացման և աշխատավարձերի թռիչքային բարձրացման, ներդրումային հսկայածավալ ծրագրերի իրականացման և պետական շինարարության աննախադեպ պայմաններում ինձ պատուհասեց գործազրկության երկրորդ ալիքը, հուսամ, գոնե այս անգամ, քրեականազերծ շրջանը:
Աշխատանքային գործունեությանս ընթացքում պարգևատրվել եմ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, արժանացել եմ կոչումների տեղի և արտերկրի հասարակական և այլ կազմակերպությունների, անհատների կողմից, և միանգամայն տրամաբանական եմ համարում այդ առումով պետության կողմից անտեսված լինելս: Ստեղծագործական գործունեությանս արդյունքն առայժմ հեղինակային ութ և թարգմանական երկու գիրք ու բազմաթիվ տարաբնույթ հրապարակումներ, նաև հեռուստահաղորդումներ են: Կենսագրությանս ամենաթանկ հարստությունը համարում եմ զավակներիս և թոռներիս, որոնց թիվն, անտարակույս, կավելանա և հավատում եմ, որ եղածը կպահպանենք ամեն գնով, և նրանք կապրեն ազատ, անկախ. միացյալ և հզոր հայրենիքում, որին ձգտել եմ ծառայել ամբողջ գիտակցական կյանքիս ընթացքում՝ հավատարիմ և անդավաճան մնալով հայրենիքի գաղափարին, նրա Հողին ու Հային:
Ահա, այսպիսի կարճ պատմվածք երկար ու հետաքրքիր ապրած իմ կյանքի մասին, որի տողատակերում չափազանց շատ իրադարձություններ, դեպքեր ու դեմքեր, երջանկության ու տառապանքի փաստեր կան: Միգուցե պարտադրված պարապուրդս լցնեմ ստեղծագործական աշխատանքով և մանրամասնեմ այս ինքնակենսագրական պատումը՝ ակնկալելով գոնե մեկ պատգամավորական աշխօրի չափով հոնորար, եթե ներկայիս հմուտ ու փորձառու ղեկավարները ներողամտություն ցուցաբերեն նվաստիս նկատմամբ, որ աշխատել եմ նաև հեղափոխությունից առաջ նախկինների օրոք և դեռ մի բան էլ անդին: Ասելիք, հետևաբար նաև գրելիք ու ստեղծագործական մտահղացումներ շատ կան, բայց հեղափոխական աննախադեպ բարելավումների այս շրջափուլում ու՞մ է հետաքրքրում ազգային մշակույթն ու գրականությունը. բոլորի ուշքն ու միտքը նախադեպը չունեցող հակակոռուպցիոն պայքարի իրավիճակն է՝ ում բռնեցին, ում ազատ արձակեցին, ով հաջողեց ճողոպրել երկրից, հաջորդը քրեական պատասխանատվության ենթարկելու ում հերթն է և նման ուշագրավ քրոնիկոն, ներառյալ հերթական հեղափոխական աննախադեպ բարեփոխումները, որոնք մեծապես ամրապնդել են մեր երկրի անվտանգությունը, բարձրացրել ոչ միայն նրա միջազգային վարկանիշը, այլև ժողովրդի կենսամակարդակը, բարելավել սոցիալական-բարոյահոգեբանական վիճակը և գլուխներից վանել ծուլությունն ու աղքատությունը: Չնայած այդ ամենին, փորձում եմ ժամանակս արդյունավետ օգտագործել: Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք: Աշխատանքային մեկուսացման այս ընթացքում թարգմանել եմ մեկ գիրք, հեղինակել մեկ վիպակ, ի մի բերել պատմվածքների, նաև հարցազրույցների և հրապարակախոսական, գրականագիտական հոդվածների մեկ ժողովածու, որոնք թեև տպագրվել են մամուլում և, ըստ օդում կախված լուրերի, դրական արձագանք գտել ընթերցողների շրջանում, սակայն գրքային առումով անտիպ են, և այդպես էլ կմնան, քանի դեռ մշակույթի պետական պատասխանատուներն իրենց ներսում այնպիսի նվիրական գուրգուրանքով են կրում մշակույթը, որ ոչ մի կերպ, ասես դիտավորյալ, չեն ցանկանում բաժանվել նրանից, դուրս բերել և հանրայնացնել այն՝ գրող-ընթերցող փոխհարաբերություններում պահպանելով սոցիալական հեռավորության պայմանները, իսկ իմ տեսակը չի պատրաստվում ստանձնելու գրքի հրատարակմանն անհրաժեշտ միջոցներ մուրացողի, ապա նաև գրավաճառի դեր: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, հակառակ դեպքում կունենանք այն, ինչ այսօր ունենք: Ամեն դիրք գրավող արժանապատվություն պետք է ունենա: Այդպես չէ՞…
Երևի այսքանով բավարարվեմ ու փորձեմ իմաստավորել կենսագրությունս նոր իրադարձություններով: Պարզապես ցանկանում եմ հորդորել, որ ինչ էլ կատարվի աշխարհում և ձեր կյանքում, չչարանաք և ատելությամբ չլցվեք, որ գոնե մի փոքր բարիանաք և շատ սիրեք ոչ միայն զմիմյանս, այլև մեր երկիրն ու ժողովրդին, գեղեցկացնեք կյանքը և գեղեցիկ ապրեք: Քայլ արեք: Փորձեք: Չեք փոշմանի: Գուցե մի բան ստացվի… Ձեզ եմ դիմում, հարգարժան նորահայտ տիկնայք և պարոնայք, իմ տարիքից և փորձառությունից ելնելով:
Հնարավոր է, որ նման առիթ այլևս չընձեռվի…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
2020 թ.
Մեկնաբանություններ