«Իրան-ԱՄՆ լայնամասշտաբ առճակատումը կարող է դետոնատորի դեր խաղալ Արցախյան հարցի շուրջ իրավիճակի լարման համար»
14.01.2020 | 03:22
Իրան-ԱՄՆ վերջին զարգացումների մասին զրուցում ենք ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ։
-Ամերիկա-Իրան հարաբերությունների գերլարվածությունը կարծես փոքր-ինչ լիցքաթափվել է։ Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում‚ և կարո՞ղ են դրանք սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը։
-Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, կարելի է ասել, տեղափոխվել են նոր մակարդակ, որը պայմանականորեն կարելի է անվանել նախապատերազմական։ Այսինքն, եթե նախկինում կողմերը սահմանափակվում էին միայն սպառնալիքներով, օրինակ, ԱՄՆ-ը ռազմանավեր էր ուղարկում տարածաշրջան կամ տնտեսական, ֆինանսական ու էներգետիկ պատժամիջոցներ կիրառում, իսկ Իրանը խոստանում էր փակել Հորմուզի նեղուցը, ապա այսօր՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունից և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո, սկսվել է լարվածության նոր փուլ։ Այս փուլը աչքի է ընկնելու իր ռազմական բաղադրիչով, որի հետևանքով հնարավոր է, որ հետագայում կողմերի միջև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում՝ Իրաքում կամ Սիրիայում, բացահայտ ռազմական բախման դեպքեր գրանցվեն։ Ամեն դեպքում պարզ է, որ Իրանի ճնշումը տարածաշրջանի երկրների վրա, այնտեղից ամերիկյան ռազմաբազաները դուրս բերելու պահանջով, աստիճանաբար ուժեղանալու է։ Կարող ենք փաստել, որ ռազմական բախումից խուսափելու ռուբիկոնը արդեն անցած է, և կողմերը պատրաստ են նոր առճակատումների։ Կարելի է ենթադրել, որ առաջիկա մի քանի տարիներին իրավիճակը տարածաշրջանում լարված է լինելու՝ ամեն պահի ռազմական առճակատում սկսելու մեծ հավանականությամբ։
-Իրան-ԱՄՆ առճակատումն ի՞նչ վտանգների‚ մարտահրավերների առջև կարող է կանգնեցնել Հայաստանին ու Արցախին։
-ՀՀ-ն և Արցախն Իրանի անմիջական հարևաններն են՝ ունենալով մոտ 140 կմ սահմանային գիծ։ Իրանը ռազմավարական նշանակության պետություն է Հայաստանի համար՝ հաշվի առնելով թե՛ մեր պատմական անցյալը, թե՛ համագործակցության այն մակարդակը, որը գոյություն ունի մեր միջև։
Հարևան երկու երկրների հետ բացահայտ թշնամանքի ու փակ սահմանների պայմաններում է՛լ ավելի են կարևորվում բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ։ Պետք է միշտ հաշվի առնել, որ Հայաստանը՝ հանձին իր սփյուռքի, լայնորեն ներկայացված է Մերձավոր Արևելքում, և իրավիճակի ցանկացած սրում վտանգավոր է մեզ համար։
Իսկ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է օգտվել ստեղծված իրավիճակից՝ արցախյան ճակատում արկածախնդրությունների գնալու համար։ Գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն համագործակցում է Իսրայելի հետ, որը ակտիվորեն ներգրավված է Իրան-ԱՄՆ ճգնաժամի մեջ, հետևաբար բացառված չէ այն սցենարը, երբ կարող են փորձել օգտագործել Արցախյան հիմնահարցը տարածաշրջանում իրավիճակը սրելու, Իրանի հյուսիսային սահմանների մոտ ռազմական ճգնաժամ ստեղծելու համար։ Իրան-ԱՄՆ լայնամասշտաբ առճակատումը կարող է դետոնատորի դեր խաղալ Արցախյան հարցի շուրջ իրավիճակի լարման համար։
-Ի՞նչ վարքագիծ պետք է որդեգրեն Հայաստանն ու Արցախն այս հակամարտությունում։
-Նախ և առաջ եկեք փաստենք, որ ՀՀ-ն ընդհանրապես Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական գործընթացների հարցում չունի մշակված քաղաքականություն։ Հետևաբար մեր իշխանությունների խաղաղասիրական կոչերը հենց արդյունք են այդ տեսլականի բացակայության։ Այսինքն, երբ ասելիք չունես, սկսում ես խաղաղասիրական կոչեր անել կողմերին։ Բացի այդ, Հայաստանում վաղուց արդեն պետական մակարդակով համակարգված աշխատանք չի կատարվում տարածաշրջանում ընթացող գործընթացները, մասնավորապես, անվտանգային և ռազմավարական զարգացումներն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություններ անելու ուղղությամբ։ Եվ սա այն պայմաններում, երբ ունենք տարածաշրջանի լավագույն արևելագիտության դպրոցն ու մասնագետները։ Այսինքն՝ գործող իշխանությունների կողմից չկան պետական պատվերներ համապատասխան հետազոտություններ իրականացնելու համար։ Քաղաքական քիչ թե շատ գրագետ կուրսի բացակայության պայմաններում չեզոքության մասին նման անորոշ կոչերը, թերևս, կարելի է գնահատել որպես չարյաց փոքրագույնը։ Այս ֆոնին դրական կարելի է գնահատել Արցախից հնչած իրանամետ հայտարարությունը, որը մասամբ շտկեց ՀՀ իշխանությունների «չեզոք», խաղաղասիրական, իսկ իրականում անիմաստ հայտարարությունը։
Զրուցեց
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ
Մեկնաբանություններ