ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Մեր խաթրին կպնող չկա, վնասող չկա, ազատ ենք, գիշերը գլուխներս հանգիստ դնում ենք բարձին ու քնում»

«Մեր խաթրին կպնող չկա, վնասող չկա, ազատ ենք, գիշերը գլուխներս հանգիստ դնում ենք բարձին ու քնում»
14.06.2019 | 11:46

ԱՐԵՎԻ ՀԵՏ ԱՐԹՆԱՑՈՂ ՎԵՐԻՆ ԴՎԻՆԸ
Ասում են` տան կոկիկ ու մաքուր տեսքը շեմից է երևում: Ասորաբնակ Վերին Դվին գյուղի առաջին շենքը համայնքապետարանն է իր կանաչապատ, գեղեցիկ ու խնամված տեսքով, տաղավարով ու նստարաններով: Համայնքապետարանին կից 1915 թ. և 1933 թ. օգոստոսի 7-ի ասորիների մեծ եղեռնի հիշատակին նվիրված հուշակոթողն է` դարձյալ ծաղկապատ ու խնամված: 1933 թվականի օգոստոսի 7-ին Իրաքի Սեմել գյուղում, որն Անգլիայի տիրապետության տակ էր, տեղի ունեցավ կոտորած, որն ամենազանգվածայինն էր ասորիների պատմության մեջ։ Գյուղում ապաստանած ասորի փախստականները, որոնք փախել էին Թուրքիայից, անգլիացիների հրահրմամբ՝ սպանվեցին արաբների կողմից։ Նրանք գյուղի եկեղեցում փակեցին և այրեցին երեք հազարից ավելի ասորիների: Ասորիների ցեղասպանությունը հռչակվել է 1968 թվականի օգոստոսի 8-ին, Համաշխարհային ասորական միության կողմից։ Պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ տարբեր ժամանակներում կոտորածների զոհ է դարձել մոտ 870 հազար ասորի։


Հայաստանում ասորիները բնակվել են 1805-ից, երբ ասորի 20 ընտանիք Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Արտաշատի շրջանի Գյոլայսօր բնակավայրում: Թուրքիայից ասորիների բուն տեղափոխման պատճառը եղել է թուրք ֆեոդալների ծայրաստիճան դաժան և անմարդկային վերաբերմունքը: Ասորիների երկրորդ ներգաղթը Հայաստան տեղի է ունեցել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Թուրքմենչայի պայմանագրով, (որը կնքվեց Ռուսաստանի և Իրանի միջև 1828 թ. Թուրքմենչայ գյուղում): Պարսկաստանի ՈՒրմիա նահանգից ասորիների 100 ընտանիք Ռուսաստանի տարածք բնակվելու թույլտվություն ստացավ և բնակություն հաստատեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Դվին, Դիմիտրով և Արզնի գյուղերում, որտեղ նրանք կառուցեցին իրենց քրիստոնյա եկեղեցիներն ու օջախները: Այսպիսով 1828-ին դրվեցին այսօրվա Վերին Դվին գյուղի հիմքերը:


Հայաստանում ասորիները քաղաքական խնդիրներ չունեն: Նրանց կրթական մշակութային կյանքն ընթանում է բնականոն հունով: Վերին Դվինում դեռ պահպանվել է 1820-ական թվականներին ասորիների կառուցած աղյուսե տունը: Գյուղի տների բակերը մեծ մասամբ «երեսպատված» են վարդերի բարձրացող թփերով: Թեև գյուղամիջյան ճանապարհներն ասֆալտապատ չեն, հիմնականում խճապատ են, այնուհանդերձ փողոցներում աղբ չտեսա:
Գյուղի պատմությանն ու առօրյային ծանոթանալու համար գյուղապետարանում հանդիպեցի համայնքի ղեկավար ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻՆ: Վերին Դվինն ունի 2500 բնակիչ, որից 2000-ը ասորիներ են, 500-ը՝ հայեր, ապրում են քիչ թվով եզդիներ և ռուսներ: Խառն ամուսնությունների արդյունքում ազգերն ու ընտանիքները ձուլվել են, դարձել մի ընտանիք՝ ընդհանուր հոգսերով և ուրախություններով: Տիկին Լյուդմիլայի խոսքով՝ մշակույթների տարբերությունը չի խանգարել, որ մարդիկ ամուսնանան, ընտանիքներ կազմեն. «Դեռ դարեր առաջ հզոր Ասորեստանը և ծովից ծով Հայաստանը դրացիական հարաբերություններ են ունեցել, այն ժամանակից ի վեր մեր մշակույթները խառնվելով հարստացրել են մեկմեկու: Մենք այսօր ունենք երգի-պարի ասորական համույթ, որտեղ մեր երեխաները կատարում են հայկական երգեր, հայ երեխաներն էլ՝ ասորական երգեր: Վերին Դվինի բնակիչները պատվով-թասիբով մարդիկ են, մեկմեկու հասնող, օգնող, միմյանց հանդեպ սրտացավ»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻՑ ՉՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՍՈՐԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ
Վերին Դվինը կենցաղով գրեթե չի տարբերվում հայկական գյուղերից. ապահովված է Գառնիի սառնորակ խմելու ջրով, ոռոգման համար օգտվում են Ազատի ջրամբարից, բայց երբեմն Գետաշեն և Քաղցրաշեն համայնքներով 12 կմ ձգվող ոռոգման ջուրը դժվարությամբ է հասնում Վերին Դվին, բնակիչների համար ստեղծելով խնդիրներ: Համայնքը գրեթե ամբողջապես գազիֆիկացված է: Գյուղի 7600 հեկտար հողատարածքները գրեթե սահմանակից են Գեղարքունիքի մարզին: Կառավարությունը Վերին Դվին համայնքին տրամադրել է լրացուցիչ 4000 քմ արոտավայր: 300 հեկտար վարելահողերի վրա բնակիչներն աճեցնում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Վերին Դվինի բրենդը լոլիկն է, որն իր համային հատկանիշներով յուրահատուկ է ողջ հանրապետությունում: 40 հեկտար մրգատու այգիներում մշակվում են քաղցրահամ ծիրանը, դեղձը, սալորը, որոնք ոռոգվում են գյուղի աղբյուրների ջրերով: Վերինդվինցիները առանձնապես հրապուրված չեն խաղողագործությամբ, ուստի սահմանափակվում են 18-20 հեկտար խաղողի այգիներով:
Վերին Դվինում գյուղատնտեսության երկրորդ ճյուղը անսանապահությունն է: Գյուղն ունի 300 գլուխ խոշոր, 600 գլուխ մանր եղջերավոր անասուն, 40 գլուխ խոզ, 12000 թռչուն: Գյուղի բնակիչը մշտապես զբաղված է, երբևէ պարապ չի մնում, հողամասում աշխատանքը շատ է, ուստի հաճախ, հատկապես բերքահավաքի ժամանակ, լրացուցիչ աշխատուժի կարիք է լինում, այս դեպքում ներգրավվում են համայնքի կամ հարևան գյուղի բնակիչներ: Պատահում է, որ համագյուղացի ՅՈՍԻՖ ԴԻՆԽՈԵՎԸ ելակի բերքահավաքի համար ոչ միայն իր գյուղից, այլև Արտաշատից և Դալարից հավաքագրում է շուրջ 60 կանանց: Վերջին շրջանում հատկապես լոլիկի սածիլման համար որպես աշխատուժ հարևան Նորաշեն համայնքից ներգրավվում են նաև հնդիկ բանվորներ: Երբեմն խնդիրներ են առաջանում հատկապես ծիրանի մթերման ժամանակ, քանի որ սկզբնական շրջանում 500 դրամով մթերվող մրգի գինը հետզհետե նվազում է, հասնելով 200 դրամի: Բնակիչները գոհ են, որ գյուղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են այնքանով, որ սելավներ ու կարկտահարություն գրեթե չեն լինում, բերքը չի վնասվում, թեև շատերի համոզմամբ այս տարվա ծիրանի բերքը նկատելիորեն նվազել է: Նրանց խոսքով «ծիրանը ոնց որ հետ ընկավ»: Ի դեպ, Յոսիֆ Դինխոևի և համայնքի համեմատաբար փոքր տնտեսություն ունեցող մի քանի ֆերմերների սառնարանային տնտեսությունների շնորհիվ ծիրանի բերքը չի փչանում:
Լյուդմիլա Պետրովան ուրախությամբ է նշում, որ նախկին տարիների համեմատ Վերին Դվինում արտագաղթը կտրուկ նվազել է, ինչին անձամբ դեմ էր, կիսատ-պռատ ընտանիքն ինչի՞ է պետք: Գյուղի երիտասարդները դեռ անցյալ տարվանից լոլիկի բերքատվությամբ ոգևորված որոշել են չմեկնել արտագնա աշխատանքի, մնալ և զբաղվել հողագործությամբ, ոմանք անգամ այս օրերին զբաղված են բնակարանային շինարարությամբ:


Վերին Դվին համայնքը չի ընդգրկվել խոշորացված համայնքների փնջում, ինչը ոչ միայն համայնքապետի, այլև գյուղի բնակիչների սրտով է: Նրանք ցանկանում են, որ իրենց համայնքը մնա առանձին միավոր: «Մենք ենք, մեր խնդիրները, նայենք ուրիշի ձեռքին, թե երբ մի քանի կոպեկ կտա, որ մի գործ անե՞նք: Մենք դրան համաձայն չենք»,- ասում են բնակիչները:
-Նախ մենք ասորական համայնք ենք և ունենք մեր ավանդույթները, գիրն ու գրականությունը, պահպանում ենք մեր սովորությունները, պահել-պահպանել ենք շուրջ 200 տարի և հույս ունենք, որ Հայաստանում այդպես էլ պետք է շարունակվի այլ համայնքների հետ չմիավորվելու դեպքում: Այլապես հույս չունեմ, որ հետագայում կարող ենք պահպանել այդ ամենը, քանի որ, անկախ ամեն ինչից, ինչ երաշխիք էլ տրվի մեզ, երբ գիտակցում ես, որ այլևս որոշում կայացնող չես, որ արդեն կախման մեջ ես մեկ ուրիշ համայնքից, պարզ է, որ շատ բան փոխվելու է,- ասում է Լյուդմիլա Պետրովան:


Ժամանակին Վերին Դվինում գործել է ասորիների թանգարանը, սակայն շենքը քայքայվել է, իսկ ցուցանմուշներն անհետացել են: Ասորիները քրիստոնյա են: Գյուղում գտնվող Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցին առաջինը կառուցված տների հետ է սկսել կառուցվել՝ 1828 թվականից, իսկ 1840-ականներին արդեն շինարարությունն ավարտվել է: Եկեղեցու հոգևոր հայր տեր Նիկադիմ Յուխանաևը ծնունդով Վերին Դվինից է: Սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում: Տեր Նիկադիմը Իրաքից ժամանած քահանայի հետնորդն է: Գնացել և սովորել է Իրաքում, ձեռնադրվել քահանա, այժմ Հայաստանի ասորական համայնքի միակ հոգևոր հայրն է: Եկեղեցական տոները մշտապես նշվում են: Տոներից մեկը նվիրված է Թովմաս Առաքյալին (ասորերեն՝ Մարթումա), մյուսը՝ Սուրբ Զայայի հիշատակի օր, ապրիլի 1-ին նշվում է աորիների Նոր տարին, նշվում են նաև համապետական բոլոր տոները:


Վերին Դվինի դպրոցում սովորում է 300 աշակերտ, շաբաթվա ընթացքում 22 ժամ դասավանդվում են ասորերեն, գրականություն, պատմություն առարկաները, ամեն տարի անցկացվում են ասորերենի օլիմպիադաներ: Ասորերեն ուսումնասիրում են նաև հայ երեխաները:
-Մի գյուղ է, բայց հաշվի, որ մի ընտանիք է, ուրեմն հայրենիքն էլ մեկն է: Մեզ համար Հայաստանը շատ լավ է, մեր խաթրին կպնող չկա, վնասող չկա, ազատ ենք, կարևորը, գիշերը գլուխներս հանգիստ դնում ենք բարձին ու քնում,- ասում է 68-ամյա վերինդվինցի բնակիչը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ