ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Խաչվում են երբեմնի մշակութային հզոր շունչը և շոշափելի, սարսափեցնող թշվառությունը

Խաչվում են երբեմնի մշակութային հզոր շունչը և շոշափելի, սարսափեցնող թշվառությունը
04.07.2017 | 00:31

Հայաստանի երկրորդ քաղաք` Գյումրի, այցելելուց հակասական տրամադրություններ ես ունենում: Այստեղ խաչվում են երբեմնի մշակութային հզոր շունչը և շոշափելի, սարսափեցնող թշվառությունը: Կարծես երկու աշխարհում ես. մի կողմում` խղճուկ, բայց և պատկառանք ներշնչող արհեստների և արվեստների քաղաքն է (թեև արդեն «մաշված», անտերության մատնված գեղեցիկ շինություններով), մյուս կողմում` ծայրահեղ աղքատությունն է, ավելի ստույգ, անօթևան բնակչությունը: Տեղացիները շատ տիպիկ են բնորոշում` «դոմիկները»: Երկփեղկվածությունն ու սոցիալական մեծ բևեռվածությունը երևում են հենց քաղաքի սրտում, որտեղից բացվում են երկու տարբեր աշխարհներ, մեջտեղում` ջրբաժանը, ավտոկայանն է, որից վերև, այսպես ասած, նոր աշխարհն է, իսկ վար` Գյումրու ցավը` անօթևան մարդիկ` «դոմիկների» անհույս բնակիչները: Թվում է` մի ոտքով քաղաքային միջավայրում ես, մյուսով շատ հաճախ ապրելու նվազագույն պայմաններից զուրկ տնակներում:


Մինչ այս երկակիությանն անդրադառնալը հարկ է նշել, որ «հայրաքաղաքը» հենց մուտքից քեզ դիմավորում է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած գործարաններով ու շինություններով, որոնց ավեր ու խարխուլ վիճակը փաստում է, որ երկրաշարժից հետո դրանց մարդկային ձեռք չի դիպել: Քաղաքի շեմից տպավորությունն այնպիսին է, որ այստեղ կյանքը կանգ է առել, բայց երբ հասնում ես կենտրոն, Վարդանանց հրապարակ, արևելյան շուկային բնորոշ գույներով ու առևտրով տարված Շահումյան փողոց, հասկանում ես, որ քաղաքում կյանքը շարունակվում է: Հասկանում ես նաև, որ համատարած թշվառության մեջ կան վերջերս կառուցված շքեղ շինություններ` քաղաքապետարանի շենքը, «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը: Նրանց հակադրվում է երբեմնի հրաշալի «Վարպետաց փողոցը», որի անմխիթար կառույցները, ասում են, վերականգնելու նպատակ կա: Իսկ գյումրեցիները նման խոստումներ շա՜տ են լսել, և ի՞նչ:


Վերադառնանք Գյումրու ամենամեծ վերքին` անօթևանների խնդիրներին: (Իհարկե, պետք է փաստել, որ քաղաքում բազում խնդիրներ կան` գործազրկությունից սկսած մինչև քաղաքի փողոցների անբարեկարգ վիճակ: Սակայն նման վիճակում են Հայաստանի բոլոր մարզերը: Մի քիչ շատ, մի քիչ նվազ տարբերությամբ): Այն մարդիկ, ովքեր 1988-ի երկրաշարժից հետո կորցրել են ամեն ինչ, ամենաթանկ ու սիրելի մարդկանց, թվում է, այլևս կորցնելու ոչինչ չպետք է ունենային: Բայց այս տարիներին նրանց մեջ սպանվեց ամենակարևորը` հույսը, հավատը վաղվա օրվա հանդեպ: Նրանց տխուր աչքերը միայն ցավ են արտահայտում, ոչինչ չի արվել այդ մեծ վիշտը սփոփելու համար, հակառակը` մեծացել է անհուսությունը: Դժվար է պատկերացնել, բայց նրանց այլևս չի սարսափեցնում հիգիենայի անգամ տարրական պայմանների բացակայությունը դոմիկ-տնակներում:
Դժվար է ասել` համակերպվե՞լ են այս վիճակին, թե՞ ոչ, բայց բնակիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ վերջիններս անգամ չէին էլ կարևորում` քաղաքային իշխանություն ունե՞ն, թե՞ չունեն, քանի որ նրանցից ոչ մի ակնկալիք չունեն: Բոլորը միաբերան պնդում էին. «Ո՞Ւմ դիմենք, ինչո՞ւ դիմենք, ի՞նչ է փոխվելու»: Իմա` կատարյալ անհուսություն, ոչ մի ակնկալիք տեղական իշխանիկներից:


Մինչ տնակների բնակիչների հետ զրույցը ներկայացնելը, նշենք` որքան էլ զարմանալի է, տնակները երկու տեսակ են լինում, այսպես ասած, «էլիտար» (այսինքն` բնակիչները թեթև կահավորել են, պաստառներ փակցրել) և իսկական «դոմիկներ», որոնք կացարան համարելն անմտություն կլիներ: Բոլորին հատուկ են խոնավությունը, սառնությունը և անմխիթար սանհանգույցը:
Աննա Գինոսյանի տնակը կարելի է համարել «էլիտար»` երկու փոքր տնակներ իրար վրա են դրված: Այս փոքր կացարանում ապրում է յոթ մարդ: Երկու անգամ նրանց տուն ստանալու համար քաղաքապետարանը «վաուչեր» է տվել, սակայն այնքան քիչ է եղել գումարը, որ անգամ շատ փոքր բնակարան գնելուն չի բավարարել:
Այդ պատճառով «վաուչերից» հրաժարվել են:
«Գյումրիում ոչ աշխատատեղ կա, ոչ գործ, որ աշխատավարձով ավելացնեինք այդ գումարի վրա ու մի բան գնեինք: Մարդիկ շատ դժվար են ապրում: Դատարկվում է քաղաքը, թողնում, գնում են: Շաբաթ-կիրակի եկեք, տեսեք` ինչ է կատարվում, բոլորը գնում են: Ասում են, որտեղ հաց, այնտեղ կաց: Ընտանիքներով գնում են: Ես էլ, որ մի փոքր հնարավորություն ունենայի, վաղուց գնացած կլինեի: ՈՒղղակի այդքան գումար չենք վաստակում, որ գնալու փող ունենանք»,- ասաց մեր զրուցակիցը, որն իր օրվա հացի գումարը վաստակում է դրսից ուղարկված հագուստ վաճառելով:


Երրորդ անգամ են դիմել քաղաքապետարան վաուչեր ստանալու համար, սակայն մերժել են` հիմնավորելով, թե երկու անգամ տվել են, սակայն վերադարձրել են: «Ի՞նչ է, չե՞ն պատկերացնում, որ իրենց տված գումարն այնքան քիչ է, որ բնակարան չես կարող գնել: Կարող ես մի բան գնել ծայրամասում, այն էլ ահավոր քանդված, ավեր վիճակում, դե նույնն է, ինչ տնակն է, էլի»,- պարզաբանեց Աննան, նշելով, որ մի պահ ցանկացել են վարկ վերցնել, տուն գնել, սակայն չեն համարձակվել, ինչպես պետք է վարկը վճարեն, եթե աշխատանք չունեն: Չնայած այս հանգամանքին, երիտասարդ տանտիրուհին պնդում է, որ քաղաքում չես գտնի մեկին, որ վարկ չունենա: Եվ խնդիրը միայն տուն չունենալը չէ, վարկ են վերցնում, որ կարողանան ընդամենն ապրել, երեխային ուսման տալ, առտնին հոգսերը թեթևացնել: Ըստ մեր զրուցակցի, ժամը վեցից հետո ոչ մեկին չես տեսնի անգամ քաղաքի կենտրոնում: «Մեր քաղաքում կյանքը լրիվ մեռած է: Ոչ մի լավ բան չկա, ոչ մի հետաքրքրություն, ստիպված հույսները հեռուստացույցի կամ եսիմ ինչի վրա են դնում: Բայց ամբողջ օրն էլ երեխաներին չես կարող ասել` նստիր, նայիր: Սպասում է մի երեխա գա, խաղա: Թաղում երեխա էլ չկա, քաղաքում մնացել են միայն մեծերը։ Մի քանի ունևոր ռեստորան են սարքել, հյուրանոց, բայց ոչ մի աշխատատեղ չկա, որ ջահելներն աշխատեն, մնան էս քաղաքում»,- շարունակում է տան տատիկը, իսկ դուստրը հավելում է, թե տարիներով Երևան չեն գնում, քանի որ ճանապարհածախսի խնդիր կա: «Մեզ համար Երևանն արտասահման է»,- կատակում է տատիկը և հավելում, որ քաղաքապետարանից ոչ մի հարցում աջակցություն չեն ակնկալում: Միակ հույսը դրսի բարերարներն են, որոնք մի քանի անգամ եկել են իրենց տուն, պայմաններին ծանոթացել, համարել են, որ եթե առնետներ չկան, փոքր-ինչ էլ բարեկարգ է, ճիշտ կլինի օգնեն ավելի վատ վիճակում գտնվող «դոմիկների» բնակիչներին:


Գործազրկությունից դժգոհեց նաև մեկ այլ դոմիկի բնակչուհի` Վարդանուշը, որը պատմեց, թե սկզբում ապրել են վարձով` կրկին դոմիկում, հետո ամուսինը խոպան է գնացել, և վաստակած գումարով գնել են ավելի բարվոք վիճակում գտնվող տնակ: Սակայն մուտքից անմիջապես դեմքիդ էր «խփում» սառն ու խոնավ օդը, իսկ տիրուհին մխիթարեց, թե դա ինչ է` ցույց տալով առաստաղի մի անկյունը, որտեղից երևում էր երկինքը: Այսօր էլ Վարդանուշի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, տարվա ընթացքում մեկ կամ երկու ամիս է ընտանիքի մոտ վերադառնում: Ապրում են խոպանից ընտանիքի հոր ուղարկված գումարներով: Քաղաքապետարան չեն դիմել տան հարցով, որովհետև գիտեն` երկրաշարժի ժամանակ տուն կորցրածներին են առաջինը տուն տալիս, իսկ եթե նրանց էլ չեն ապահովում, դիմեն, որ ի՞նչ: Համակերպվել են այս կյանքին, ոչ մի բանի հույս չունեն: Երբ հարցրի, թե ձմեռը շատ ցուրտ չէ՞ տանը, զրուցակիցս մեղմ ժպտաց ու ասաց. «Հմի է շատ ցուրտ, ձմեռն ահավոր է»: Երիտասարդ տանտիրուհին էլ բոլորի պես անհանգստանում է, գործ չկա, կյանք էլ չկա քաղաքում, ունի սպորտով զբաղվող զույգ որդիներ, որոնց ապագան Գյումրիում չի տեսնում:


Մալխասյան Գեորգին էլ սկսեց խնդիրների թվարկումը` ճանապարհների ծանր վիճակը ներկայացնելով: «Ձմեռն է ծանր Գյումրիում: Վառելք չկա, գազն էլ շատ թանկ է նստում, չեն կարող վճարել, հինգ-վեց հարյուր հազար կնստի: Կողքից պետք է վառելիք առնեն, որ մի քիչ էժան լինի: Համեմատած էժանը վառելափայտն է: Իսկ ձմեռն էլ մեզ մոտ տևում է յոթ-ութ ամիս»,- երբ սա պատմում էր մեր զրուցակիցը, հարևաններից մեկն անցնելիս բարևեց ու ասաց, թե հա էլ գալիս են, խոսեցնում, գնում, ոչ մի տեղ էլ չի հասնում, ինչ է փոխվում:
Գեորգիի ընտանիքի ապրուստի միջոցը նպաստն ու թոշակն է, հինգ հոգուց բաղկացած ընտանիքում միայն մեկն է աշխատում` աղջիկը: «Քիչ չէ՞ գումարը, ինչպե՞ս եք ապրում» հարցերին ի պատասխան նա նշեց. «Մի կերպ, զոռով, քարշ տալով ապրում ենք, էնքան որ բանկերին պարտք չունենք: Փառք Աստծո, շատ եղավ` շատով յոլա կգնանք, քիչ եղավ`քչով: Իսկ դեպի լավը հույս բացարձակ չունեմ»:


Տիկին Գոհար Աթոյանի վարձով տնակը ծայրահեղ վատ վիճակում է, անգամ պատուհաններ չկային, ներս չէիր կարող մտնել, որովհետև ոտք գցելու տեղ չկար: Սանհանգույցը շռայլություն էր այս տնակի համար: Ի դեպ, երբ բնակիչներին հարցնում էինք, թե քաղաքային իշխանություններից որևէ մեկը երբևէ եկե՞լ է, պայմանները տեսե՞լ է, կամ հարցով դիմե՞լ եք նրանց, մշտապես բացասական պատասխան էինք ստանում: Բացառություն չէր նաև տիկին Գոհարը, որը նորից փաստեց, որ իրենց այցելել են միայն դրսի բարերարները, իսկ քանի որ ինքը երկրաշարժի ժամանակ տուն չի կորցրել, տուն ունենալու որևէ հույս չունի: «Թոշակառու եմ, հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում, հավատ, հույս չկա: Մի տեղ չկա, որ անգամ ցածր աշխատավարձով գործ տան: Չկա մարդկային վերաբերմունք, չկա մի միջավայր, որ գոնե մարդկային նվազագույն պահանջները բավարարվեն»,- ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ սրանից-նրանից պարտք անելով է կարողանում իրեն և դստերը մի կերպ պահել: Ամբողջովին խարխուլ տնակի տիրուհին մի անգամ դիմել է քաղաքապետարան, որ գոնե կտուրը նորոգեն, որ անձրևը, ձյունը տուն չլցվեն, բայց եկել տեսել են, ասել են` հնարավոր չէ նորոգել, ու հեռացել են: «Հեռուստացույց էլ չկա, որ իմանամ, որ հիմնադրամներն են ընդհանրապես օգնում: Ես էլ ընկել եմ օրվա հացի հետևից, չգիտեմ ինչ անեմ: Երբևէ չէի պատկերացնի, որ այսպիսի վիճակում կլինեմ, որ իմ երեխան հիվանդանոցի փող էլ չի ունենա»,- ներկայացնելով իր պայմանները` պատմում է Գոհարը և սարսափով հիշում, թե ինչպես են հաղթահարում ձմռան ցուրտ օրերը: «Թղթեր եմ վառել, ոչ մի հիգիենայի միջոց չկա, չես կարողանում այլևս այս պայմաններին դիմադրել: Առաջ չես կարող գնալ, միայն հետ ես գնում: Կարկուտի նման գլխիդ են թափվում հոգսերն ու խնդիրները»,- նեղսրտեց տիկին Գոհարը:
Ահա այսպես էլ ապրում են երկու աշխարհներն իրար կողքի, օր օրի այդ աշխարհները դատարկվում են, քաղաքը պահում են ամուրները, տոկունները: Բայց նրա՞նք որքան կդիմանան:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան-Գյումրի-Երևան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ