Յուրաքանչյուր օր անտարբերությամբ կարդում ենք, որ մեկն ինքնասպան եղավ, մյուսը փորձ կատարեց, երրորդին կանխեցին: Հրեշավոր է պատկերացնել, բայց այս ամենը դարձել է մեր առօրյայի մաս: Պատճառների մասին շատ է խոսվել` սոցիալական անտանելի վիճակ, բայց հատկապես` հույսի, ապագայի տեսլականի բացակայություն, որը կարող է նույնիսկ փոքր կենցաղային հարցը վերածել ճակատագրական դրամայի:
Երևանում, սակայն, նախօրեին տեղի է ունեցել իրադարձություն, որը սովորական չէ անգամ մեր ականջների, դժբախտ դեպքերին վարժված մեր երևակայության համար: Թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:
Տարածված տեղեկություններով` աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնասպանության փորձ անելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել: Նախնական այս տեղեկությունն արդեն` տխուր եզրահանգումների տեղիք է տալիս: Առաջին հերթին բացահայտում է այն թշվառությունն, որը հումանիտար աղետի տեսքով չոքել է մեր դռանը: Սակայն ավելի վտանգավոր է այն, որ ինքնասպանության «վարակը» «երիտասարդացել» է, մտել է դպրոց` ապագայի տեսլականը, հավատը սպանելով 16-17 տարեկան պատանիների մոտ: Սա արդեն մարտահրավեր է ազգային անվտանգությանը, այն ամենին, ինչը կոչվում է պետություն, պետական քաղաքականություն:
Եթե նույնիսկ հավատանք դպրոցի տնօրենին, դասղեկին և տեղի ունեցածի պատճառները քննարկենք դպրոցականների «անտաշության» համատեքստում, պատկերն ավելի հուսադրող ու մխիթարական չի դառնում և հիմք է տալիս մտածելու հասարակական հարաբերությունների դեգրադացիայի, կրթական համակարգի ինստիտուցիոնալ չկայացվածության և սոցիալական առաքելության ձախողման մասին:
Կրթական համակարգը զբաղված է ամեն ինչով` իշխանության վերարտադրության գործիք լինելով, ուսուցիչ ու ծնող ահաբեկելով, ստվերային փողեր շրջանառելով, բացի այն հիմնական ֆունկցիայից, ինչին կոչված է: Մեր կրթական համակարգը չի տալիս որակյալ կրթություն, չի կայացնում քաղաքացի` արժեհամակարգով ու սոցիալական կարգավիճակով: Մեր կրթական համակարգը չի կարողանում նշաձողեր, բարոյական չափանիշներ սահմանանել հասարակության, սոցիալական հարաբերություների համար` փոխարենը վերցնելով բոլոր այն արատները, որոնք բնորոշ են թշվառ ու անհեռանկար հասարակությանը: Հենց «թշվառ Հայաստանի» հերթական դրսևորումն է նախօրեին գրանցվել դպրոցի բակում` անկախ մոտիվներից, պաշտոնական վարկածներից ու բամբասանքներից:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ