ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ժամանակը չէ՞, որ այսպիսի խարդախությունների նկատմամբ իրենց խոսքն ասեն իրավապահ մարմինները

Ժամանակը չէ՞, որ այսպիսի խարդախությունների նկատմամբ իրենց խոսքն ասեն իրավապահ մարմինները
14.03.2017 | 01:21

Չեմ թաքցնում՝ հեռուստացույցով միայն լուրեր եմ նայում: Բայց, ինչպես ասում են, փորձանքը եթե պիտի գա, ուր էլ լինես, քեզ կգտնի: Շաբաթ կեսօրն անց, երբ խորացել էի քիչ առաջ նվեր ստացած Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի փիլիսոփայական բավիղներում, մոտեցավ թոռնիկս ու խնդրեց պատասխանել Հ-2 հեռուստաընկերության հեռարձակած «Օդից փող» հաղորդման հարցին: Մոտեցա հեռուստացույցին: Էկրանին ինձ ուսանողական տարիներից հայտնի քառակուսին էր, որտեղ օձի շարժման ուղղությամբ պիտի գտնեի 3 անգամ կրկնվող 4- տառանի ձկան անուն: Քանի որ տարիներ առաջ այդ խաղում թե կուրսում և թե ուրիշ միջավայրերում չեմպիոն էի, վայրկենապես գտա պատասխանը՝ ԼՈՔՈ: Թոռնիկս հավաքեց էկրանին ներկայացվող համարն ու քիչ անց խոսափողը փոխանցեց ինձ՝ ասելով. «Պապիկ, ասում է, որ խաղին կարող են մասնակցել 16-ն անց մարդիկ, ինձ չի կարելի, ես 12 տարեկան եմ»: Անսալով թոռնիկիս խնդրանքին, վերցրի խոսափողը: Այստեղ ստեպ-ստեպ հիշեցվում էր. «Դուք հաշվառված եք համակարգչի մոտ և քիչ անց պատասխան կստանաք, մի կախեք հեռախոսը», իսկ հեռուստացույցի էկրանին նույն արագությամբ գրվում էին 25000-35000 շահումի գումարները: Հաղորդավարն էլ ժամանակ շահելու նպատակով ինչ-որ բաներ էր ասում, որն էկրանին ուղեկցվում էր հեռախոսահամարը լավ տեսանելի տառերով գրելու և մանր, հազիվ ընթեռնելի տառերով ինչ-որ բան վազող տողով գրելու հետ: Երբ թոռնիկս մի կերպ կարդաց ներքևի տողերը, վախվորած, մեղավոր հայացքով նայեց ինձ ու՝ պապիկ, շտապ դիր հեռախոսը, այդ րոպեները 500 դրամ են: ՈՒզում էի ավարտել խաղը, բայց հաղորդումը վարող Արմեն Քուշկյանը` մի կողմից, հեռախոսի մյուս ծայրում երևի հատուկ «դաստիարակություն» ստացած համակարգիչը` մյուս, ինձ համոզում, հորդորում էին, որ հենց հիմա կմիանան ու կլսեն իմ պատասխանը: Թե որքան տևեց այդ երկարատև, տանջալից սպասումը, չգիտեմ: Րոպեներ անց համակարգիչը «գտավ» ճիշտ պատասխանողին, իսկ ինձ (երևի թե նաև ինձ նման բազմաթիվ հեռուստադիտողների), որ առաջինն էի տվել ճիշտ պատասխանը, մնաց ընդամենը խաբեության զոհ դառնալն ու գրեթե ողջ ամսական թոշակս խարդախությամբ օդից փող աշխատողներին վճարելու տխուր հեռանկարը: Այդ փողը ես, իհարկե, չեմ վճարի: Այսպիսի ձևերով փող աշխատելը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը որակում է որպես խարդախություն: Ինձ մնում է զարմանալ՝ մի՞թե շինարարական և այլ լրջագույն բիզնեսների տիրապետող, մտավորականի ընտանիքում մեծացած Հ-2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն այնքան է աղքատացել, որ հույսը դրել է այսպիսի էժանագին տրյուկներով, իրենց ասելով՝ օդից փող աշխատելու վրա: Անճաշակ ու սերունդներ փչացնող սերիալների արանքներում գովազդային հոլովակներից գանձվող գումարները քի՞չ են:


Չեմ կասկածում, ինձ ընդդիմացողներ էլ կլինեն, մանավանդ որ այս ուղիղ հեռարձակումից հետո նույն ալիքով ցուցադրվում էին մարդիկ, որոնք իբր տասնյակ հազարներ էին աշխատել «Օդից փող» հաղորդման միջոցով: Սրանց մեծ մասը, բնականաբար, այն մարդիկ էին, որոնց, ինչպես լոտոների գովազդերում, որոշակի գումար էին տալիս ու նկարում: Ժամանակը չէ՞, արդյոք, որ այսպիսի խարդախությունների նկատմամբ իրենց խոսքն ասեն իրավապահ մարմինները:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ սպա

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ