Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ. ՀԵԾԱՆԻ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ. ՀԵԾԱՆԻ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
04.02.2011 | 00:00

Այն փաստը, որ երեխաները շատ ավելի արագ ու հեշտ են վարժվում համակարգչից օգտվելու հմտություններին, ավելի ընկալունակ են ցանկացած, հատկապես թվային նորամուծությունների նկատմամբ, գաղտնիք չէ: Սակայն փոքրիկների «համակարգչվածության աստիճանն» ավելի պարզ պատկերացնելու համար ստույգ թվեր են պետք: Ինչպես հավաստում են համակարգչային տարատեսակ պաշտպանական համակարգեր ու ծրագրեր մշակող AVG կազմակերպության աշխատակիցների անցկացրած մասշտաբային հարցման տվյալները, երկուսից հինգ տարեկան երեխաների շուրջ 58 տոկոսը կարողանում է ազատ խաղալ ոչ բարդ համակարգչային խաղեր, մինչդեռ միայն 52 տոկոսն է կարողանում հեծանիվ քշել:
«Digital Diaries» («Թվային օրագրեր») անվանումը կրող հարցմանը մասնակցել են 2200 երիտասարդ մայրեր աշխարհի տարբեր ծայրերից` ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:
Վիճակագրության արդյունքների հիման վրա կազմված հաշվետվությունը ջրի երես դուրս բերեց մի շարք հետաքրքիր ու անսպասելի փաստեր։ Պարզվեց, օրինակ, որ փոքրիկների 25 տոկոսը գիտի, թե ինչպես պետք է օգտվել բրաուզերից (զննարկիչ), 16 տոկոսը` թե ինչպես կողմնորոշվել կայքերի նավիգացիոն համակարգերում, 15 տոկոսը` առնվազն մեկ ինտերնետային կայքի հասցե և միանգամայն ճշգրիտ կարողանում է գրել այն, 19 տոկոսը գիտի օգտվել սմարթֆոնից: Վերջապես, «համակարգչաֆիկացված» բալիկների 63 տոկոսը կարողանում է հեշտորեն միացնել և անջատել համակարգիչը, իսկ 69 տոկոսը` օգտվել մկնիկից: Այստեղ չէր խանգարի հիշել, որ մեր մեծահասակների զգալի տոկոսը չգիտի, թե առհասարակ ինչ է համակարգիչը, էլ չեմ ասում միացնել-անջատելու կամ օգտվելու մասին. նրանց համար համակարգիչն ընդամենը արկղ է, իսկ «ի՞նչ համակարգիչ ունեք տանը» հարցին, որպես կանոն, պատասխանում են` Samsung` նշելով էկրանն արտադրող ընկերության անունը միայն: Ինչևէ, թերևս հանգիստ թողնենք մեր համակարգչի հետ դուք-ով շփվող մեծահասակներին ու վերադառնանք վիճակագրությանը. հարցումը պարզել է նաև, որ տղա և աղջիկ փոքրիկները յուրացնում են համակարգչային հմտությունները գրեթե նույն հաջողությամբ. տղաները` 58 տոկոս, աղջիկները` 59 տոկոս ցուցանիշներով:
Սակայն, չնայած տեխնիկայի հարցում ժամանակակից երեխաների բավարար քաջատեղյակությանը, հետազոտողները փաստում են, որ իրական կյանքում ու կենցաղում վերջիններս չունեն անհրաժեշտ հմտությունների տարրական փորձ: Վերոնշյալ երեխաների միայն 20%-ը գիտի լողալ, ընդամենը 11 տոկոսն է կարողանում առանց կողմնակի օգնության կապել սեփական կոշիկների քուղերը: Սա դեռ ոչինչ, կհասցնեն սովորել: Բայց այս թվերը, կարծում եմ, փոքր-ինչ մտորելու տեղիք կտան. փոքրիկների ընդամենը 19 տոկոսն է կարողացել անգիր ասել փրկարար ծառայության հեռախոսահամարը, իսկ սեփական տան հասցեն առանց կմկմալու ասել է երեխաների միայն 35 տոկոսը: Երևի փոքրիկներին լավ չեն բացատրել, որ հրդեհի կամ դրսում մոլորվելու ժամանակ «մկնիկը» դժվար թե օգնության հասնի:
Հարցման ընթացքում պարզվել է նաև, որ 35-ը բոլորած մայրերն իրենց երեխաներին այս անհրաժեշտ հմտություններն ավելի լավ են սովորեցնում, քան ավելի երիտասարդ մայրիկները:
Կարծում եմ` չէր խանգարի նմանօրինակ հարցում մեզ մոտ էլ անցկացնել: Իսկ մեր հայրիկ-մայրիկներին մեկ խորհուրդ. ձեր երեխայի համար համակարգիչ գնելուց առաջ անպայման հեծանիվ գնեք` նրա առողջությունն ու խելքը միաժամանակ զարգացնելու համար: Ոչ վիրտուալ կյանքում երկուսն էլ հավասարապես պետք են։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ