Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՊԵ՞ՏՔ Է ՄԵԶ ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

ՊԵ՞ՏՔ Է ՄԵԶ ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
30.11.2010 | 00:00

Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու գաղափարն ավելի քան տասը տարի արծարծվում է տարբեր մակարդակի ատյաններում։ Միայն վերջերս, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի ժամանակ, ատոմակայանի կառուցման հարցն ավելի իրական դարձավ։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին կառուցելու նոր ատոմակայան, որի արժեքը, նախնական տվյալներով, 5 մլրդ ամերիկյան դոլար է, իսկ հետագայում կավելանա շուրջ մեկուկես անգամ։
Հայաստանը, իհարկե, նման գումարներ չունի, հետևաբար Ռուսաստանն է ներդրումներ անելու` մեր սերունդների ուսերին դնելով պարտքը վճարելու բեռը կամ էլ սեփականություն դարձնելով այդ կառույցը։ Մինչ այդ եկեք պատկերացնենք, որ արդեն կառուցվել է ատոմակայանը, և ունենք հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա։ Մեր անմիջական հարևանները` Թուրքիան և Ադրբեջանը, երբեք մեզնից էլեկտրաէներգիա չեն գնի, Վրաստանին շատ քիչ քանակություն է պետք, որն այժմ էլ ապահովում ենք։ Իրանին էլ, հավանաբար, պետք չի լինի, քանի որ Արաքսի վրա կառուցելով սահմանային Մեղրու և Ղարաքիլարի հէկերը` յուրաքանչյուրը 130 ՄՎտ հզորությամբ, մեր պարսիկ հարևանները երկար ժամանակ էլեկտրաէներգիայի պակաս չեն ունենա։ Բացի այդ, Իրանն էներգակիրների հսկայական պաշարներ ունի։
Զարգացած արդյունաբերություն չունենալով` մեր կարիքներն էլ սահմանափակ են, և այսօր արտադրված էլեկտրաէներգիան էլ լիուլի բավարար է մեզ։ Կարող ենք չմտահոգվել, որ ներկայումս գործող ատոմակայանը կարող է մոտ ապագայում փակվել. պարբերաբար վերանորոգվելով այն դեռ երկար կաշխատի։ Տարբեր երկրներում կան ավելի հին ատոմակայաններ, բայց նրանց փակվելու մասին խոսակցություններ չեն շրջանառվում։ Այդուհանդերձ, որպեսզի հետագայում հավելյալ էլեկտրաէներգիայի պակաս չունենանք, հարկ է, որ հենց այսօրվանից սկսենք օգտագործել մեր ջրային ռեսուրսների էժան ու անվտանգ էներգիան։ Շուրջ 150 ՄՎտ հզորություն կարող ենք ստանալ` կառուցելով Լոռի բերդի (Ձորագետի վրա) և Շնողի (Դեբեդ գետի վրա) հէկերը։ Մի այդքան էլ հզորություն կարող ենք ստանալ ավելի փոքր հէկերից։ Հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու շահագործումն ավելի էժան է, քան ատոմակայանինը, ռազմավարական առումով էլ հէկերն ավելի ձեռնտու են, քանի որ դրանք սեփական էներգակիրների հաշվին են գործելու և կախված չեն արտաքին հանգամանքներից (միջպետական հարաբերություններ, գների թանկացում, դիվերսիաներ և այլն)։
Հեռավոր ապագայում, եթե մեր հանրապետությանը պետք լինի լրացուցիչ էլեկտրաէներգիա, ավելի նպատակահարմար է օգտագործել արևային էներգիան, որն աստվածատուր է մեզ համար, իսկ այն էլեկտրականի փոխելու համար հետագայում ավելի առաջավոր տեխնոլոգիաներ կլինեն։ Էներգիայի մեծ պաշարներ ունենք Սևանա լճում, որտեղ նախատեսվում է կուտակել ավելի քան 8 մլրդ խմ ջրի պաշար, ինչը, անհրաժեշտության դեպքում, Հրազդանի կասկադի հէկերի միջոցով կվերափոխվի էլեկտրաէներգիայի։ Բացի դրանից, մեծ հնարավորություններ կան Սևանի բարձրադիր ափերին կառուցելու մի շարք կուտակային ջրավազաններ, որտեղ, գիշերային ժամերին չսպառված էլեկտրաէներգիան օգտագործելով, ջուրը Սևանից կմղվի այդ ջրամբարները, իսկ անհրաժեշտության դեպքում համապատասխան հէկերում կփոխակերպվի էլեկտրական էներգիայի։ Նման կուտակային հէկեր կարելի է կառուցել նաև հանրապետության այլ տարածքներում։ Նույն կերպ հնարավոր է Որոտան և Հրազդան գետերի ջրերը պոմպերի օգնությամբ հետ մղել դեպի տվյալ կասկադի հէկերի ջրամբարները` կրկին օգտագործելով դրանցում կուտակված ջուրը։
Եթե Ռուսաստանը ցանկանում է օգտակար լինել Հայաստանին` ապահովելով մեր երկիրը էներգակիրներով, թող հոգատարություն ցուցաբերի կամ աջակցի մեր տարածքում նավթի ու գազի հանքավայրերի հայտնաբերման գործում։ Այն, որ դրանք կան, շատ մասնագետներ կասկած անգամ չունեն։ Ինքս, որպես երկրաբան, այդ խնդրով մի քանի անգամ դիմել եմ կառավարությանը, հուշելով, թե որտեղ կարելի է նավթ ու գազ որոնել։ Պատասխանել են` համապատասխան միջոցներ չունենք։
Հայաստանում նավթի ու գազի հայտնաբերումը հավանաբար ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ նրան պետք է արտահանել իր էներգակիրները։
Իսկ ընդհանրապես, ատոմային էլեկտրակայան կառուցելը անվտանգ գործ չէ։ Թող մեր հին ատոմակայանն էլ անփորձանք իր ծառայությունները մատուցի, էլի՛ շնորհակալ ենք։
Այնպես որ, ինչպես ժողովուրդն է ասում, հարկավոր է յոթ չափել, մեկ` կտրել։ Նոր ատոմակայանի կառուցումը համաժողովրդական կարևորության խնդիր է, և հապճեպ որոշումներով չի կարելի այն լուծել։
Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այս մասին բնության պաշտպանության պետական և հասարակական կազմակերպությունները։ Արդյոք խելք խելքի տալու ժամանակը չէ՞։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ