«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Դա ուրվական է, որ կարող է ներխուժել բոլորիս տուն»

«Դա ուրվական է, որ կարող է ներխուժել բոլորիս տուն»
05.12.2008 | 00:00

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԼԻՆՈՒՄ ՄՈՏ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
Ինքնասպանության դեպքերը սովորաբար շփոթ ու սարսափ են առաջացնում մարդկանց շրջանում։ Ինչո՞ւ է մարդը կտրում սեփական կյանքի թելը` ինքն իր համար չթողնելով անգամ թողության հնարավորություն։ Ովքե՞ր են հակված դրան, որո՞նք են հիմնական դրդապատճառները։ ՈՒժե՞ղ, թե՞ թույլ մարդ է ինքնասպանը։ Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ում նեղ մասնագիտական կողմնորոշումը սուիցիդալ հոգեբանությունն է, համապատասխան օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, պատճառների և առիթի դեպքում «դա ուրվական է, որ կարող է ներխուժել բոլորիս տուն»։ Ստորև ներկայացնում ենք նրա պարզաբանումները։
Ինքնասպանության (սուիցիդ) պատճառները տարբեր են։ Այն տարիքային տարբեր խմբերի մոտ ունի տարբեր բնութագիր։ Կա ֆիզիոլոգիական պատճառականություն, օրինակ, սերոտոնինի ցածր քանակը բերում է դեպրեսիայի, իսկ դեպրեսիան նախասուիցիդալ հոգեվիճակ է։ Որոշ դեպքերում B խմբին պատկանող բիոտին վիտամինի պակասը նույնպես հանգեցնում է ինքնասպանության նկատմամբ հակման, քանի որ այս վիտամինի պակասն ուղեկցվում է դեպրեսիայով և հալյուցինացիայով։ Կա տեսակետ, որ ինքնասպանությունն էկոլոգիական սթրեսի արդյունք է։ Ինքնասպանության գենային տեսությունը հաստատում է, որ մարդու գենոտիպում կա վեց գեն, որոնք պայմանավորում են ինքնասպանության նկատմամբ ունեցած հակումը։ Է. Դյուրգհեյմը կարծում է, որ ինքնասպանությունն ունի սոցիալական պատճառականություն։ Հոգեբանները հանգել են այն եզրակացության, որ ինքնասպանությունն անձի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է, ինչն առաջանում է անձի ապրած միկրոկոնֆլիկտների պայմաններում։
Կա ալտրուիստական ինքնասպանություն, որին հակված են այնպիսի մարդիկ, ովքեր կյանքը զոհաբերում են հասարակության բարօրությանը։ Այս տիպի սուիցիդը բնորոշ է պետական գործիչներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր մեծ պատասխանատվություն են զգում իրենց արարքների կամ այլ մարդկանց կյանքի նկատմամբ։ Պատմությունը հարուստ է այս տիպի ինքնասպանություններով։
Եթե կրոններից բուդդիզմը և հինդուիզմը հանդես էին գալիս որպես ինքնասպանության ջատագովներ, ապա քրիստոնեությունը ծայրահեղ բացասական վերաբերմունք է ցուցաբերում այդ երևույթի նկատմամբ։ Ինքնասպանությունը համարվում է աններելի մեղք, որովհետև ինքնասպանը չի կատարում Աստծո պատվիրանը, երես է թեքում Աստծուց և համախոհ է դառնում սատանային։ Ինքնասպանության միտքը գալիս է անհավատությունից. ինքնասպանը չի հավատում աստվածաթողությանը։ Իսլամը ևս ինքնասպանությունը համարում է մեծ մեղք, իսկ հրեաների սուրբ գրքում` Թալմուդում, ինքնասպանությունը կամ դրա փորձը համարվում է հանցագործություն և ենթակա է դատաստանի։
Ինքնասպանությունը մեղք է, բայց շատերի մեջ է հարց առաջանում. եթե մարդը չի ուզում ապրել, ուրեմն ինչ-որ բան հանգեցրել է դրան։ Ինչո՞ւ մարդն իրավունք չունի ընտրության։
Մինչ սուիցիդոլոգիայի առաջացումը ինքնասպանությունն ուսումնասիրվել է փիլիսոփաները, ովքեր մեծ նշանակություն են տվել մարդու կողմից սեփական կյանքին գիտակցաբար վերջ դնելու հիմնահարցին, քանի որ այդ խնդրի լուծումից էր կախված այնպիսի կարևոր հարցերի մեկնաբանումը, ինչպիսիք են կյանքի իմաստը, կամքի և ընտրության իրավունքը, ընդհանուր առմամբ, անձի ազատության դրսևորումը։ Ինքնասպանությունն ունի նաև հոգեբանական իմաստ, այն օգնության ճիչ է, ուրիշին պատժելու միջոց, իրադրությունից դուրս գալու ելք, սակայն ոչ անվերապահ ձգտում դեպի մահը, որով էլ հոգեկան հիվանդի ինքնասպանությունը տարբերվում է նորմալ կամ սահմանային հոգեվիճակում գտնվող անձի ինքնասպանությունից։ Ինքնասպանությունը հուսահատության դրսևորում է, «թունելային տեսողության» արդյունք։
Ինքնասպանությունը չի կարելի վերացնել իսպառ, սակայն կարելի է կանխել։
Ինքնասպանության երևույթը հայտնի է եղել մինչև անիվի գյուտը և կրակի հայտնաբերումը։ Սկզբում այն ունեցել է պրագմատիկ դրսևորում` ուղղված է եղել ցեղի պահպանմանը, հետագայում կրել է ծեսի և ավանդույթի դրսևորում, այնուհետև դարձել է շեղվող վարքի յուրահատուկ տեսակ։ Ինքնասպանությունից խուսափելու համար պետք է երևույթը գիտականորեն հասկանալ, անձի մոտ առաջացնել հանդուրժողականություն, հոգեկան կայունություն, առհասարակ, մարդուն և նրա հիմնախնդիրներին վերաբերող ամեն ինչ պահել ուշադրության կենտրոնում, կիրառել եվրոպական որոշ երկրների փորձը, հասկանալ սուիցիդի բանալիները...
Աշխարհում տարեկան ինքնասպան է լինում մոտ մեկ միլիոն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով` 2020-ին մոտ 1,35 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ ինքնասպանության փորձերը կլինեն տասից քսան անգամ ավելի։ Այսինքն, միջին հաշվով յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի մեկ մարդ, և յուրաքանչյուր 1-2 վայրկյանում կկատարվի մեկ սուիցիդալ փորձ։ Ինքնասպանության ցուցանիշը համարվում է ցածր, երբ յուրաքանչյուր 100000 բնակչին բաժին է ընկնում 10 ավարտված սուիցիդ, միջին, երբ` 10-20, իսկ եթե այդ ցուցանիշը գերազանցում է 20-ը, ապա ինքնասպանության մակարդակը համարվում է բարձր։ Ինքնասպանության մակարդակը եվրոպական երկրներում նույնպես բարձր է` տատանվում է 40-50-ի սահմաններում յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով։ Սա նշանակում է, որ հիմնախնդիրը, սոցիալական պատճառներից զատ, ունի նաև հոգեբանական դետերմինացիա և բազմաօրբիտալային, մուլտիդիսցիպլինար մեկնաբանության կարիք։
Հարկ է քննադատել ինքնասպանությունը, բայց և անհրաժեշտ է կարեկցել ու օգնել ինքնասպանության փորձ կատարողին։
Պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7906

Մեկնաբանություններ