Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ցեղակրոնների կառավարման տարիներին կդադարեցվի՞ մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումը

Ցեղակրոնների կառավարման տարիներին կդադարեցվի՞ մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումը
28.07.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱ՞Կ է, ԹԵ՞ ՍՈՎ
«Մանկապատանեկան մամուլի պետական ֆինանսավորումը շատ բան է ասում տվյալ երկրի մասին։ Դա ցույց է տալիս, որ պետությունը մտահոգված է սերնդի դաստիարակության խնդիրներով և սերունդներին կրթելու իր ռազմավարական ուղղություններն ունի մշակած»,- այսպես է կարծում «Աղբյուր» ամսագրի խմբագիր ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԸ։
Հայաստանյան մանկապատանեկան մամուլը հիմնականում ներկայացնում են «Կանչ», «Ծիծեռնակ», «Աղբյուր», «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի» և «Մանկանց երկիր» պարբերականները: Առաջին երեքն ավանդական լրատվամիջոցներ են, որոնք ստեղծվել են դեռևս խորհրդային տարիներին։ Մամուլի այս միջոցները տպագրվում էին պետբյուջեի ֆինանսավորմամբ, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց նաև նրանց։ Այս տարվանից դադարեցվել է «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի» և «Մանկանց երկիր» պարբերականների ֆինանսավորումը, իսկ կառավարության սոցիալական հարցերով զբաղվող մշտական գործող կոմիտեի ապրիլի 30-ի որոշմամբ` 2010-ից սկսած ավանդական պարբերականները ֆինանսավորվելու են բացառապես համաֆինանսավորման սկզբունքով։
«Աղբյուր» (նախկին «Պիոներ») ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը կառավարության այս որոշումը համարում է ապօրինի։ «1990 թ. դեկտեմբերի 27-ին Գերագույն խորհրդի նախագահությունը հատուկ որոշում է ընդունել մանկապատանեկան երեք պարբերականները պետական հովանավորության տակ առնելու վերաբերյալ՝ հովանավոր նշանակելով լուսավորության նախարարությանը։ Կառավարությունում այդպես էլ չկարողացան զանազանել, որ այս երեք լրատվամիջոցները («Աղբյուր», «Ծիծեռնակ», «Կանչ») պետական հոգածության տակ առնելու մասին հատուկ որոշում կա, և սրանց ֆինանսավորումը կապ չունի մամուլի միջոցներին տրվող օգնության հետ։ Այս պարբերականների ֆինանսավորումը պետք է հաշվառվի կրթության և գիտության նախարարության բյուջեում։ Երեք պարբերականների նկատմամբ օրինախախտում է կատարվում, որովհետև օրենսդիր մարմնի որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել, իսկ չեղյալ կարող է հայտարարել միայն Ազգային ժողովը»,- ասում է «Աղբյուրի» գլխավոր խմբագիրը։
Թադևոս Տոնոյանը մանկապատանեկան մամուլը սովորական լրատվամիջոցների շարքին չի դասում։ Ըստ նրա, հատուկ կարգավիճակ պետք է սահմանել մանկապատանեկան պարբերականների համար, և պարտադիր է, որ նրանք պետության միջոցներով լույս տեսնեն, ոչ թե ապավինեն ինչ-ինչ ֆինանսավորողների. «Խոստովանեմ, որ 25 տարի այստեղ աշխատում եմ, հազարավոր հանդիպումներ եմ ունեցել, նամակներ եմ հասցեագրել տարբեր հնարավորություններ ունեցող մարդկանց ու գերատեսչությունների, և որևէ մեկը գումար չի հատկացրել։ Նրանք շահ են փնտրում։ Եվ ինչո՞ւ եմ ասում, որ անպայման պետությունը պետք է պահի այս մամուլը. որովհետև պետությունը պետք է տեսնի, որ իր շահը սերունդ դաստիարակելն է։ Եթե հիմա մանկապատանեկան մամուլը չֆինանսավորենք, վստահ եմ, որ մեկ-երկու տարի անց կավելանան խուլիգանությունը, գողությունը, ավելի շատ երեխաներ կհայտնվեն ուղղիչ աշխատանքային գաղութներում։ Պետությունը պետք է մտածի այդ մասին, նա պետք է գիտակցի, որ իր օգուտը լավ երեխա ունենալն է»։
Թ. Տոնոյանը հիշեցնում է, որ «Աղբյուրի» առաջին խմբագրական կոլեգիայի կազմում եղել են Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը, Ավետիք Տեր-Պողոսյանը: Տարբեր տարիների գլխավոր խմբագիրներն են եղել Գարեգին Սևունցը, Անահիտ Սահինյանը, Պերճ Զեյթունցյանը: Ժամանակին ամսագիրն իր շուրջն է հավաքել նշանավոր մտավորականների, գրողների, ստեղծել ուշագրավ մթնոլորտ, կարևոր ներդրում ունեցել ինչպես գրական կյանքում, այնպես էլ կրթական-դաստիարակչական ոլորտում: Այս հանդեսի էջերում սկզբնական ստեղծագործությունները տպագրած գրեթե բոլոր հեղինակները մշտապես մնացել են գրական միջավայրում, իսկ շատերը հետագայում մեր երևելիներից են դարձել: Լևոն Հախվերդյանը, Ռաֆայել Իշխանյանը, Հրանտ Մաթևոսյանը, Հայկ Խաչատրյանը, Վախթանգ Անանյանն իրենց առաջին քայլերը կատարել են այս պարբերականում։
«Մի՞թե մեր պետությունում այսօր սով է, համաճարակ է, տիֆ է։ Չէ՞ որ երբ «Աղբյուր» ամսագիրը հիմնադրվում էր, Հայաստանում տիֆի համաճարակ էր, երկիրը որբերով էր լցված, սով էր։ Բայց այն ժամանակ կարևորվեց ամսագրի հրատարակումը, որովհետև կար պետական մտածողություն։ Խայտառակություն չէ՞, որ այսօր՝ ցեղակրոն կուսակցության կառավարման տարիներին, հանկարծ դադարեցվի այս պարբերականների հրատարակումը, և դրա հեղինակները լինեն միջին օղակների մարդիկ։ Մեր հանրապետության նախագահի քաղաքականությունն է շնորհալի երեխաներին ուշադրության կենտրոնում պահելը, իսկ թե ստորին օղակներում ինչ է կատարվում, չեմ հասկանում»,- ասում է Տոնոյանը։
«Աղբյուրի» աշխատակիցները ստանում են նվազագույն աշխատավարձ՝ 30 հազարական դրամ։ Պետական ֆինանսավորումն այնքան է, որ հանդեսը լույս է տեսնում երկու ամիսը մեկ։ «Այսքան տարիներ վախից, որ հանկարծ դա էլ չկտրեն, ձայն չենք հանել, ասել ենք՝ երկրի համար, երևի, այնպիսի օրեր են, որ գուցե այդքանով կարելի է բավարարվել։ Բայց պարզվում է՝ ինչ-որ տնտեսական ճգնաժամ է մեզ ժամանակավորապես այցելել, և մենք դա պատճառ բերելով՝ փորձում ենք հայ ժողովրդի վերջին 100 տարվա մշակութային օջախներից 3-ը փակել»։
«Աղբյուրի» գլխավոր խմբագրի համար բարոյական առումով, երկրի ստրատեգիական շահի տեսանկյունից անհասկանալի է նաև ոչ ավանդական մանկապատանեկան լրատվամիջոցների ֆինանսավորման դադարեցումը. «Անկախության տարիներին ստեղծվել են մամուլի միջոցներ, որոնք ինքնահաստատման ճանապարհ են անցել, մանկապատանեկան մամուլի գունապնակն ավելի բազմազան են դարձրել, և ունեցածը զարգացնելու մասին մտածելու փոխարեն հանկարծ նման թյուրիմացություն է տեղի ունենում»։
Հազար հինգ հարյուր տպաքանակ ունեցող «Խատուտիկ» ամսագիրը տպագրվում է 1998 թվականից՝ տարեկան տասը համար պարբերականությամբ և լայն տարածում ունի հանրապետության մարզերում, գյուղերում։ Վերջին ինը տարիներին այն տպագրվում էր պետական հովանավորությամբ։ «Խատուտիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆենիքս Սարդարյանը չի ընդունում կառավարության կողմից մանկապատանեկան մամուլի միջոցների տարաբաժանումն ավանդականի և ոչ ավանդականի։ 2008-ին պետությունը «Խատուտիկի» տպագրման համար հատկացրել է մոտ 1 մլն 300 հազար դրամ, և դա այն գումարը չէ, որ խնայելով կարելի է փրկվել ճգնաժամից։ «Ես 20 տարի աշխատել եմ «Գարուն» ամսագրում, «Իրան Նամեում» խմբագիր եմ եղել։ ՈՒնեմ 42 տարվա լրագրողի ստաժ, և երբ մարդը կարողանում է մի գործ անել, չպետք է նրա ճանապարհը փակեն։ Ինչ-որ մեկից գումար խնդրելն իրատեսական չէ։ Չեմ կարծում, թե դա նրանց հետաքրքրում է»,- ասում է Ֆ. Սարդարյանը։ «Խատուտիկը» շարունակում է տպագրվել, որովհետև չեն ցանկանում կտրել կապը ընթերցողների հետ։
Պարբերականների ղեկավարները եղել են Ազգային ժողովում, հանդիպել համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Այստեղ նրանց լսել են և խոստացել սատարել։ Տասնօրյա ժամկետում պետք է ներկայացվեն առաջարկություններ` ոլորտը կարգավորելու, խթանելու ուղղությամբ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ