ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԿԱՆԽՈՒՄ` ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՄԲ

ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԿԱՆԽՈՒՄ` ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՄԲ
28.02.2012 | 00:00

Ակնհայտ է, որ տնտեսության զարգացման ակնկալիքներն առանց փոքր և միջին ձեռներեցության աշխուժության կարող են տեղավորվել միայն երևակայության հարթության վրա: Այս պատճառով տնտեսական բարեփոխումներ և ֆունդամենտալ լուծումներ են պահանջվում, հավանաբար, նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում: Այստեղ, ինչպես մի քանի տարի առաջ, շատ անելիքներ կան:
Այս ասպարեզում նույնպես կա մի կարևոր կոնցեպտուալ խնդիր: Ի՞նչ ենք մենք հասկանում փոքր և միջին բիզնես ասելով: Ցավոք, կա տարածված կարծիք, որ փոքր և միջին բիզնեսը, առաջին հերթին, առևտուր է: Այս առումով շատ ակտուալ է գիտության վրա հիմնված փոքր և միջին բիզնեսի աջակցման նպատակով սեփական «Սիլիկոնային հովիտ» ստեղծելու Ռուսաստանի փորձը։ Այսինքն, ստեղծել ոչ մեծ նախագծեր և ապահովել դրանց իրականացման համար ան-հրաժեշտ ֆինանսավորում: Դրա համար հարկավոր է ունենալ պետական աջակցություն: Վերադառնալով հայրենական տնտեսությանը, կարևոր է շեշտել, որ սկզբում պետք է սահմանենք մեր կոնցեպտուալ հարցերը, հասկանանք սեփական առավելություններն ու առաջնահերթությունները, հավատանք դրանց իրականացմանը և լինենք հետևողական: Փոքր և կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, վստահ ենք, որ այդ ամենին կարելի է հասնել շատ կարճ ժամանակում:
Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե ինչ պետք է անել մենաշնորհների հետ: Այդ հարցն իր պատշաճ լուծումն առայժմ չի ստանում, իսկ եթե այն չլուծվի, ապա հազիվ թե տնտեսությունում տեղի ունենան զգալի փոփոխություններ: Դրանք փոխհամաձայնեցված, փոխկապակցված երևույթներ են:
Մենաշնորհների առնչությամբ ունենք երկու լուրջ հիմնախնդիր: Առաջինը բուն մենաշնորհներն են կամ օլիգոպոլիաները, որոնք ամբողջովին սպանում են փոքր և միջին բիզնեսը: Երկրորդ խնդիրը կապիտալի արտահոսքն է: Ի՞նչ ձևով: Բանն այն է, որ գալիս է մի պահ, երբ անգամ մոնոպոլիաներն սկսում են շնչահեղձ լինել մեր փոքրիկ շուկայի ներսում, հետևաբար, ռեսուրսները հոսում են երկրից դուրս, իհարկե, կապիտալի տեսքով: Ընդ որում, վերջին շրջանում շատ է խոսվում հատկապես կապիտալի փախուստի մասին, փորձեր են արվում պարզելու դրա պատճառները, ինչպես նաև գնահատականներ տալու, թե ինչպիսին են «փախչող» կապիտալի ծավալները:
Ի դեպ, կապիտալի փախուստը, մեր գնահատականներով, ավելի լուրջ վտանգ է տնտեսության համար, քան փոքր և միջին բիզնեսի հիմնախնդիրը: Ինչ վերաբերում է արդեն արտահոսած կապիտալի ծավալներին, ապա այս ցուցանիշի հաշվարկներում կան որոշակի դժվարություններ: Մենք չգիտենք` ուր և ինչ նպատակներով է կապիտալը հոսում երկրից: Օրինակ, այդ կապիտալի մի մասը մեր հայրենակիցները ներդնում են օտարերկրյա անշարժ գույքում, ինչը, ի դեպ, իրեն չարդարացրեց, և ներդրողները հսկայական կորուստներ ունեցան ճգնաժամի հետևանքով: Սակայն այդ կապիտալը կարող էր աշխատել հանուն մեր տնտեսության, օրինակ, հայ-ռուսական համատեղ ծրագրերի տեսքով` թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում:
Վերադառնալով մենաշնորհների հարցին, կարևոր է, այնուամենայնիվ, հստակեցնել, թե ինչպիսի հանգամանքներում կարող է մենաշնորհների հիմնախնդիրը լուծում ստանալ: Բոլորին է հայտնի, որ երբ երկու գործարար հանդիպում են անգամ մեկ բաժակ սուրճ խմելու նպատակով, առաջին միտքը, որ ծագում է նրանց գլխում, ուժերի միավորման և մենաշնորհների ձևավորման ու ընդլայնման հնարավորությունն է:
Ակնհայտ է, որ մասնավոր հատվածը չի կարող պայքարել մոնոպոլիաների դեմ, այսինքն, զսպել նրանց ախորժակը: Դա առաջին հերթին քաղաքական խնդիր է, բայց ունի նաև իր տնտեսական և օրենսդրական լուծումները: Գոյություն ունի տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը, ստեղծված է նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որը մեզ մոտ ընդունված է անվանել հակամոնոպոլիստական: Սակայն դրանք երկու տարբեր հասկացություններ են: Տնտեսական մրցակցության պաշտպանությունը դեռ չի նշանակում պայքար մոնոպոլիաների դեմ: Որպեսզի այդ օրենքն ավելի արդյունավետ գործի, հարկավոր են ոչ միայն պատժի հստակ և խիստ մեխանիզմներ, այլև դրանց իրականացմանն ուղղված քաղաքական կամք:
Երկրորդ խնդիրը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում մարդկային անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունն է: Մեր դիտարկմամբ` այսօր հանձնաժողովը չունի բավականաչափ մարդկային ռեսուրսներ, որպեսզի, առաջին հերթին, հետազոտի հայրենական տնտեսության բոլոր ոլորտները, որից հետո լայնամասշտաբ պայքար ծավալի մոնոպոլիզացիայի դեմ: Մոնոպոլիաներն իրենք իրենց չեն ծնվում, բայց փոքր տնտեսությունում դրանք ձևավորվում են միանգամայն բնական ձևով: Եվ եթե մենք չլուծենք այս խնդիրը, չենք կարող կառուցել առողջ, մրցակցային շուկա ունեցող տնտեսություն:
Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքի հիմնախնդրին, ապա առավել մտահոգիչ հարցերից մեկն այն է, թե մոտավոր հաշվարկներով որքան կապիտալ է արտահոսել վերջին մի քանի տարում: Ի դեպ, Ռուսաստանում, օրինակ, այդ ցուցանիշը հաշվարկում են և ամեն տարի հրապարակում ամենաբարձր մակարդակով` տալով գնահատականներ: Իսկ մեզանում լռում են, և այն տպավորությունն է, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Մենք կարող ենք կիրառել այդ ցուցանիշի հաշվարկի երեք մեթոդ, բայց այստեղ էլ կստանանք մոտավոր թվեր: Առաջինը ենթադրում է հաշվարկը վճարային հաշվեկշռի միջոցով, երկրորդը` ունեցած ռեսուրսների ծավալով, իսկ երրորդը` ստվերային տնտեսության ծավալներով:
Այս առումով, բնականաբար, առաջնային են դառնում ստվերային տնտեսության մոտավոր ծավալների մասին գնահատական տալն ու տվյալներ հրապարակելը:
Հիշեցնենք, որ դեռևս մի քանի տարի առաջ մենք ներկայացրել ենք մոտավոր հաշվարկներ և արձանագրել այդ ցուցանիշը` 75 % մակարդակի վրա: Բնականաբար, նախկինում իշխանությունների կողմից այդ ցուցանիշը երբեք չի ընդունվել: Այժմ այդ մակարդակի մասին խոսում են արդեն պաշտոնական անձինք: Իսկ այժմ ստվերային տնտեսությունն արդեն հատել է նաև այդ կրիտիկական մակարդակը: Բանն այն է, որ երբ հարկվող տնտեսությունն աճում է, դա նշանակում է, որ երեք անգամ աճում է նաև ստվերային տնտեսությունը, քանի որ այն չի կարող տարիներ շարունակ դոփել նույն մակարդակի վրա: Վերադառնալով կապիտալի արտահոսքին, հարկ է նշել, որ այդ ցուցանիշը, մեր հաշվարկներով, մոտ է տրանսֆերտների ծավալներին, այսինքն, կազմում է մեկուկես միլիարդ ԱՄՆ դոլար: Իսկ տրանսֆերտներն էլ մեկ այլ լուրջ խնդիր են մեր տնտեսության համար. դա մի երևույթ է, որը թույլ է տալիս պահպանել սպառողների գնողունակ պահանջարկը համեմատաբար բարձր մակարդակի վրա: Բայց գլոբալ առումով այդ երևույթն ունի սահմանափակման միտումներ: Մենք այլևս իրավունք չունենք բոլոր հույսերը կապելու սփյուռքահայության ռեսուրսների հետ, քանզի փոխվում է նաև Սփյուռքի հոգեբանությունը: Նոր աշխարհում յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում և հոգ է տանում իր մասին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ, այսպես կոչված, «տրանսֆերտային տնտեսությունը» գնալով կարող է կրճատվել և վերանալ: Ընդ որում, մեր համոզմամբ, դա անշրջելի միտում է: Անխուսափելի է նաև այն, որ ժամանակին թափ կհավաքի մեր կողմից առաջարկվող սոցիալական շուկայական տնտեսությունը, որը Հայաստանի տնտեսության ապագան է: Իսկ այդ գործընթացը կսկսվի այն ժամանակ, երբ պահանջված կլինեն տնտեսական միտքը և տնտեսագիտությունը: Վստահ ենք, որ մեր կյանքի ընթացքում առիթ կունենանք տեսնելու այդ փոփոխությունների պտուղները:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ