Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ Է ՊԵՏՔ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ Է ՊԵՏՔ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
14.10.2011 | 00:00

Երեք օր է, ինչ Հայաստանում սկսվել է մարդահամարը։ 2011-ին մարդահամարի վերաբերյալ հավաքագրվող տվյալներն ուղղակի անորոշության մեջ են գցել բնակչությանը։ Ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների` մարդահամարի համար գումարներ են տրամադրել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` ՄԱԿ-ը։
«Հոգեորսություն պետական մակարդակով չէինք տեսել։ Խորհրդային ժամանակներում և անկախության տարիներին ևս մարդահամար է անցկացվել, սակայն ոչ մի անգամ մարդու հավատին, դավանանքին առնչվող նման մանրակրկիտ հարցեր երբևէ չեն եղել։ Սա կասկածելի է»,- այսպես բնակչության զգալի հատվածը տարակուսում է մարդահամարի հարցաթերթիկում տեղ գտած հարցերի վերաբերյալ։ Այն, որ պետությունը պետք է տեղյակ լինի, թե իր բնակչության քանի տոկոսն ինչ դավանանք ունի` քրիստոնյա՞ է, մուսուլմա՞ն, թե՞ բուդդայական և այլն, բնական է։ Սակայն անհասկանալի է այն մանրակրկիտ մոտեցումը, որն առանձնացված է հարցաթերթիկում։ Մասնավորապես, առանձին կետերով առանձնացված են կաթոլիկ, առաքելական, բուդդայական, մորմոնական, 50-ականների և այլ եկեղեցիների` թվով 17 անուն։ Փորձագետների գնահատմամբ` նման մոտեցումը պայմանավորված է երկրի բնակչության հավատին առնչվող տվյալների հավաքագրման անհրաժեշտությամբ։ Այլ կերպ ասած, այդ անհրաժեշտությունը կարող է լինել ներքին կամ էլ արտաքին պահանջ։ Եթե նկատենք, որ մարդահամարի ծրագիրը ֆինանսավորվում է ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կառույցների կողմից, ապա շատ մեծ է հավանականությունը, որ այդ տվյալներն անհրաժեշտ են, առաջին հերթին, դրսի կառույցներին։ Այն պարզ տրամաբանությամբ, որ մինչև 2011-ի մարդահամարը, այսինքն, երբ բազմազան կառույցների ֆինանսավորում այդ գործընթացում չի եղել, չեն եղել նաև նման հարցեր։ Իսկ որպես կանոն, ով վճարում է, նա էլ պատվիրում է։ Հոգևոր հարցերի շղթան մեկ այլ հարցադրում առաջացրեց. արդյոք այս կերպ չի՞ ոտնահարվում մարդու հիմնարար իրավունքներից մեկը` խղճի ազատությունը։ Այն իմաստով, որ, մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, այս կերպ կարող են նրանց գրանցել կամ հաշվառել իրենց անծանոթ որևէ կազմակերպությունում։ Փորձագետների հավաստմամբ` եթե վերջին` 18-րդ կետում չնշվեր` «հարցերին չեմ պատասխանում» տողը, այդ դեպքում կարելի էր մտածել խղճի ազատության ոտնահարման մասին։
Նկատենք, որ դավանանքին առնչվող հարցաշարը միակ խնդրահարույցը չէ հարցաթերթիկում։ «Իրենց ի՞նչ գործն է` ունիտազն ի՞նչ գնանոց է կամ ո՞ր երկրի արտադրության է, տուալետն ասիակա՞ն է, թե՞ ոչ։ Ի՞նչ կապ ունի մարդահամարի հետ օգտագործվող օճառի գինը, կամ բնակարանս քարի՞ց է, թե՞ պանելային շինություն»,- մեզ հետ զրույցում զարմացած և զայրացած նշում էին հարցման մասնակիցները։ Այս դեպքում նույնպես ընդգծվում էր, որ նախորդ տարիների մարդահամարի հարցաթերթիկներում նման հարցեր չեն եղել։ «Մնում է նշեին` քանի անգամ ենք սիրով զբաղվում»,- զայրացած ընդգծում էին մեր քաղաքացիները։
Մենք ուսումնասիրեցինք 1979-ից 2001-ի մարդահամարների հարցաթերթիկները (մարդահամարն իրականացվում է տասը տարին մեկ), պարզվեց, որ իսկապես նման հարցեր չեն եղել։ Ճշտեցինք նաև, որ 2011-ի հարցաթերթիկում սոցիալական բնույթի խիստ մանրակրկիտ հարցաշարի պահանջը ՄԱԿ-ինն է։ Այսինքն, այս դեպքում ևս միջազգային կառույցների կողմից փորձ է արվում մտնել մեր բնակչության «մատի և մատանու արանքը»։ Ազգային վիճակագրության ծառայությունում այս մոտեցումն արդարացված են համարում` երկրի բնակչության սոցիալական կարգավիճակի մասին մանրակրկիտ տեղեկություն ունենալու առումով։ Բայց բնակչության բոլոր խավերի, այդ թվում նաև` պաշտոնյաների, շրջանակում մարդահամարի հարցաթերթիկում նման հարցերի առկայությունը զայրույթ է հարուցում։ Դժգոհում են նաև սոցիալապես անապահով շերտերը։ Սա նշանակում է, որ նման մոտեցումը չի կարող գոհացնել մարդկանց։ Այն գոհացնում է միայն այն շրջանակներին, որոնք մտադրություն ունեն կառավարելի դարձնել ողջ բնակչությանը, իսկ թե ի՞նչ նպատակով... Համենայն դեպս, նման իրավիճակում, կարծում ենք, բնակչությունը պետք է աչալուրջ լինի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ