ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՊԵՏՔ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ

ՊԵՏՔ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
04.11.2011 | 00:00

Պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը կրթության ոլորտն է, որը շարունակում է մնալ երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Հատկանշական է, որ վերջին տարիներին հանրակրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները աստիճանաբար հանգում են իրենց տրամաբանական ավարտին: Մասնավորապես, հանրակրթական հաստատությունների համակարգի արդյունավետության բարձրացման ուղղություններից մեկն առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ձևավորումն է, որի արդյունքում նոր ուսումնական տարվա սկզբից Հայաստանում գործում են արդեն հարյուրից ավելի առանձին գործող ավագ դպրոցներ: Դրանց կայացումը կարևոր նախադրյալ է երկրում մտավոր կարողության նպատակային և համակարգված օգտագործման համար:
Այս իմաստով, բոլորովին պատահական չէ հանրակրթական հաստատություններում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման գործընթացը հատկապես Երևանից դուրս` երկրի տարբեր մարզերում, ուսուցման նոր տեխնոլոգիաները հասանելի դարձնելով հանրապետության բոլոր դպրոցների համար` անկախ դրանց աշխարհագրական դիրքից: Հետևաբար կարևոր է, որ կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում պետության օժանդակությամբ կիրականացվեն միջոցառումներ, նպատակ ունենալով երեխաներին նախապատրաստել տարրական դպրոցին` ապահովելով հավասար մեկնարկային հնարավորություններ, մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն` ներառելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, բարելավել նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը:
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման և գիտության գծով ծախսերի) կազմում են 108045,9 մլն դրամ: Ծախսերի նվազումը 2011 թվականի նկատմամբ 0,7 տոկոս է: Այն պայմանավորված է որոշ ծրագրերի գծով 2012 թվականին միջոցների չնախատեսմամբ կամ դրանց պակասեցմամբ:
Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի`
ա) հանրակրթության ոլորտին` 69331,6 մլն դրամ: 2011 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի աճը կազմել է 3507,1 մլն դրամ կամ 5,3 տոկոս: 2012 թվականին միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 117,9 հազ. դրամ` 2011 թվականի 117,5 հազ. դրամի դիմաց, վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 176,2 հազ. դրամ, հաշվապահների դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 87,7 հազ. դրամ, ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը` 33,1 հազ. դրամ,
բ) հատուկ կրթությանը` 4872,3 մլն դրամ: 2011 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն աճել են 246,4 մլն դրամով կամ 5,3 տոկոսով:
Միաժամանակ, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մեջ կարևորվում է արտադպրոցական դաստիարակությունը: Այս բնագավառում անհրաժեշտ է նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ստեղծագործական կարողությունների զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և հումանիտար գիտելիքների կատարելագործմանը:
Ընդ որում, հիշյալ գործընթացները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրում բնակվող հայ աշակերտների հայեցի դաստիարակության ապահովման առումով: Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման, տրամադրման, վերապատրաստման մեկամսյա դասընթացների կազմակերպման և մասնագիտական կադրերի պատրաստման աշխատանքներ:
Մեր երկրում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում մասնագիտական կրթության բնագավառը, ուր, մասնավորապես, կարևորվում է մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացման ու Բոլոնիայի համաձայնագրի դրույթներին դրա համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումների շարունակումը: Հենց հիշյալ բարեփոխումներն արագացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է մշակվի մասնագիտական կրթության համալիր վերակառուցման ռազմավարություն: Իրականացվող բարեփոխումների շրջանակներում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք նպատակ ունեն, եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան, ներդնել որակավորումների ազգային շրջանակ, ստեղծել որակի ապահովման ազգային համակարգ, ապահովել բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչումը և համարժեքությունը, ստեղծել նպաստավոր պայմաններ ուսանողների անարգել միջբուհական տեղափոխումների և միջազգային շարժունության համար, խթանել Հայաստանի կրթական համակարգի գրավչությունը: Իսկ գրավչության ապահովման գործում, ինչպես հայտնի է, վերջին դերը չի խաղում ուսուցչի և դասախոսի վարձատրությունը:
2012 թվականին մանկավարժական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունը, կկազմի 114,8 հազ. դրամ, վարչական դրույքներինը` 170,3 հազ. դրամ, հաշվապահների դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 87,6 հազ. դրամ, իսկ ուսումնաօժանդակ և տնտեսական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 35,2 հազ. դրամ:
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» դասին նախատեսված է հատկացնել 2238,9 մլն դրամ, որը 2011 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 363,5 մլն դրամով կամ 19,4 տոկոսով: Իսկ 2012 թվականին նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների (առանց ուժայինների) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը, մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունը, կկազմի 104,8 հազ. դրամ, 68,5 վարչական դրույքներինը` 157,6 հազ. դրամ, հաշվապահների 27 դրույքներինը` 79,7 հազ. դրամ, 579,8 ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը` 33,4 հազ. դրամ:
Միաժամանակ, պետական բյուջեի նախագծով ծրագրվում է «Միջին մասնագիտական կրթություն» դասին հատկացնել 3437,6 մլն դրամ: Աճը 2011 թվականի նկատմամբ կազմում է 273,2 մլն դրամ կամ 8,6 %:
Հատկանշական է, որ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (առանց ուժայինների) մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կազմում է 63,7 հազ. դրամ, վարչական անձնակազմինը` 59,6 հազ. դրամ, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմինը` 34,4 հազ. դրամ:
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա բյուջեով նախատեսված է 7732,5 մլն դրամ, որը 2011 թվականի նկատմամբ աճել է 16,1 մլն դրամով կամ 0,2 %-ով, չնայած ուսանողների թվաքանակի 1,9 հազարով նվազմանը: Ընդ որում, «Արտադպրոցական դաստիարակություն» դասին կտրամադրվի 2589,5 մլն դրամ, որը 2011 թվականի նկատմամբ աճել է 100 մլն դրամով կամ 4,0 տոկոսով, իսկ «Լրացուցիչ կրթություն» դասին` 1232,3 մլն դրամ, որը 2011 թվականի նկատմամբ աճել է 78,2 մլն դրամով կամ 6,8 %-ով: Բացի այդ, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով զգալի միջոցներ են նախատեսվել կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով: Մասնավորապես, 2012 թվականին շարունակելու է իրականացվել կրթության որակի և համապատասխանության երկրորդ (Համաշխարհային բանկ) վարկային ծրագիրը:
Ինչ վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում սպասվող բարեփոխումներին, դրանց հիմնական նպատակը մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ինտեգրումն է կրթության գլոբալ համակարգերին, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) որակավորումների համակարգի համապատասխանեցումը որակավորումների եվրոպական շրջանակին, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը, համակարգի մասնագետների իրազեկվածության բարձրացումը` այլ երկրների փորձի և լավագույն ձեռքբերումների կիրառմամբ, ՄԿՈՒ հաստատությունների ցանցավորումը, մասնագիտական կրթական ծառայությունների մատուցման որակի բարելավումը: Հետևաբար, այդ նպատակին հասնելու համար նպատակահարմար է ստեղծել մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգ, խթանել սոցիալական գործընկերությունը և երկխոսությունը, ձևավորել ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետ ցանց, ներդնել մասնագետների պահանջարկի ձևավորման արդյունավետ համակարգ, իրականացնել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարների և դասավանդողների վերապատրաստումներ: Վերջինս խիստ կարևորվում է, քանզի անցած տարիներին որոշակի նահանջ է նկատվել հենց գիտելիք փոխանցողների` ուսուցիչների և դասախոսների մասնագիտական մակարդակի առումով և նոր մասնագետներ կրթելու համար առաջին հերթին կարևոր է քայլեր ձեռնարկել դասավանդողների որակավորումը միջազգային չափորոշիչներին հասցնելու ուղղությամբ: Միաժամանակ, հարկավոր է ամեն կերպ խթանել կրթության ոլորտի մասնագետների գիտական մակարդակի բարելավումը: Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասարապես պետք է բարելավվեն թե՛ կրթության որակը, թե՛ գիտության տվյալ ոլորտի գործունեությունը: Հետևաբար, առանձնահատուկ կարևորություն է ստանում գիտության ոլորտի զարգացումը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ