Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ՊՆԴԱՃԱԿԱՏՆԵՐԻ ՊԱՆԹԵՈՆԸ (թքում ենք քամուն հակառակ)

ՊՆԴԱՃԱԿԱՏՆԵՐԻ ՊԱՆԹԵՈՆԸ   (թքում ենք քամուն հակառակ)
21.10.2011 | 00:00

«Գայլի ծիծ կերածները Հին Հռոմը կառուցեցին, շան ծիծ կերածները` Շան խայը, Բուրգոմիստրը` տորթից մի բուրգ: Երեխաները մեծ մասամբ ինքնատիպ են լինում, այսինքն` ի բնե տաղանդավոր: Հետո են դառնում թերգիտության տրաֆարետի կապիկներ»:
Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Խոհերի արկածախնդրություն»

ԵՐԳ ՋՐՈՑ
(ազգապետափրկչական նախուտեստ. աշուն-2011)

Թերևս նաև մրոց: Գուցե թե` հրոց: Անվերապահորեն բզզո՜ց: Երգ` բզզոց: Վերջ, հայտարարվում է վերջնարդյունքը` երգ թմրամիջոց: Ինչո՞ւ: Զի պարզ է, հասկանալի և արդյունավետ: Եվ այն ո՞ր կայսրն էր զանգվածների բողոքն ու ցասումը, հոգսն ու հույսը շինիչ հունով տարել: Բողոքո՞ւմ են զանգվածները, ուրեմն, հաց: Նաև զվարճանքներ: Հացը` գինով թրջած: Զվարճանքները` արյունով համեմված: Եվ ահա ժողզանգվածները տուն էին հասնում` մոռացած Սենատի այլասերությունները, կայսեր քմահաճությունները և պատրիկների վայրագությունները:
Մի՞թե այս աստիճանի պարզամիտ էին հին հռոմեացիք: (Թեթև ալեկոծություն «Լճիցլճերում»): Ամենևին: Աշխարհի մեկ քառորդը կայսրության կալվածքների վերածած Հռոմի վերնախավը փայլուն գիտեր ժանգակեր դրամը ազնիվ ոսկու տեղ իրացնելու հնարքը:
ՈՒրեմն այսպես: Զանգվածները ներարկվում են միասնության բացիլներով: Արենայում կենաց-մահու մարտեր են: Խափշիկ գլադիատորը փորձում է թրատել վիկինգ մարտիկի գլուխը, զի պայքարը մի նշանաբան ունի` մահ կամ նոր մահացու մենամարտեր: Նույն հույսով վիկինգը ձգտում է խափշիկի ամորձիները պոկել: Եվ այսպես շարունակ սրատում են, պատառ-պատառ անում, խեղդում ու խուտուտ տալիս: (Չզարմանաք, խուտուտով երբեմն ամենաամեհի գլադիատորին է հնարավոր ծնկի բերել, եթե նա խուտուտի բարեկիրթ զգացողություն ունի և, կներեք երկուսուկես անգամ, բերանը կապած սարի անասուն չէ):
Մի խոսքով` արենայում ոռնում են, գալարվում, մռնչում, մկկում, երբեմն էլ` մղկտում: Տրիբունայում նույնպես գալարվում-ոռնում են, մռնչում-մայում: Միայն թե արենայում մնում են թուխ ականջներ, կարմիր ու ճերմակ ամորձիներ: Նաև տարաչափ գանգատուփեր, փորոտիք և այլն: Ամֆիթատրոնում խոնջանք է, ադրենալինի ամպամածություն, խոլեստերինի խռովություն: Շահե՛ց վերնախավը. տրիբունաներում հոգով-ոգով, սրտով-զարկերակով, արյամբ և, իհարկե, ձեռամբ միանում ու թալկանում են պատրիկ ու կոյուղագործ, հացթուխ և սենատոր, պանդոկապան և քրմուհի:
(«Լճիցլճերում» ալեկոծությունը նվազում է, դոդոշները ելան շրջայցի):
Եվ մի՞թե նորհայկական-ինքնիշխան մեր ընտրախավն ի զորու չէ միաբանելու հանրության վերին և ստորին խավերը: (Ինչպես ամենուր նորհայկական-ինքնիշխան մեր միջին խավը թքած ունի հանրային և հակահանրային ամեն բանի վրա, նա ապրում է իր ելումուտի տիրույթներում, բավարար չափով սնված-առողջ է, ապազգային, հակահասարակական և այլն:) Այս մասին քիչ հաջորդիվ:
Ի զորու է: Այո: Առանց այլևայլության: ՈՒ միաբանվում ենք` «Օլիգարխ-բոմժ», «Նախրապան-նախարար», «Գծատեր-վարորդ», «Ռանչպար-բանկիր», «Կարապետիչ-Ամալյան», «ՀՀ նվազագույն զամբյուղ-վարկերով ձեռք բերված ծառայողական լիմուզիններ» անվանակարգերում:
Եվ միաբանում են մեզ երգ-ջրոցները, երգ-մղկտոցները, երգ-բզզոցները։ Եվ, ի մի գալով, «Երգ-թմրամիջոց» անվանակարգում փառաբանում ենք երկիր-հայրենին, օջախն անկախական, բանակը մեր ինքնիշխան և իշխանիկներին մեր տնաբույս:
Սա է ուղին փրկության: Բզզալ, մղկտալ և ցնծալ: Լալ` լալահառաչ, ցնծալ` աշխարհացունց, թռչկոտել` թռչնաբարո և այլն (մի՞թե սա չէ գերագույն երաշխիքը մեր անկախության):
Դեռ երեկ պատմության նրբանցքներում ի հայտ եկած նորաթուխ ցեղախմբերը, երբ դանակը ոսկորներին է հասնում, անգիտակից թուլամտությամբ փողոց են ելնում, ցրիվ տալիս հայրենի իշխանության կուտակած կապիտալը և մնում ընկեցիկի կարգավիճակում: Զի անմիաբան են: Քանզի օրնիբուն աշխատում են ու տքնում: Անշուշտ, նաև տնքում: Սակայն չեն երգում օրնիբուն հանրային և հակահանրային նախագծերում: Չեն երգում ու չեն պարում: Դարդոտում են և հակահայկական նախանձից կանաչում:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵՂՈՒՄ-1: Գերմանացի գերգաղտնի վերլուծաբանների հետազոտությունների արդյունքում Ջրհոսի դարաշրջանն առավել պատրաստ է դիմավորելու երեք ազգ: Նրանց հաջողվել է եռանդուն խաղերով դիմակայել համաշխարհային ճգնաժամերին: Ամերիկացիները` դոլարաճգնաժամային մեքենայություններով, ռուսները` օրենքների հանդեպ խումհարային արհամարհանքով, հայերը` երգ-բզզոցով և տռճիկ-ծածկադմփոցով:
Ահա սրանք են առաջադեմ ազգերի ազգապետափրկչական նախուտեստները: Եվ այս ամենը պիտի ի գիտություն ընդունել:
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵՂՈՒՄ-2։ Մեր առաջարկը ՀՀ ամենավարկանիշային հեռուստաընկերություններին. եղեք ինքնատիպ, ընդառաջ ելեք մեր առաջարկին և եթեր արձակեք «Խնչի՛ր, թե կարող ես, իմ սարի ծամոն» պայմանական անունով նախագիծը։ Վարկանիշային մակընթացությունը երաշխավորում ենք։

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԽՈՒՄՀԱՐ
(ՏՄՊՀՀ-ն` շուկայի սադրի՞չ)

Բայց երկու խոսք միջին խավի մասին: Նորհայկական: Ինքնիշխան: Ազատական և արհամարհական:
Դուք կարծում եք` բանկայի՞ն ծառայողներն են մեր միջին խավը: Բնա՛վ: Այս դեպքում գուցե օլիգարխիայի թիկնազորը, ոստիկանական կայազորը, իշխանահլու մտավորական հատվա՞ծը: Ամենևին: Հայոց ինքնիշխան միջին խավը դեռ մանկուց խավիարը երազում տեսնող և հասունության շեմին այն շերեփով ներքաշող հեռուստանախագծային խանդավառ տղերքն են։ Երգ-բզզոցի ու տռճիկ-ծածկադմփոցի կատարածուները և, իհարկե, աղանդավորական պարագլուխները:
Բայց ժամն է հնչել շուկայական հակասադրանքի: Հեռուստանախագծային գերխանդավառ մադամը հավակնում է անցնելու ենթաօլիգարխիկ խավ: Զի նրա հավակնոտ մարտահրավերները հանրային բարօրությանը գերազանցում են իրենք իրենց: Վերջերս սույն տիկինը հոգի քամող -երգ ասող մանչին «բլդուղ արեց» ազատական թառանչով. «…ես քեզ էլ չեմ ասի` բալես, ես քեզ կասեմ` ապե»: (Ապեացած տղան հոգեբույժների մշտական հսկողության տակ է: Տիկին գրոհիչը հրավիրում է դոդոշաորսի: Մոխրագույն մակույկով: Որսի ընթացքում կտրականապես արգելվում է մայրենիի չափավոր բռնաբարումը, դոդոշները նման դեպքերում խուսափում են խայծից):
Սակայն մինչ ՏՄՊՀՀ սադրանքը ևս մեկ հուզիչ զեղում: Վերջերս կարմրախայտ էի որսում «ԼԼ»-ում։ Թանկագին էին հյուրերս` Լևոնը` Անանյան, Վարդանը` Մինասյան, Կարինեն` Աճեմյան: Լևոնը` ՀԳՄ տառապալից նախագահ, Վարդանը` ֆուտբոլային զարմանալի մի կոմիսար, Կարինեն` անհասկանալիորեն հմայիչ քաղ-գործիչ-ուհի:
Եվ ահա նրանց կարմրախայտի քյուֆթայով և ծիրանի մաճառով պատվելուց ետքը գլխի ընկա, որ ֆուտբոլային հայ հեռուստամեկնաբաններն անխտիր անասնաբուժական կրթություն են ստացել: Ինչո՞ւ: Քանզի միայն անասնաբույժներին է բնորոշ երկու-երեք մասնագիտական «հիշոցով» բուժզննման ենթարկվող չորքոտանի բարեկամի հետ հաղորդակցվելը: Օրինակ, ավանակի ճնշումը չափելիս անասնաբույժը բավարարվում է երկու հիմնական սիրալիրությամբ. «Չո՜շ» և «Հռի՜, քո տիրոջ»: «Չոշը» արտասանվում է թավշյա բասով, «Հռռի՜ն»` անթավիշ տենորով: ՈՒրեմն, խաղադաշտում Մեսին է, Չավին, Ռունին, թե այլ մեկը, ու բավական է քիչ թե շատ որակյալ փոխանցում կատարվի կամ գոլ խփվի, և հայ մեկնաբանն ինքնամոռաց վրա է տալիս. «Ինչպիսի՜ ֆանտաստիկ փոխանցում, ինչպիսի՜ ֆանտաստիկ հարված»: Ֆուտբոլային մրցամարտերը դեռ ոչինչ, պարզվում է, որ հայերս կռապաշտ ենք: Այո՜, այո, զի հաղորդավարները լրջորեն համոզված են, որ մենք պարտադիր պիտի երկրպագենք: Երկրպագենք ֆանտաստիկ հարվածին, հարված կատարող գերֆանտաստիկ ոտքին, վերջապես ֆանտաստիկ հարվածից հետո էյֆորիայի մեջ տապակվող հեռուստամեկնաբանի կիսաֆանտաստիկ բարբաջանքին:
Մի խոսքով, հաղորդավարները դոդոշաորսի են ելնում:
Իսկ այժմ ՏՄՊՀՀ սադրանքի շուրջ: Վերջերս կարագի փոխարեն ինչ-որ հավելում ներկրեցին մենաշնորհատերերը: Դրանից առաջ հավկիթի հանրահայտ շրջափակումներն էին, կաթնամթերքի ճգնաժամը, պտուղ-բանջարեղենի ինքնորոշումը և այլն:
Կառավարությունում խոստացան նոր լծակներ, եթե նախկին գործիքներով վերոնշյալ մարմինը հիմնավորի, որ մեր շուկայում մրցունակությունը բարելավված է:
Իսկ ի՞նչ է, բարելավված չէ՞: Մի՞թե: Մրցունակ դաշտը համաբաշխ է, հավասարակշիռ և հավակնոտ (տիար վարչապետի նախասիրած խոսքն է):
Դաշտում մրցակցում են քաղաքակիրթ պայմաններում. մի կողմից ՏՄՊՀՀ-ն է իր «մարմելադային» տուգանքներով, մյուս կողմից` ՄՕԿ-ը: Հապավումը լիցքաթափենք, ՄՕԿ, այսինքն` մենաշնորհային-օլիգոպոլիկ կլանախումբ: Մրցակցում են, միմյանց հանդեպ տածելով խորագույն պատկառանք, պատկառելի խորագիտություն և նման այլ բարեկիրթ սեթևեթանքներ: ՄՕԿ-ը կարագի փոխարեն ներկրում է մարգարին, սաղացնում կարագի գնով: Կամ ներկրում է մեքսիկական տոնավաճառներում ջրի գնով գնված դեղորայքը և շուկա խցկում որպես բելգիական դեղագործության գլուխգործոց: Գլուխկոտրուկներ չկան: ՏՄՊՀՀ-ն լայնասիրտ ընդառաջ է գնում և տուգանում գերշահույթի մեկ հազարերորդական մասով: Բայց մեր ամբարիշտ ժողովուրդը հուզվում է, հուզմունքից էլ անբնական-բոսոր եզրահանգումներ է անում: Այսինքն` պիտի ՄՕԿ-ին պատժել գերշահույթի եռապատիկի չափով: Կներեք, բայց այդպես չի լինում: Իսկ եթե լինում էլ է, ապա միայն օլիգարխի մղձավանջային երազում: Իսկ օլիգարխներն առայժմ երազներ չեն տեսնում։ Իսկ ինչու տեսնեն, երբ ՏՊՄՀՀ-ն խրոխտ շեփորելով հերթական զանգվածային զանցանքը հայոց բորբոսապատ շուկայում շփոթեցնում է անգամ զարմանալու և հուզվելու անընդունակ օլիգարխիային` խստաձայն հայտարարելով` մենք մենաշնորհներին դեմ չենք, այսինքն, ինչպես հասկանալ, դեմ չենք, որ հասարակաց տներ և աղանդավորական որջեր գործեն օրենքի սահմաններում, բայց նրանց հերը կանիծենք, եթե փորձեն մարմնավաճառության կամ հոգեորսության դրդել որևէ մեկին։ Եվ առհասարակ, ժամանակն է, որ մեկ ընդհանուր մարմնում միավորվեն ՏՊՄՀՀ-ն և օլիգարխիատը։ Այսպես ավելի ազնիվ կլինի և գլխավորը` նպատակային։ Օլիգարխիատը խաղեր կտա` նախապես համաձայնեցնելով խաղադրույքները հանձնաժողովի հետ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ