Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Քոչարյանն ասաց, որ մի խումբ պատգամավորներ ինձ Հայաստանի քաղաքական կյանք վերադարձնելու հարցն են բարձրացնում»

«Քոչարյանն ասաց, որ մի խումբ պատգամավորներ ինձ Հայաստանի քաղաքական կյանք վերադարձնելու հարցն են բարձրացնում»
07.08.2009 | 00:00

«ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ»
2009 թ. Մոսկվայում տպագրվել է հասարակական-քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Անցյալի ու ներկայի մասին» գիրքը: Տարբեր ժամանակներ Սուրեն Հարությունյանը եղել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ: Դիվանագիտական աշխատանքների բերումով Սուրեն Հարությունյանը եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Մարոկկոյում, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելառուսի Հանրապետությունում: Գրքում հեղինակի հիշողություններն ու խորհրդածություններն են այն իրադարձությունների շուրջ, որոնց մասնակիցն է եղել ինքն առավել քան 50-ամյա գործունեության ընթացքում: Գրքում տրվում են նաև այդ իրադարձությունների հեղինակային գնահատականները:
Այժմ մի հատված հիշյալ գրքից. «2002 թ. սկզբին, գտնվելով Երևանում, ես հանդիպեցի Ռոբերտ Քոչարյանի հետ: Խոսակցության ընթացքում նա ասաց, որ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ ինձ Հայաստանի քաղաքական կյանք վերադարձնելու հարցն են բարձրացնում: Ինձ համար դա անակնկալ չէր, քանի որ Քոչարյանի կողմնակից պատգամավորներից մի քանիսն այդ մասին ինձ հետ խոսել էին: Այնուհանդերձ, հարցրի. «Պատգամավորներից ո՞վ է այդ հարցը բարձրացնում»: Նա տվեց Կալինինոյի շրջանի պատգամավոր Կարեն Կարապետյանի և էլի 2-3-ի անունները, բայց ես նրանց չէի ճանաչում: Քոչարյանին պատասխանեցի, որ նրանց չգիտեմ, սակայն իրեն լավ հայտնի պատգամավորներ Վոլոդյա Բադալյանը և Հմայակ Հովհաննիսյանն այդ թեմայով ինձ հետ խոսել են: Նախագահին ասացի, որ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունեմ և ուզում եմ շարունակել իմ դիվանագիտական աշխատանքը:
Ինձ թվաց, որ այդ հարցը մենք պարզեցինք, այդ պատճառով շատ զարմացա, երբ, եթե հիշողությունս չի դավաճանում, մայիսին Վոլոդյա Բադալյանը զանգահարեց Մինսկ ու հաղորդեց, որ Հարավային Ամերիկա մեկնելուց առաջ Քոչարյանն իրեն կանչել ու երկար զրույց է ունեցել հետը: Խոսակցության ընթացքում էլ առաջարկել է մեկնել Մինսկ ու համապատասխան զրույց ունենալ ինձ հետ: Ես տարակուսած էի, ուստի ասացի, որ, իմ կարծիքով, այդ թեմայով մեր խոսակցության ժամանակ Քոչարյանն ինձ հասկացավ, և ես մնում եմ նույն կարծիքին: Այդ իսկ պատճառով էլ նրա` Մինսկ գալու իմաստը չեմ տեսնում, բայց նա պնդեց գալը, քանի որ նախագահի հանձնարարականն ուներ: Իհարկե, նրա Մինսկ գալը ոչինչ չփոխեց, որովհետև ես մնացի իմ կարծիքին: Այդ ժամանակ ես աշխատանքի բերումով պատրաստվում էի մեկնել Մոսկվա, Բադալյանը խնդրեց խոսակցությունը շարունակել Մոսկվայում:
Մոսկվայում մեր խոսակցությանը միացավ Երևանից եկած ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Հանդիպումն իմ լավ ծանոթներից մեկի տանն էր կայանում: Նրանք ինձ առաջարկում էին Հայաստանի առաջիկա նախագահական ընտրարշավի ժամանակ գլխավորել Քոչարյանի նախընտրական շտաբը, իսկ ընտրություններից հետո գլխավորել կառավարությունը կամ Ազգային ժողովը: Նրանց չհաջողվեց ինձ համոզել:
Այդ թեմայով քննարկումների երրորդ փուլն արդեն Մինսկում էր` 2002-ի հունիսի 6-7-ը Ռոբերտ Քոչարյանի` Բելառուսի Հանրապետություն պաշտոնական այցի ժամանակ: Մենք պայմանավորվեցինք հունիսի 7-ի առավոտյան առանձնազրույց ունենալ: Խոսակցությունը հայ-բելառուսական երկկողմանի հարաբերությունների մասին էր` տնտեսության, մշակույթի, պաշտպանության ու քաղաքականության ոլորտներում դրանց հետագա զարգացումների: Խոսակցության վերջում Քոչարյանն ինձ հարցրեց. «Պատգամավոր Բադալյանի այցը Մինսկ ինչո՞վ ավարտվեց»: Բադալյանը, ի դեպ, պաշտոնական պատվիրակության կազմում էր: Ես վերահաստատեցի, որ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունեմ: Բառացի հիշում եմ ասածս. «Ռոբերտ Սեդրակովիչ, ես Հայաստանի քաղաքական կյանքից ալերգիա ունեմ և խնդրում եմ ինձ իմ տեղում թողնեք»: Թեման այդքանով սպառվեց: Երևան վերադառնալուց հետո ինձ զանգահարեց Վոլոդյա Բադալյանը և հաղորդեց, որ ինքնաթիռում խոսակցություն է ունեցել Քոչարյանի հետ, որը, նրա խոսքով, անտրամադիր էր իմ մերժումից: Քոչարյանն ասել է, որ չի կարող Հարությունյանի վրա ճնշում գործադրել` այն մարդը չէ, որի վրա ճնշման մեթոդներն օգուտ տան:
Չգիտեմ` ինչ նստվածք էր մնացել Քոչարյանի մեջ այս պատմությունից, բայց նրանք, ովքեր Հայաստան իմ վերադարձն էին ուզում, այդ հարցում իմ դիրքորոշումը չխրախուսեցին»:

Սուրեն Հարությունյանի «Անցյալի ու ներկայի մասին» գրքի այս հատվածի վերաբերյալ խնդրեցինք պարզաբանումներ տալ Հմայակ Հովհաննիսյանին, ում անունը հեղինակը տալիս է 2002 թ. իր և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների ու խոսակցությունների առնչությամբ (տե՛ս` Չխաղարկված գամբիտ, կամ` ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը 2002-ից ի վեր այլընտրանք փնտրում Սերժ Սարգսյանին):

Դիտվել է՝ 2732

Մեկնաբանություններ