ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ
18.10.2011 | 00:00

Չլիներ մեծահարուստ ձեռնարկատեր Առաքել Աֆրիկյանի մերօրյա ժառանգի` Արմենի պահանջատիրական հնգամյա աղմկահարույց ընդվզումը, Երևանի Տերյան 11-13 հասցեում գտնվող շենքի բնակիչներն էլ լուռումունջ կհամակերպվեին իրենց օտարմանը հարազատ օջախից: Աղոտ լույս է տարածվում մեր իսկ ձեռքերով փորվող համահայկական պատմամշակութային օր օրի ծովացող գերեզմանոցի վրա: Ցավով պարզվում է, որ հայաստանյան մոտ երկու հազար պատմամշակութային միջավայրերում հաշվառված շուրջ 25500 անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված մայրաքաղաքային «հազարյակն» ամենաանհուսալի ձեռքերում Է:
Թվում էր, թե ՀՀ մշակույթի նախարարության երեք ենթակառույցների և մի շարք հասարակական կազմակերպությունների ջանքերի միասնությունն ի զորու է կայուն երաշխիքներ ապահովելու մեր պատմամշակութային ժառանգության պահպանության համար: Սին հույսեր: Ամեն բացվող օրվա հետ հանցավոր անտարբերության մի նոր, արտառոց իրողություն է «շողարձակում»: Ոչ միայն հեռու-հեռավոր, ամենքից մոռացված մի խուլ անկյունում, այլև Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում:
«ՕԼԻԳԱՐԽ» ՀՈՐՋՈՐՋՎՈՂ ՆՈՐԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Խորհրդայնացման առաջին տարիներին առանց փոխհատուցման ազգայնացվեց Շուստովի, Սարաջևի, Բաբաջանյանի, Մելիք-Օհանջանյանի և ժամանակի մյուս մեծահարուստների ունեցվածքը: Ավելին, նրանցից շատերը ստիպված եղան ապաստանել իրենց պատկանած մի քանի հարկանի տների մեկ-երկու սենյակներում: Աֆրիկյանները` նույնպես: Հիմա արդեն հին Երևանի արտաքին ինքնատիպության այդ քարափայտաշեն գեղեցիկ կացարանների մեծամասնությունը հողին է հավասարեցված: Մերօրյա այս կամ այն նորահարուստի «թեթև ձեռքով» աղճատվածներն ու ապամոնտաժվածներն էլ, ցավոք, փոքր թիվ չեն կազմում: Ամենաթողության օրավուր խորացող «օրինավոր» ճահճուտում անօգնական ընկղմվում է հերթական զոհ-հուշարձանը: Այս անգամ` Աֆրիկյանների 4 տներից վերջինը: Նախանցյալ դարավերջի քաղաքաշինության կոլորիտի մասին իրական պատկերացում տվող, սև տուֆից կառուցված երկու-երեք հարկանի, բակի բաց պատշգամբներով, «եկամտաբեր» բնակելի և հասարակական շենքերից ևս մեկը: Ըստ երևույթին, կառուցված 1850-ին (հեղինակ` նահանգական հողաչափ Ա. Ստացկի), կազմված և միայն վեց տարի անց հաստատված Երևանի առաջին հատակագծի համաձայն:
2004-ին Երևանի քաղաքապետարանը ճանաչել է երբևէ ակումբային կիրառություն ունեցած այս քանդակազարդ շինությունը «պետական գերակա շահ» ու տարածքը վաճառել ինչ-որ մասնավոր ընկերության: 2007-ին կառավարության որոշմամբ է այն ճանաչվել «բացառիկ գերակա հանրային շահ»` ընդգրկվելով Պուշկին-Տերյան փողոցների հատման տարածքում: Կառուցապատման իրավունքը տրամադրվել է, նախ, «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ին, ապա «Միլենիում կոնտրակշն» ՍՊԸ-ին: Վերջինս, արդեն ամենքին ծանոթ ձեռագրով, ձեռնարկել է հերթական հուշարձան-զոհի թաղում-ապամոնտաժումը: Խորհրդանշական փոխհատուցմամբ այլ կացարաններում ապաստանածներն իրենք են սկսել քանդել միջհարկային ծածկերը: Առանց հաշվի առնելու, որ երեք ընտանիք դեռ շարունակում է ապրել նույն տարածքում, «կառուցապատողն» ապամոնտաժել է շենքի տանիքի մի հատվածը:
Կատարված օրինազանցությունը կանխելու մասին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գրությունը «կրիայի քայլերով» է մոտենում քաղաքապետարանին: «Հայրենանվեր կառուցապատողները», հանուն Երևանի կենտրոնը զավթելու և իրենց «էլիտար» քմայքներին ծառայեցնելու «Մարշալ» պլանի լիակատարման, հերթով գրոհում են մայրաքաղաքի հուշարձանների պահպանության ցուցակում ներառված 97 բնակելի շենքերը (81-ը` կենտրոնում): Ի դեպ, նրանք գործունեության անկաշկանդ ասպարեզ են գտնում` իրենց մարտավարությունը զարգացնելով ըստ գոյություն ունեցող ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օտարման ոչ ենթակա պետական երկրորդ ցուցակի: Պարզագույն համեմատությամբ ընտրվում են ամենահարմար շենքերը և, առանց լուրջ դժվարությունների, ձեռք են բերվում դրանք ապամոնտաժելու «հատուկ թույլտվությունները»: Չնչին փոխհատուցմամբ իրենց իսկ` բնակիչների ներգրավմամբ էլ կազմակերպվում են տեղափոխման կամ քանդման աշխատանքները: Ե՛վ էժան է, և՛ արագ։ Դիմադրություն ցույց տվողներին դնում են անմարդկային պայմանների մեջ: Ասենք, օրինակ, կամայաբար դադարեցնում են գազի ու ջրի մատակարարումը:
Այդպես չորս տարվա ընթացքում ապամոնտաժվել են տեղափոխման ենթակա 14 հաշվառված շենքերից 9-ը: Անշուշտ, անհամեմատ դյուրին է չբնակեցվածների «թաղումը»: Մայրաքաղաքի ճարտարապետական ներդաշնակության համար պատասխանատու չինովնիկները հավատացնում են, որ դեռևս տասը տարի առաջ է սկսվել օտարման ենթակա բնակելի շենքերի ամեն մի քարի կոդավորումը ներսից ու դրսից: Վստահեցնում են, որ դրանք պահվում են «ապահով տեղում»: 2-ը «Գլենդել Հիլզ» ընկերության, 1-ը` «Խազ պրոֆիլ»-ի կողմից: Իսկ մյուսնե՞րը: Կամ արդեն «փտեցվել են», կամ էլ հարմար կիրառության իրենց հերթին են սպասում: Ասում են, շուտով, իբր, վերականգնվելու են Աբովյան, Կողբացու, Արամ, Բուզանդի, Հանրապետության փողոցների նույն տարածքում: Եվ անվստահության մոխիրներից, ըստ երևույթին, կհառնի հին Երևանի ամենադիտարժան «մինի-մոդելը»:
Ո՞վ գիտե, գուցե, ի հեճուկս չար լեզուների կամ հանրային աղմուկը սաստելու միտումով, մեկ-երկուսը «մի լուսապայծառ առավոտ», ի վերջո, արժանանան Աբովյան և Արամի փողոցների հատույթում առոք-փառոք բազմած «Սիլ Պլազա»-ի բախտին: Սոֆի Մելիք-Օհանջանյանին երբևէ (1870-1880 թթ.) պատկանած այս տուֆակերտը «ՍԻԼ» կոնցեռնը վերակառուցել է 1997-ին: Հուշատախտակ էլ է փակցվել։ Սակայն Աբովյանով մոտենում ես հաջորդ խաչմերուկին, տեսնում ես ինչ-որ սև շենքի ճակատամասը կարկատված աղյուսագույնով պատված նորակառույց մի երկնաքեր: Քաղաքաշինական այդ բացահայտ այլանդակությունը ճարտարապետական նույն խեղված երևակայության ծնունդն է, ինչ Հանրապետության փողոցում կանգնեցվածներից մի քանիսը։ Ինչ-որ կասկածելի սեյսմակայունությամբ ու գեղեցկությամբ «առինքնող» «Հյուսիսային» կոչված կանաչազերծ պողոտան, ինչ-որ օպերայի շենքը պիրկ ու անճաշակ օղակած, հնարավոր ու անհնար բոլոր ծառերն ու թփերը կլլած սրճարանների ցանցը, ինչ-որ… Բոլորը թվարկելուն թուղթը չի բավականացնի։ Իմաստ էլ չունի, քանի որ ամեն օր բոլորն ականատես են ասվածին։ Մի տարբերությամբ միայն` սրանց կարկատաններն արված են գլխամասում: Կոդավորված քարերի նոր տերերը, փաստորեն, հենց դրանց նախկին արժեքավորությունն ու տեսքը պահպանելուն կոչված պետական կառույցների աչքի առաջ և ուղղակի ու անուղղակի աջակցությամբ, առանց շիկնելու իրենց սեփականատիրական իրավունքներն են ցուցանում: Քաղաքի գլխավոր ճարտարապետն էլ, իր հերթին, չնկատելու է տալիս երփներանգ ու տձև շինությունների հախուռն բազմացումը: (Հնացած տվյալներով, փոքր կենտրոնի մեկ քառակուսի մետր հողակտորի շուկայական գինը համարժեք է հազար ԱՄՆ դոլարին:)
Քիչ վերում կրկին խարխլվում է երևանցիների հավատը երբևէ քաղաքի հնօրյա միջուկը «բաց աչքով» տեսնելու հանդեպ: Աբովյան ու Սայաթ-Նովայի փողոցների հատույթում ակամա դանդաղում են ոմանց քայլերը: Երևի կրկին մտաբերում են հողին հավասարեցված ՀՀ ԳԱ պատմության և լեզվի ինստիտուտների շենքի պատմական միջավայրում հայտնաբերված գտածոների դառը ճակատագիրը: Դրանք, առանց հետազոտվելու, մնացին Սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու շուրջբոլորը շռայլորեն լցրած ցեմենտի տակ։ Ինչպես և Կողբացու փողոցում հայտնաբերված կարասները` տնանկ բնակիչների արյուն-արցունքով շաղախված նոր շենքերի հիմքերում: Իսկ Բուզանդի փողոցում, Հայաստանի պատմության թանգարանի հետնամասում, շինարարական աշխատանքների ժամանակ երկու մետր խորքից հայտնաբերված և ՀՀ ԳԱԱ ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի հետազոտության առարկան դարձած ձիթհանի երկու աղացաքարերը ո՛չ թանգարանագետներին հետաքրքրեցին, ո՛չ էլ հուշարձանապահներին: Փոխարենը դրանք պատվավոր տեղ են զբաղեցրել նորահարուստներից մեկի ամառանոցում։ Համատարած վախի մթնոլորտի թանձրացմամբ, շատերն են խուսափում հայտնի անուններ տալուց։ Լավագույն դեպքում խնդրում են չհրապարակել` իրենց անվտանգությունից դրդված:
Ժողովրդի պատմամշակութային անցյալի վաղնջական շերտերը ցեմենտելուց հետո՞ էլ, տեսնես, «ժողովրդավար» փարիսեցիները արդիաշունչ հայրենասիրական ճառեր են շարունակելու քամուն տալ սերունդներին կտակած պարտամուրհակների հետ: Եթե ժամանակին գաղափարախոսական երկրի «աթեիստ» տերերը քանդել էին այն` ինստիտուտի շենքի բակում թողնելով միայն գավիթը, մի՞թե քրիստոնյա այրերն էլ անփութորեն հողին պիտի հավասարեցնեին գիտության կաճառը: Ով գիտե, Պողոս-Պետրոսի տեղում կառուցված «Մոսկվա» կինոթատրոնի` առայժմ միակ կինոթատրոնի, շենքի՞ն ինչպիսի փորձություններ են սպասում: Քանի-քանի քրիստոնեական տաճարներ են կանգնեցվել հեթանոսական մեհյանների փլատակների վրա: Առանց այդ էլ հնամենի հրաշակերտ եկեղեցիները նորոգելու փոխարեն «օլիգարխ» հորջորջվող ներկայիս մեծահարուստները, երևի թե իրենց հայտնի ու անհայտ մեղքերը քավելու «հոգևոր պահանջից» մղված, բազմաթիվ նորակառույցներ են շաղ տվել ափաչափ երկրով մեկ: Ապա ինչո՞ւ այդպիսով ամենևին էլ չի ամրանում կամ շոշափելի որակ կազմում ազգի միասնական քրիստոնեական հավատը: Ընդհակառակը: Համատարած հանդիսանք է տիրում շուրջբոլորը, հնարավոր տարատեսակ դրսևորումներով ու նախահիմքերով (ասենք, վերջինս պարտադիր չէ. պատրվակ, պատկերացրեք, միշտ էլ գտնվում է): Ինչպես տեսնում ենք, Հայ առաքելական եկեղեցու գառները, մեծաթիվ հոտերով, ավելի ու ավելի են գայթակղվում իրենց մոլորեցնող աղանդներով:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄԵՐՕՐՅԱ ՑՆՈՐՔԸ
Երևանի փոքր կենտրոնի խարխուլ տների քանդման գործընթացը նախաձեռնվել է տասնամյակներ առաջ, երբ իսկապես բարեկարգվում էր մայրաքաղաքը: Բագրատ Մեհրաբյանի` երբեմնի ուսուցչական սեմինարիայի շենքի (1898-1900 թթ.) հեղինակի, ճարտարապետական նախագծումների (1906-1911 թթ.) հիման վրա ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմել էր մայրաքաղաքի կառուցապատման ու զարգացման առաջին գլխավոր հատակագիծը (1924 թ.): Քսանամյա հեռանկարով հմտորեն ուրվագծված պլան-ուղեցույցով Խորհրդային Հայաստանում իրականացվում էին նախագծաշինարարական լայնամասշտաբ աշխատանքներ: Վերջին լուրջ նախագիծը, ամենայն հավանականությամբ, եղել է 1974-ին համամիութենական մրցույթում առաջին տեղը գրաված խմբակային հատակագիծը «Երևաննախագծի» վեց աշխատակիցների: Ավաղ, մինչ օրս էլ անկատար է մնացել թամանյանական հստակ կանխորոշումներին քիչ թե շատ համապատասխանող մայրաքաղաքային քաղաքաշինության կենսագործումը: Հիմա արդեն Երևանի գլխավոր հատակագիծն ու դրա իրական պատկերը բևեռայնորեն հակասում են իրար: Գերկառուցապատմամբ կտրուկ կրճատվել է կանաչ գոտին, այլևս խոսք անգամ լինել չի կարող Համազգային զբոսայգու մասին: Հիմա ծառն ու կանաչը, նույնիսկ ջրային մակերեսն անխնա ենթարկվում են «սրճարանառեստորանային համազգային նախագծի» լայնածավալ տարածմանը:
«ԿԱՎԵ ԿՃՈՒՃԻ» ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Երբ 1965 թվականի սեպտեմբերի 25-ին Արին Բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվեց Երևան քաղաքի ծննդյան վկայագիրը` Արգիշտի Ա ուրարտական թագավորի թողած սեպագիր արձանագրությունը, համազգային ցնծությունն ալիքվեց աշխարհասփյուռ հայերի հոգիներում: Պարզվեց, որ «հավերժական քաղաք Հռոմից» 29 տարի առաջ` մ.թ.ա. 782 թվականին է հիմնադրվել մեր քաղաքամայրը: 1968-ին, ի նշանավորումն Էրեբունի-Երևանի 2750-ամյակի, Խորհրդային Հայաստանում մեծ շուքով կազմակերպված համաժողովրդական տոնախմբությունը դարձավ ամենամյա ծիսակատարություն: Տարեցտարի նոր թափ ստացավ քաղաքաշինությունը: Երբեմնի «կավե կճուճը» (1837-ին Նիկոլայ I-ի առաջին տպավորությամբ), հատկապես ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական անզուգական տեսիլքով, գեղեցկանում էր ամեն նորակառույցի, դեպի Մասիսները տարածվող ինքնատիպ թաղամասերի իրարահաջորդ կոմպոզիցիաներով:
Որքան շքեղ փայլ ստացավ մայրաքաղաքի ծննդյան տոնակատարությունը, այնքան շեշտակի դիմազրկվեց Երևանը: Խաների ու շահերի, տարազգի հրոսակների անհաշիվ ասպատակություններին դիմակայած «արարատյան թագուհին» զրկվեց իր դարավոր գանձերից ու դրանց հիշատակներից` իր հող ու ջրով սերնդեսերունդ հավերժող բնիկների անկանխատեսելի վայրագություններից ինքն իրեն պաշտպանելու անզոր: Հիշո՞ւմ եք, թե Մենուայի որդին, ով կառուցել է Էրեբունի անառիկ ամրոցը ամայի հողատարածքում, ինչ էր փորագրել տվել Երևանի ծննդյան «քարե մատյանում». «Ի հզորություն Բիայնայի և ի ահաբեկում թշնամու երկրի, Խալդ աստծո մեծությամբ»: Մե՞նք ինչ ենք փորագրելու (կամ սղագրելու) ի գիտություն և ազգային հպարտություն մեզնից շատ ու շատ հետո Արարատյան աշխարհում ապրող մեր հետնորդներին որևէ կարգի հիշատակարան թողնելիս:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ