Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան

Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան
30.09.2022 | 07:30

1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։


2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի հետ հարաբերությունները սկսեն գնալ այլ հունով։ Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնողները սա շատ լավ հասկանում են և գուցե ոմանք հասկանալով էլ հենց կառուցում են իրենց քայլերը։ Հանրության նորանոր շերտեր ընկնում են նրանց ազդեցության տակ, որովհետև մարդկանց հետ հակառակ բացատրական աշխատանքը ոչ ոք չի տանում։


3. «Թույլատրված է» պետությունները փլուզել՝ մեծ ավերածություններով՝ Սիրիա, Ուկրաինա և այլն։


4. «Թույլատրված է» իրական աջակցության փոխարեն, իրական աղետը կանգնեցնելու փոխարեն՝ անել գեղեցիկ դատապարտող հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ, կոչեր և այլն՝ զրոյական կիրառական արժեքով։ Մենք կարող ենք ստանալ աշխարհի լիդերների կոչերը, աջակցության հուզախառն գրառումները, «մենք բոլորս հայ ենք» ֆլեշմոբերը, բայց հընթացս շատ հանգիստ կորցնել մեր հայրենիքը։


5. «Թույլատրված» է զորքերը հետ քաշելու՝ աշխարհի լիդերների կոչերը բանի տեղ չդնել և այդ ընթացքում ինժեներական ամրացման աշխատանքներ տանել ուրիշի հողում։ Այն, ինչ անում է Ադրբեջանը այսօր։


6. «Թույլատրված է» պետություն չունեցող և պետական մտածողություն չունեցող ժողուվուրդներին օգտագործել, կուտ տալ, հուսադրել և վերջում գցել. օրինակ` Սինջարի եզդիներին թողնել անպաշտպան թուրքական F-16-ների ռմբակոծությունների տակ, կամ` քրդերին։ Հիմա հերթի մեջ, կարծես թե, հայերս ենք։


7. «Թույլատրված է» անվերջ խոսել սեփական օրակարգից, բայց այդպես էլ չգիտակցել, թե դա ինչ է։ Փաշինյանի` ՄԱԿ-ի ելույթից և Մակրոնի հետ հանդիպումներից, ԱԽՔ-ի ամերիկյան հանդիպումներից հետո, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հանրության առաջ տագնապ հնչեցներ և բառիս բուն իմաստով շիկացներ խորհրդարանը։ Պահանջեր փակ նիստեր, տեղեկատվություն, բացատրություններ, և նաև այդպես արթնացներ հանրությանը։ Մի քանի հոգով որոշել են փոխել երկրի արտաքին կուրսը, անվտանգային համակարգը, դեմարշներ են անում դաշնակցի հանդեպ, հրապարակայնացնում են թեմաներ, որոնք բացառապես իշխանությունների փակ աշխատանքի դաշտում են։ Սա երկրի ճակատագրի վրա, պետության ապագայի վրա, այստեղ ապրող միլիոնավոր խաղաղ բնակչության վրա խաղադրույք կատարել է նշանակում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես ինստիտուտ, չի անում երկու կարևոր քայլ՝ ա) չի բացատրում լայն հանրությանը՝ թե ինչ է կատարվում և դրա վտանգները, բ) չի օգտագործում իր խորհրդարանական լծակները` գործող վարչապետին միանձնյա կառավարման կոմֆորտից հանելու համար։


8. «Թույլատրված է» քաղաքական և մարդկային անմեղսունակությունը։ Բարձր պաշտոնյաներին և այլոց կարելի է ամեն անմիտ բան ասել ու անել և երկիրը տանել արկածախնդրության, աղետի։


9.«Թույլատրված է» դժվար պահին լքել քեզ ճակատագրով վստահվածը, մտածել բացառապես սեփական անձի և ընտանիքի մասին՝ ժողովրդին թողնելով աղետի առաջ։ Օրինակ՝ ՀՀ 4-րդ նախագահը, որը, վտանգ զգալով, ծածուկ թռավ Լոնդոն և միայն այնտեղից հայտարարեց՝ ժողովո´ւրդ, էլ ձեր նախագահը չեմ, վրաս հույս չդնեք։ Ու դրանից հետո էլ շարունակում է հայ ժողովրդին հորդորներ և կոչեր անել։ Ինչո՞ւ եմ սա հիշեցնում. որովհետև, հենց իրավիճակը դառնա օրհասական, բազմաթիվ ունևորներ, պաշտոնյաներ, կոկորդ պատռող «հայրենասերներ» , կոնֆորմիստներ լքելու են Հայաստանը և հեռվից հետևելու հայրենիքի աղետին։


10. «Թույլատրված է» շատ հեշտ սկսել պատերազմ։ Օրինակները բազմաթիվ են։ Ու «թույլատրված է» չհասկանալ, որ հարցի լուծումը ոչ թե Հայաստանը Սիրիայի վերածելն է, ոչ թե նոր ցեղասպանության թատերաբեմ սարքելը, այլ՝ ռազմաքաղաքական լուծումներով պատերազմը կանխելը, նախկին պատերազմից հետո գրագետ կազմակերպմամբ վերականգնվելը։


Լավ փոփոխությունների շարքից. Հայաստանում սկսվում է յուրօրինակ մի հեղափոխություն, կարծես թե սկսում է կարևորվել խելոք խոսքը, և ֆեսյբուքյան հորդաները սկսում են նահանջել։ Թուրքի՝ Ջերմուկի մատույցներում հայտնվելն այնուհանդերձ թողել է շոկային ազդեցություն։ Թվարկածս՝ այսօրվա աշխարհի «թույլտվությունները» մտահոգության և սթափության կոնսոլիդացիայի առանցքն են, և սա մատչելի լեզվով պետք է կարողանանք արագ բացատրել հայ հասարակությանը։ Այս առանցքում կարող է շատ արագ սկսվել միջընտրազանգվածային երկխոսությունը։ Մեզ լուծումներ են պետք։ Ժամանակը քիչ է։

Դիտվել է՝ 9339

Մեկնաբանություններ