ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչպես ունենալ կոմպետենտ կառավարություն

Ինչպես ունենալ կոմպետենտ կառավարություն
18.01.2022 | 18:34

Ինչ պետք է հասկանալ կոմպետենտ կառավարություն ասելով։ Այդ հարցի պատասխանը ընդհանուր գծերով հնարավոր է ձևակերպել այսպես․ կառավարություն, որը ոչ միայն հասկանում և ճանաչում է պետության ու հասարակության առջև կանգնած խնդիրները, ոչ միայն գիտի դրանց լուծման ճանապարհները, այլև ունի և տեղին ու ժամանակին կարողանում է գործադրել անհրաժեշտ մեխանիզմները։


Ունե՞նք մենք այժմ այդպիսի կամ դրան հեռավոր կարգով հիշեցնող կառավարություն։ Չունենք։ Ներկայիս կառավարությունը նախապատերազմյան երկուսուկես տարիների ընթացքում լիովին ցույց տվեց իր անճարակությունը, ինչն ամբողջացավ պատերազմի օրերին բանակի կառավարման և ապահովման լիակատար ձախողմամբ։ Ցավով պետք է նշեմ, որ նման գործելաոճը շարունակվում է նաև հետպատերազմյան այս օրերին, երբ ականատեսն ենք մեր իշխանությունների անգործունակության, պատերազմի հետևանքով առաջացած բազմաթիվ հրատապ խնդիրների լուծման առումով՝ զինվորի, քաղաքացու, պետության շահերի, իրավունքների, արժանապատվության պաշտպանությունից սկսած մինչև անվտանգային, տնտեսական, սոցիալական սպառնալիքների դեմ ծրագրային աշխատանքը։ Այդ իրադարձությունների վերաբերյալ և դրանց ընթացքի վրա անդրադարձած ուրիշ մեկնաբանությունները, որքան էլ որ դրանք կարևոր լինեն, այս անդրադարձի նյութը չեն։
Կարո՞ղ ենք արդյոք ունենալ կոմպետենտ կառավարություն: Ե՞րբ կարող ենք ունենալ։ Ի՞նչ խանգարող հանգամանքներ կան։ ԻՆչպե՞ս է հնարավոր դրանք հաղթահարել։ Պետք է հասկանալ նաև, որ կոմպետենտ կառավարության առկայությունը մեզ համար՝ հատկապես, ոչ միայն այսօրվա խնդիրները լուծելու միակ հնարավորությունն է, այլև հետագա մեր բոլոր հավակնոտ ծրագրերի իրականացման միակ գրավականը։


Եթե մենք չենք մտածում գործող նեոլիբերալ համակարգից դուրս գալու մասին, ապա կարող ենք միանգամից խաչ քաշել կոմպետենտ կառավարություն ունենալու մեր մտադրության վրա։ Ինչու՞։ Այս քաղաքական֊տնտեսական֊ֆինանսական֊իրավական֊գաղափարախոսական համակարգը տասնամյակների ընթացքում ծրագրային աշխատանք է իրականացրել պետական կառավարման համակարգի կազմալուծման ուղղությամբ։ Շարունակական «բարեփոխումների» արդյունքում պետական կառավարման համակարգը զրկվել է իր իշխանությունն իրականացնելու լծակներից։ Դրանց էական մասն անցել է վերազգային տնտեսական֊ֆինանսական կառույցներին, մի զգալի մասն էլ հասարակական կազմակերպություններին։ Նույնպիսի և ոչ պակաս ծավալուն աշխատանք է կատարվել հասարակությունների տրոհման, պառակտման ուղղությամբ։ Տևական աշխատանքի արդյունքում հնարավորինս արժեզրկվել են ազգային նկարագիրը, հասարակական բարոյականությունը, ընտանեկան դրվածքը, կրոնը, հոգևոր արժեքները: Ձևավորվել է սպառողական հասարակություն և սպառող անհատ, անձնական շահերի ծիրից դուրս, օրվա պահանջներից վեր մտածելու անկարող քաղաքացի։


Վերջնանպատակը պետությունների վերացումն է, դրանց լիակատար ենթարկումը վերազգային տնտեսական, ֆինանսական, առողջապահական, բնապահպանական․․․ կառույցներին, հասարակությունների, քաղաքացու ազգային դիմագծի ոչնչացումը, բարոյազրկումը, ունեզրկումը։ Արդյունքում՝ լիովին կառավարելի մարդկային մասսա, «քաղաքացի» ճորտի կարգավիճակով և համաշխարհային կառավարություն։ Սա կապիտալի նպատակն է և գործող համակարգը լծված է այդ նպատակի իրականացմանը։ Համակարգը գործադրում է անխտիր բոլոր միջոցները, որպեսզի իր ճանապարհին խոչընդոտներ չլինեն։
Այդ խոչընդոտներից գլխավորը ազգային, պետական շահը հետապնդող կոմպետենտ կառավարությունն է։ Համոզված կարող ենք պնդել, որ կոմպետենտ կառավարություն ունենալու համար մենք պետք է դուրս գանք այս համակարգից։


Եթե դուրս ենք գալիս այս համակարգից, ապա ու՞ր ենք գնում։ Ի՞նչ բնութագրեր պետք է ունենա այն պետությունը, որը կարող է դառնալ այլընտրանք այս համակարգին։ Միայն համակարգից դուրս գալու փաստը բավարար չի կարող լինել համակարգային փորձանքներից պրծնելու համար։ Ավելին, եթե մենք չգիտենք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ և ինչպիսի մեխանիզմներով ենք կարողանալու ապահովել այդ պետության, հասարակության անվտանգությունն ու զարգացման կարողությունը, ապա դա կարող է դառնալ ավելի մեծ փորձանք։
Այս համակարգի մեծագույն խնդիրը, որը նրա ներսում լուծում գտնել չի կարող, դա հասարակության բևեռացումն է, որը ծայրահեղ ձևեր է ընդունել։ Կապիտալի կուտակում և հասարակության շարունակական ունեզրկում։ Մնացած բոլոր խնդիրները ծառայում են սրան և հարուցված են սրանով։ Այսպիսի հասարակության այլընտրանքը, այսպես կոչված, համերաշխ հասարակությունն է, որտեղ հնարավոր է զսպել մասնավոր խոշոր կապիտալի գերշահույթ ստանալու մղումը, հնարավոր է չեզոքացնել կապիտալիստական տնտեսավարման բացասական առանձնահատկությունները (գիշատիչ մրցակցություն, դեմպինգ, պրոտեկցիոնիզմ, սոցիալական բաղադրիչի անտեսում...), վայրենի մրցակցային միջավայրը դարձնել համագործակցային, չափավորել մասնավոր բիզնեսի հավակնությունները, դրանք դարձնել իր իրական հնարավորություններին ու դերին համապատասխան։ Մյուս կողմից՝ համերաշխ հասարակության ձևավորման հնարավորությունը ոչ միայն և ոչ այնքան ստեղծված արդյունքի նկատմամբ իրավունքի վերաբաշխման մեջ է, որքան այդ արդյունքի ստեղծման գործընթացներում հասարակության տարբեր խմբերի մասնակցության աստիճանի, հետևաբար նաև դրանց նկատմամբ իրավունքի ձևավորման մեջ։


Այսպիսի խնդիրներ լուծել հնարավոր է միայն, եթե մենք ստեղծում ենք ստվար պետական տնտեսություն պետության ու հասարակության համար կարևորագուն նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում։ Սա նշանակում է` կառավարման նոր քաղաքական֊տնտեսական֊ֆինանսական֊իրավական֊գաղափարախոսական համակարգ, որտեղ հնարավոր է ազգային, պետական նպատակները ներդաշնակեցնել քաղաքացու նպատակներին։ Այդ համակարգը թույլ կտա ամենայն մանրամասնությամբ պլանավորել ազգային հեռահար նպատակներ, լիովին ապահովել դրանց նյութատեխնիկական, գիտական, ֆինանսական, մարդկային պահանջները, ճշգրիտ և բծախնդրորեն, այսօրվա համար աներևակայելի սեղմ ժամկետներում իրականացնել դրանք, որքան էլ բարդ և դժվար իրականանալի թվան։


Եթե հասկանալի ձևակերպենք մեր ասելիքը, խոսքը պետական, պետական֊մասնավոր, մասնավոր տնտեսավարմամբ համակարգի մասին է, որտեղ պետության դերը բացառիկ է որպես այդ տնտեսության պլանավորման և ճշգրիտ կառավարման լիազոր մարմնի։
Պետությունը կարող է վարել այնպիսի տնտեսություն, որը կապահովի առավելագույն շահույթ, բայց գերնպատակը կլինի ոչ թե գերշահույթը, այլ այն պետական կարևորության խնդիրների լուծումը, որոնք կանգնած են պետության ու հասարակության առջև։ Այսպիսի համակարգում կոմպետենտ կառավարությունը ոչ միայն հնարավոր է, այլև պահանջված։ Այդ համակարգին պետք է բնորոշ լինի ինչ-որ չափով կոշտ, որոշակիորեն միանշանակ գործիքակազմ։ Խնդիրը ոչ թե կառավարման այդ եղանակով մարդու իրավունքների ու ազատությունների կաշկանդումն է, այլ պետական, ազգային կարևորության հիմնախնդիրների վերադարձը օրակարգ և դրանց լուծում տալը։


Ինչ վերաբերում է կառավարության հեղինակավոր լինելուն, այդպիսի կառավարություն ստանալ որևէ ընտրությամբ հնարավոր չէ։ Եթե անգամ այնտեղ ընդգրկվեն միայն հեղինակավոր մարդիկ, ապա դա չի բացառում այդ կառավարության ձախողումը։ Հեղինակությունը ձեռք է բերվում, վաստակվում է հետագա աշխատանքի արդյունքում։


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 40886

Մեկնաբանություններ