Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում 34 կապալառու կազմակերպություններ կատարում են շուրջօրյա հերթապահություն

Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում 34 կապալառու կազմակերպություններ կատարում են շուրջօրյա հերթապահություն
09.12.2020 | 17:02

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին 34 կապալառու կազմակերպությունների կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ Վերջիններս մինչ ձմեռային սեզոնի մեկնարկն իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով և ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։ -7С°-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը‚ և աղ-ավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ Այս պարագայում օգտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկին։

Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն անհնար է որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։

Բքի պայմաններում ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրումն ու աղով-ավազով մշակումը։

Նշենք‚ որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 շուրջօրյա գործող հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքին (https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին (https://www.facebook.com/armroad.am

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ