Սույն տարվա օգոստոսի 14-ին, ժ. 16.21 րոպեին Մամուլի շենքի առջևի կանաչ սիզամարգը ջրում էր «Զիլ» մակնիշի ջրատար մեքենան, կանաչ համազգեստ հագած երկու այգեպանների մասնակցությամբ։ Այդ ամառային օրը կիզիչ շոգ էր, բայց ես անսպասելի քարացա, կարծես ենթարկվեցի ցնցակաթվածի։ Դուք պատճա՞ռն եք փնտրում։ Սիրով ներկայացնում եմ։ Նախ, օրը ցերեկով, արևի շիկացնող շողերի տակ ծառ ու թուփ ջրելը ինքնին տհասություն է, և երկրորդ` կանաչապատման գրասենյակի աշխատակից այգեպանների կանաչ համազգեստների թիկունքին գրված էր`«Կենտրոն կանաչապատում», ինչը հուշում էր, որ ջրման գործին տքնաջան լծվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանը։ Սակայն ջրատար մեքենայի կլորավուն մետաղյա կողին խոշոր տառերով աչք էր շոյում «Աջափնյակ կանաչապատում» մակագրությունը, ինչն իր հերթին նշանակում էր, որ «Զիլ» մակնիշի ջրատար մեքենան դասալիք է, լքել է Աջափնյակ վարչական շրջանը և օգնության ձեռք է մեկնել Կենտրոն վարչական շրջանին։ Նման բանը Երևանում սովորական է, քանզի մայրաքաղաքը կառավարում է հանրահայտ հեռուստասերիալներում օրնիբուն ծամածռվող Հայկ Մարությանի կերտած հերոս Ծամածռուկը։
Սակայն եթե մայրաքաղաքը ղեկավարում է ոչ թե արգո Հայկ Մարությանը, այլ նրա կերտած Ծամածռուկը, բնականաբար, միանգամայն տրամաբանական է Ծամածռուկ քաղաքապետի կողմից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված, և հանրային կյանքում միանգամայն անհայտ, սակայն 2018-ի ապրիլ ամսին անվեհեր քայլարշավորդ Թելման Թադևոսյանի ահա այս պաշտոնական իրազեկումը. «Ոռոգման ջրի հետ կապված հայտնում ենք, որ 2019 թ. ոռոգման ջրի անբավարարության պատճառով վարչական շրջանի որոշ կանաչ տարածքներ, այդ թվում և Ձեր կողմից նշված զբոսայգին, անբավարար ոռոգվեց։ Այս տարի նախատեսում ենք բավարար քանակի ոռոգման ջուր, որը կլուծի բարձրացված խնդիրը։
Հարգանքով`
Թ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ»
Այս տարի, այն է` 2020-ին ևս իմ նշած զբոսայգին անբավարար է ոռոգվել և, ըստ էության, կորցնում է իր բուն նշանակությունը։ Բայց գուցե վերոնշյալ «Զիլ» մակնիշի ջրատարը շաբաթը մեկ անգամ մոտենա զբոսայգուն և հագեցնի թփերի և մատղաշ ծառերի ծարավը։ Չնայած ուշ է, նշյալ զոսայգու խոտը վաղուց դեղնել է, թփերն ու տնկիները չորացել են։ Այսպիսով Ձեր «Հարգանքով» դիմումաձևը ավելի լավ է փոխեք և քանի որ հետևողականորեն թոզ եք փչում Աջափնյակի բնակիչների աչքերի մեջ, Ձեր մակագրած հետագա պաշտոնական նամակների վերջում ուղղակի ստորագրեք. «Անարգանքով` Թ. Թադևոսյան»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ