ՈՒ՞ր է, մա՛հ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզմա՛ն, քո խայթոցը
19.06.2020 | 00:02
Ի՞նչ է Մահը: Որտեղի՞ց այն ի հայտ եկավ: Որո՞նք են նրա դրսևորման կերպերը և սահմանները:
Աստված ստեղծեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում: Մարդը ողջ արարչության իշխանն էր, միայն մեկ բան էր արգելված նրան. ճաշակել «Բարու և չարի գիտության ծառից»: Աստված ինքը մարդուն զգուշացրել էր, որ արգելված ծառից կերած օրը մահկանացու կդառնա: Սակայն մարդը համարձակություն ունեցավ կասկածի տակ առնելու Աստծո խոսքը. օձի` Սատանայի դրդմամբ կերավ այդ պտղից, Աստված փակեց նրա առջև Կենաց ծառի ճանապարհը, և մարդը դարձավ մահկանացու, որովհետև Աստծո դրած իրավունքը խախտեց: Նա անիրավություն գործեց, և դա իրեն համարվեց մեղք: Մեղքը մտավ աշխարհ և այդ մեղքով էլ՝ մահը, և մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա:
Տարբերակում ենք ֆիզիկական, հոգևոր, ժամանակավոր և հավիտենական մահ:
Մարդը միայն մարմին չէ, այլ միաժամանակ հոգի է և շունչ: Ֆիզիկական մահը այն է, երբ մարմինը զրկվում է հոգուց, շնչից և դադարում է գործելուց: Մարդու ֆիզիկական մարմնի մեջ, մեղանչելու պահից սկսեց ներգործել մահվան օրենքը, որի ազդեցությունը մարդուն հասցնում է վերջնական մահվան:
Մահը ֆիզիկապես և հոգեպես ոչնչացում չէ. մահը կյանքի մերժումն է, սակայն կյանքի վախճանը չէ. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6;64): Ֆիզիկական մահը հոգու բաժանումն է մարմնից, իսկ հոգևոր մահը` հոգու բաժանումն է Աստծուց՝ կյանքի աղբյուրից, Նրա սրբությունից: Այսինքն մահը անցում չէ գոյության վիճակից չգոյության վիճակի, այլ ժամանակավոր կամ հավիտենական բաժանում է Աստծուց կամ մեր սեփական մարմնից, այնպես, ինչպես կյանքը միացում է ու միություն Աստծո հետ: Աստված ասել էր Ադամին, որ ծառի պտղից ուտելուն պես կմահանա: Խոսքը վերաբերում էր ոչ միայն ֆիզիկական մահին, որը վրա հասավ աստիճանաբար, այլև հոգևոր մահին, որը անմիջապես հաջորդեց նրանց գործած մեղքին, քանի որ Ադամն ու Եվան հոգևորապես կտրվեցին Աստծուց և զրկվեցին իրենց սեփական աստվածակերպ բնությունից:
Ադամի անհնազանդությամբ նաև նրա սերնդի՝ ողջ մարդկության վրա տարածվեց մահը: Այսպիսով, Ադամի սերունդը հոգևորապես մեռած է` զրկված աստվածային կյանքից, սակայն Աստված դեռ մարդու հետ է` նրան վերադարձի հնարավորություն տալով: «Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մեջ, որոնցում մի ժամանակ ընթանում էիք՝ ըստ այս աշխարհի սովորության՝ հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփես. 2; 1-2): «Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, Իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով» (Եփես. 2;4-5): Ամենասարսափելին հավիտենական մահն է, որը Սուրբ Գրքում կոչվում է հոգևոր երկրորդ մահ` հավիտենական բաժանում Աստծուց հավիտենական տանջանքի վայրում. «Նրանց պատիժը պիտի լինի հավիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից» Բ Թեսաղ. 1; 9)։ «Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին և պոռնիկներին, կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտ. 21): Սակայն Աստված երկրի վրա ֆիզիկապես ապրող հոգևորապես մեռածներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու կյանքը` Աստծո հետ հաշտվելու և Նրա ներկայության մեջ մնալու համար: Այդ հնարավորությունը կոչվում է հարություն:
Հարություն նշանակում է վերակենդանացում մեղքի մահից: Ինչպես մահը, հարությունը ևս լինում է ֆիզիկական կամ հոգևոր, հարություն ժամանակավոր կամ հավիտենական կյանքի համար: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս շատ մարդկանց հոգևոր և ֆիզիկական հարություն տվեց, քանի դեռ այս աշխարհում էր. այրի կնոջ որդուն, Հայրոսի աղջկան, Իր բարեկամ Ղազարոսին, իսկ օրենսգետ Նիկոդեմոսը, մաքսապետ Զակքեոսը հոգևոր հարություն ստացան: Սակայն նրանք նորից մահացան: Մեռելների հավիտենական հարության մասին գաղափարը դեռևս հիշատակվում է Հին Կտակարանում: Աստված իր մարգարեներին և ծառաներին տեղեկացրել էր, որ իր ծրագրի մեջ որոշված ժամանակ կա մեռելների հարության համար: «Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»: Եվ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են: ՈՒստի մարգարեացի՛ր ու ասա՛ դրանց. - Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը: Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը: Ասացի ու կատարելու եմ»,- ասում է Տեր Աստված» (Եզեկ. 37;1-3,11-14): «Իսկ դու արի հանգստացի՛ր, որովհետև տակավին օրեր ու ժամեր կան մինչև վախճանի կատարումը. դու կհանգչես և վեր կկենաս քո ժամանակին, օրերի վերջում» (Դան. 12; 13): Եվ այս ծրագիրը ավելի բացահայտ հիշեցվում է Նոր Կտակարանում: Պողոս առաքյալը այսպես է մեկնում Աբրահամ Նահապետի հավատը Աստծո ամենազորության նկատմամբ. «Աբրահամը իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին: ՈՒստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա հետ ստացավ իր որդուն» (Եբր. 11; 13,19): Հին ՈՒխտի բոլոր սրբերը մեռան նույն հավատի մեջ «դեռևս խոստումները չստացած. բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, թե իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա»: Նրանց անմահ հոգիները հարուցյալ գալիքի տենչանքով են հանգրվանել երկնային լուսե խորաններում: Եվ սրբերի մահը՝ որպես այդպիսին մահ չէ, քանզի նրանք կենդանի են Կյանքի Արարչի համար: Սրբերի համբերությունն ու հավատը վկայում են, որ մեռելների հարություն գոյություն ունի, որովհետև եթե մեռելների հարություն չլիներ, բնականաբար Աստված չէր կարող իր խոստումը կատարել, ուստի և սուտ խոսած կլիներ: Սակայն Աստված երբեք սուտ չի խոսում, թեև Բանսարկուն կարողացավ հակառակը համոզել առաջին մարդուն և շարունակ փորձում է համոզել նաև նրա սերունդներին: Հարության գաղափարն ինքնին մխիթարում է կյանքը սիրող մարդուն, սակայն հարությունն իր էությամբ տարբեր է արդարների և մեղավորների համար. արդարների համար այն հավիտենական կյանք և երանություն է, այնինչ մեղավորների համար՝ հավիտենական մահ ու տառապանք. «որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. 5: 28; 29)։
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ