Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թող ընթերցողն ասի` ինչի՞ հոտ է փչում այս մերժված նյութերից, նաև թող ասի, թե մեզնից ով «տասը օչխարի խելք ունի»

Թող ընթերցողն ասի` ինչի՞ հոտ է փչում այս մերժված նյութերից, նաև թող ասի, թե մեզնից ով «տասը օչխարի խելք ունի»
28.07.2017 | 09:21

Որդիները կարող են մոռանալ նրան,
ով սպանել է իրենց հորը,
սակայն չեն կարող մոռանալ նրան,
ով տիրացել է իրենց հայրական կալվածքին:
Նիկոլո ՄԱՔԻԱՎԵԼԻ

Բենիկ Բաբայանը ազգությամբ եզդի է, անասնապահ, մեծ ընտանիքի հայր, անշուշտ չգիտի, թե ով է Մաքիավելին, բայց չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ տարիներ առաջ իր հարազատ եղբայր Թոռնիկ Բաբայանը հողերի սեփականաշնորհման ժամանակ հրաժարվել է իր ընտանիքին հասանելիք հողաբաժնից, սակայն որոշ ժամանակ անց փոշմանել է և արդյունքում տիրացել է իր 0,4 հա գյուղնշանակության հողին: Բենիկը թեև անասնապահ է, չունի բարձրագույն կրթություն, բայց ինչպես ինքն է ասում, հաստատ գիտե, որ մածունը սպիտակ է, զուրկ չէ նաև հումորից: Մի առիթով ասաց, թե տարիներ առաջ մի լավ հայ ընկեր ուներ, իր պես անասնապահ էր:


-Սարերում, երբ փուչ առիթով վիճում էինք, մի քանի օրով չէինք խոսում, և մեզնից ով զգում էր իր սխալը, հարթում էր հարցը: Երբ ես պետք է առաջին քայլն անեի, առանց անունը տալու ասում էի, էլի սարի գեչու (այծի) նման կոտոշներդ տնկել ես, էս անգամ երկար խռով չմնացի՞նք, և ձեռքս գցելով նրա վզին, գրկում էի, իսկ նա ծիծաղելով ավելացնում էր` չէ, միշտ ասել եմ, էլի կասեմ` ով ասաց, թե եզդին խելք չունի: Եզդին տասը օչխարի խելք ունի: Ոչ ես էի նեղանում նրա հիմար կատակներից, և ոչ էլ նա իմ ոչ պակաս կոպիտ համեմատություններից: Սարերն ու ձորերը, ցուրտն ու անձրևը, ծանր աշխատանքը մեզ հոգեհարազատ եղբայրներ էին դարձրել: Ինչո՞ւ հիշեցի հանգուցյալ գործընկերոջս:
Վերջերս դիմում-բողոք էի գրել Արարատի մարզի դատախազին և հանգամանալից շարադրել բոլոր հիմնավոր փաստերը և խնդրել էի վերացնել իմ դիմումի հիման վրա ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը, բայց երբ կարդացի մարզի դատախազի պաշտոնակատարից ստացված պատասխանը, ակամայից ապշեցի և հիշեցի նախրապան հայ ընկերոջս, և քանի որ նա չկա, հիմա ես եմ կրկնում նրա անունից, բայց այս անգամ ոչ թե կատակով, այլ ամենայն լրջությամբ` թող ընթերցողը որոշի, թե մեզնից ով «տասը օչխարի խելք ունի»:


Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, վերադառնանք ոչ հեռավոր 1991 թվական: Ընդամենը մի քանի ամիս առաջ իշխանության եկած ՀՀՇ-ն սկսեց արագ ոչնչացնել կոլտնտեսությունները` այն սկսելով հանրային հողերի սեփականաշնորհումից: Թե ինչպիսի սխալներ թույլ տվեցին այդ գործընթացի ժամանակ, պարզ է այսօր, և չենք փորձի անդրադառնալ դրանց, քանզի սխալներով գնացքը վաղուց է հեռացել կայարանից, բայց այն գիտակցական սխալը, կասեի հանցագործությունը, որ թույլ է տրվել Բենիկ Բաբայանի նկատմամբ, հնարավոր չէ մատնել անուշադրության, որովհետև այսօր այդ մարդուն որոշ անձինք շարունակում են զրկած պահել իր 0,4 հեկտար հողից:
Ժամանակին թույլ տված սխալներն այսօր էլ լայն կոռուպցիոն դաշտ են ապահովում շատերի համար: Բենիկի 0,8 հա հողակտորի կողքին 0,2 հա գյուղնշանակության հող, դրան ավելացրած 0,1 հա տնամերձ ստացել է Բենիկ Բաբայանը, հայր Ռուստամ Բաբայանը կնոջ և Ջամալ որդու հետ, իսկ մյուս որդին՝ Թոռնիկ Բաբայանն իր չորս շնչից բաղկացած ընտանիքի համար ստացել է 0,48 հա գյուղնշանակության և 0,12 հա տնամերձ: Փաստորեն հարազատները ստացել են 0,8 + 0,2 + 0,48 հա = 1,48 հա գյուղնշանակության հողամասեր: Տեղին է նշել, որ ընդհանուր 1,48 հա հողամասից 0,38 հա-ն նշված հողակտորներից առանձնացված է մի փոքր առվով: Եթե 1,48 հա-ից հանենք 0,38 հա, ապա կստացվի, որ 1,1 հա-ն իրար կողքի կազմել է մի ամբողջական կտոր, որտեղ յուրաքանչյուրն ունի իր սեփական բաժինը: Ինչո՞ւ եմ մանրամասնում այդքան մանրակրկիտ, որովհետև գրելիքս իսկական մեղադրանք է լինելու բոլոր նրանց (անցյալի և ներկայի) հասցեին, ովքեր նախկինում (իհարկե նախկինները Թոռնիկի սիրուն աչքերի համար չեն կատարել այդ արարքը) և ներկայիս (իսկապես նողկալի է, երբ մեր օրերում ոչ ոք չի փորձում ուղղել նախկինում թույլ տված հակաօրինական արարքները, այլև բացահայտ բթությամբ շարունակում են պնդել, թե ամեն ինչ օրինական է) իրավասու անձինք շարունակում են ապացուցել, ինչպես Բենիկն է ասում, որ մածունը սև է, և մարզային դատախազություն կոչված մարմինն էլ, որը կոչված է հսկողություն իրականացնելու Բենիկ Բաբայանի դիմումի հիման վրա ստեղծված նյութերի օրինականության նկատմամբ, ասում է, թե հա էլի, մածունը սև է: Իսկ այժմ փորձենք ապացուցել, թե որը որն է:
Ի՞նչն է բանը, հավանաբար կհարցնի ընթերցողը: Գուցե ոմանք էլ եզրակացնեն` դե երկու եղբայր են...


Բենիկ Բաբայանն ասում է, որ ոստիկանության հետաքննիչն իրեն ասել է, թե հարազատ եղբայրներ եք, ինչ եղել, եղել է, պետք չէ, որ դու հիմա լսես ուրիշներին և թշնամանաս եղբորդ հետ։ Բենիկը հակադարձել է, իսկ դու քո եղբորը կզիջե՞ս 0,4 հա հողակտորը, թե՞ ոչ, և շարունակել է` շնորհակալ եմ, որ եղբորս սիրուն աչքերի և մեր չթշնամանալու համար այդպես մտահոգվում ես, իսկ նույն հարցը ինչո՞ւ չես ուղղել նրան, որ էն գլխից տիրացել է իմ ունեցվածքին, և նման քայլով արդեն թշնամիներ ենք դարձել:
Բենիկի անկեղծ պատասխանը Մաքիավելու մտքի պես հստակ է ասված: Այսօր գուցե ոմանք մեղադրեն Բենիկ Բաբայանին, ասելով, թե պետք չէ բարձրացնել տարիներ առաջ թույլ տված սխալները և հաշտվել առկա իրողության հետ: Բայց հանճարի խոսքերն ասում են` ո՛չ, հազար անգամ ոչ: Դա նույնն է, որ համոզենք ցանկացած զոհի հրաժարվել պապենական հողից, ունեցվածքից: Եվ մի՞թե այսօր մեզ՝ հայերիս, նույնանման դաս չեն տալիս մեր «բարեկամները»:
Ի՞նչ է պարզվել Բենիկ Բաբայանի դիմումի հիման վրա Արտաշատի ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով:


«Այսպիսով,- գրում է հետաքննիչն իր մերժման որոշման մեջ,- նախապատրաստված նյութերով չի հիմնավորվել Բենիկ Բաբայանի կողմից երեք չափաբաժնով 0,9 հա հող ստանալը, որից 0,8 հա-ն գյուղնշանակության (ասենք, որ Բենիկ Բաբայանն ունի իր ընտանիքի յոթ շնչի համար հող ստանալու տված դիմում և երբեք և ոչ մեկի անունով չի գրել իրեն հասանելիք որևէ չափաբաժնից հրաժարվելու դիմում- Ս. Հ.): Այն մինչև 2004 թվականը մշակել և տնօրինել է, ինչպես նաև վերջինիցս` Թոռնիկ Բաբայանի կողմից 0,4 հա հողատարածքը խաբեությամբ վերցնելու հանգամանքները, այդ թվում նաև նախկին գյուղապետ, հանգուցյալ Սերյոժա Գեղամյանի (Ս. Գեղամյանը ղեկավարել է 1998-2008 թթ. - Ս. Հ.) և նրա տեղակալ Մարտին Հովհաննիսյանի միջոցով, հետևաբար նյութերով քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ինչ վերաբերում է Բենիկ Բաբայանի կողմից դիմումով նշված իր սեփականության խախտված իրավունքը վերականգնելու հարցին, ապա այն ենթակա է լուծման քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով»: Մի փոքր առաջ անցնենք և փաստենք, ինչ հիմքով Բենիկը գնա դատարան, երբ նյութերով ոչինչ չի ապացուցվել, որևէ հիմք չի ստեղծվել դատարան դիմելու համար, ուրիշ ինչ վկաներ պիտի դատարան բերի Բենիկ Բաբայանը, երբ նյութերով էն գլխից նրա աղյուսը ջուրն են դրել, թե պարզապես դիմումատուին ֆուտբոլի գնդակի պես պետք է տշել, գնդակը տեղափոխելով մեկ այլ, էլ ավելի հոգնեցուցիչ և տանջալից դաշտ:


Իսկ հիմա փորձենք հիմնավորել, որ նյութերով, այսինքն` հարցը ոչ թե օրինականության դաշտում, այլ բութ ձևով, ոնց ուզում, այնպես էլ որոշում ենք գրում, անիրավական դաշտում է լուծվել: Բենիկ Բաբայանն իր բացատրությունում նշել է, որ իր ընտանիքի յոթ անդամի համար ստացել է 0,9 հա հող: Երբեք դիմում չի գրել որևէ չափաբաժնից հրաժարվելու մասին: Թոռնիկ Բաբայանը նույնպես չունի իր անունով գրված դիմում իր չափաբաժնից հրաժարվելու մասին: Իր չափաբաժնից հրաժարվելու դիմում ունի գրած Բենիկ Բաբայանի հայրը՝ Ռուստամ Բաբայանը: Տեղին է նշել, որ Ռուստամ Բաբայանը, ինչպես ասացինք վերևում, ուներ ընդամենը մեկ բաժին հող՝ 0,2 հա-ն` գյուղնշանակության, և 0,1 հա տնամերձ, որի վրա մինչև սեփականաշնորհման գործընթացն արդեն տուն էր կառուցել: ՈՒրեմն Ռուստամ Բաբայանին մնում էր ընդամենը 0,2 հա, մինչդեռ դիմումը գրված է 0,3 հա-ի համար, որն աբսուրդ է:
Տեղին է հիշել հին լատինական ասացվածքը՝ ոչ-ոք չի կարող հրաժարվել նրանից, ինչն իրեն չի պատկանում: Ճիշտ է, այդ երեք ընտանիքներն ապրել են միասին, մի հարկի տակ, բայց դրանք իրավաբանորեն ունեցել են յուրովի կարգավիճակ: 1991 թվականին դեռ գործում էր ծուխ հասկացությունը: Հետևաբար, կարելի է ասել, որ թերևս փաստացի մի հարկի տակ ապրող երեք ընտանիքներն ունեցել են առանձին ծխերի կարգավիճակ: Այստեղից եզրակացությունը մեկն է՝ Ռուստամ Բաբայանը կարող էր դիմում գրել միայն իր ընտանիքի (ծխի) անունից և այն էլ 0,2 հա չափաբաժնով: Ինչպես ասել էինք վերևում, առվից այն կողմ գտնվող հողակտորի չափը եղել է 0,38 հա, մինչդեռ Ռուստամ Բաբայանը հրաժարվել է 0,3 հա-ից: Ինչ եղավ, ում փայ հասավ Բաբայանների (իրականում Ռուստամ Բաբայանի) չհրաժարված 0,08 հա գյուղնշանակության հողը: Համաձայն Բենիկ Բաբայանի բացատրության, հոր անունով գրված դիմումի տակ ստորագրել է Թոռնիկ Բաբայանը: Թոռնիկ Բաբայանը ստացել է 0,48 հա գյուղնշանակության հող, որից 0,38 հա-ն առվից այն կողմ փաստացի 0,8 (Բենիկ Բաբայան) + 0,2 (Ռուստամ Բաբայան) + 0,1 (Թոռնիկ Բաբայան) հա հողակտորների ընդհանուր մակերեսը Ռուստամ Բաբայանի հրաժարվելուց հետո կկազմի 1,1 հա հող: Եվ Բենիկ Բաբայանի բացատրությունն այստեղ իրոք հավատ է ներշնչում, որ հողից հրաժարվելու դիմումը գրել է իր եղբայրը, որի արդյունքում իրենք փաստացի կորցրել են 0,38 հա հող: Եվ այսօր ինչ կա վերջնական արդյունքում: Ռուստամ Բաբայանի հողը՝ 0,2 հա-ն պատկանում է իրեն, Թոոռնիկ Բաբայանն ունի 0,51 հա հող, իսկ Բենիկ Բաբայանը միայն 0,4 հա: Թե ինչ եղավ, ինչպես կորավ Բենիկ Բաբայանի 0,4 հա հողը, փորձենք մեկնաբանել տարբեր հարցադրումներով: Եթե մեկ ընտանիք էին կազմում այդ երեք ծխերը, և տան հայրը հրաժարվում է 0,3 հա-ից, ապա այդ 0,3 հա-ն պետք է համամասնական բաժանվեր երեք ծխերի վրա: Այսինքն, այդ դեպքում Ռուստամին կմնար 0,1 հա, Թոռնիկին՝ 0,38 հա, իսկ Բենիկ Բաբայանին 0,7 հա: Ավելին, եթե հրաժարվել է Ռուստամ Բաբայանը 0,3 հա-ից և այն ամբողջովին դնում են Բենիկ Բաբայանի ուսերին, 0,8-0,3=0,5 հա, իսկ ուր կորավ այդ 0,1 հա-ն: Տեսնում ես, հարգելի ընթերցող, ոչ մի շրջանակի մեջ չեն տեղավորվում ոստիկանության Արտաշատի բաժնում մերժված նյութերը, առավել ևս այդ մերժման որոշումը հաստատած դատախազի տրամաբանությունը: Փաստորեն ո՞րն է ելքը: Պետք է հարուցվի քրեական գործ, առերեսումներ կատարվեն այդ գործի հետ առնչված գյուղապետերի, գյուղատնտեսի, եղբայրների և հոր հետ: Պետք է նշանակվի դատաձեռագրաբանական փորձաքննություն, պարզելու, թե ով է ստորագրել 0,3 հա-ից հրաժարվելու դիմումը, թե չէ... Չէ՛, հարգելի ընթերցող, առայժմ կախման կետերը թողնենք բաց և ասեք` ինչի՞ հոտ է փչում մերժված նյութերից:


Միայն քրեական գործի հարուցման և օբյեկտիվ քննության արդյունքում կարելի է խորհուրդ տալ Բենիկ Բաբայանին` գնա՞լ դատարան, թե՞ ոչ: Իսկ այժմ տեսնենք մերժված նյութերով որոշումը վերանայելու դատախազին բերված բողոքին մարզի դատախազի պաշտոնակատարի պատասխանը: Ասենք, որ դատախազին բերված բողոքում նշվել են այն փաստերը, որոնք շարադրվել են վերևում: ՈՒստի նորից չենք անդրադառնա բարձրացված հարցերին, բայց որ մարզի դատախազի պատասխանը պիտի քննարկվի կետ առ կետ, պարզից էլ պարզ է, որովհետև Բենիկ Բաբայանն էն գլխից սուր հարցադրում է կատարել, ընթերցողին թողնելով որոշել եզդու տասը օչխարի խելք ունենալու տարիներ առաջ ասված իր ընկերոջ խոսքը, փոքր-ինչ ձևափոխված Բենիկ Բաբայանի հարցադրումով:
Խոսենք փաստերով, թե ինչպես են Արարատի մարզի դատախազի պաշտոնակատարի կողմից 06.07.2017 թ. կայացված որոշման մեջ փաստերը ոչ միայն գլխիվայր շուռ տրված, այլև պարզ թվաբանական սխալը ասում է, որ ամեն ինչ արված է, որպեսզի թեկուզ կարկատանով ապահովվի որոշման լիարժեքությունը: Թե որտեղից է վերցվել այն սուտ փաստը, որ սեփականաշնորհման ժամանակ Բենիկ Բաբայանին տրվել է 0,5 հա հող, որից 0,1 հա-ն` տնամերձ, չի հիմնավորվում որևէ փաստով: Եթե առանձին ծխեր կազմող երեք ընտանիքներին տրվել են 0,8 (Բենիկ) + 0,2 (Ռուստամ) + 0,48 (Թոռնիկ) գյուղնշանակության հողակտորներ, ապա կստացվի 1,48 հա հողակտոր, որից 0,38 հա-ն գտնվում էր ընդհանուր հողի տակով անցնող առվից այն կողմ: Այդ հողակտորը տրվել է 2 անձի 0,19 չափաբաժնով: Այսինքն, ընդհանուր մեկ կտորը կկազմի 0,19 +0,8 + 0,1= 1,1 հա հողակտոր, ինչը և այսօր կա տեղում: Թե ուր է մնացել 0,08 հա հողակտորը, այդպես էլ վարպետորեն շրջանցվում է դատախազի պաշտոնակատարի որոշման մեջ: Այդ առանց ամսաթվի դիմումը գտնվում է Այգեստանի արխիվում հողից հրաժարվողների մատյանի 37 համարի տակ։ Ավելին, այդ որոշման մեջ կատարվել է հարմարեցվող թվաբանություն, այն է` 0,8 (Բենիկ) + 0,2 (Ռուստամ) + 0,4 (Թոռնիկ), որը կլինի 1,4 հա: Այսինքն, նման թվաբանությամբ դատախազի պաշտոնակատարը փորձել է միջից հանել այն 0,08 հա հողակտորը, որը գտնվում էր առվից այն կողմ, որից և հրաժարվել են, բայց ոչ Բենիկ Բաբայանը, որովհետև եթե այդ 0,08 հա հողակտորը մնար հաշվարկի մեջ, կստացվեր այլ թվաբանություն:
Ռուստամ Բաբայանը բացատրություն է տվել, գրված է դատախազի պաշտոնակատարի որոշման մեջ, որ Բենիկ Բաբայանին առանձին տրված հողից հրաժարման դիմումը գրվել է Բենիկ Բաբայանի անվամբ, սակայն չի կարող ասել, թե ով է այն ստորագրել: Այստեղ կարելի է հարցնել դատախազի պաշտոնակատարին, ո՞րն է ավելի հիմնավոր ապացույց` Ռուստամ Բաբայանի ասա՞ծը (թեպետ կասկածում եմ, որ նա այդպես ասած լինի), թե՞ նրա անունից գրված դիմումը էն ժամանակվա գյուղխորհրդի նախագահին: Որպեսզի մեր ասածը լինի առարկայական, մեջբերենք ամբողջությամբ Ռուստամ Բաբայանի անունից գյուղխորհրդի նախագահին գրված դիմումը.

Այգեստանի գյուղխորհրդի նախագահ
Հ. Մանուկյանին
Այգեստան գյուղի բնակիչ
Ռուստամ Բաբայանից

Դիմում
Հայտնում եմ Ձեզ, որ հողի սեփականաշնորհման իրավունքով ինձ հատկացվել է 1,5 հա հողակտոր, քանի որ ի վիճակի չենք այդքան տարածությունը մշակելու, խնդրում եմ 0,3 հա հողատարածությունը հետ վերցնել:
Դիմող՝
Ռուստամ Բաբայան և ստորագրություն

Ինչպես տեսնում եք, այստեղ չկա Բենիկ Բաբայանի անունը, չկա նաև Թոռնիկ Բաբայանի անունը: Եթե Ռուստամ Բաբայանը հանդես է եկել բոլորի անունից, որի իրավունքը չուներ, ապա գյուղխորհրդի նախագահը պիտի բացատրեր, որ քո հողաբաժինն ընդամենը 0,2 հա է, և դու կարող ես հրաժարվել միայն դրանից: Դա էլ ոչինչ, եթե նա հանդես է եկել իր ընտանիքի բոլոր հասուն անդամների կողմից, այդ դեպքում բարոյական ո՞ր իրավունքով ամբողջ երեք հազար մետրը դրվում է Բենիկ Բաբայանի ուսերին: Եվ դատախազի պաշտոնակատարի այն ստահոդ մեկնաբանությունը, որ Ռուստամ Բաբայանը չի կարող ասել, թե ով է այն ստորագրել, պիտի որ նրա մոտ, որպես բարձրակարգ իրավաբանի, վերջապես մարզի դատախազի պաշտոնակատար է, հարց առաջանար, պարզել, թե ով է ստորագրել, մանավանդ որ իր բացատրության մեջ Բենիկ Բաբայանը մատնանշել է (չեմ կարող ասել` այդ միտքը հետաքննիչն արձանագրել է, թե գիտակցաբար բաց է թողել), որ այն ստորագրել է իր եղբայրը՝ Թոռնիկ Բաբայանը: Իսկ պարզելու, թե ում ստորագրությունն է, ոչ հետաքննիչի և ոչ էլ դատախազի անելիքն է, այն ձեռագրաբանի լուծելիք հարց է, իսկ դրա համար պետք է հարուցվի քրեական գործ, փորձաքննություն նշանակելու համար, ինչպես նաև Բենիկ Բաբայանի առերեսումը կատարվի նախկին գյուղապետի, գյուղմասնագետի և մի շարք այլ անձանց հետ: Վերջապես պետք է պարզվի նաև, որ գյուղխորհրդի նախագահի անունով գրված դիմումի մեջ Ռուստամ Բաբայանը նշում է՝ ստացել ենք 1,5 հա հող, մինչդեռ նա իրավունք չուներ հանդես գալու այլ ծխերի անունից և կարող էր ամենաշատը հրաժարվել իր 0,2 հա հողակտորից: Եվ մանիպուլյացիաների արդյունքում տուժել է մի ազնիվ մարդ, որը որևէ անգամ չի հրաժարվել իրեն հասանելիք երեք բաժին հողից, և որին ուզում են ապացուցել, որ մածունը սև է: Եվ այդ սպիտակը սև ներկայացնելու մյուս աբսուրդը, որ ներկայացնում է դատախազի պաշտոնակատարը: «Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է,- գրում է դատախազի պաշտոնակատարը Բենիկ Բաբայանի բողոքի մերժման որոշման մեջ,- որ Թոռնիկ և Բենիկ Բաբայանների հայր Ռուստամ Բաբայանն է Այգեստանի գյուղխորհրդի նախագահ Հ. Մանուկյանին դիմում ներկայացրել։ Իսկական աբսուրդ. մի քանի տող վերև դատախազի պաշտոնակատարը գրել է, որ Ռուստամ Բաբայանը բացատրություն է տվել, որ Բ. Բաբայանին առանձին տրված հողից հրաժարման դիմումը գրվել է Բենիկ Բաբայանի անվամբ, սակայն չի կարող ասել, թե ով է այն ստորագրել:
Այ մա՛րդ Աստծո, գոնե մի փոքր բարեխիղճ լինեիր և կարդայիր ընդամենը մի քանի տողից կազմված Ռուստամ Բաբայանի դիմումը, մի՞թե այնտեղ կա Բենիկ Բաբայանի անուն, ազգանունը։ Հակառակը, Բենիկ Բաբայանն ասել է, որ այդ դիմումի տակ ստորագրել է իր եղբայր Թոռնիկ Բաբայանը: Այստեղ են ասել, բակլան իմն է, ուզեմ խաշած կցանեմ: Այսինքն, որոշումը ես եմ գրում, կգրեմ ինչպես կուզեմ, անգամ ճիշտ փաստերը իմ ուզածով կներկայացնեմ: Այն մասին, որ իրենց հատկացված 1,5 հա հողակտորն ի վիճակի չեն մշակելու և խնդրել է 0,3 հա հողատարածքը հետ վերցնել, այսինքն` Ռուստամ Բաբայանը նշված դիմումն ըստ էության ներկայացրել է իր ընտանիքի անունից (հարգելի դատախազ, ճիշտ է, այդ երեք ընտանիքները ապրել են մի հարկի տակ, բայց եղել են առանձին ծխեր, առանձին իրավաբանական անձինք, և որևէ մեկը չէր կարող, նկատի ունեմ իրավաբանորեն, հանդես գալ ուրիշի անունից, քանի որ ընդհանուր 1,5 հա հողատարածքը հատկացվել է ոչ միայն իրեն)։ Հարգելի դատախազ, պետք չէ մատը շփոթել մի բանի հետ: Եթե դու ճիշտ ես, ապա ինչու նրանց չի տրվել մեկ սեփականաշնորհման վկայական, այլ տրվել է առանձին-առանձին, այդ թվում նաև Թոռնիկ և Բենիկ Բաբայաններին:


Շնորհակալություն, հարգելի պաշտոնակատար, քանքարաշատ մտքերիդ համար:
Հիմա ես անեմ իմ դատողությունները, հիմնվելով քո դատողությունների վրա: Եթե հողն ընդհանուր էր և դիմումն էլ գրվել է հոր անունից, ստորագրել է չպարզված մեկը (թեպետ Բենիկ Բաբայանի պնդմամբ այն ստորագրել է եղբայրը՝ Թոռնիկ Բաբայանը), ապա ինչպես բացատրենք, որ 0,3 հա-ից հրաժարվելու դեպքում ամբողջ կուժ ու կուլան ջարդվում է Բենիկ Բաբայանի վրա: Բենիկը դիմում չի գրել, չի ստորագրել, գրել է հայրը ամբողջ ընտանիքի անունից և վերջում տուժում է մենակ Բենիկ Բաբայանը: Բա դա իրավաբանություն եղա՞վ, պարոն պաշտոնակատար: Բա մի՞թե կարելի է այդքան զռռացող որոշում ստորագրել:
Հիմա թող ընթերցողը եզրակացնի, զայրացած ասում է Բենիկ Բաբայանը, հիշելով իր հասցեին միշտ կատակով ասած հայ ընկերոջս խոսքը փոքր-ինչ ընդհանուր հարցադրումով` հիմա «ո՞վ տասն օչխարի խելք ունի»:

Բենիկ Բաբայանի պատմածով հոդվածը շարադրեց


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հ.Գ. Տարիներ առաջ այդ նույն Թոռնիկ Բաբայանը, գիտակցաբար, թե անգիտակցաբար, հրդեհում էր օգոստոս ամսին իր հողամասում կուտակված ծղոտը և վնասում էր իմ դեղձի բերքով ծանրաբեռնված ծառերը: Զգուշացրի մեկ, երկու տարի, բայց նա շարունակում էր։ Երրորդ անգամ դիմեցի դատարան: Դատավոր Լևոն Արազյանը դատը պիտի աներ: Եվ ինչ, չորս ամիս տարավ բերեց և այդպես էլ գործի ելքը չէր երևում, ստիպված մի հոդված գրեցի, եթե չեմ սխալվում «Դատավորը գառան միս շատ է սիրում» վերնագրով, որտեղ գրել էի, որ գյուղացիներն ասում են, թե դատախազը (այսինքն՝ ես-Ս.Հ.) ճիշտ է, բայց եզդի Թոռնիկն էլ ոչխար շատ ունի, իսկ դատավոր Լևոն Արազյանը գառան միս շատ է սիրում: Ճիշտ է, հերթական թշնամի վաստակեցի, բայց ասել և կրկնում եմ, որ ատում եմ բոլոր նրանց, ովքեր բութ մտածողությամբ ասում են` ինչո՞ւ վատամարդ դառնամ: Ես Արազյանի թշնամին չէի և չեմ, պարզապես, եթե Արազյանը և նրա ղեկավարությունը ժամանակին ճիշտ եզրակացություն անեին, այսօր նա քննչական մեկուսարանում չէր լինի: Այստեղ կարելի է վերջակետ դնել և ասել` «Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսի»: Ընթերցողը հավանաբար գլխի ընկավ, որ Թոռնիկ Բաբայանը միշտ էլ կարողանում է լեզու գտնել իրավապահ մարմինների աշխատողների հետ: Այս անգամ դժվար է ասել` գառան միսը դեր խաղացել է, թե ոչ, բայց մի բան հաստատ կարելի է ասել` ինչ-որ բան պրոֆեսիոնալ չէ Արարատի մարզի դատախազությունում:


Ճիշտ է, քրեական գործ հարուցելու պարագայում ոչ մեկը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, բայց այն կօգնի Բենիկ Բաբայանին վերականգնելու իր խախտված սեփականության իրավունքը: Հավատանք, որ բարձրագույն իրավական ատյաններում կկարդան սույն հոդվածը և կկանխեն, որպեսզի հետագայում կոռուպցիայի բացիլը չտարածվի նման կարգի այլ նյութերի վրա:
Հավատանք և հուսանք:

Դիտվել է՝ 15257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ