Բարեկամներիցս մեկը հարցրեց.
-Դու 1914-1919 թթ. ժամանակահատվածի մասին գրեցիր իսկական ամերիկացիների ու ռուսների մասին, իսկ իսկական հայեր չկայի՞ն:
-Կային, անշուշտ,- պատասխանեցի:
-Դե, նրանց էլ անդրադարձիր, թե չէ կմտածեն, թե բոլորը մեզ օգնել են, իսկ մենք ձեռքներս ծալած նստել ենք:
ՈՒզեցի հակադարձել` հեշտ է, ի՛նքդ արա, բայց լռեցի, որովհետև նրա ասածի մեջ ճշմարտություն կար: Հեշտ չէր, դժվարությունը ահռելի քանակությամբ նյութից ընտրություն կատարելն էր:
Ծանրագույն, դաժան ժամանակներ էին` Առաջին աշխարհամարտը և Ցեղասպանությունը ժողովրդին բնաջնջման եզրին էին հասցրել: Բայց տեղի ունեցավ զարմանալին` արթնացավ ազգի հարատևման, կենսունակության գենը: Աշխարհում չկար գեթ մեկ հայաբնակ վայր, որտեղից ինքնօգնության ու ներազգային համերաշխության ձեռք չերկարեր: Սփյուռք ասած բառ ու հասկացություն էլ չկար, բայց աջակցությունը գալիս էր Ամերիկայից ու Հնդկաչինից, Դանիայից ու Եթովպիայից, Սիբիրի Կոլոմզինո խուլ կայարանից, արևավառ Սամարղանդից, Խաբարովսկի հայ գերիներից, մի վանեցի արհեստավոր էլ եկել էր Թիֆլիս ու գրեթե անթերի փայտե ոտքեր էր պատրաստում` անդամահատված ոտքերի փոխարեն…
Կանայք ու տղամարդիկ, ծերեր ու մանուկներ, հարուստներ և աղքատներ` բոլորը մեկտեղվեցին հանուն փրկության: Այս հրապարակումը նրանց մասին կարճառոտ դրվագ է:
ՄԱՆՐԱԼՈՒՐՔ
1915 թ. սկզբին Մոսկվայի համալսարանի ուսանող Սարգիս Խոջայանը տեղի եկեղեցական հոգաբարձությունից գրավոր խնդրել էր իր համար նշանակված կրթաթոշակի 5 %-ը հատկացնել հօգուտ հայ փախստականների` ամբողջ պատերազմի ընթացքում:
1915 թ. մարտի 7-ին Թեոդոսիայի տեղական կոմիտեն, նախագահ Կ. Ալթունջու առաջարկությամբ, ընդունել էր հետևյալ որոշումը. «Նկատի ունենալով ներկայիս արյունոտ ու սգալի օրերը և մասնավորապես հայ փախստականների ծով կարիքները` գալիք Զատկական տոներին կերուխումի ոչ մի տոնական սեղան չպատրաստել, այլ դրա համար ծախսվելիք փողը հավաքել և անմիջապես փոխադրել Կովկասի հայ փախստականներին` իբրև Զատկական տոնի նվեր»:
1915 թ. հունիսի 21-ին Նոր Նախիջևանի «Գաղութ» շաբաթաթերթը տպագրեց հետևյալ նամակը.
«Գաղութ» ջան: Երկու եղբայր ու մի քոյր ենք:
Շուշիկը հազիւ երկու տարեկան է: ՈՒրախ, զուարթ զուարճանում ենք ամեն օր, մեր սիրելի հօր ու մօր խնամքը վայելելով:
«Գաղութ» ջան, գիտէ՞ք ինչ ենք արիլ. փոքրիկ տակառիկ ենք գնել, փող ենք հաւաքում, որ ամսվա վերջին ձեզ ղրկենք: Քեռին պատմեց, որ մեզ նման փոքրիկ տղերք ու աղջկերք հեռո՜ւ, հեռո՜ւ տեղում սաղ օրը քաղցած ու ծարաւ, անհէր ու անմէր են… հէրն էլ, մէրն էլ սպանուել են, չա՜ր ու գէ՜շ մարդիկ են սպանել…
Գիտե՞ս ինչ, «Գաղութ» ջան, էլ չենք խմի ճաշից յետոյ սիտրօ, ոչ էլ պաղպաղակ անուշ կանենք: Փողը կըհաւաքենք, ձեզ կըղրկենք, դուք էլ մեզ պէս փոքրիկ, անհէր, անմէր ու ղարիբ հայ երեխանց ղրկեցէք, որ նրանք էլ կուշտ լինին, որ էլ տկլոր չըշրջեն, հիւանդ չըլինեն:
Հմիկ քեռու հետ քեզ ղրկեցինք 3 ռ. 75 կ., բալի մեզ պէս փոքրիկ տղերք ու աղջկերք խաղալիքներից ու անուշեղէններից ձեռ վեր առնեն ու փողը եթիմ տղոց ղրկեն…
Անդրանիկ, Վարդան և Շուշիկ Կարապետեան»:
1915 թ. ոմն Խաթիբ հրատարակել էր «Մեր Սիւրեթները» վերնագրով գիրք (ցավոք, չգիտեմ Խաթիբն ով է, և գրքին էլ ծանոթ չեմ): Դեկտեմբեր ամսին նա իր գրքի վաճառքից գոյացած գումարը` 14 ռ. 50 կ., որպես ուսման վարձ հատկացրեց Թոփտի գյուղի Սբ Սարգիս եկեղեցու երկսեռ դպրոցների հետևյալ աշակերտներին` 1. Տիրացույանց Վարդուհի-7 ռ. (որբ, միակ եղբայրը պատերազմի դաշտում էր), 2. Տերտերյան Նոյեմզար - 3 ռ. 50 կ. (որբ, եղբայրները պատերազմի դաշտում էին), 3. Ազլեմիրյան Լուսիկ - 2 ռ. (որբ, եղբայրները զինվոր էին), 4. Ազլեմիրյան Աստղիկ- 2ռ (որբ, հայրը զինվոր էր):
1916 թ. Զատկի շեմին ոմն պրն Ատովմյան հիվանդանոցում գտնվողների համար Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը (ԿՀԲԸ) հանձնեց երկու զատկահաց (ՍցսՌփ) և 100 հատ ձու:
1916 թ. մայիսի 7-ի գրությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանը Թիֆլիսի «Հայոց երաժշտական ընկերության» վարչությանը հայտնում էր, որ Նորին Վեհափառությունը, ի կատարումն վարչության խնդրանքի, կարգադրել էր տրամադրել 1000 ռ.` տաճկահայ փախստականների մեջ ժողովրդական երգեր ժողովելու համար:
Բնաջնջվող ժողովրդի հոգևոր պետը մտածում էր ապագայի երաշխիքի` մշակույթի մասին:
1916 թ. մայիսին տաժանակիր աշխատանքների դատապարտված բանտարկյալ Կարապետ Սադաղյանը ԿՀԲԸ-ին փոխանցեց 6 ռ. 94 կ.` հօգուտ փախստականների:
1918 թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ Հայաստանի Խորհուրդը 5 մլն ռուբլի հատկացրեց Վրաստանի Հայոց ազգային խորհրդին` այդ երկրում գտնվող հայ փախստականների կարիքները հոգալու համար:
ՈՒՆԵՑՎԱԾՔԸ` ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ
1915 թ. մայիսի 7-ին, 52 տարեկան հասակում վախճանվեց Սմբատ Ստեփանի Տեր-Առաքելյանը: Նա ծնվել էր 1863 թ. մարտի 9-ին Թեթրիծղարո շրջանի Վաշլևան (Վաշլովան, Խնձորուտ) գյուղում, աղքատ ընտանիքում: Նախնական և միակ կրթությունն ստացել էր Թիֆլիսի Տեր-Հակոբյանի գիշերօթիկ դպրոցում, ապա զբաղվել վաճառականությամբ:
Բանից պարզվեց, որ մահվանից առաջ Ս. Տեր-Առաքելյանը ԿՀԲԸ-ին էր կտակել գրեթե ամբողջ կարողությունը. այն է` Թիֆլիսի 3-րդ քաղաքամասում, Սերգիևսկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող իր տունը` շուրջ 100 հազար ռուբլի արժողությամբ, «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության 10.000 ռուբլի գումարը, Վաշլևան գյուղի 5000 ռ. արժողությամբ կալվածքը` այգով ու տնով, իսկ Թիֆլիսի ձրի և էժանագին ճաշարաններին թողել էր «Ռոսիյա» ապահովագրական ընկերության մեջ ներդրած գումարները:
Համաձայն կտակարարի կամքի` ԿՀԲԸ խորհուրդը Վաշլևան գյուղում բացեց ծխական դպրոց, ուր սկսեցին կրթություն ստանալ 60 երկսեռ հայ աշակերտներ:
ԱՅՐԻՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ
1915 թ. վերջին Թիֆլիսում վախճանվեց ինժեներ Խաչատուր Նազարբեգյանը: Հանգուցյալի վշտահար այրի Սոֆիա Նազարբեգյանը ամուսնու թաղման օրը 500 ռ. ուղարկեց ԿՀԲԸ խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանին, որպեսզի նա ըստ իր հայեցողության տնօրինի` ի հիշատակ ինժեների:
Նախագահն էլ տնօրինեց. 100 ռ. հանձնեց բարեգործականի ճաշարանին, 50 ռ.` Գայանյան իգական դպրոցի չքավոր աշակերտուհիների ճաշարանին, 50 ռ.` գաղթականական դպրոցների ճաշարաններին, 200 ռ.` գաղթականների գործերով Կենտրոնական կոմիտեի դպրոցին, 100 ռ.` Զանգեզուրի գավառի գյուղական դպրոցների կրթական կարիքների համար: Զանգեզուրում էին գտնվում հանգուցյալ Խ. Նազարբեգյանի սեփական հանքերը:
ՏԻԳՐԱՆ ԱՖՐԻԿՅԱՆԻ «ՎՐԵԺԸ»
1916 թ. հունիսին Թիֆլիսի «Աֆրիկյան եղբայրներ» առևտրային տունը հիմնադրման 30-ամյակի առթիվ կատարեց հետևյալ նվիրատվությունները. 6000 ռ.` Երևանի Գայանյան դպրոցին, 6000 ռ.` նույն քաղաքի Մարիամյան դպրոցին, 300 ռ.` Ախալքալաքի Սուլդա գյուղում, և 1000 ռ.` Օշականում դպրոցներ կառուցելու համար` խոստանալով այդ երկու դպրոցներին ամեն տարի հատկացնել 500-ական ռուբլի, «Կովկասի հնագիտական ընկերությանը»` տարեկան 1000 ռ. Անիի պեղումները 10 տարի շարունակելու համար, 1500 ռ.` Երևանում դերասանական խումբ պահելու համար: Բացի այդ, եղբայրները պատրաստակամություն հայտնեցին դպրոցներ բացելու Թիֆլիսի նահանգի այն շրջաններում, որտեղ հայ երեխաները չէին տիրապետում մայրենի լեզվին:
Անվանի բարերար, ԿՀԲԸ խորհրդի անդամ Տիգրան Աֆրիկյանը, որ տարեկան 6000 ռ. նպաստ էր տրամադրում բարեգործականին` իր անունը կրող դպրոցների պահպանման համար, ԿՀԲԸ խորհրդին գրություն հղեց առ այն, որ, բացի նախկին դպրոցներից, առաջիկա սեպտեմբերից 300 ռ. նպաստ է նշանակում նաև Քութայիսի նահանգի Չխար գյուղի ծխական դպրոցին:
Աֆրիկյան եղբայրների ազգանպաստ գործունեությունը ոմանց խիստ դուր չեկավ: Ի մասնավորի, Թիֆլիսում լույս տեսնող, այսպես կոչված «իսկական ռուսների» ձայնափող «Голос Кавказа» թերթին: Սա գրեց. «Աֆրիկյանների վաճառատունը պատերազմի սկզբին իր պահեստում ուներ պատրաստի ապրանք, և երբ գները բարձրացան` ծախեց ու վաստակեց մոտ 2 միլիոն ռուբլի: Հարկ էր ենթադրել, որ մեր այսպիսի թշվառ օրերում նման բացառիկ վաստակը Աֆրիկյանների սրտում գութ կարթնացներ նաև այլ ազգության թշվառների հանդեպ: Բայց հայը… ամենից առաջ հայ է»:
Ազգամիջյան նախանձի, կշտամբանքի, «զարմանքի» (ինչպես թե` հայը հային էր նպաստ բերում) այս դրսևորմանը Տ. Աֆրիկյանը պատասխանեց տեղնուտեղը և յուրովի: Հուլիսի 2-ին նա ԿՀԲԸ խորհրդին նամակով հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից մինչև պատերազմի վերջ (ո՜վ գիտեր, թե Առաջին աշխարհամարտը երբ էր ավարտվելու) դպրոցների օգտին նշանակած տարեկան 6000 ռ. նպաստի վրա ավելացնում է… 25 %, այսինքն` 1500 ռուբլի: Բացի այդ, սույն ուսումնական տարուց սկսած, Օշականի ու Մեսրոպյան դպրոցներին տարեկան հատկացնելու է 500 ռ., իսկ հաշվի առնելով Չխարի դպրոցին տրամադրվելիք 300 ռուբլին, ամեն տարի հայոց կրթական գործին նպաստ էր նշանակում 8.300 ռուբլի:
Ահա այսպես Տիգրան Աֆրիկյանը «վրեժխնդիր» եղավ:
ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՀԱՆԳԻՍՏԸ
Հայ կապիտալիստներն ամառները սովորաբար անցկացնում էին Գերմանիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հանգստավայրերում: Սակայն պատերազմը նրանց ստիպեց բավարարվել Կիսլովոդսկի, Պյատիգորսկի, Ժելեզնովոդսկի, Միներալնիե Վոդիի առողջարաններով:
1916 թ. հուլիսին նրանց մի մեծաթիվ «ջոկատ» հայտնվեց Կիսլովոդսկում: Այդ իրողությունն օգտագործեց հայ իրականության ամենաեռանդուն դեմքերից մեկը` անբիծ հեղինակություն վայելող հասարակական-քաղաքական գործիչ, 20 տարի Նոր Նախիջևանի քաղաքային դումայի պատգամավոր Գրիգոր Չալխուշյանը: Նա մեկնեց Կիսլովոդսկ և անցավ գործի:
Բանն այն է, որ Արևմտյան Հայաստանում քրդերն սկսել էին «բիզնեսով» զբաղվել` առևտուր անել հայ կանանցով ու երեխաներով: Հարկ էր գումար ժողովել և քրդերից գնել գերեվարվածներին: Ահա այս առաքելությունն էլ ստանձնել էր Գ. Չալխուշյանը:
Նա սկսեց հերթով այցելել դրամատերերին, ներկայացնել գերիների ողբալի վիճակը ու փող խնդրել: Բացի մեկից, ոչ ոք չհրաժարվեց, և ահա թե ինչպիսի խոստումնացուցակ ստացվեց. Հ. Ավետյան` 5000 ռ., Բաքվի նավթարդյունաբերող, ինժեներ Միքայել Ալիբեգյան, Կ. Աճեմյան և Պ. Ծատուրյան` 3000-ական, Ա. Մանթաշյանից ու Ս. Լիանոսյանից հետո Ռուսական կայսրության ամենաականավոր ձեռնարկատեր Պողոս Ղուկասյան` 2500, նավթարդյունաբերող Մկրտիչ Քալանթարյան և Մոսկվայի «Ժամհարյան եղբայրներ» բանկային տան համասեփականատեր Ն. Ժամհարյան` 2000-ական, Բաքվի ձկան ու խավիարի խոշոր վաճառականներ Մայիլյան եղբայրներ և Դոնի Ռոստովի «Գենջ-օղլույան ու Շապոշնիկյան» ֆիրմայի սեփականատերեր` 1500-ական, Տեր-Դավթյան, Ս. Առաֆելյան, Բ. Արզումանյան, Գ. Տեր-Մարգարյան, Ա. Կրասիլնիկյան` 1000-ական, Բ. Մելիքյան, Բեգլարյան, Փ. Վարդազարյան, Խ. Ամիրջանյան` 300-ական, Ն. Պետրոսյան` 100 ռուբլի:
Վերևում ասացի` «բացի մեկից», այդ մեկը միլիոնատեր էր, որին խնայեցին և միայն անուն-ազգանվան սկզբնատառերը հրապարակեցին:
Ամենախոշոր նվիրատվությունը` 10 հազար ռուբլի, խոստացավ կատարել նավթարդյունաբերող ու բարերար Դավիթ Ավան-Յուզբաշյանը, և դա պատահական չէր` նրա 24-ամյա որդի, Կովկասյան 2-րդ բանակային կորպուսի Տվերի դրագունյան գնդի կոռնետ Գուրգեն Ավան-Յուզբաշյանը զոհվել էր 1916 թ. մայիսի 15-ին…
Ի դեպ, չմոռանամ նշել, որ խնդրարկուն ինքը` Գրիգոր Չալխուշյանը, որ բիզնեսից հեռու մարդ էր, ցուցակագրվեց 1500 ռ. չափով:
Երկու օրում խոստացած գումարը կազմեց 44.000 ռուբլի:
Արդի ընթերցողի մեջ հարց կծագի` խոստացան, բայց տվեցի՞ն: Այո՛, տվեցին: Իսկ թե այդ գումարով քանի հայ փրկագնվեց, դժբախտաբար չգիտեմ: