ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ինչի՞ վրա ես դրել քո հույսը, ո՞ւմ վրա

Ինչի՞ վրա ես դրել քո հույսը, ո՞ւմ վրա
11.04.2017 | 12:09

Այս լուսավոր 21-րդ դարում Հայաստանում մոլեգնում է ծեր ու զառամյալ մի չարիք՝ գաղափարների, կուսակցությունների պատերազմը: Թվում է, թե բոլորս դեմ ենք այդ պատերազմին՝ Հայաստանում և Սփյուռքում, բայց ոչինչ չենք անում, և դա ներսից քայքայում է մեզ, թուլացնում մեր վստահությունն ու ինքնավստահությունը: Պարզվում է, որ պետության ձեռքերն էլ են թաթախված այդ մեղքի մեջ, այն պետության, որը պիտի պայքարի բռնության, մարդկային իրավունքների ոտնահարման դեմ, հաստատի գաղափարների և խոսքի ազատություն, այլակարծություն, հանդուրժողականություն: Ոչ թե բռնությունը, այլ օրենքը պիտի դառնա պետություն կոչվող հզոր մեքենայի գլխավոր շարժիչ անիվը:
Խորհրդային բռնությունների պայմաններում մեծացած սերունդը, որն այժմ իշխանության ամենաբարձր պատվանդանին է, դյուրությամբ չի կարող ազատվել այդ ախտից: Պատերազմը, նույնիսկ վաղուց ավարտված պատերազմը, դեռ երկար է շարունակվում անգամ այն սերնդի կյանքում, որը չի տեսել այն, չի լսել պայթյունների որոտը: Շարունակվում է, որովհետև այս խիտ բնակեցված քաղաքակրթության բնօրրանում՝ Անդրկովկասում, պետությունները, իշխանությունները, ընչաքաղցության մոլուցքով տարված աղքատ հոգիները թույլ չեն տալիս որևէ սերնդի մոռանալ պատերազմը, չլսել նրա որոտը: Պատերազմի հիշեցման «թերթիկը» թարմացվում է ամեն նոր սերնդի համար: Այդ պատճառով էլ շարունակվում և խորանում են պատերազմի պայմաններում գործող օրենքները. հաղթողը միշտ իրավացի է, պատմությունը գրում է հաղթող կողմը, պատերազմում կարող ես սպանել անգամ յուրայինիդ: Ցավալին, սակայն, այն է, որ երբ իսկական թշնամու դեմ ավարտում ենք մեր պատերազմը, պատերազմ ենք սկսում յուրայինի դեմ՝ անխնա բաժանելու, տիրանալու, գրավելու նրա ունեցածը, ոչնչացնելու նրան այնպես, ինչպես կռվի դաշտում՝ թշնամուն:

Տեսի՞լք մըն էր այդ, թէ ճըշգրիտ պատկեր...
Մոխրապատ դաշտի մէջ անթիւ ոսկրեր
Կը բարձրանային` դարերով դիզուած
Նըզովքի բուրգի մը պէս` դէպ Աստուած:

...Բայց հազիւ կեանքի վերըստացան շունչ
Այդ հազարդարեան ոսկրերն անշըշունջ
Սկսան իրար պատառել դըժխեմ,
Ամէնքն իրար հետ, զաւակը հօր դէմ...

Երբ քիչ վերջ բոլորն ալ ինկան արդէն.
Խոր հառաչանքով հըծծեցին` «Մարդ են...»։
Բայց մի ծերունի` իրենց վըրայէն
Կոխոտեց, անցաւ ու լացաւ` «Հայ են...»:

Ինչի՞ նման են մեր ընտրությունները՝ բոլոր մակարդակների: Պատերազմի՝ յուրայինի դեմ, որտեղ հաղթում են կեղծիքն ու սուտը:
Պատերազմում բոլորն են զոհեր, անգամ բռնությունն իրականացնողները, որովհետև նրանց կյանքն ու գործելակերպն էլ խոշոր հաշվով ինչ-որ բիրտ ուժի հետևանք են: Ազատ չէ մարդը, ազատ չեն անգամ վախ ու սարսափ տարածող հզորները, նրանք նույնպես երջանիկ չեն, նրանք բոլորն էլ մեծ դժբախտներ են, որոնց այդպիսին դարձնելով՝ կյանքը նրանց հետ վարվել է նույնքան դաժան, որքան իրենք իրենց զոհերի հետ:
Այսօր հայերը աշխարհով մեկ թափառում են ոչ թե որպես մշակույթ ու քաղաքակրթություն տարածողներ, այլ որպես էժան ու որակյալ աշխատուժ: Հայաստանն իր զավակներին՝ մարդկային այդ անգին հարստությունը, քամուն է տալիս, դռնեդուռ գցում, թույլ տալիս, որ գնացող-եկողը կոխկրտի նրանց, նրանց արհամարհելով՝ արհամարհի իրենց երկիրը, ազգին, ժողովրդին:
Սովորական, շարքային մարդիկ, եթե անգամ հանցագործներ են, պակաս մեղավոր են, քան այն պետություններն ու նրանց ղեկավարները, որտեղ ծաղկում են հանցագործություններն ու բռնությունները: Մարդը մենակ անզոր է անգամ հանցագործ դառնալու, ուր մնաց թե կարողանա կանխել հանցանքը:


Աշխատելու մեկնած և ակամայից հասարակաց տներում հայտնված հայ կանանց ճակատագիրը նույնպես մնում է հայ այրերի խղճին: Մարմնավաճառությունը ծաղկում է մի երկրում, որտեղ ընտանիքն ու կինը սրբություն են, և դա պակաս չարիք ու աղետ չէ, քան պատերազմը: Բոլոր պատերազմներից ու աղետներից ամենաշատը տուժում են ընտանիքը և երեխաները: Այդ մեղքի հատուցումն այսօրվա հազարավոր հիվանդ և խեղված հայ մանուկներն են, անընտանիք ընտանիքները, իսկ ավելի սարսափելի հատուցումը՝ համասեռամոլության համաշխարհային հաղթարշավը, որը սպառնում է մարդկության գոյությանն առհասարակ: Դա պատերազմ է մարդկության դեմ:
Միշտ էլ աշխարհի ամենամեծ փողերը վատնվել են մարդկությանը կործանող չարիքների վրա՝ պատերազմ, թմրամոլություն, մարմնավաճառություն, զենք, խմիչք, բայց հասարակության առողջացման մոլեկուլը միշտ էլ կենդանի է մնացել, այն յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ներսում է, հայրենիքի ու հայրենասիրության մեջ, շատ պարզ, հասարակ ու թանկ բաների մեջ:
Ցեղասպանություն տեսած ժողովուրդն իրավունք չունի այսքան անփույթ լինելու իր արժեքների պահպանման ու փոխանցման ազգային պարտքի հարցում:
Աստված մեզ ողջ է պահել 1915-ի արհավիրքի այն օրերին, երբ մեր ողջ մնալը բացառվում էր թուրքական դիվանագիտության եղերական ծրագրերի մեջ, և ժամանակի հեռավորությունից անգամ մեր հարությունը թվում է անհնար:


Աստծո առաջ պարտք ունենք և հայ ու մարդ մնալով՝ պիտի հատուցենք մեր պարտքը:
Ի՞նչ եք անում, ո՞ւր եք գնում, իմ թանկ ու սիրելի արյունակիցներ, մտածենք Աստծո պատժի մասին, եթե մեզ համար չենք վախենում, վախենանք մեր երեխաների համար: Եվ հիշեք, պարտադիր չէ, որ Աստված մեզնից լուծի իր վրեժը, մտածենք մեր անմեղ երեխաների մասին, թույլ տանք նրանց մնալ անմեղ, և նրանց ժառանգություն թողնենք ոչ թե մեր մեղքերի ծանր բեռը, այլ հզոր հայրենիք ունենալու հույսն ու հավատը:
Ի դեպ, երեխաները, հա՛յ երեխաները...
Պատկերացնո՞ւմ եք, այսօր Հայաստանում կան որբ երեխաներ, որոնցից շատերի ծնողները ողջ են, խաղաղ Հայաստանում, երեխայապաշտ հայերի հայրենիքում...


Նորից մտքիս էկրանին գծագրվեց նորվեգացի մեծ մարդասերի կերպարը, Ծեր Իմաստունի արքետիպիկ կերպարը: 1925-ի հունիսին Ֆրիտյոֆ Նանսենը եկավ Հայաստան, այցելեց Գյումրու մանկատուն՝ եղեռնից մազապուրծ հայ որբուկների տաքուկ ու ապահով բույնը: Նրանց կյանքի պահպանման, նրանց հանդեպ սիրո ու գթասրտության վեհ գործին մեծագույն սիրով ու հոգատարությամբ նվիրվել էին օտարները՝ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի բարեպաշտ ու կարեկից միսիոներները: Նանսենը եղավ ամառային ճամբարներից մեկում, ճաշակեց այն նույն ապուրից, որ մատուցվեց երեխաներին: Իր հայտնի «Խաբված ժողովուրդ» գրքում այդ օրվա մասին նա գրեց. «Մենք տեսանք Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի բոլոր հիմնարկները Լենինականում: Դրանց մեջ մտնում էին տասնմեկ հազար որբերի մանկատներն ու դպրոցները՝ հավանաբար կազմելով աշխարհում ամենամեծ թիվը: Մեզ վրա խոր տպավորություն թողեց այն փառավոր գործը, որ արվել էր և շարունակում էր արվել, որպեսզի այդ երեխաներին մեծացնեին ու դարձնեին հասարակության պիտանի անդամներ: Հատկապես պետք է նշել, որ այդ հազարավոր առողջ, երջանիկ և ուշիմ երեխաներին իրականում խլել էին մահվան ճիրաններից»:
Հետագայում այդ որբերից մեկը՝ Խաչիկ Դաշտենցը, իր «Ֆայտոն Ալեքը» պոեմում պիտի հիշեր.

...Քեզ եմ վերհիշում կարոտով մի պահ,
Հոյակապ, շքեղ, Մեծ նորվեգացի:

Ինձ էլ վիճակվեց քեզ տեսնել մի օր,
Որբական կյանքիս դառնահուշ շեմին,
Դու վերջին անգամ եկար մեզ այցի
ՈՒ մեռար՝ Երկրիս արևը դեմքիդ:

Այդ տղաներն այսօր արդեն չկան կամ ծերունազարդ ու դողդոջուն պապիկներ են: Ողջ են նրանց զավակներն ու թոռները՝ աշխարհի բոլոր երկրներում և Հայաստանում:
ՈՒզում եմ գոռալ՝ գուցե անիմաստ, գուցե անհասցե, բայց լռել չեմ կարող: Մենք՝ օտարի գթածությունն այդքան խորապես զգացող ու մեծագույն երախտագիտությամբ ու խոնարհումով գնահատող հայ այրերս, մի՞թե չենք կարողանում այնպես անել, որ այլևս հայ որբեր և մանկատներ չլինեն Հայաստանում: Ես համոզված եմ, որ մեր մեջ չի կարող մեռած լինել բարեգութ մարդու, բարեգործ այրի ազնիվ գենը: Չէ՞ր կարող նաև այնպես պատահել, որ մեր հոգեկերտվածքի մեջ սերտաճած լիներ մեր երեխաներին, հա՛յ երեխաներին ընդմիշտ օտարի գթածությանն ապավինելու ամոթալի ստրկամտությունը: Դա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ երեխայապաշտ հայ մարդու հետ, և փառք Աստծո, որ տեղի չի ունեցել:
Գյումրիում այսօր ապրում են հարյուրավոր որբ հայ մանուկներ, մանկատներ կան Երևանում, Գավառում...


Այս տողերը գրելիս ոչ թե ցավ, այլ ամոթ ու խղճի խայթ եմ զգում: Եթե մենք կարողանայինք, ո՛չ, եթե մենք ցանկանայինք որդեգրել այդ երեխաներին, ընտանիք և մանկություն պարգևել նրանց, աշխարհում այլևս չէր լինի որբ հայ մանուկ... Դա ամենալավ վրեժն է, որ ես կարող եմ լուծել Աթաթուրքից... Բայց կարո՞ղ եմ...
Կոմիտասին առաջին դաշնամուրը նվիրած Մանթաշյանցի այսօրվա սերունդները՝ հայ մեծահարուստները, մի՞թե չեն երազում վերջ տալ փոքրիկ Հայաստանում անվերջ մեծացող այս որբությանը: Դաշնամուր և մանուկ: Դրանք այնքան նման են իրար. բավական է դիպչես դաշնամուրի ստեղներին, և կախարդական մեղեդիները կհորդեն շուրջդ՝ իբրև Աստվածային ձայնի կոչնակներ: Իսկ եթե քաջություն ունենաս դիպչելու հայ որբուկի հոգու լարերին...
Ո՛չ, չարություն, վրեժ, ոխ, ատելություն չես գտնի այնտեղ: Միայն աղերսանք ու երկյուղ: Մանկություն և ընտանիք ունենալու աղերսանքը և մեր անտարբերության հանդեպ երկյուղը:
Հոգեբանները խորհուրդ են տալիս բոլոր մեծահասակներին, ես՝ բոլոր մեծահարուստներին, որոնց «մեծ» բառը պարտավորեցնում է նաև լինել մեծահոգի, մանկությունը նորից զգալու համար հետևել ավազի հրապարակում խաղացող իրենց երեխաներին, թոռնիկներին: Այդպես խաղաղ ու անվրդով, այդպես կառուցելով ու քանդելով աշխարհը՝ մեծացել են մանուկների անթիվ-անհամար սերունդներ: Ավազի հրապարակը հոգեբանները դիտում են որպես կոլեկտիվ անգիտակցականի մանկական ասպեկտ. այն մեզ վերադարձնում է դեպի մանկություն և ակտիվացնում մեր մեջ մեռած երեխային: Ժամանակակից բժշկության ճյուղերից մեկը՝ ավազաբուժությունը, բնութագրվում է շատ պատկերավոր կերպով՝ երեխան փրկում է մեծին:
Հոգեբանները վերջին ժամանակներս շատ են խոսում «ներքին երեխայի» մասին, խոսքը ոչ թե առանձին մարդկանց մասին է, այլ բոլորի: Մենք բոլորս ենք եղել երեխաներ, և ներքին երեխան մեր մանկական փորձն է, մեր մանկությունը, որը մենք պահպանում ենք մեր հոգում՝ մինչև խոր ծերութուն:
Որբ կամ լքված երեխաները ծնված օրից զգում են սարսափելի ցավոտ մի բան, որ իրենք ընտանիքի մաս չեն կազմում, ձուլված չեն ցեղի հոգուն: Դա նման է անվերջ մերկ զգալու կամ անվերջ մրսելու զգացողության: Եվ քանի որ որբերին ընտանեկան շրջանը հասանելի չէ, նրանք իրենց մեջ ժամանակից շուտ զարգացնում են ներքին իրականություն, անբնական անկախություն՝ հիմնված ոչ թե սրտացավ մեծի, այլ սեփական թույլ ու վեհերոտ դատողությունների և փորձի վրա: Ավերածությունները տեղի են ունենում հենց այդտեղ, հենց այդ պատճառով է ընտանիքը պետք մանկանը: Ամբողջ կյանքում նրանք փնտրում են փոխարինող ընտանեկան կառույցներ, որպեսզի զգան մարդկային ամենաառաջին բնազդներից մեկը՝ ցեղային միության բնազդը: ՈՒ եթե այն կորցրել են մանկության տարիներին, այդպես էլ չեն գտնում:


Երեխայի դոմինանտը ինչ-որ հեռավոր բան չէ, այլ այն, ինչը միշտ գոյություն ունի մեր մեջ: Դա միայն անցյալի հետք չէ, այլ համակարգ, որը գործում է միշտ: ՈՒզում եմ հիշել և հիշեցնել Կլարիսա Պինկոլա Էստեսի խոսքերը. «Էգոյի և հոգու հակասությունների միությունը ծնում է ինչ-որ անասելի թանկ բան՝ հոգևոր երեխային: Այդ հոգևոր երեխան հրաշք-երեխա է, որն օժտված է հեռավոր կանչը, հեռավոր ձայնը լսելու ունակությամբ, որն ասում է. «Վերադառնալու ժամանակն է, վերադարձի՛ր դեպի քեզ»:
Ինչպես երգից հիշվող կրկներգ՝ իմ մտքում հնչում է միայն. «Յո՞ երթաս, հա՛յ ժողովուրդ, ինչի՞ վրա ես դրել քո հույսը, ո՞ւմ վրա»:


Դու կդիմանա՞ս ժամանակների կործանիչ քամիներին, առանց քո ներսում եղած սիրո՝ դու կդիմանա՞ս 72 միլիոնի ատելությանը:
Արթնացի՛ր քնից, շո՛ւրջդ նայիր, վերացրո՛ւ ընչաքաղցությունդ և հիշի՛ր. միշտ էլ, ամեն ակնթարթի էլ՝

Երբ քնում է խիղճը,
Աշխարհի վրա մահն է արթնանում,
Երբ զանգն է լռում,
Սուտը նստում է սև խրախճանքի...
Տեսնում եմ նորից.
Մահը սնկաձև իր խայթն է հանում,
Որ վերջին անգամ գրոհի ընդդեմ լույսի
ու կյանքի:


Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ