Մեծարգո պարոն Կարապետյան
Անկախության անցած 25 տարիները հայ ժողովրդի համար դարձան հաղթանակների, սպասումների ու խոր հիասթափությունների, արտագաղթի տարիներ, հերթը հասել է Ձեր իշխանական ժամանակահատվածին. կարո՞ղ են արդյոք Հայաստանն ու հայ ժողովուրդը վերջապես դուրս գալ տնտեսական ու քաղաքական այս մղձավանջից: Կա երկու տարբերակ.
ա) կարող են, եթե Աստծո կամքով Դուք հատուկ առաքելությամբ եք վերադարձել Հայաստան ու հայրենիք, բ) ոչինչ չի ստացվի, եթե հարմարվեք Հայաստանում ընդունված «յոլա գնալու» քաղաքականությանը: Ապրիորի կարելի է ընդունել, որ, ամեն դեպքում, Դուք Աստծո կամքը կատարող, ազգի հոգսերով մտահոգված գործիչ եք ու Ձեզ ամեն ինչ կհաջողվի, կգնա դեպի լավը, համենայն դեպս այդպես է ցանկանում տեսնել, այդպես է հակված մտածելու մեր քաղաքացիների գերակշիռ մասը, մեր քաղաքացիները Ձեզնից միայն դրական արդյունքներ են սպասում: Աստված մի արասցե` մարդկանց սպասումները չարդարանան, հիասթափությունը խորանա մինչև հուսալքության աստիճանի, ու մարդիկ շարունակեն իրենց փրկությունը գտնել արտագաղթի մեջ: Աստված չանի, դա կլինի դաշույնի հարված հայ ժողովրդի թիկունքին, հետևանքները կլինեն սարսափելի:
Զարմանալի բաներ են կատարվում մեր աշխարհում: Նախկինում ոխերիմ թշնամիներ Թուրքիան ու Ռուսաստանն ընդհանուր թշնամի են գտել ու միասնաբար, ուս ուսի տված պատերազմում են Սիրիայի երկնքում: Ամերիկան փորձում է բարձրացնել իր տնտեսության ՕԳԳ-ն, բարոյական, սոցիալական, գաղափարական ու այլ բնույթի խնդիրներ լուծել՝ օգտագործելով Գորբաչովի «перестройка»-ի հարուստ փորձը: Ամերիկայի նորընտիր նախագահ Թրամփի դիրքորոշումը միանշանակ է` Ամերիկայի ներքին ու արտաքին քաղաքականությունը պետք է հիմնովին փոխել, հեռանալ գլոբալիզացիայի քաղաքականությունից, դեմոկրատիայի արտահանման փոխարեն զբաղվել պրոտեկցիոնիզմով, սահմանափակել ներկրվող ապրանքների ծավալները, զարգացնել սեփական արտադրությունները, միայն ու միայն առաջնորդվել սեփական երկրի ու ժողովրդի ազգային շահերով: Իսկ աշխարհն ու աշխարհի բոլոր պետությունների ազգային շահե՞րը. նրանք կարող են սպասել: Ամերիկայի նորընտիր նախագահի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը կարող է հիմնահատակ փոխել համայն աշխարհում գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական իրավիճակը, բերել անկանխատեսելի հետևանքների, սպասումների և անորոշությունների: Հայաստանը, առանց ժամանակ կորցնելու, պետք է կարողանա կողմնորոշվել, որոշել իր դերն ու տեղը նոր պայմաններում, թարմացվող ու ձևափոխվող աշխարհում ու, առաջին հերթին, մտածել իր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, երկրի տնտեսական ու ռազմական անվտանգությունը ապահովելու մասին: Դրա համար անհրաժեշտ է վերականգնել սեփական ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ, ստեղծել բավարար աշխատատեղեր, արտագաղթը փոխարինել ներգաղթի գործընթացով:
Եթե մի կողմ թողնենք գլոբալ աշխարհի բոլոր պրոբլեմներն ու վերադառնանք մեր խնդիրներին, ապա կարող ենք ընդունել, որ վերջին ժամանակներս ամենազարմանալի դեպքերը տեղի են ունեցել հենց Հայաստանում: Դատեք ինքներդ, 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի պատճառով քանդվեց Հայաստանի արդյունաբերական հյուսիսը, այդ ծանր պահին ողջ աշխարհը կանգնած էր աղետի ենթարկված հայ ժողովրդի կողքին, աշխարհի բոլոր ծայրերից դեպի Հայաստան ուղարկվեցին անշահախնդիր նյութական օգնության այնպիսի ծավալներ (մարդասիրական օգնության մասին չենք խոսում), որ բավարար էր աղետի գոտին կարճ ժամանակում վերականգնելու, երկրի ողջ արդյունաբերությունը արդիականացնելու և Հայաստանի ժամանակակից տնտեսություն կազմակերպելու համար: Չեղավ, չստացվեց, մեր «խելոքները», Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարողացան անամոթաբար թալանել ստացված օգնությունն ու տանել անհայտ ուղղություններով՝ ցույց տալով, որ ախորժակի ցուցանիշներով ոչնչով չեն զիջում կոմունիստական նոմենկլատուրային: Այսօր աղետի գոտին ավելի աղետյալ վիճակում է, քան երեք տասնամյակ առաջ էր՝ երկրաշարժի օրերին:
Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին, այն մութ ու ցուրտ տարիներին, Հայաստանի իշխանությունները թալանի մատնեցին մեր գործարանների ու ֆաբրիկաների ունեցվածքը՝ ոչնչացնելով ու զրոյացնելով երբեմնի հզոր երկրի ունեցած արդյունաբերական պոտենցիալը: Օր ու գիշեր մեր գործարանների ու ֆաբրիկաների արտադրական միջոցները շան մսի գնով վաճառվեցին հարևան երկրներին` պատերազմող երկրի տնտեսությունը կանգնեցնելով դաժան փաստի առաջ. չկան արտադրության միջոցներ, չեն լինի նաև աշխատող, արտադրանք տվող գործարաններ, չեն լինի աշխատատեղեր ու ապրուստի միջոցներ, ինչի հավաքական արդյունքը կարող էր լինել միայն մի բան` մարդկանց արտագաղթը (հիմնականում աշխատունակ ու մասնագետ մարդկանց) և շարունակվող սպիտակ եղեռնը:
Անկախության տարիներին Հայաստանի բնակչությունը նվազեց մոտ երկու անգամ: ՀՀ առաջին նախագահը հասցրեց հեղինակել նաև ընտրակեղծիքների գործը, որը պետական կառավարման համակարգը զրկեց հետադարձ կապերից ու ինքնակարգավորման բոլոր հնարավորություններից: Սրանք կարող ենք համարել հանրապետության առաջին նախագահի «օգուտների» միայն մի համեստ մասը, որը նա հասցրեց պատերազմող Հայաստանին ու հայ ժողովրդին:
Հանրապետության երկրորդ նախագահն ավելի հեռուն գնաց՝ պետական մակարդակով գործի դնելով ընտրակաշառքների գործոնը, կոռուպցիան դարձնելով երկրի ներքին կյանքը կարգավորող միակ աշխատող մեխանիզմը: Եթե աշխարհի տարբեր երկրներում մերթ ընդ մերթ խոսվում է կոռուպցիայի առանձին դրսևորումների մասին, ապա Հայաստանում այն հղկվեց, զարգացավ ու վերածվեց իսկական համաճարակի: Կոռուպցիոն գործարքների ու ատկատային տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում մսխվեցին միջազգային վարկերը, որոնց արդյունքում հայ ժողովրդի վզին դրվեց 6-միլիարդանոց արտաքին պարտքի լուծը:
Այսօր մեր իշխանությունները փորձում են նոր ներդրումներ բերել Հայաստան, որ, եթե հավատալու լինենք իրենց խոսքերին, կարողանան զարգացնել տնտեսությունը, երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, բայց չի ստացվում, չի էլ ստացվի, որովհետև մեր կոռումպացված երկրի գործարար միջավայրը նմանվել է մի ականապատ դաշտի, որտեղ ներդրողների ոտք դնելն անգամ վտանգավոր է. ոչ ոք չի ցանկանա վտանգել ոչ իր կյանքը, ոչ էլ իր բարի անունն ու ունեցած բիզնեսը:
Ապրիլի 2-ին սպասվող ընտրությունները հայ ժողովրդին դրել են հերթական կարևոր ընտրության առաջ. ի՞նչ անել, վերցնե՞լ 5-10-հազարանոց ընտրակաշառքն ու շարունակել ապրել այնպես, ինչպես ապրել ենք 25 տարի շարունակ, թե՞ կամք դրսևորել ու իրավիճակ փոխել՝ մոռանալ թալանի մասին (մեր մեջ ասած` թալանելու բան էլ չի մնացել), 180 աստիճանով շրջվել ու բռնել զարգացման նորմալ ուղին:
ՀՀ իշխանություններն ու, առաջին հերթին, ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը այս վճռորոշ պահին պետք է փորձեն մի քանի պարտադրված քայլ կատարել: ՈՒզեք, թե չուզեք, պետք է գտնեք ու, երկրի տնտեսության մեջ ներքին ներդրումներ կազմակերպելու համար, հետ բերեք Սպիտակի երկրաշարժի օգնության հաշվին ստացած բազմամիլիարդանոց գումարները: ՈՒզեք, թե չուզեք, պետք է գտնեք ու, երկրի տնտեսության մեջ ներքին ներդրումներ կազմակերպելու համար, հետ բերեք Հայաստանի գործարանների գույքի վաճառքից ստացված բազմամիլիարդանոց գումարները: ՈՒզեք, թե չուզեք, պետք է գտնեք ու, երկրի տնտեսության մեջ ներքին ներդրումներ կազմակերպելու համար, հետ բերեք միջազգային վարկերից գողացած բազմամիլիարդանոց գումարները: Այդ գումարները ի մի բերելուց հետո կտեսնեք, որ արտաքին ներդրումների կարիքն ընդհանրապես չունենք, կկարողանանք փակել նաև արտաքին պարտքը: Միայն այդ գումարները հետ բերելուց հետո է, որ Դուք բարոյական իրավունք կունենաք տարբեր դատողություններ անելու Հայաստանի տնտեսության զարգացման և մոտալուտ հաջողությունների ու հաղթանակների մասին:
Շատ կարևոր է, որ տրվի նաև անցած 25 տարիներին երկրի ղեկին կանգնած գործիչների կատարածի քաղաքական գնահատականը, պարզվի, թե ինչով էին զբաղված մեր պանծալի կուսակցություններն ու կուսակցապետերը, ինչո՞վ էին զբաղված մեր պանծալի իրավապահները, դատախազներն ու դատավորները, երբ օրը ցերեկով պատերազմող իրենց երկիրն էր թալանվում: Եթե այս ամենը չի արվում, թաքցվում կամ պաշտպանության տակ է առնվում, ապա ժողովրդական խոսքը այսպիսի հոռետեսություն է ցուցաբերում. ոչինչ չի ստացվի նաև այս ընտրություններից հետո, որովհետև բոլորն էլ մի «քոլի բիբար» են:
Այսօր մեր երկրին պետք են աշխատող գործարաններ, ֆաբրիկաներ ու անչափ շատ աշխատատեղեր: Եթե նման խնդիրը դառնա Ձեր աշխատանքային օրակարգի անկյունաքարը, ապա իմ թիմը կդառնա ձեր հավատարիմ գործընկերը՝ սեղանին դնելով մեր մշակած հելիոֆիկացիայի ազգային ծրագիրը, որը ի սկզբանե նախատեսված է եղել Հայաստանի տնտեսության համար՝ որպես երկրաստեղծ հակաճգնաժամային ծրագիր: Դա աշխատող ծրագիր է, որի հիմնական դրույթները հրապարակվել են «Իրատեսի» դեկտեմբերյան համարներում, բացի այդ, ծրագիրը ամբողջությամբ ներկայացվել է ՀՀ պրոֆիլային նախարարություններին, արձագանքները հուսադրող են, ծրագիրը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ: Սրանք հաճելի նորություններ են մեզ համար, որովհետև նախկինում արևային ծրագրերը մեր իշխանությունները, կարելի է ասել, դասել են արգելված թեմաների շարքին: Հայտնի է ՀՀ էներգետիկայի նախարարության հետևյալ պաշտոնական տեսակետը. արևի էներգիայի ստացումը Հայաստանի համար վաղաժամկետ է: Հիմա դրությունը արմատապես փոխվել է. ՀՀ էներգետիկայի երիտասարդ ու շնորհալի փոխնախարար Հայկ Հարությունյանի երկարատև ու համառ պայքարից հետո վերջապես հաջողվեց սկզբունքային ու նպաստավոր լուծումներ տալ Հայաստանում արևի էներգիայի օգտագործման խնդրին՝ տարիֆային ու լիցենզիոն կարգավորող մեխանիզմներ մտցնելու միջոցով:
Արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների ոլորտը կարող է լուրջ հաջողությունների հասցնել Հայաստանի ողջ տնտեսությունը, բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը: Դրանց գիտական հիմնավորումը տվել է ականավոր գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին: Դա ոչ թե մի հերթական ոլորտ է, որը արժեր զարգացնել մեր երկրում, այլ, վստահորեն կարող եմ պնդել, այն միակ ոլորտն է, որի զարգացումը թույլ կտա լուծել Հայաստանի բոլոր հրատապ խնդիրները: Կարող ենք թվարկել դրանց մի մասը. Սպիտակի աղետի գոտու վերականգնում, Հայաստանում 800 հազար աշխատատեղերի ստեղծում, Հայաստանի ու Ղարաբաղի համար հայկական հինգ ԱԷԿ-ին համարժեք գերէժան էներգիայի ստացում, Հայաստան-Ռուսաստան գիտատեխնիկական լայն համագործակցության հաստատում, Հայաստան-Ռուսաստան-Իրան համատեղ աշխատանքներ՝ վերամշակող արդյունաբերության բնագավառում, լայն համագործակցություն՝ Հայաստան-Ամերիկա, Հայաստան-սփյուռքի երկրներ սխեմաներով, երկրի էկոլոգիական խնդիրների լուծում և էկոտուրիզմի զարգացում, նույնիսկ կոռուպցիայի երևույթի վերացում: Վերջինս ունի իր հասարակ հիմնավորումը, որը ոչ մի ընդհանրություն չունի կոռուպցիայի դեմ մղվող պայքարի հանրահայտ մեթոդների հետ, երբ ֆինանսական միջոցներ են տրամադրվում (ատկատները հաշվի առնելով), ստեղծվում են հակակոռուպցիոն հանձնաժողովներ, որտեղ անմիջապես սկսում են աշխատել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Կոռուպցիայի դեմ պայքարը լավագույն ձևով կարող է գործել, եթե մարդկանց մեջ վերանա կոռուպցիոն գումարների պահանջարկը: Դա հնարավոր կլինի մի դեպքում, երբ բոլոր քաղաքացիները ապահովված լինեն բարձր վճարվող աշխատանքով: Մեր արևային ծրագիրը թույլ կտա հիմնովին լուծել նաև Հայաստանի էկոլոգիական խնդիրները: Դա էլ ունի իր բացատրությունը:
Հայաստանն այսօր ստիպված է զարգացնել իր լեռնահանքային արդյունաբերությունը՝ կամաց-կամաց դուրս տալով երկրի ընդերքի հարստությունը, որովհետև արտասահմանյան ներդրողներին հետաքրքրում է միայն այդ ոլորտը։ Ինչո՞ւ: Որովհետև միայն Հայաստանի նման երկրների լեռնահանքային արդյունաբերության մեջ է հնարավոր օգտագործել էժան ու վտանգավոր տեխնոլոգիաները (էժան են, որովհետև թունավոր ու վտանգավոր են)՝ բնությանը որպես հիշատակ թողնելով թունավոր պոչամբարներն ու իրենցից լուրջ վտանգ ներկայացնող այլ թափոնակույտերը: Դրանց պատճառով է, որ Ալավերդի քաղաքում յուրաքանչյուր երրորդ երեխան ծնվում է բնական արատներով: Եթե Հայաստանում ստեղծվեն բավարար թվով ու բարձր աշխատավարձերով աշխատատեղեր, ապա լեռնահանքային արդյունաբերության մեջ աշխատելու ցանկություն ունեցողների թիվը կտրուկ կնվազի, արդյունահանողները ստիպված կլինեն կիրառել միայն էկոլոգիապես մաքուր ու անչափ թանկ տեխնոլոգիաներ՝ բարձր աշխատավարձեր նախատեսելով վնասակար արտադրություններում աշխատողների համար: Հայաստանի տնտեսության զարգացման «արևային» ոլորտն ընտրելիս մենք հաշվի ենք առել համաշխարհային տնտեսության զարգացման առանձնահատկությունները, որտեղ առաջնությունը տրվում է ոչ թե նոր արտադրությունների կազմակերպմանը, այլ նոր տեխնոլոգիաների ստեղծմանը: Եթե հետևենք գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ապա կարող ենք հիշել, որ դրանք սկսվել են քարի դարից, հետո եկել են բրոնզի դարը, պղնձի դարը, երկաթի դարը, շոգու դարը, մեքենաշինության դարը, էլեկտրականության դարը, նավթի ու գազի դարը, ատոմային էներգետիկայի, տիեզերագնացության, էլեկտրոնիկայի, ռոբոտների, տեղեկատվական տեխնոլոգիաների ու այլ դարերը, բայց վերջնականը լինելու է արևի ու արևային տեխնոլոգիաների դարը, զարգացման բոլոր ճանապարհները տանում են դեպի արևը, դեպի արևային կանաչ տեխնոլոգիաները:
Այս պարզ իրողությունը դրված է Հերունու «Արև», ապա և իմ մշակած հելիոֆիկացիայի ծրագրի հիմքում: Արևային էներգետիկան արևային տեխնոլոգիաների աննշան բաղադրիչն է միայն, այսբերգի գագաթը: Արևային այսբերգի հիմնական զանգվածը գտնվում է արևային կանաչ տեխնոլոգիաների մեջ, որը և մենք վաղուց պատրաստ ենք զարգացնելու Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում և լուրջ հաջողությունների հասնելու գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, էկոլոգիայի և բոլոր հարակից ոլորտներում՝ բաց, թե փակ: Մենք պատրաստ ենք աշխատելու և մեր հայրենիքը դուրս բերելու այս տնտեսական ճգնաժամից, եթե ՀՀ իշխանությունները նման խնդիրներ դնեն ու վերջ տան մեր գործերին խանգարելու պրակտիկային:
Իմ պարտքն եմ համարում կարծիք հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանում վարվող գիշատչային տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Ոմանք համոզված են, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ստրատեգիական օբյեկտների գրավումը՝ համակցված ուժերի կիրառման միջոցով (փող՝ գումարած քաղաքական ու ռազմական ճնշումներ, այդ թվում` Ապրիլյան պատերազմի հրահրում, Ավետիսյանների ընտանիքի դեպքը կամ թուրքական գործոնի ակտիվացումը) կամ ռուսերենով՝ «рейдерский захват стратегических объектов Армении» («Գույք՝ պարտքի դիմաց» սկզբունքը բերեց նրան, որ Հայաստանի ստրատեգիական կարևոր օբյեկտների մեծ մասը, չնչին գումարներով, դարձավ Ռուսաստանի սեփականությունը): Ռուսաստանը չէր կարող այլ կերպ կամ հետխորհրդային հանրապետությունների նման վարվել, որովհետև Ռուսաստանը տեսավ Հայաստանի իշխանավորների իրական դեմքը: Անամոթաբար վաճառելով սեփական երկրի ողջ ունեցվածքը, բացառված չէ, որ մի օր էլ կարող են վաճառքի հանել իրենց երկիրն ու վտանգել տարածաշրջանում ստրատեգիական կարևոր գործընկերոջ շահերը: Սեփական երկրի ստրատեգիական շահերը պաշտպանելու և գործընկերոջ դավաճանական քայլերից ապահովագրվելու համար Ռուսաստանը կարող էր գնալ նման գործողությունների։ Քայլ, որը կարող ենք կոչել իր անունով՝ «рейдерский захват»: Ռուսաստանը երբեք ու ոչ մի պարագայում չի ցանկանա իր ձեռքից բաց թողնել Հայաստանի նման կարևոր օբյեկտը: Եթե հայ իշխանավորը կարող է վաճառել իր երկրի ազգային շահերը՝ միջազգային սուբյեկտից վերածվելով միջազգային օբյեկտի, ապա Ռուսաստանը կարող է գնել Հայաստանի նման կարևոր ստրատեգիական օբյեկտը. ուզողի մի երեսն է սև, տվողի՝ երկուսը:
Հաշվի առնելով Ռուսաստանի վարչապետի հետ հունվարի 24-ի Ձեր հանդիպման արդյունքները, կարծում եմ` պետք է նախաձեռնել ու մշակել Հայաստանի տնտեսության զարգացման նոր հայեցակարգը, որը կարող է ունենալ մի քանի բաղադրիչ.
ա) արտաքին քաղաքականության մաս՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի գործոնները և աշխարհակարգի սպասվող շրջադարձային փոփոխությունները,
բ) ներքին քաղաքականության մաս, որտեղ տեղ չեն գտնի կոռուպցիայի ու կաշառակերության երևույթները, հատկապես ընտրական ու դատաիրավական համակարգերում,
գ) տնտեսական երկարաժամկետ ու հստակ գործող քաղաքականություն,
դ) ժամանակակից տեխնիկական քաղաքականություն, որը մեր արտադրական ոլորտները կապահովի մրցակցային առավելություններով, որոնց հիման վրա հնարավոր կլինի ստեղծել տնտեսության զարգացման դինամիկ ու երկարաժամկետ հակաճգնաժամային ծրագրեր: ՀՀ կառավարությունը առայժմ չունի երկրի տնտեսության զարգացման իր ազգային ծրագիրը, պետք է ունենա, բայց չունի: Չկա որևիցե վստահելի տնտեսական քաղաքականություն, ամեն ինչ դարձյալ տրված է բախտի քմահաճույքին, մինչև ե՞րբ: Մենք մի լավ ելք ենք տեսնում. պետք է աշխատել ու աշխատել ազգովին, Դուք, որպես ժողովրդի վստահությունը դեռևս վայելող վարչապետ, պետք է հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպեք հասարակության բոլոր շերտերի հետ, նրանց տված խորհուրդներն ավելի կենդանի ու գործնական են լինում, քան չինովնիկներինը, իմ կյանքի փորձն է այդ մասին հուշում:
Հարգանքով՝
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ