Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հավատա՞լ վարչապետին, թե՞ սպասել երկնային մանանայի (ի նվիրում վարչապետի տոկուն կամքի)

Հավատա՞լ վարչապետին,  թե՞ սպասել երկնային մանանայի (ի նվիրում վարչապետի տոկուն կամքի)
20.01.2017 | 12:48

ՆԱԽԵՐԳԱՆՔ-ՑՈՒԳՑՎԱՆԳ


Հայկական բնաշխարհում ցուգցվանգային ձմեռն է ծնրադրել: Արագած լեռան գագաթի եռագույն դրոշն ու Կառավարական տան ժամացույցը նույն ջերմաստիճանն են ցույց տալիս:
Մի խոսքով, ձյունեղ մառախուղն իր սարսռուն տիրակալությունն է հաստատել Արարատյան դաշտում: Գուցե այստեղ բնաքաղաքական մի խորհո՞ւրդ կա: Գուցե սա փորձությո՞ւն է իշխանության համար, որ ջերմեռանդ մի բույն է հյուսել և սպասում է ջերմ հոսանքների: Ինչո՞ւ են հարավային, մերձարևադարձային, ի վերջո՝ մի քիչ էլ ջերմոցային քամիները այսքան թույլ և ծույլիկ, հասնում են Արարատյան սառնաշաքարի պես անուշ եզերքի սահմանները և ամոթխած հետ են քաշվում:

Ծանր է, անշուշտ, բեռը կառավարության, վարչապետը այսօր շատ նման է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև խոյացած զորավար Անդրանիկի հուշարձանին, զորավոր այս այրը՝ փառապանծ Անդրանիկը, հեծել է երկու նժույգներին, սանձել է նրանց և սրամերկ արշավում է դեպի Մասիս, Արդահան և Մուշ: Կարեն Կարապետյանի մի նժույգը խորհրդանշում է հանրապետության տնտեսության ծաղկունքը, մյուսը՝ հանրապետական կուսակցության նոր ոգին: Ցանկանք նրան անդավաճան և քառատրոփ նժույգներ: Բա՜յց...

ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ


Լավ ու շեն օր էր հունվարի 12-ը: Վարչապետը նավարկության իջեցրեց իր երազանքի առագաստանավը՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը», և տնօրեն նշանակեց իրենից ոչ պակաս ժպտադեմ, տակավին երիտասարդ մի նավաստու, իր խորհրդական Ալեքսին՝ Խաչատրյան: Վարչապետը երազկոտ էր և խիստ ուրախ, և իր ոգևորությունը հայտնեց երկրին ու մեզ. «Այսօր շատ լավ օր է...»: Պետք է հուսալ, որ սկսվում է խաչակրաց մի մրրկաբեր արշավանք դեպի գանձագողերի ամորձատում, ամորձատված տնտեսության վերակենդանացում, ազգային մշակույթի ծաղկում-բարգավաճում և այսպես շարունակ: Ինչևէ, նշանավոր այդ նիստում ծանրակշիռ կերպով ազդարարվեց, որ վերջապես լուծարվել է «Երկաթուղու շինարարության տնօրինության ընկերությունը», որը լույս աշխարհ էր եկել 2009-ին և պետք է դառնար պետականության կազմավորման կյանքի ճանապարհ, ազատագրելով հանրապետությունը միակողմանի տնտեսաքաղաքական բիրտ կախումներից, լուսարձակելով մեր ուղին դեպի արևելք, դեպի հարևան-դաշնակից Իրան: Այս քրեաքաղաքական ամրոցում անհետացել է 27 մլն դոլար, մեր սնանկ երկրի համար մի ահռելի գումար: Անհետացել է, հօդս է ցնդել, և ոչ ոք այս լրբենի գանձագողության համար զնդան չի նետվել:


Ինչպիսի՜ դժվարին, բայց և այնպես հերոսական օրեր են սպասում հարգարժան բարեփոխիչին, որը նաև իշխող կուսակցության նոր ոգու թալիսմանն է, սակայն ում չորս կողմից դավում են, տեղին-անտեղի հարվածում են, քինոտ քմծիծաղում են, բայց և այնպես սպասում են, որ 14-րդ վարչապետի խոստումներն իրականանան:
Համաշխարհային բանկի փորձագետները վաղուց ապացուցել են, որ Հայաստանի տնտեսությունն ամենամենաշնորհվածն է Արևելյան Եվրոպայում: Այս պանծալի արդյունքը նշանավորվում է մի այլ ցնծությամբ, հանրապետությունում, գերմանացիների օժանդակությամբ, գործում են գթության խոհանոցներ, որոնք տաք ճաշ են նվիրաբերում ՀՀ քաղաքացիներին, հասկանալի է, նրանց, ովքեր ամիսներով տաք ապուրը տեսնում են սև-սպիտակ երազում: (Անկասկած, հեռու չէ ժամանակը, երբ հենց օլիգարխիան և վարչաբյուրոկրատական վերնակույտի անդամները մեկ առ մեկ կդառնան գթության խոհանոցների ամենօրյա այցելուներ: Ճիշտ կլինի, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» նախատեսի, ասենք, հազար գթառատ խոհանոցի հիմնադրում: Ճաշացանկը, ինչ խոսք, կհաստատի ժողովուրդը: Ամեն:)

Դուք, արգո Կարեն, մեծարգո Կարապետյան, արիական վեհանձնությամբ հաստատում եք, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Ձեզ հայտնի՞ է ARMOIL ընկերության պատմությունը: Հուզիչ և ուսանելի պատմություն է, ունկնդրեք: Ընկերությունը արտասահմանյան է, տնօրենը հարգարժան Ալֆրեդ Աբեդին է: Բավականին հմտավարժ գործարար է այս պարոնը: 2013-ից է մուտքագրվել հայկական գերբարյացակամ շուկա: Հա, չմոռանամ նշել, որ ARMOIL-ը ավտոյուղերի արտադրություն ունի Իրանում և Դուբայում: Այսինքն՝ ծանրաքաշ ընկերություն է, ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 2016-ին զբաղեցրել է 58-րդ պատվավոր նիշը: Սակայն, հավանաբար, տիար Ալֆրեդի մուծած գումարները ՀՀ ՊԵԿ-ին անցանկալի իրանադուբայական ավտոյուղի անհարազատ հոտ են արձակել (չէ՞ որ փողը հոտ ունի, երբեմն բուրում է, երբեմն էլ գարշահոտում), և նրան յոթ ամիս առաջ ուղղակի հրմշտել-քշել են հայոց ոչ միայն գերբարյացակամ, այլև գերազատական, նաև արտաքին ներդրումների ներգրավման համար օրումեջ ուշաթափվող շուկայից: Բայց ունկնդրենք Ալֆրեդ Աբեդիին. «Մենք երեք ամիս առաջ կառավարությանը ներկայացրինք նախագիծ այն մասին, որ Մեղրիում կարող ենք վերամշակել դիզվառելիքը՝ ստանալով բարձր որակի դիզվառելիք: Ոչ մի արձագանք դեռևս չենք ստացել: Յուղի ներկրումը ևս դադարեցվել է, որովհետև շահավետ չէ, երաշխիքներ չկան, շուկայում խնդիրներ կան: Շուկան պետք է վերահսկվի, վտանգավոր յուղեր են վաճառվում Հայաստանում»:
Սխալվեցիք, սա միայն վարչապետի գործը չէ: Կան անհամար պատկան կառույցներ, նախարարություն, ՏՄՊՊՀ, ԱԱԾ և այլն, որոնք պետք է որ զբաղվեն խնդրով և զբաղվեն կատաղի եռանդով: Եվ զեկուցեն վարչապետին:

Աշխարհագրություն առարկայից չեմ փայլել, սակայն չեմ էլ կասկածում, որ Մեղրին Սյունիքի մարզում է: Եվ որ այս մարզում 25 տարի հակապետականություն սերմանող Լիսկային անկյուն քշեց հենց այսօրվա վարչապետը:

ԹԱԿԱՐԴ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Տարիներ առաջ բարկացայտ, բայց և այնպես քնարանվագ պոետ Բագրատը՝ Ալեքյան, մի տեսիլք է պատկերել յուր «Տեսիլք» ստիխում.
Անտես փլուզվող խոտերի միջից՝
Մունջ, արարչագեղ
հոգեդարձումով
Մի թռչուն սուրաց խավարաշրջիկ
Գոյն իր ոչնչից հնարավորող:

Ընդդիմադիր դաշտում հայտավորված պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրանը՝ Օհանյան, մի ուշագրավ միտք մատուցեց հանրությանը, գուցե նաև պետությանը, անշուշտ, նաև իշխող ուժին. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից...»: Ոսկի խոսքեր են, որ հնչել են արծաթյա տավիղի ոսկեարծաթ նվագակցության ներքո: Կեցցե՛ս: Սակայն այսօր զորաբանակի մարտական հրամանատարիդ վայել անձնվիրությամբ կազմաքանդիր սեփական թակարդդ, վաճառիր և հայոց բանակին նվիրաբերիր «Վահագնի» բարձրխավային թաղամասի ճիշտ կենտրոնում անհայտ ընկերոջդ նվիրական նվիրաբերմամբ կառուցված դղյակը ու դարձիր տնտեսության և երկրի հակաթակարդիչ:


Բավականին խոստումնալից-խորհրդավոր էր արգո Գագիկի՝ Ծառուկյան, վերադարձի ավետիսի այս երկտողը. «Մենք պետք է ձևավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձևավորենք անհրաժեշտ պայմաններ տնտեսության համար»: Ցնծում եմ և երկու ձայնս (իրական և ներքին) նվիրաբերում գլխավորածդ դաշինքին: Սակայն մի վերապահում ունեմ, ժամանակը չէ՞, որ տնտեսության համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու գերբաղձալի երազանքը Ձեր իրականացնեք՝ մեկընդմիշտ հրաժարվելով գազի ներկրման մենաշնորհից, այսինքն՝ պետական-համաժողովրդական սեփականության ծանրակշիռ հատվածը ազգայնացնեք: (Ներքին ձայնս ինձ նոր հուշեց, որ այդպես էլ լինելու է):

Խմբիշխանության պինդ լարած թակարդները քանդելու ընդդիմության ջանքերը ջորու նման անպտղաբեր են: Այս պահին խմբիշխանությունը, համոզված եմ, կարող է անխռով խրախճանալ, զի ընդդիմադիր դաշինքներն ու դաշնագրերը իրենց վարքով, բարքով և գործերով այս կամ այն կերպ ճարպագնդեր են մատակարարում իշխանական բազում-անթիվ թակարդներին:

Կա, այո՛, թակարդ մշակույթի, գիտության և արվեստի համար, կան տնտեսական, քրեաքաղաքական, աղանդավորական, ԼԳՏԲ-ական, ի վերջո՝ իշխանալկտիական թակարդներ: Սակայն դաշինքների նորօրյա և սնկածնունդ-սնկահասակ դաշնագրերի նախընտրական-հակահանրապետական հռչակագրերն ընդամենը և պարզապես շահկատակային շահարկումներ են: Տիկնայք և տիարք ընդդիմադիրներ, ուշի ուշով լսեք առաջարկս, քննարկեք այն ձեր հայտնի-անհայտ, նաև հյուսիսային ու հարավային ստնտուների հետ և դաշնագրվեք վարչապետի նախաձեռնած բարեփոխումներին, սաստեք նրան, եթե հարկ է, բայց սատարեք հոգով, մտքով և գործերով (անկեղծ ասած, ներքին ձայնս ընդդիմության դաշտում կապանքվում, ինձ ոչինչ էլ չի հուշում: Այնպես որ, տիկնայք և տիարք ընդդիմադիրներ, ունկնդրեք ուշի ուշով ձեր սեփական ներքին ձայնին): Չեք փոշմանի, հավատացեք:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Դասականներին լսել է պետք: Առավել ևս պետք է ծնրադրել քաղդասականների ժառանգության առաջ: 2016-ին քաղդասական Գալուստ Սահակյանը արտաբերեց 2 քաղիմաստություն: Նախ՝ երկրի կառավարության խնդիրը ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը չէ: Եվ հետո՝ 3-րդ հանրապետությունը 4-րդ գաղութապետության չվերածվելու համար 2 խնդիր պետք է լուծի 14-րդ վարչապետը. նախ՝ ազգայնացնի հանրապետության տնտեսությունը, միաժամանակ կազմաքանդելով քրեաքաղաքական (այն է՝ օլիգարխիկ-իշխանական) համակարգը: Կասկած չունեմ, սա է նրա նպատակը: Սակայն ո՞րն է հենարանը: Հենարանը հանրությունն է, ես եմ, դուք եք, ընթերցողներ, իմ պատվարժան հենարանը, ի վերջո, մեր պատմության պատվիրանն է:
Առակներն այս զինչե՞ր ցուցանեցին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ