Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ճանապարհային քարտեզ «ընդդիմության» համար

Ճանապարհային քարտեզ «ընդդիմության» համար
08.07.2016 | 00:42

Խորհրդարանում վերջին շրջանի ներքաղաքական հիթը, անկասկած, միջընդդիմադիր հարաբերությունների ճշտումն էր։ ՈՒ դա նույնպես լրացուցիչ անգամ ցույց տվեց, որ երկիրը, գուցե և աննկատ, թևակոխել է նախընտրական զարգացումների ամենակարևոր հատվածներից մեկը. քաղաքական դաշտում արդեն հասկացել են, որ Բաղրամյան 26-ի և նախագահամերձ շրջապատի ընտրական պրոցեսի «ճարտարապետները» փորձում են գծել ապագա խորհրդարանի սխեման, կառուցվածքը, կազմը և, իհարկե, նպատակին հասնելու եղանակները։


Իհարկե, խորհրդարանային արտաքին ագրեսիայի դրսևորումներից ելնելով՝ առաջին հայացքից թվում է, թե այժմ առավել նյարդային է քաղաքական դաշտի ոչիշխանամետ հատվածը, ընդ որում, հատկանշական է, որ խորհրդարանական նիստերում ընդդիմադիրների ելույթներն առավելապես ուղղված են միմյանց դեմ։ Սակայն նույն վիճակը, եթե չասենք է՛լ ավելի բարդ, իշխանական դաշտում է, թեև հռետորաբանական մակարդակում դա չի նշմարվում և ավելի շատ քաղաքական բնույթ է կրում։


Ապագա քաղաքական ներկապնակը` նրա իշխանական ընդդիմադիր և նույնիսկ մասամբ քաղաքացիական հասարակական հատվածն ուրվագծողներն արդեն ամբողջ թափով լծված են գործի: Մի կողմից, իշխանական դաշտն են ցանկանում քիչ թե շատ վերջնական տեսքի բերել՝ հաշվի առնելով այն բոլոր «նորարարությունները» և ցանկությունները, որոնք նշմարվել ու ակնարկվել էին դեռևս ՀՀ նախագահի փետրվարյան հայտնի ելույթում, մյուս կողմից, միաժամանակ գծագրում են, թե ով պետք է ընդդիմությունից ներկայացված լինի ապագա Ազգային ժողովում, որպեսզի ոչ միայն իշխանության համար հարմարավետ լինի այդ ընդդիմության հետ առաջիկա մի քանի տարիներն անցկացնել նույն օրենսդիր աշխատանքում, որպեսզի հնարավորինս բավարարեն բոլոր աշխարհաքաղաքական բևեռների ախորժակը` նախ և առաջ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մասամբ Եվրամիության ու Իրանի որոշակի շահերը։


Եվ այսպես, իշխանական քաղտեխնոլոգներն ու գործընթացի ճարտարապետներն այսօր ունեն երկու հիմնական խնդիր. մի կողմից՝ փորձել իշխանական այնպիսի քարտեզ գծել, կոնգլոմերատ ձևավորել, որը կապահովի առաջիկա տարիներին իշխանական վերնախավի կայուն քաղաքական և տնտեսական շահերի սպասարկումը։ Ընդ որում՝ իշխանական այդ նորացված և թարմացված կամ, ավելի շուտ, յուրահատուկ տյունինգ արված համակարգը պետք է հնարավորինս հարմարեցված լինի այսօրվա և վաղվա ներքին ու, ամենակարևորը, արտաքին մարտահրավերներին: Մյուս կողմից, քանի որ խորհրդարանը, հասկանալի պատճառներով, առանց ընդդիմության ընկալելի չի լինի թե՛ դրսում, թե՛ ներսում, ապա խնդիր է դրված գոնե հնարավորինս կառավարելի ընդդիմություն կամ այդ կարգավիճակում «աշխատող» քաղաքական և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ուժեր անցկացնել ապագա Ազգային ժողով։ Ի դեպ, ապագա խորհրդարանական ընդդիմության ներկապնակը համալրելու առումով գործընթացի ղեկավարները մեկ ուրիշ խնդիր էլ ունեն. եթե որևէ ոչիշխանական ուժ ամբողջովին կառավարելի չէ, հաշվարկել՝ որն է չարյաց փոքրագույնը: Այսինքն, ինչ անել այդ ուժի հետ` բերել խորհրդարա՞ն, թե՞, այնուամենայնիվ, թողնելով հրապարակներում և փողոցներում՝ դրանով իսկ ուժեղացնել այսօր դրսում գտնվող, դեռևս թույլ, բայց արմատականորեն տրամադրված ոչ համակարգային ընդդիմությանը։
Եթե իշխանության մեջ աստիճանաբար ավելի ցայտուն նշմարվում են սերնդափոխություն և նոր թիմ ձևավորելու փորձ, ապա ընդդիմադիր դաշտում վառ արտահայտվող նյարդային վիճակը պայմանավորված է նրանով, որ բոլորը փորձում են իրենց տեղը գտնել քաղաքական նոր՝ խորհրդարանական համակարգում։ ՈՒ քանի որ այդ գործընթացը մեկնարկել է, բոլորը փորձում են ինքնադրսևորվել։ Ոչիշխանական որոշ ուժեր, որոնք իրենց համարում են ընդդիմություն, գնում են, իրենց կարծիքով, բավականին պրագմատիկ ճանապարհով՝ պայմանավորվելով իշխանության հետ։ Իսկ իշխանությունը, որպես պարտադիր պայման և առաջին քայլ, նրանց առջև խնդիր է դրել հնարավորինս լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները։ Ըստ էության, դրա արտացոլումը եղան 4+4+4 հայտնի ձևաչափով բանակցությունները, որոնց ՀՀԿ-ի հետ մասնակցեցին ոչիշխանական ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդ» վերանվանված ՕԵԿ-ը։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե քաղաքական ուժերը ստորագրում են այդ փաստաթուղթը և դա համարում են «պատմական իրադարձություն», ըստ էության, ամրագրում են, որ նոր ընտրական օրենսգիրքը հնարավորինս կոնսենսուսային է, հնարավորինս արդյունավետ, քանի որ, ինչպես նույն ոչիշխանական ուժերն են ասում, օրենքի շրջանակներում կարողացել են փակել փաստացի բոլոր սողանցքերը։ Այսպիսով, փաստորեն, ընդդիմության առջև էապես փակվում է հետագայում մանևրելու հնարավորությունը։ Եթե ապագայում ընդդիմությունը որոշի բողոքել, նրանց միշտ հիշեցվելու է, որ դա հենց նրանց անարդյունավետ աշխատելու խնդիրն է, քանի որ ժամանակին իշխանությունը գրեթե 100 տոկոսով ընդառաջ էր գնացել, և պարզապես ոչիշխանական ուժերը չեն կարողացել օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից։


Ակնհայտ է, որ ոչիշխանական ուժերը փորձում են ինքնադրսևորվել, ու քանի որ դա բացահայտ է արվում, և հասարակության մեծածավալ բողոքական զանգվածի համար գաղտնիք չէ, թե ով ով է, և լուրջ վստահություն չկա ավանդական խորհրդարանական ոչիշխանական ուժերի նկատմամբ, նոր ընդդիմադիր կոչեցյալները բավականին լուրջ խնդիր ունեն՝ չասոցացվել գրպանային իմիջ ունեցող ընդդիմության հետ։ Իրավիճակն այնպիսին է, որ նոր ընդդիմությունը, դեռ չծնված, վարկաբեկված է։ Դրանով է պայմանավորված, հավանաբար, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ուժով կանգնած է երկընտրանքի առջև՝ կա՛մ ինքն էլ պետք է մյուս ոչիշխանական ուժերի հետ մասնակցեր իշխանության հետ բոլոր գործարքներին և ի սկզբանե գցեր իր վարկանիշը, կա՛մ պետք է փորձեր կարմիր գիծ քաշել իր և ընդդիմադիր մյուս ուժերի միջև և կտրուկ հայտարարություններով սահմանազատվեր նրանցից։ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հաշվարկելով, որ ամենաքիչ վնասը ստանում է երկրորդ տարբերակից, բավականին կտրուկ հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանին ընդամենը մեկ ընդդիմություն է պետք, և այդ միակ ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Բնական է, որ դա ոչիշխանական մյուս ուժերի սրտով չէր, ու դրանով էին պայմանավորված ոչխորհրդարանական բառապաշարով ելույթները միմյանց դեմ։ Շատ խաղաքարտեր այս ելույթներում բացվեցին։ Պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը ռիսկի է գնում, քանի որ իրեն միշտ կարող են մեղադրել (ինչին մենք արդեն ականատես ենք), որ եթե ընդդիմության դեմ է խոսում, ուրեմն իշխանության ներկայացուցիչն է։ Մի խոսքով, ընդդիմադիր դաշտում հենց այսպես էլ ապրում են՝ մեկը մյուսին անվանելով «իշխանական պրոյեկտ»։


Ակներև է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի վերաբերյալ իշխանությունը դեռևս վերջնական որոշում չի ընդունել՝ ի տարբերություն մյուս կուսակցությունների։ Թեև չի բացառվում, որ հենց իշխանության մեջ կա թև, որը ակամա զբաղված է «Քաղաքացիական պայմանագրի» լոբբինգով, և դա նրանք բացատրում են նրանով, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանից դուրս ավելի վտանգավոր կարող է լինել, քան ներսում։ Եթե, գտնվելով խորհրդարանում, նրա քաղաքական դրսևորումները կսահմանափակվեն այդ դահլիճի պատերի ներքո, ապա, գործելով դրսում, շատ հնարավոր է միանա ոչ համակարգային ընդդիմությանը՝ ուժեղացնելով փողոցային շարժումը և նույնիսկ քաղաքական բովանդակություն տալով փողոցի բավականին թույլ և ոչ կազմակերպված պայքարին։


Նույն խնդիրն ունի, թերևս, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ քաղաքական ուժը։ Այս վերջինը նույնպես փորձում է սահմանազատվել ավանդական ոչիշխանական ուժերից և խաղալ իր սեփական խաղը։ Չմասնակցելով ընդդիմադիր որևէ ընդհանուր պրոյեկտի՝ Էդմոն Մարուքյանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը այլ՝ եվրոպական գծի հետևորդ է, որին խորթ է «հին ընդդիմության» արդեն ձանձրացրած գործելաոճը։
Ինչպես արդեն նշեցինք, վերոնշյալ խնդիրներով հանդերձ իշխանությունը խնդիր ունի խորհրդարան անցկացնելու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին սպասարկող ուժերի, որպեսզի բոլոր այդ կենտրոնների հետ խոսելու հնարավորություն ունենա։ Բաղրամյան 26-ի ընտրական տեխնոլոգիաների մասնագետները մտածում են խորհրդարան անցկացնել արևմտյան կամ լիբերալ շարասյունը, դա «Ազատ դեմոկրատների» մի հատվածն է, նույն Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը և այլք։ Փորձում են մեկ ընդհանուր կառույց կամ կոնգլոմերատ ստեղծել, որը հանդես կգա մի թիմով և կստանա որոշակի տոկոս՝ ներկայացնելով արևմտյան համապատասխան թևը։ Նույնը վերաբերում է, այսպես կոչված, ռուսական թևին, բայց որի շուրջ դեռևս վերջնական որոշում չի ընդունվել։ Հարցերի հարցը մնում են, թերևս, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը և նրան խորհրդարան թողնել-չթողնելու երկընտրանքը։ Այստեղ, կարծես, գործը դեռ չի հասել Ռուսաստանի կողմից նման պահանջի։ Հայաստանում այս հարցում ոտքը կախ են գցել՝ սպասելով, որ իրենց գուցե շատ խնդրեն։


Իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանում իշխանություն ասվածն էլ այսօր ամորֆ հասկացություն է և հեռու է կուռ միավոր լինելուց։ Իշխանության տարբեր թևեր շատ տարբեր շահեր ունեն, ինչպես նաև հակասություններ, մանավանդ նախընտրական տարում։ Նույն ընդդիմության տարբեր հատվածներ կարող են անհաշտ մրցակցության մեջ գտնվող իշխանության տարբեր թևերի պրոյեկտներ լինել, որոնք, ֆինանսավորվելով և կազմակերպվելով իշխանական տարբեր հատվածների կողմից, հաճախ պարզապես նրանց խոսափողն են։ Իշխանական թևերի միջև սուր մրցակցությունը շատ լավ երևում է նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվական միջոցներից, որտեղ ավելի շատ քննադատության թիրախ են դարձնում իշխանության ներկայացուցիչներին, քան հիշում են ընդդիմադիր գործիչներին։


Նախընտրական այս խմորումները նյարդային իրավիճակ են ստեղծել ինչպես իշխանության ներսում, այստեղ, թերևս, քողարկված պայքարով, այնպես էլ ոչիշխանական հողի վրա՝ ավելի բացահայտ ու սուր հակամարտությունների տեսքով։ Կոմպրոմատային պայքարը նոր է սկսվում, և, ամենայն հավանականությամբ, շատ հիթային շաբաթներ են մեզ դեռ սպասում:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ