Վերջին շաբաթը պատմական էր։ Վատիկանում Երևելիի իմաստնախորհուրդ բերանից հնչած խոսքը հակինթակտուց աղավնիների երամներով ճանապարհվեց դեպի Հայկական լեռնաշխարհի հայաբնակ հյուսիսը։ Ինչպես հայտնի է, ՀՀ-ից զատ, մինչ 20-րդ դարի մայրամուտը այնտեղ ի հայտ եկավ հայկական պետություն՝ ի դեմս ԱՀ-ի (այսինքն՝ Արցախի Հանրապետության)։ Հռոմի վեհ պապը (վեհ՝ սրբազնական յուր վարքով և, իհարկե, փառահեղ տիտղոսով) խնդրեց աղոթել իր համար, քանզի ուխտագնացություն է կատարում դեպի արևելյան մի երկիր։ Երկիր, որն առաջինն ընդունեց Տիրոջ ավետարանը։ Եվ թող որ այս այցը լուսառատ լինի երկրի համար։ Մեզ համար և աշխարհի համար։ Ամեն։
ՕԼԻԳԱՐԽԻԿ ՈՏՆԱԼՎԱ
(զավեշտալի նախաքննություն)
Ոչ պակաս պատմական էր կառավարության ուխտագնացությունը դեպի Օվալաձև դահլիճ։ Քարավանը մեղմիկ սահում էր դեպի խորհրդարան, ուխտագնացությունը սահմանելու էր երկրի խորհուրդը՝ մեր դժնդակ ու հուսախռով օրերում։ Խորհուրդ խորին և պատվիրան բռնախեղման, կարծես թե սա է հայոց ներկա իշխանադասի հավատն ու հացը հանապազօր։ «Երկիրն ու նրա ժողովուրդը նախախնամությամբ ի պահ և ի տնօրինո՞ւմ են հանձնվել մեզ, նշանակում է՝ բութ դանակով շարունակենք այն անդամահատե՞լ»։ Սա իշխանադասի օրհներգն է և օրհնված է, բայց ո՞ւմ կողմից...
Այս օրերին հոգելիցք էր Հայաստանը, քանի որ Ֆրանցիսկոս պապը երեք օր շարունակ օրհնում էր Քրիստոսի ուխտի համար նահատակված, հավատուրաց չեղած հայությանը։ Հուշեմ-հիշեք՝ Հանրապետության հրապարակում կաթոլիկների Վեհը մի աշխարհիկ բան սահմանեց. հարկավոր է արմատախիլ անել կոռուպցիան։ (Մեղմ ղողանջելով` քարավանը Կառավարական տնից ճանապարհ բռնեց դեպի Օվալաձև դահլիճ-քավարան)։ Ասել է՝ առաջին քրիստոնյա երկրում կոռուպցիան արդեն ահասարսուռ բարձունքներ է նվաճել։ Է, մի՞թե չի հասունացել, ասենք այսպես՝ հակակոռուպցիոն ինկվիզիցիայի մեկնարկը։ Խոնարհումս քեզ (խոնարհվում եմ մինչև գետին, հպում ճակատս Գյումրու Վարդանանց հրապարակի խաս քարերին), մեծն Ֆրանցիսկոս, բայց հավատա, սրանք դարձի եկողը չեն։ Անգամ եթե նորահայոց իշխանադասի և կառավարակույտի վերպետական ոտնալվա կազմակերպենք Խոր վիրապում։ Մեծն շանսոնիե և իգիթ հայ Ազնավուրին չհաջողվեց դարձի բերել վերոնշյալ անուշ դասին։
Այժմ դադար, հողմաղացը բնական շոգից և անբնական հողմահեղեղից մի պահ կանգ է առել։ Թող որ նա շունչը տեղը բերի, մենք էլ զինված պանրի ու լավաշի վսեմ բրդուճով և օրհնաբանված թոթի արաղով ուխտագնացվենք դեպի վեհանիստ գյուղը Կաքավաձոր, որն ինքնաբավ ծվարել է Արագածոտնի լեռների միջև։ Ի՜նչ կաքավումներ եղան այս գյուղում։ Կաքավումներ՝ ազգա-պետա-փրկչական նվագակցության ներքո։ Հիշարժան է պատմությունը։ Գյուղի վերջում ժամանակին մի վագոն-տնակ կար։ ՈՒ որքան էլ տքնում ու տնքում է ընտանիքի գլխավորը, անավարտ տունը չի կառուցվում, հասկանո՞ւմ եք՝ լումա կա ոչ։ Եվ, խնդրեմ, ժուկով-ժամանակով դեպքի վայր են ուխտագնացվում (վստահ եղեք, քարավանով մեղմ ղողանջող) «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աշխատակիցները։ Վաղորդայն է, քարավանը կաքավաձորյան քավարանում է, վաղ առավոտից նրանք տնքում-տքնում են և բարեհաջող ավարտին են հասցնում կիսակառույց այս օջախի շինությունը։ ՈՒխտագնացության կնքահայր Ռալֆ Յիրիկյանի խոսքն էր գերիչ. «Պիտի խոստովանեմ, որ այս ընտանիքի նոր հույսի հետ ամրանում է նաև ծրագրի իրականացման, անհրաժեշտության մեր հավատը»։ Կեցցե՛ս, Ռալֆ, բայց կբավի՞ ժամանակդ երկրի բոլոր կիսակառույցներն ավարտին հասցնելու։
Գուցե փոխվե՞նք արմատապես։ Ահա այսպես, թող որ այսօր ազգայնացվեն երկրի բոլոր կապուղիները։ Մի՞թե այս պարագայում Արաքս մայր գետը կփոխի հունը։ Ո՛չ, հիմնավոր աշխատատեղեր կստեղծվեն գյուղերում և հայ-արարիչ գյուղաբնակը սեփական միջոցներով կկերտի յուր կացարանը։ Առայժմ «անհրաժեշտության մեր հավատը» մի մունջ կավատ է, ուրիշ ոչինչ։ Բայց և այնպես, չմոռանանք ոտնալվան։ Դուք չգիտեմ, թե ինչպես, սակայն ինքս լվանում եմ (մտքով արի, սրտով էլ բարի) հայոց ոլոր-մոլոր բոլոր նվիրաբերող ու նվիրաբերվող ոտքերը։ Ինչպես Խորխե Մարիո Բերգոլիոն (իմա՝ մեծն Ֆրանցիսկոսը) Բուենոս Այրեսի սուրբ Ռոբերտ Բելլարմինի եկեղեցում լվաց ՍՊԻԴ-ի բացիլակիրների ոտքերը, թվին 2001։ Առակս զի՞նչ ցուցանե։
ԼԻՍԿԱՊԱՏՈՒՄԸ՝ ՆՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՏՆԱԼՎԱ
(դաժանափրփուր հետաքննություն)
Հետաքննությունից առաջ, զվարթության համար ըմբոշխնենք պոետ Հռիփսիմեի նշյալ քառատողը.
Խենթ ծիծաղում է
ծաղրածուն բախտի,
Ես փորձում եմ իմ աղոթքը հիշել,
Իսկ ճոճանակը գինովցածի պես,
Հուշում է ինձ խաչ,
ճահիճ ու գիշեր...
Իշխանադասը (չվարանենք և ճիշտ պահն է, որ նրան փառքով պատենք) օրեր առաջ (հենց Վեհի ուխտագնացության օրերին) վերջնագրեց ՀՀ-ի գոյակերպը գալիք՝ 1... 2... 3..., բայց իսկապես 50 տարում, ասել է՝ մի կես դարում։ Չե՞ք հավատում, իզո՜ւր, իզո՜ւր, զի փաստական հանցակազմը պարուրել է մեր ողն ու կողը, կապանքել է մեր ուղեղը, որը արդեն գերբորբոքված մի մորմոք է։ Զառանցո՞ւմ եմ, չհավատաք, ընդամենը համակերպվեք այս մտքի հետ՝ ապրելու ենք... դժոխքի դրախտում։ Այսպես, ՓՄՁ-ներին օրեր առաջ կառավարակույտը դատապարտեց անմահության, խցկեց 3-րդ հանրապետության պատմության լուսանցքը, երկրի համար ողնուղեղի դեր կատարող այս հպարտ միջնադասը պարտվեց սեփական երկրի վերին դասի դեմ մղվող անհավասար մարտերում։ Այսպիսով գալիք 1... 2... 3, բայց իսկապես 50 տարում, ասել է՝ մի կես դարում ՀՀ-ում կապրեն վերնադաս-կառավարակույտ, նրան ենթակա, բայց նրան տիրող օլիմենիան և աղանդավորաուզվորական հետնադասը։
Տե՜ր իմ Երկնավոր, կոալիցիոն դաշնակից ՀՅԴ-ն է ստանձնել երկրի վերջնագրային գաղութացման առաքելությունը։ (Փառահեղ անուններ երկրին տված, սակայն միաժամանակ նրան շարունակ շոյող-անդամահատող քաղկառույցի սիրո առհավատչյան՝ առ Հայք և առ հայեր)։ Էկոնոմ նախարար և դաշնակ Մինասյանը՝ Արծվիկ, պետական սնանկ բյուջեն սնուցելու մի ազգացունց միջոց է հայտնագործել, ազատել օլիմեն դասին ԱԱՀ-ից։ Մեկ ամիս առաջ կոալիցիայի հանձնարարականին հլու-հնազանդ նա ազատագրում է ԱԱՀ վճարումից պատգամավոր Ռուբեն-Ծաղիկ Գևորգյանի ընտանիքին պատկանող «Թայգր գրուպ» ընկերությանը։ Օրեր հետո ԱԱՀ-ի չքնաղ ուղտը չոքում է նշանավոր Ալեքսանյանի «Ա և Գ» ՍՊԸ-ի դռանը, ազատագրելով վերջինիս խոշորածավալ հարկավճարից։ Իսկ վերջերս էլ Սուրեն-Լիսկա Խաչատրյանին և անոր եղբայր Սասունին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը ազատագրվեց 50 մլն դրամ մաքսատուրքից։ Եղբայրները որոշել են Ծղուկ գյուղում հէկ կառուցել։ Կոալիցիան բնավ դեմ չէ, պարզապես առաջարկել է բնությունը բռնազավթելուց առաջ նաև լլկել պետական բյուջեն։ Չէ՞ որ Լիսկա-Սուրենի գերառաջադրանքը ակնհայտ է՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել Սյունիքի մարզի ճորտացված բնակչության հիացմունքը երկրում վարվող տնտեսական քաղաքականության հանդեպ, որը, անշուշտ, պետք է թվային այս տեսքն ունենա՝ Սյունիքի մարզի ընտրողների 90 տոկոսը քվեարկել է հօգուտ ՀՀԿ-ՀՅԴ դաշնության, վասն Լիսկայի հարատևության՝ և՛ հանուն երկրի ճարպակալման, և՛ ճորտացման։
Ահավասիկ առաջարկս հողմաղացյան՝ 2017-ի բախտորոշ ընտրություններին ընդառաջելով, առհասարակ եկեք բոլոր օլիմեններին ազատենք հարկեր և տուրքեր վճարելու ամոթալի պարտավորությունից այս կարգախոսի ներքո` «Ազգովին դեպի Ալեքսանդրապոլի տնտեսական պայմանագիր»։ Ցնցող էր Լիսկա-Սուրեն Խ.-ի հարկային ոտնալվայի հիմնավորումը՝ գալիք 3 տարում նա Ծղուկի հէկ-ում 1,9 մլրդ դրամի ներդրում է կատարելու։ Է, թող դղյակները գրավ դնի, թող որ ծայրահեղ դեպքում սեփական արյունը վաճառի և ներդրումներն այդպես կատարի։
ԴԱՏԱՎՃԻՌ
Եթե այսպես շարունակվի, չկասկածեք, տեսանելի ապագայում դեպի Հայաստան ուխտագնացության կուղևորվեն Թուրքիայի վարչապետն ու Իսլամական պետության հոգևոր առաջնորդը։ Էլ ինչ ասեմ կամ որոտամ. հավկուրության քնից արթնացեք, հայ ազգի մտավորականներ... Թե չէ վաղը, հավատացեք, այս երկիրն ու պետությունը մահկանացուն կկնքեն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Իսկ վերջերս մի ողբաձայն շախով-շուխով, նաև շուքով հլու ուխտագնացություն ձեռնարկեց ՀՀ ԳԱԱ նախագահությունը՝ վերընտրելով ԳԱԱ նախագահ ձևով գիտնական, բովանդակությամբ բարձրաստիճան պետ-չինովնիկ-օլիգարխիկ Ռ. Մ.-ին։ Բայց թե երբ են մեր գիտության կաճառականները մեկ առ մեկ լվանալու Մ. Ռ.-ի ոտքերը, առայժմ անհայտ է։ Տեղեկանամ՝ կհայտնեմ։