ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կապույտ արյունը սահմանի գլխին (ռեքվիեմ զուռնա-դհոլով)

Կապույտ արյունը սահմանի գլխին (ռեքվիեմ զուռնա-դհոլով)
05.02.2016 | 11:52

Ճակատամարտն ավարտվեց, դաշտը ծածկված է խոտերով...
«Պյուռոս»,
Հենրիկ ԷԴՈՅԱՆ

ԵՂԾՎԱԾ ԱՌԵՂԾՎԱԾԻ ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄԸ
(եղյամասարսուռ այգաբացը ֆելիետոն է ծնում)
Հայաստանով և Արցախով ձգվող սահմանները, հավատացեք, եզակի են Երկիր մոլորակում։ Զի եթե թռչնի (կկվի կամ սարյակի) թռիչքի բարձրությունից նայես վար, ապա կտեսնես երկար ձգվող մի ալ սպի` երկրի սահմանները։ Այո՛, սպի են մեր սահմանները՝ ոլորավայրէջք գալարվում-չեն հանդարտվում ու շատ են նման մանկամարդ կնոջ վարդաշող մարմնի վրա կատարված վիրահատությանը, կենաց-մահու ծննդաբերությունից հետո։ ՈՒ գիտե՞ք, թե ինչու է այսպես, որովհետև հայ զինվորն ու գեներալը, հայ սպան և անգամ ենթասպան հայրենի հողը պաշտպանում են հայրենիքի հողից։ Ինչո՞ւ։ Դե քանի որ Հայաստանից այն կողմում հայրենի Նախիջևանն է, Ջավախքն է և վերջապես Էրգիրը։ Չէ՛, էս մեկը չեղավ, Երկիրը Էրգրից պաշտպանում է ռուսը, կապուտաչ, արի և, թերևս, անտարբեր մեր ցավին ու դավին։
Մի խոսքով, բնավ դյուրին չէ հայոց սահմանը պաշտպանելը։ Այսպիսով, ՀՀ-ի սպիակերպ, հետևաբար նաև հոգեկեղեքիչ սահմանների անխաթար պաշտպանությունը ծանր, հոգեմաշ և կուռ նյարդեր ունեցող մարդկանց համար է։
Եվ այստեղ է, որ քողազերծվում է դարակազմիկ գաղտնիքը. ինչո՞ւ մեր երկրի սահմաններում չենք կարող գտնել հայոց վերնախավային ընտանիքների զավակներին։ Պաղատում եմ, «Իրատեսի» այս նախշազարդ-նիկօյակերտ էջը արխիվ մի հանձնեք և հետևեք տանջահարված մտքիս գալարուն, սակայն ինքնատիպ ընթացքին։

ԽԱՎԻԱՐԸ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
(կարմրաքիթ ձնեմարդը պամֆլետ է նախշում, կեսօր է)

Էջս, պաղատում եմ, արխիվ մի հանձնեք և հետևեք տանջահարված մտքիս գալարուն ընթացքին։ Այսպիսով կտրուկ ու համառ պնդում եմ, որ ազգային-պետական, տարածաշրջանային-համաշխարհային և, առհասարակ, համամարդկային շահերից է բխում հայոց վերնախավի ազնվացեղ, «կապույտ արյուն» մանչերի իսպառ բացակայությունը ՀՀ և ԱՀ (իմա՝ Արցախի Հանրապետության, սրանից հետո մեր լճերում Լեռնային Ղարաբաղն Արցախի Հանրապետություն է, հայեցի և սքանչամեղեդի), պետական սահմանների երկայնքով։ Մի՛ շտապեք ձեր խոնարհ ու խավիարամերժ ծառային մեղադրել իշխանահլության կամ էլ թեկուզ համակերպության մեջ, զի եթե ես հլու եմ, ապա միայն պատվարժան ընթերցողներիս կամքին և համակերպ եմ միայն նախախնամության սահմանածին։

Այսպիսով պատկերացնենք, որ ահավասիկ ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանների երկայնքով մեկ իրենց փառավոր լայնքով կանգնած են հայոց մենաշնորհատերերի կամ էլ, ասենք, ՀՀ բարձրաստիճան պետծառայողների, թեկուզ, ինչու ոչ, կուսակցական առաջնորդների, աղանդավորական «վաժակների» զավակները։ Նրանք մեր տարաբախտ անկախ-պետականության ծնունդն են։ Նրանք լույս աշխարհ են եկել, երբ նրանց հայրերը կայքով, գույքով և աներեր ցինիզմով արդեն առանձնանում էին քաղցող պետության և թախծող հասարակության մեջ։ Նրանք, բնականաբար, աճել-զորացել են ձկնկիթով և ջայլամի ձվով։ Չձանձրանաք երկուստեք, և եզրակացնենք, որ նրանք խավիարածնունդ սերունդ են։ Նրանց մտածողությունը սթափ-հաշվարկային է, նրանց ոգին համապատասխանաբար հաշվենկատորեն նվիրական է։ Լավ, կարծես բավ է, թողնենք մի կողմ նրանց ծովավճիտ հայացքը (իսկ մի՞թե նրանց հայացքը կարող է լինել մամռապատ կամ էլ թեկուզ աղյուսագույն, չէ՞ որ նրանք ամառային հանգիստն անցկացրել են ոչ թե բոմժական կացարանում, այլ էլիտար ծովափերում), անտեսենք նրանց մաշկի փափլիկ-հակինթը և հանգուցվենք բուն խնդրին։ Տեսնում եմ, որ արգո ընթերցողներից զորաբանակներում ապստամբություն է հասունանում, զի նրանք իրենք են պատրաստակամ հենց այսօր ու վասն հայրենյաց մեկնելու հեռավոր սահմանագլուխ և այնտեղ բացելու դարի գաղտնիքը։ Հանդարտվեք, անգիններս, սահմաններն անվտանգ են, քանզի վերնախավային զավակներն այնտեղ չեն, և գոնե այս պահին մեզ չի սպառնում ո՛չ տարածաշրջանային, ո՛չ էլ համաշխարհային պատերազմը։

Այո՛, սպի են մեր սահմանները, այն էլ՝ արյունածոր սպի։ Զի հայ զինվորն ու գեներալը, հայ սպան և անգամ ենթասպան հայրենի երկրի հողը պաշտպանում են Մեծ հայրենիքի հողից։ Դե պատկերացրեք, թե ոգու, կամքի և հավատի ինչպիսի՜ ահռելի ուժ է ամբարված հատկապես չարքաշ ընտանիքների զավակների ներաշխարհում, որ նրանք դիմանում-դիմակայում են և չեն կրակում ու հրթիռակոծում։ Այնի՜նչ ասկյարն է թրև գալիս հայրենի հանդերում, և սրբազնական մեր հողն է տնքում ամոթից ու ցավից։ Եթե անկեղծ լինեմ, ավելի շատ այրող ամոթից է տնքում մայր հողը, Նախիջևանում և Դաշտավայրային Արցախում, Կարսում ու Արդահանում։
Մի խոսքով, մի պահ ընկնենք երևակայության գիրկն ու պատկերացնենք, որ ահա սահմանները մեր հայրենի պաշտպանում են հայոց ներկա վերնախավի կապույտարյուն մանչերը։ Ահավասիկ հակատանկային պարսատիկն առած սահմանագլխին կողք կողքի արթուն պահակ են կանգնել օլիգարխ Z-ի, պետծառայող Y-ի և, իհարկե, կուսակցապետ X-ի որդիները։ Յուրաքանչյուրի աջ ցուցամատն ագուցված է վերոգրյալ պարսատիկի թուջե ձգանին։ Իսկ հեռադիտակն անամոք պատկերաշար է ի ցույց բերում, հեկտարներով բերրի արոտավայրեր, շառաչուն-կենսաբեր գետեր և կապտակոհակ լճեր։ Նայում են, և եռում է նրանց արյունը, ցասումն է կուրացնում (բարեբախտաբար ժամանակավորապես) նրանց աչքերը և այլն։ Բացենք գաղտնիքի դարպասները։ Չէ՞ որ կապույտարյուն այս մանչերը ևս «բանական արարածներ» են, ունեն սիրտ, միտք և հոգի։ Եվ ահա նրանք ուշի ուշով նայում են գերեվարված Նաիրյան երկրին։ Նայում են, տառապում են, և ցասումն է նվիրական կեղեքում նրանց հոգին, նրանց ներաշխարհում տեսիլքներ են թափառում. ահա Անիի շեն քարվանսարաները, ահավասիկ, Դվինի ախոռները և Տիգրանակերտի գանձարանը։ Է, հետ չբերե՞նք մի գրոհով։

Դե եկ վարդապետ ու մի խենթանա. քանի՜-քանի հյուրատուն, պանդոկ, հանք ու շոգեբաղնիք կարելի էր կառուցել ազերիների գրաված մեր պատմական-պապենական հողերում, քանի՜-քանի միլիոն դոլարի վարկ կարելի էր կորզել և վասն հայրենյաց բազմապատկել սեփական կապիտալը։ Ա՛յ, հենց նման հոգետանջանքն է, որ կարող է չեղարկել խավիարասուն այս տեսակի դիմադրության բոլոր արգելանքները, և տեսակը մի պահ անզուսպ կբռնկվի, կկրակի կատաղի և ինքնամոռաց։ Բնականաբար աղետն անխուսափելի կդառնա։ Հավանաբար հենց այս են նկատի ունեցել վերին օթյակներում և խստակոչ հրահանգել են՝ սահմանապահ դիրքերում ոչ մի գնով չդիրքավորել վերնախավի կապույտարյուն որդիներին։

Լրջանանք և ահազանգ հնչեցնենք ի լուր աշխարհի, տիարք պատվարժան արտոնյալ խավ, եթե զավակները ձեր երկրի սահմանները չեն պաշտպանում, ապա նրանք պարզապես հայրենասիրական դասալիքներ են։ Դուք նույնպես։ Հիմա ասացեք, պաղատում եմ, գեղեցիկ մի օր, այնուամենայնիվ (այս ամենը կարդալուց հետո) կգնա՞ն սահման արտոնյալների զավակները, թե՞ մենք կապավինենք ժողովրդական իմաստությանը՝ «սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»։
Այս պահին մի բան է ինձ (հուսամ նաև ձեզ) ցնցում. եթե հանկարծ իսկապես էլ արտոնախավի «մարմելադապատ» որդիները մի քանի ժամ պահեն սահմանը, եթե հանկարծ նրանք կատաղեն և գրավեն Նախիջևանն ու Դաշտավայրային Արցախը (հասկանալի է, այնտեղ ընդարձակվելու, ընտանեկան բիզնեսը տասնապատկելու ներքին մոլուցքին հագուրդ տալու նպատակով), ապա չէ՞ որ կլուծվի Հայոց հարցը։ ՈՒրեմն եկեք պատմական պատեհ պահը չկորցնենք և հայրենի սահմաններն «ականապատենք» արտոնախավի պահանջատեր զավակներով։ Ի դեպ, տեղին կլինի, որ նրանք սահմանները պաշտպանեն կիսաքաղց, անթրաշ և ենթասպաների «բամփը» գլխներից անպակաս։ Սա կքավի նրանց «գլամուրային մեղքերը» և կհամակի քավությամբ։

ՎԵՐՋՆԱԳԻՐ ԵՐԿՐԻՆ
(սարկազմենք, ճրագներն են արդեն վառվում սահմանամերձ գյուղում)
Ընտրյալ պոետ Հենրիկ Էդոյան, ճակատամարտը մեր այդ ե՞րբ ավարտվեց։ Գուցե այն օրերին, երբ մենաշնորհվեց հայոց երկիրը հետնախորշերի խորշակի կողմի՞ց։ Գուցե։ Սակայն ժամը չի՞ հասել արդյոք, որ մենք հնձենք մեր տաճարները խեղդամահող խոտը։ Հնձենք և ի պահ հանձնենք սահմանագլուխը պաշտպանող կապույտարյուն մանչերին, որպեսզի նրանք աստղային գիշերները լուսացնեն` գլուխները թաղած խոտի դեզում։ Ամեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Սույն խնդիրը, անկասկած, ենթակա է բուռն քննարկման անխտիր հայոց բոլոր որկորամշակութային կենտրոններում, այսինքն՝ շոգեբաղնիքներում։

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ