Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Անշուն գեղ եք մտել, անփետ ման եք գալիս»

«Անշուն գեղ եք մտել, անփետ ման եք գալիս»
24.11.2015 | 11:24

Պարոն Բագրատյան, ստացածդ շահը տասն կգերազանցի պետական գանձարանից Սիմոն Վրացյանի հափշտակած գումարը

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումները բավականին պարզեցրին ՀՀ քաղաքական դաշտը, լակմուսի թղթի նման մեկ անգամ ևս փաստեցին, թե քաղաքական ո՛ր դեմքն ու խմբավորումն ինչ արժեքների դավանորդ են, ինչի են ձգտում և ինչի են ունակ:
Տարբեր մակարդակներում ծավալված զրույց-քննարկումների ընթացքում բավականին ամբիցիոզ էր ու անհանդուրժող ՀՀ նախկին վարչապետերից մեկը՝ Հրանտ Բագրատյանը, որին ես համարում եմ խորհրդային տարիներին հայ ժողովրդի ստեղծած ազգային արժեքները փոշիացնելու «քավոր»: Մեծամտության մանիայով տառապող այս այրը գրեթե միշտ և ամենուր անաչառ դատավորի կեցվածքով է ելույթներ ունենում: Բայց իզուր: Հակառակ իրեն, իմա` պարոն Բագրատյանի, մենք չենք տառապում ցրված սկլերոզով, լավ ենք հիշում նրա քավորությամբ կատարված բազում ու բազմազան գործարքները, որոնք այդպես էլ չստացան համապատասխան գնահատական, իսկ դրանց հեղինակները մնացին անպատիժ: Ես հավատում եմ ընդունված ճշմարտությանը՝ ժամանակը պատռում է հրեշավոր դեմքը ծածկող դիմակն ու ի հայտ բերում վամպիրի իսկական էությունը: Ամենայն հավանականությամբ, դեռ չի եկել վերջնական ջախջախման պահը: Ինչևէ… սպասենք:
Երկրի օրենսդիր մարմնում ծավալված և լրատվամիջոցների էջերում շարունակություն գտած բանավեճերը, քաղաքական գործիչների միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանք-քննադատությունները ստիպեցին կրկին վերհիշելու շուրջ 100-ամյա վաղեմություն ունեցող անցքերն ու համապատասխան եզրահանգումներ կատարելու:
Նախ վկայակոչեմ Հրանտ Բագրատյանի մտքի «գոհարներից» մեկը. քննադատելով պատգամավոր գործընկերոջը՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանին, նա «լուրջ մեղադրանք» առաջադրեց՝ 1918-20 թվերին ՀՅԴ-ն հանրապետությունից բան չթողեց, փլուզեց ու կործանեց։ Պարոն Բագրատյան, իսկ ի՞նչ կար նորաստեղծ, գրեթե տնտեսություն չունեցող, որբերի, փախստականների, բնակչության 30 տոկոս մալարիայով հիվանդների երկրում, որ փլուզեին ու կործանեին։ Չգիտե՞ս: Ասեմ՝ իմանաս. մնացել էր միայն հայ գյուղացու միակ հույսը՝ անասունը, այն էլ, Չարենցի նկարագրությամբ, հազիվ բավարարում էր խմբապետ Շավարշին ու նրա մաուզերիստ ընկերներին, որոնցից յուրաքանչյուրը մի տիկ գինի էր խմում, ուտում էր մի ոչխար և հարբած թափառում, ժանգոտած մաուզերներով օդ կրակում և զուռնայի նվագի տակ տրնգի պարելով գոռում. «Ստամբուլը պիտի դարձնենք արյան ծով»: Էդ է, թուրքն էլ սրտատրոփ սպասում էր…
Ընդդիմադիր ձևացող հարգարժան պատգամավորներ, մոռացել եք ձեր կյանքի պատմությունը, հարազատ անցյալը և իրական արժեքները։ Ինչպես լոռեցին է ասում. «Անշուն գեղ եք մտել, անփետ ման եք գալիս»։ Իմաստուն է ժողովուրդը՝ քո աչքի գերանը թողած, ուրիշի աչքի շյուղն ես տեսնում։
Պարոն Հրանտ, եթե պետական գույքի մասնավորեցման գործընթացը իրականացնելիս քեզ բաժին հասածը թողնենք մի կողմ, միայն 2 մլրդ դոլար արժողությամբ կոնյակի գործարանի վաճառքից ստացածդ շահը տասն անգամ կգերազանցի 95 տարի առաջ երկրից հեռանալիս պետական գանձարանից Սիմոն Վրացյանի հափշտակած գումարը։
Ոչինչ զարմանալի չէ, պարոն Արմեն Ռուստամյան, հիմա չեն վիրավորվում, այդպես է թելադրում կապիտալիստական երջանկաբեր հասարակարգի պարտադրած կեցությունը։ Եթե պարոն Բագրատյանը հնարավորություն ունենա, չեմ կասկածում, խավարի տիրակալի և արհեստավարժ տղերքի հետ կջնջի ազգային հիշողությունը: Նպատա՞կը: Իրենց «թայֆայի» արկածախնդրությունը ժողովրդավարության լույսի տակ ներկայացնելու միտումով։
Խավարի տիրակալը ՀՅԴ որոշ գործիչների դատի տվեց: Գործընթացը հայ ժողովրդի պատմության մեջ մնաց որպես ՀՅԴ դատավարություն, որը դեռևս ավարտված չէ: Բայց ժամանակները փոխվեցին: Երկրորդ նախագահը լուրջ նախաձեռնություն հանդես բերեց և բանտից ազատեց գրեթե բոլորին: (Ասում եմ՝ գրեթե, որովհետև քավության նոխազ դարձրին ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանին: Մարդ, որն արդեն 21 տարի է` բանտախցի պատուհանից է նայում աշխարհին ու չգիտի՝ երբևէ արժանանալո՞ւ է գթասիրտ վերաբերմունքի):
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմենակ Մնջոյանի բանտից ազատված կուսակիցներին մասնակից դարձրեց պետական ղեկավարման գործին: Մի քանիսին դարձրեց նախարար. Լևոն Մկրտչյանին երկու անգամ, ով բազմաթիվ «նորարարություններ» ու «շտկումներ» կատարեց ԳԿ նախարարության համակարգում, հանրակրթական դպրոցների ծրագրերում, պատմության դասագրքերում տեղ տալով պատմական բազմաթիվ դեպքերի աղավաղումների:
Հարգարժան ընկերներ, Հրանտ Բագրատյան և Արմեն Ռուստամյան, դաժան է ժամանակը, այն չի վերադառնում, նորից սկսելու և սխալները սրբագրելու հնարավորություն չի տալիս, կորցրած ժամանակը անդառնալի է նրանց համար, ովքեր բարեփոխումների տրամաբանությունը փոխարինում են ցանկալի պատրանքներով։ Եկեք դեն նետենք թանձր մշուշով շղարշված մեր ազգային պատմության վարագույրը և միասին, ինչպես Պարոնյանը կասեր՝ պտույտ մը կատարենք նախկին վարչապետի նշած 1918-20 թվերի շրջանակներում:
Պարոն Ռուստամյան, «Առավոտ» թերթին (04.11.2015) տված հարցազրույցում Հրանտ Բագրատյանին դիմելով հարցնում եք՝ եթե Առաջին հանրապետությունը չլիներ, ի՞նչ էր կառավարելու նա։ Հարգելի Արմեն Ռուստամյան, մի՛ կեղծիր պատմությունը, այդ հարցը ե՛ս պիտի ուղղեմ նրան՝ նախկին վարչապետին, ինքնասիրահարված «բարեփոխիչին» (ռեֆորմատորին)։ Եթե 70 տարի հայ ժողովրդի հետ կոմունիստները չստեղծեին ու չկառուցեին ծաղկուն Հայաստանը, ի՞նչն էիր ղեկավարելու և թալանելու, ի՞նչն էիր փոշիացնելու, պարոն Բագրատյան: Կառուցողներից մեկն էլ ես եմ՝ այս տողերի հեղինակը: Իմ կուսակցական գաղափարների վրա ձևավորված երկրում ապրում էր 4 միլիոն հայ։ Իմ հայրենիքն ուներ հզոր տնտեսություն, արտադրության համակարգ, որտեղ աշխատում էր 700 հազար բանվոր-ծառայող և բարձրորակ ինժեներատեխնիկական անձնակազմ, 520 հազար աշխատող զբաղված էր գյուղատնտեսության բնագավառում: Արվեստի, գրականության, մշակույթի, ուսումնական հաստատություններում, գիտությունների ազգային ակադեմիայում, գիտահետազոտական հիմնարկներում, շինարարության բնագավառում, պետական սովետական, կուսակցական մարմիններում 300 հազար մարդ էր տքնում-ստեղծագործում: Հանրապետությունում աշխատում էր 1,5 մլն մարդ, ամեն օր Հայաստան էր մտնում 30 գնացք՝ այսօրվա 0,5-ի փոխարեն, մեր արտադրանքը արտահանվում էր 180 երկիր: Մայրաքաղաքում գործում էր զարգացած տրանսպորտը՝ մետրոպոլիտենը:
Ճանկեցիք այս ամենն ու սկսեցիք տռզեցնել անձնական գրպանները: 900 մանկապարտեզ վաճառեցիք: Ի՞նչ է, այլևս երեխաներ չէի՞ն ծնվելու, չորացե՞լ էր հայոց արգանդը: Ձեր շնորհիվ այսօր չկան 400 գյուղական ավան, 50 միավոր արտադրական գործարան և տնտեսություն: Հարցնում եմ ձեզ՝ որտե՞ղ են թվարկածս արժեքները, պարոն Բագրատյան: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա համազգային թալանի համար: Ո՞Ւր է Հայաստանի շառաչուն ապտակը, ե՞րբ է այն շրխկալու ձեր պարարտ թշերին: Ե՞րբ է ժողովուրդը տեր կանգնելու իր ստեղծած արժեքներին:
Պարոն Արմեն Ռուստամյան, ամենևին էլ նորություն չէ, ես կասեի՝ փաստ է. մեր առաջին պետական այրերը 1920-ի նոյեմբերին հասկացան ՝ այլևս հնարավոր չէ շարունակել իրենց կառավարումը: Հետևաբար պետությունը կործանումից փրկելու համար պառլամենտը որոշում կայացրեց երկիրը հանձնել բոլշևիկներին: Դրաստամատ Կանայանին էլ նշանակեցին 9,5 հազ. քկմ տարածքով, առանց տնտեսության պետության ներկայացուցիչ: Դա ընդամենը Ղանթարն էր՝ Երևանի շուկան, Թայիրովի և Աֆրիկյանների ինքնաշեն կոնյակի արտադրամասերը, Սիլաչիի ներկատները, Զառաբի խանը, Ֆայլաբազարը, Չարխի փողոցը, օրիորդաց դպրոցը, բուլվարը, «Դավայաթաղ» իջևանատունը, Անգլիական այգին, անգլիացիների կողմից շահագործվող Ալավերդու պղնձի կոմբինատը, Ալեքսանդրապոլի միակ արտադրամասը, գիմնազիան, դարբնոցներ և համատարած ունեզրկություն:
1918 թ. մեր նորաստեղծ պետությունն իր 6 ամիսը դեռ չէր բոլորել, երբ անգլիացիները մտան Հայաստան: Մեր պետական այրերը նրանց դիմավորեցին աղ ու հացով: Անգլիացիների թիրախ-նպատակը Ալավերդու պղինձն էր և Բաքվի նավթը: Ղարաբաղն անմիջապես անջատեցին Հայաստանից և գեներալ նահանգապետ նշանակեցին քուրդ Սուլթանովին, ով Թուրքիայի գործակալ էր: Հետո Ղարաբաղին միացրին նաև Շուշին և էլի մի քանի տարածք, Նախիջևանը վերցրին իրենց տիրապետության ներքո և պահանջեցին հայկական զորքը տեղափոխել Արարատյան դաշտավայր՝ Յուվա բնակավայրի մոտ: Հովհաննես Քաջազնունու և անգլիացի գեներալ ՈՒոքերի զրույցից պարզ էր դառնում, որ անգլիացիներն ուզում էին Հայաստանում գաղութային ռեժիմ ստեղծել:
1919 թ. օգոստոսին անգլիացիները, վախենալով ռուսական զորքի հետ բախումից, հեռանում են Հայաստանից: Այնուհետև Հայաստան մուտք են գործում ամերիկացիները: Ամերիկյան գեներալ Հարբորթին նախագահ Վիլսոնը նշանակել էր Հայաստանում Անտանտի երկրների վերահսկող ներկայացուցիչ: Նա կազմում է հանձնաժողով, որն աշխատում էր «Հայաստանում ամերիկյան զինվորական առաքելություն» անվան տակ: Գեներալ Հարբորթի և Մուստաֆա Քեմալի հանդիպումից պարզվում է, որ Ամերիկան շահագրգռված չէր, որ Հայաստանը դառնա ինքնուրույն պետություն: Անմիջապես Հայաստանում գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ Հասկերը, ով 4 ամիս անց պարտադրում է Խատիսյանին Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել՝ Ղարաբաղը ժամանակավորապես Ադրբեջանի կազմում թողնելու մասին, իսկ Նախիջևանը, Շարուրը, Դարալագյազը, Զանգեզուրը դարձնել դաշնակիցների կողմից կառավարվող միացյալ հատուկ գոտի:
Ճշմարտությունը պահանջում է յուրաքանչյուր երևույթ տեսնել և գնահատել իր ժամանակի մեջ:
Այդ տարիներին Հայաստանը նոր կազմավորված, տնտեսապես թույլ հանրապետություն էր, ամենուրեք որբեր էին, փախստականներ, հիվանդներ, դրա դեմ գործում էր ամերիկացի և անգլիացի ներկայացուցիչների՝ «ուժն է ծնում իրավունքը և դառնում է պարտադրանք» սկզբունքը:
Միջազգային իրավական նորմերի բացահայտ խախտմամբ ստորագրվեցին 1918 թ. հունիսի 4-ի Բաթումի և 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրերը, որոնցով անդամահատվեց Հայաստան աշխարհը: Առաջին պայմանագրով Հայաստանի սահմանները սեղմվեցին 12 հազ. քկմ-ում, իսկ երկրորդի պայմաններով այն դառնում էր ընդամենը 9,5 հազ. քկմ տարածք:
Երկու պայմանագրերն էլ հաստատել է Ալեքսանդր Խատիսյանը, հայ կոչվածի վերջին «խոհեմությունն» էր. Ալեքսանդրապոլի պայմանագրում Թուրքիան ներկայացնող Կարաբեքիր փաշան ինչ ցանկացել է, այն էլ գրվել է: Այդպիսով էլ հրաժարվեցին Սևրի պայմանագրից, արձանագրվեց, որ հայերը տեղաբնակներ չեն, իսկ թուրքերը դարեր շարունակ ապրել են այդ տարածքում:
Նման հայրենադավ ու ստորացուցիչ պայմանագիր հայերը երբևէ չէին ունեցել: Վերոհիշյալ պայմանագրով կորցրինք Կարսի, Սարիղամիշի, Նախիջևանի գավառները, այդ պայմանագրով հայերը զրկվում էին բանակ պահելու իրավունքից, միայն 1500 զինվոր ունենալու իրավունք էր տրվում հայերին, այն էլ երկաթուղին պահելու համար:
1921-ի փետրվարի 18-ին, ընդամենը երեք ամիս էր, ինչ Հայաստանում խորհրդային կարգեր էին հաստատվել, տեղի է ունենում փետրվարյան խռովությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Վրացյանը ստեղծել էր «Հայերի փրկության կոմիտե» և պահանջում էր օրինական ճանաչել դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը և այդ մասին հեռագրում է Լոնդոն: Այնտեղ կայանալիք խորհրդակցության մասնակից Ա. Ահարոնյանը մեծ ջանքերի շնորհիվ կարողանում է համոզել Անգլիայի արտաքին գործերի նախարար լորդ Քերզոնին, թե այդ պայմանագիրը պարտադրվել է ուժով, և հայերը կտրականապես մերժում են այն:
Հեռագրում Սիմոն Վրացյանը պահանջում էր նաև, որ Լոնդոնի խորհրդաժողովը փոխադարձ անվստահություն չառաջացնի Հայաստանի և Թուրքիայի միջև: Ս. Վրացյանի կերպարն ամբողջացնելու համար շարունակեմ. Հայաստանից հեռանալիս նա հափշտակում է պետական գանձարանը, պատսպարվում է Գարեգին Նժդեհի մոտ՝ Զանգեզուրում, հետո փախչում է Պարսկաստան: Հետագայում դավադրաբար դատ է կազմակերպում Նժդեհի դեմ և նրան հեռացնում ՀՅԴ շարքերից: 1918 թ. հունիսի 17-ին հեռագիր է ուղարկում Կոստանդնուպոլիս՝ «նորին գերազանցություն Օսմանյան կայսրության մեծարգո զինվորական մինիստր Էնվեր փաշային» հայտնելով. «Հայաստանի կառավարությունը պատիվ ունի Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության. իրազեկ դարձնելու, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի՝ մեր զինվորական մինիստրին չներկայանալու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնելու Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջաններում միանալու Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել Ձեզ վրա: Խնդրում ենք, միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար»: Ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հովհաննես Քաջազնունին, Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ փաշա Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդի նախագահ Սահակյանը:
Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին:
Վարչապետ Համո Օհանջանյանի կաբինետը զուրկ էր իրատեսությունից. Մոսկվա բանակցությունների գնացող պատվիրակության ղեկավար Շանթը չուներ դիվանագիտական հատկանիշներ, ճկունությունից զուրկ էր: Մոսկվայում երկու ամիս թափառելուց հետո ձախողում է պայմանագրի վավերացումը: Նրա տկարամտությունից զարմացել էր նույնիսկ պատվիրակության անդամ Հ. Տերտերյանը, ով ռուսական պետական գործիչ, ազգությամբ հայ Լևոն Կարախանի կաբինետում տեսել էր Անդրկովկասի քարտեզ-մակետը, որում Հայաստանի տարածքը մեծ էր Վրաստանի տարածքից, իսկ Ադրբեջանը սահմանափակված էր միայն Ապշերոնյան թերակղզով:
Թուրքերն իրենց 300 տարվա թշնամու մոտ գնացին իրենց պետական շահի համար, իսկ մենք 300 տարվա մեր բարեկամից խույս տվեցինք՝ կրելով անդառնալի կորուստներ:
1917 թ. վերջին Լենինի համաձայնությամբ Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատին կից ստեղծվեց Հայկական գործերի ժողովրդական կոմիսարիատ, որի կազմում ընդգրկված էին հեղափոխական գործիչ Վառլամ Ավանեսովը, գրող Վահան Տերյանը, նշանավոր էսէռական Պռոշ Պռոշյանը և դաշնակցական գործիչ Ռոստոմը: Նրանց հանձնարարվել էր մշակել «դեկրետ՝ Արևմտյան Հայաստանի ազատության և ինքնորոշման մասին»: Այդ դեկրետն ընդունվեց 1917 թ. դեկտեմբերի 29-ին (դեկրետ Թուրքահայաստանի մասին), որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ սեփական պետության ստեղծումը: Հայաստանի ժամանակավոր իշխանության վարչարարության կանոնակարգի 2-րդ և 4-րդ կետերի իրագործումը դրվում էր Անդրկովկասի արտակարգ և լիազոր կոմիսար Ստեփան Շահումյանի վրա: Այդ միությունը տեղի չունեցավ, քանի որ դաշնակցականները Ստ. Շահումյանին օգնելու փոխարեն միացան վրացի մենշևիկներին և ադրբեջանցի մուսավաթականներին ու բոյկոտեցին այդ կառույցը:
Ահա այդպիսին էր մեր առաջին պետական դիվանագիտությունը, որի պտուղներն այսօր «վայելում ենք»:
Հարգելի Արմեն Ռուստամյան, և ձեր կուսակիցները դեռ համարձակվում են պահանջել, որ նման պետական ղեկավար այրերի ոտքերը լվանան ու ջուրը խմե՞ն: Հարց՝ ո՞վ պետք է խմի այդ ջուրը, ո՞ւմ պետք է վերապահվի նման պատիվը: Պատասխանը մեկն է՝ եթե Բագրատյանը, Խավարի տիրակալը, արհեստավարժ տղերքը, ՀՀՇ-ական «պոլի փետերը» պիտի խմեն հիշյալ լվացքաջուրը, ապա…
Պարոն Ռուստամյան, նշում եք. «ՈՒղղակի ինձ ապշեցնում է, որ այդ կալիբրի անձնավորությունը կարող է այդ աստիճանի չհարգել իր իսկ սեփական պատմությունը»: Ո՞ր «կալիբրի» մասին է խոսքը, դա ի՞նչ միավոր է, նա նույնիսկ չի բավարարում անցյալ դարի 20-ական թվականների ժանգոտած մաուզերի կալիբրին և բացարձակ չի էլ թաքցնում, որ ինքը ամերիկյան գործակալ Ֆլեչերի դիվանագիտական դպրոցն է ավարտել, Ժ. Լիպարիտյանի, Վ. Օսկանյանի գաղափարական զինվորն է: Նրա կյանքի նպատակը Արևմուտքին խոնարհաբար ծառայելն է՝ Հայաստանը հետևողականորեն քանդելու միտումով: Սպառողական հոգեբանությամբ արհեստավարժ այդ անհատն իրեն հակադրում է իր ապրած աշխարհին, ժողովրդի շահը զոհելով սեփական շահին, վաղվա շահը՝ այսօրվա փախցրածին, ֆայլաբազարի գործ փնտրողի հոգեբանությամբ:
Պարոն Ռուստամյան, ընդունելի է սահմանադրության փոփոխություններին ձեր կուսակցության դրական տրամադրվածությունը, չնայած Սահմանադրության տարբեր հոդվածների ենթակետերում երևում են եվրոպական կենցաղավարության, մեզ համար անընդունելի տարրեր:
Աշխարհաքաղաքական իրավիճակի անկայունությունը մեզ պարտադրում է օգնել հանրապետության նախագահին, ով շախմատային վարպետությամբ դիմակայում է մեր պետության անվտանգությունը թուլացնող երևույթներին և անհրաժեշտ քայլեր է անում նաև միջազգային քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին՝ Եվրամիության և Եվրասիական միության գործունեությունը համակարգելու ուղղությամբ:

Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ