Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Մենք ենք, մեր սարերը»

«Մենք ենք, մեր սարերը»
17.11.2015 | 01:15

Հայաստանցիներիս հոգեհարազատ «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում հնչող «մենք ենք, Գերմանիան, Ավստրիան, Ամերիկան» խոսքերը յուրաքանչյուրս գիտի: Պակաս տպավորիչ չէ հաջորդիվ ասվողը` «դե, Ավստրիան մանր երկիր է, մանրերի գործը հեշտ է» արտահայտությունը, որտեղ «մենք»-ը երբեմնի 300 մլն բնակչությամբ գերտերությունն էր:
Տաղանդաշատ գրողի այսօրինակ մտորումներից մի կարճ ժամանակ անց ինքներս հայտնվեցինք անտառամեջցի ոչխարապահի արտահայտած «մանր»-ի կարգավիճակում, ասել է` գործներս հեշտացրինք: Թե ինչ գործի մասին էր խոսքը, ինչու այն պետք է հեշտանար, ինչ չափով ու աստիճանով, որևէ մեկն արդեն 25-րդ տարին պատասխան չունի: Կարելի է, ասենք, ենթադրել, որ գրողը չարքաշ ու ծանր աշխատանք կատարող իր կերտած կերպարի կենցաղն ու ապրելու կերպը բարեփոխված տեսնելը նկատի ուներ, որն այդ տարիներին դժվար էր ուղիղ խոսքով ու մտքով արտահայտել: Յուրաքանչյուրս էր նշում եվրոպական ինչ-ինչ երկրներում մեր սոցիալիստական հռչակված համակարգից տարօրինակորեն զանազանվող կապիտալի պայմաններում ապրողների գայթակղիչ առօրյայի մասին: Թերևս Հրանտ Մաթևոսյանն իրեն հատուկ պարզ ու հասարակ այդ արտահայտչաձևերով ակնարկում էր դեպի հիշատակված երկրները նայելու իր ցանկությունը: Չգիտեմ գրականագետներն ինչպես, սակայն տնտեսության ոլորտը լուսաբանող լրագրողս այսկերպ եմ գնահատում սիրելի գրողի տվյալ արտահայտությունը:
Ավստրիան ճանաչելու համար ողջ երկիրը շրջելը պարտադիր չէ, ինչպես ընդունված է ասել, օվկիանոսի ջրի աղի լինելը պարզելու համար պարտադիր չէ ողջ ջուրը խմել: Ավստրիացին բարյացակամ է Վիեննայում ու Զալցբուրգում, պարտաճանաչ` թե Ինսբրուկում ու Էլսենստադում, ծաղկասեր` թե Բրեգենդսում ու Լինցում, մաքրասեր` Կլագենֆուրտում, թե Գրացում, իր առօրյա պարտականություն-պարտավորություններին նվիրված երկրի 84 հազար քառակուսի կմ-ի հյուսիսում ու հարավում, արևելքում ու արևմուտքում: 24 օդանավակայաններից յուրաքանչյուրում վայրէջք կատարող ինքնաթիռի լուսամուտից կարելի է հիանալ արտառոց մշակված հողատարածքների ցանքսերով ու այգիներով, մի քանի տասնյակ էլեկտրահողմակներով, 130 կմ/ժամ արագություն թույլատրող ճանապարհներով, որոնք տեղ-տեղ շարունակվում են կիլոմետրեր ձգվող գերլուսավոր թունելներով: Ավտոմեքենաներից մեկը թերևս վարում է երկրի նախագահը, որն աշխատանքային հանդիպման է մեկնում, ասենք, երկրի 2-րդ, 320 հազար բնակչությամբ Գրաց քաղաքի 2600 բժշկական անձնակազմ ունեցող կենտրոնի կոլեկտիվի հետ: Թեև բուժհաստատության մեր հայրենակցուհի ղեկավարներից մեկը տողերիս հեղինակին պատմեց, որ նախորդ տարի երկրի նախագահն իրենց մոտ եկել էր նախ Վիեննա-Գրաց գնացքով, ապա 4-րդ համարի տրամվայով: Հավատալ-չհավատալը ընթերցողի խնդիրն է, քանզի անձամբ տեսել եմ հեծանվով աշխատավայր հասած Գրաց քաղաքի քաղաքապետ Վ. Նագլին, ով հեծանիվը կայանելուց հետո հանեց հեծանվորդի պաշտպանիչ գլխարկը, արմունկներին ու ծնկներին կապված անվտանգության բարձիկները: Հորս արևով երդվելու ոչ ցանկություն ունեմ, ոչ պահանջ, այլ ընդամենը լրագրողական պարտականությունս եմ կատարում:
Այսուհանդերձ վերադառնամ Ավստրիան թվերի օգնությամբ ներկայացնելու խոստմանս: Նշելով ավստրիացիների որոշակի առանձնահատկությունները, անգամ ակնարկ չարեցի նրանց աշխատասիրության մասին, քանզի արտակարգ, թե անհոգնում, նվիրված, թե ինքնամոռաց ու նման արտահայտություններով հնարավոր չէ ինչ-որ գնահատական կազմավորել այս մարդկանց մասին: Ինքներս էլ ենք մեզ նման հատկանիշներով որակում, սակայն տարօրինակորեն ապրում ենք գաղջ միջավայրում, որի պատկերացումն անգամ այստեղ չես զգա: 8 մլն բնակչությամբ երկրում վերջին տարիներից յուրաքանչյուրում 400 մլրդ դոլարին մոտ համախառն արդյունք է ստեղծվում, որը 1 բնակչի հաշվով մոտենում է 45 հազար դոլար ցուցանիշի, ՀՀ համապատասխան թվի 15-ապատիկի: 2013-ի 361 մլրդ դոլար ՀՆԱ-ից երկրի բյուջեն ստացել է 212 մլրդ դոլար եկամուտ, հավաքագրումը ոչ ավելի, ոչ պակաս` 64 տոկոս, երբ ՀՀ-ի առանց այն էլ ոչինչ չասող 10 մլրդ ՀՆԱ-ի պարագայում այն հազիվ 20 տոկոս է: Թե ինչու են ավստրիացի հարկ վճարողները նման բարձր ցուցանիշ ապահովում, իրենց խնդիրն է: Այսուհանդերձ առանձնացնեմ հետևյալը. պարզ թվաբանական բաժանման արդյունքում ստացվում է, որ 1 ավստրիացու հաշվով տարվա ընթացքում բյուջեից ծախսը կազմում է 27000 դոլար, ՀՀ-ի հազիվ 1000 դոլարի պարագայում: Փորձեմ նման ցուցանիշների բացատրությունը ներկայացնել լրագրողիս առավել մոտ գյուղոլորտի արդյունքների օգնությամբ:
Գյուղատնտեսությունում զբաղված է աշխատունակ բնակչության մոտ 5 տոկոսը, որն ընդգրկում է գյուղատնտեսական նշանակության ու դրանց վարելահողերի ողջ մասը: 1 բնակչի հաշվով Ավստրիայում դրանք կազմում են համապատասխանաբար 4000 քառակուսի մետր և 1700 քմ, ՀՀ-ում՝ 6000 և 1600 քմ: Հիմա ծանոթացեք դրանցում աճեցվող ու պահվող հիմնական մշակաբույսերի ու անասնագլխաքանակների թվերին, որն ինչ-որ առումով գուցե և լրագրային քննարկման թեմա չէ: Ավստրիան արտադրում է միլիոնավոր տոննաներով հացահատիկ, 1,5-ական միլիոն տոննա ցորեն ու եգիպտացորեն, 2,5 մլն տոննա կոշտ ցորենի հատիկ, երբ ՀՀ-ում ողջ հացահատիկը չի անցնում 350 հազար տոննան: Ավստրիացիներն այդ ահռելի քանակներն արտադրում են ոչ թե իրենց սննդակարգն ապահովելու կամ արտահանումներով աշխարհը զարմացնելու նպատակով. նրանք դա իրականացնում են երկրում պահվող անասնագլխաքանակը լիարժեք կերերով ապահովելու համար: Ավստրիայում պահվում է 2 մլն խոշոր եղջերավոր, 3 մլն խոզ, 16 մլն հավ: Միայն խոզի մսի տարեկան արտադրությունը հասնում է 600 հազար տոննայի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 8 հազար տոննա է: Թե ինչ կաթնատու կովեր են պահվում Ավստրիայում, հայ հանրությունը տեղեկացավ 6-7 տարի առաջ, երբ ՀՀ բյուջեի հատկացումներով գնվեց տարին 12-14 հազար լիտր կաթնատվություն երաշխավորող մոտ 2000 կովերի գլխաքանակ: 2008 թվականին սկսված ծրագիրը խոստանում էր որոշակիորեն բարելավել կովերի մթերատվությունը, բարեփոխել ոլորտի գործերը, կարգավորել կաթնամթերքի որակը, կայունացնել գները: Ցավալիորեն դրանցից և ոչ մեկը իրականություն չի դառնում, որի ապացույցն են այս տարիներին արձանագրված անասնապահական մթերքների ներմուծումների շարունակական աճն ու գյուղացիների բնորոշմամբ անասունների ցածր մթերատվության արդյունքում գների հերթական ու պարտադրված բարձրացումը: Այս գործընթացը մեկ հիմնական բացատրություն ունի. ՀՀ կառավարության ֆինանսական հատկացումները հիմնականում նպատակաուղղվում են դեպի արդեն կայացած գյուղացիական տնտեսությունները, որոնք տիրապետում են համեմատաբար մեծ թվով անասնագլխաքանակի և հեկտարներով հողատարածությունների: Մինչդեռ հարյուրհազարավոր գյուղացիական տնտեսությունները գոյատևելու խնդիր են լուծում, քայքայվում ու քայքայում գյուղը, արտագաղթի պատճառ դառնում: Ցավով արձանագրում եմ, որ վերջին տարիներին ավստրիահայ համայնքը մեծանում է ոչ միայն սիրիահայերի, այլև հայաստանցիների ու արցախցիների հաշվին, վերջինիս ներկայացուցիչներից մեկի չորս երեխաներից երկուսն այստեղ են ծնվել, քանզի ընտանիքն ապրելու որևէ խնդիր չունի, ներառյալ՝ օգնությունների առաքումը հարազատներին: Երիտասարդի միակ մտահոգությունը հետևյալն է. ինչո՞ւ այս ամենը իրողություն չէ Հայաստանում ու դրա մաս հանդիսացող Արցախում: Նա նկատել է, որ Ավստրիայում ամենուր, այդ թվում` իր նոր, ժամանակավոր, թե մշտական բնակավայր Գրաց քաղաքի վարչական տարածքում մարդիկ մասսայաբար եգիպտացորեն են աճեցնում, այն որպես լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ օգտագործում, արդյունքը սուպերմարկետներում ցուցադրում: Խոզի թարմ փափկամսի 1 կգ-ն անգամ 3 եվրոյով է առաջարկվում, տավարի կարմիր փափկամիսը` 5 եվրոյով, A դասի հավկիթի հատը` 11 ցենտով, երշիկեղենը հիմնականում թարմ մսատեսակներից է պատրաստվում: Ցավով եմ նման փաստեր նշում, քանզի այն դիտարկում եմ որպես մեր մարդկանց արտագաղթի մղելու միջոց: Արտագաղթածների հետ գործընկեր գրեթե բոլոր ավստրիացիներն են առանձնացնում մերոնց ունակություններն ու աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը և տարօրինակ դիտարկում հայերի` Հայաստանը լքելու երևույթը: Եվ հարցը՝ ինչո՞ւ չի կայանում ՀՀ տնտեսությունը, ինչո՞ւ ապրելու և արարելու նվազագույն պայմաններ չեն ստեղծվում մեր բնօրրանում, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ, Եվրոպայից բացի, այսօրինակ գործընթաց արձանագրվում է նաև այլ մայր ցամաքներում, տարբեր ժողովուրդների մոտ: Հիշում եմ 1990-ականների վերջերին Երևանում կազմակերպված տնտեսական մի ֆորումի վիետնամցի մասնակցի հետևյալ միտքը. մենք փոքր երկիր ենք, բարեփոխումները մեզանում ավելի հեշտ են տրվում: Եվ սա նշում էր 75 մլն բնակչությամբ երկրի ներկայացուցիչը: Անցած 15 տարիների արդյունքներով Վիետնամի 1999 թ. 143 մլրդ դոլարի ՀՆԱ-ն հիմա 400 մլրդ է, բյուջեն համապատասխանաբար 6 և 53 մլրդ դոլար, բնակչությունը` 93 մլն: 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 2000 դոլարից հասել է 4000-ի, բյուջեն գրեթե տասնապատկվել է, որը չենք նկատում ՀՀ-ի պարագայում: Անշուշտ, Երկիր մոլորակի վրա կան աղքատ երկրներ, բայց արդյո՞ք դրանց հետ համեմատությամբ է պետք դասակարգել մեր տեղն ու դիրքը համաշխարհային սանդղակում: Իհարկե ոչ:
Ավստրիայի Գրաց քաղաքը, որտեղ հյուրընկալվել եմ, Երևանի կես տարածքն ունի: Այն Շտիրիա մարզի վարչական կենտրոնն է, բազմաճյուղ մի բնակավայր: Արդեն նշեցի, որ քաղաքի տարածքի տարբեր հատվածներում եգիպտացորենի դաշտեր են, բերքն արդեն հավաքված։ Բնականաբար, դրանք առավել շատ են մարզի գյուղական համայնքներում, եթե չասեմ ամենուր են: Ոչ վաղ անցյալում Շտիրիան հանդիսացել է Ավստրիայի գինեգործական մարզը, քանզի գտնվում է երկրի հարավում, Իտալիայի հարևանությամբ: 2000-ականներին արդեն Շտիրիայում խաղողի այգիներն էապես են զիջում եգիպտացորենի դաշտերին, մարզը դարձել է կաթնա-մսամթերքների արտադրության հզոր կենտրոն: Նկատեմ, որ տեղական գինիների կողքին, ասենք իսպանական գինիներ են վաճառվում, 0,75 լիտր տարողությունն անգամ 1 եվրոյով: Այնպես որ, եվրոպական շուկայի կողմը նայող մեր գինեգործները թող նկատի ունենան նման հանգամանքները: Ինչպես և մեղվապահները: Երբ ՀՀ գյուղոլորտի բարձրագույն ղեկավարներից մեկին Երևանի իր աշխատասենյակում ասացի, որ «Պեննի» սուպերմարկետում 1 կգ-ը 5 եվրոյով վաճառվող մեղր եմ գնել, վերջինս տեղնուտեղն ավելացրեց. ես անգամ 3 եվրոյով եմ տեսել: Միայն թե բարձրաձայնել չի կարող, այլապես կստացվի, որ ինչ-ինչ շարժառիթներով կաշկանդում է հայ մեղվապահների Եվրոպայում գործունեություն ծավալելու ցանկությունը: Տարի չի լինի, որ չնշվի հայ մեղվապահների արտադրանքի հանդեպ այս կամ այն երկրում արձանագրվող մեծ հետաքրքրության մասին, որից միայն ՀՀ-ում մեղրի գինն է մեծանում, մեր մարդկանց առավել զգալի մասի սննդակարգն է պարզ ու հասարակից պարզունակ ու համեստագույն դառնում: Այն հիմնականում ընդգրկում է արտերկրների հարազատներից ստացվող ֆինանսական միջոցներով գնվող ներմուծված հումքից պատրաստված կաթնա-մսամթերքներ, որոնց որակը նկատի ունենալով ՀՀ առողջապահության նախարարությունը, փառք Աստծո, արգելել է դրանց որոշակի մասի օգտագործումը մանկական հաստատություններում: Մեզանում գաղտնիք չէ նաև, որ որոշակի հիվանդների համար նախատեսված հացատեսակները պատրաստվում են սուրճի նստվածքի կամ համանման այլ միջոցների օգտագործման շնորհիվ: Գրացում տողերիս հեղինակը հիմնականում սպառում է թեփալյուրով թխված հացատեսակ, 1 կգ բոքոնի դիմաց վճարելով 75 ցենտ, ՀՀ արժույթով մոտ 400 դրամ: Այն կտրվում է անգամ 3 մմ շերտով, որը լավագույն որակի ապացույց է:
Ինչու եմ գրում այս ամենը, երբ կարելի էր հպարտանալ, ասենք, Վիեննայի օպերայի աստղ մեր հայրենակցուհու կատարումների հանդեպ աննախադեպ արձագանքներով կամ նշել դեռևս հայաստանցի շարքային մարդկանց ավստրիական տարբեր բնակավայրերում ծավալած բիզնես ծրագրերի հաջողությունները: Անշուշտ, սերտ են հայ-ավստրիական կապերը, որոնք պաշտոնական այցերի ընթացքում դարավոր են հռչակվում: Ավա՜ղ, դրանք որևէ ձևով չեն արտացոլվում ՀՀ առօրյայում, մեր տնտեսությունում, հայաստանցիներիս կենցաղում, որը շարունակում է աղքատ գործընկերոջ կարգավիճակում մնալ, սթափվելու նախանշաններ չցուցաբերել:
Մտորումներիս սկզբում նշեցի ավստրիացիների մի շարք առանձնահատկությունները: Վերջում էլ ցանկանում եմ դրանց ավելացնել նորերը, ասենք, շատ դեպքերում ընդարձակ բնակարաններում ճաշասեղանների բացակայությունը կամ առօրյայում հողաթափեր չօգտագործելը, երբ զրուցակիցդ կարող է քո դիմաց նստել գուլպաներով կամ անգամ առանց դրանց։
Ահա այսպիսին եմ տեսնում Հրանտ Մաթևոսյանի կողմից իր հերոսի բերանով մանր հռչակված Ավստրիան:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ