Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Անզորի ու ամոթխածի այս կարգավիճակն անվերջ շարունակվել չի կարող

Անզորի ու ամոթխածի այս կարգավիճակն անվերջ շարունակվել չի կարող
03.11.2015 | 00:12

Օր չկա, որ հայերիս ականջին չհնչի. «Հայաստանն ու հայերս փոքր երկիր ու ազգ ենք»: Իրենց այսօրինակ կարծիքը բարձրաձայնում են թե պետական այրերն ու լիրիկները, թե ճշգրիտ ու հումանիտար ոլորտի ներկայացուցիչները, թե ուսյալներն ու թերուսները, հայախոսներն ու հայազգի այլախոսները: Այսուհանդերձ ընդունենք, որ հարցը մշտապես չէ, որ ուղեկցում է մեզ, այլ հասունանում է, երբ ինչ-ինչ խնդիր է ստեղծվում, ելք կանխորոշելու հարց ծագում կամ ցանկությունն ու հնարավորությունը չեն համընկնում: Թե ով է նման տրամադրություն արտահայտում, ո՞րն է նպատակը, ինչո՞ւ է այն հնչեցվում, շրջապատի կողմից որևէ արձագանքի չի արժանանում. պարզապես փոքր ենք և վերջ, անքննելի իրողություն, ակադեմիական ճշմարտություն, միայն պարզ չէ ինչպիսի ակադեմիայի: Երբ 1930-ականներին առաջին անգամ Հայաստան այցելած Վիլյամ Սարոյանին ակնարկել են այս մասին, նրա պատասխանը եղել է` իսկ դուք վեր բարձրացեք: Նկատենք, որ այդ շրջանում Հայաստանում շինություններն առավելագույնը 3-4 հարկ էին կառուցվում: 1960-ականներին էլ Սան Պաուլո այցելած հայրս էր վկայում, որ 30-հարկանի ավտոկայանատեղի է տեսել, երբ մեզանում դրանք բակերի ողջ տարածքներն էին զբաղեցնում: Անձնական կյանքից մի այլ փաստ էլ նշեմ: Ավստրիայի Գրաց քաղաքում բնակվող կրտսեր որդիս մի անգամ ավտոմեքենան կայանելուց հետո պահանջված վայրը հասնելու համար վերելակով 7 հարկ բարձրացավ և հայտնվեց... շինության առաջին հարկում: Ցնցվել էի, թեև 4-5-հարկանի ավտոկայանատեղիներ ունեն ոչ մեծ քաղաքի առևտրային բոլոր մեծ կենտրոնները: Ամբողջ աշխարհում խնայողաբար են մոտենում հողային կարողունակությանը, այն դիտարկում որպես սեփական բնակչության պարենապահովության ու երկրի պարենանվտանգության հիմնական միջոց, որն այդ հանրության կառավարումն ստանձնած մարմնի թիվ 1 խնդիրն է: Այսկերպ կայացած պետությունն իր հանդեպ որևէ անցանկալի դրսևորում անհետևանք չի թողնի, երբ ՀՀ-ն անլիարժեք ներկայացնելն է նաև ահագնացած արտագաղթի պատճառը:
Մասամբ ընդհանրական այս դիտարկումից հետո փորձենք մոտենալ հայաստանյան իրականությանը: Հետպատերազմյան 20-ամյակը հաստատում է, որ կայացած զինուժի պայմաններում ունենք ընդգծված անկայուն տնտեսական համակարգ: Հիշյալ կարծիքը հաստատելու անհրաժեշտություն պարզապես չկա, քանզի 3 մլն մինուս-պլյուս բնակչության պարագայում ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծվող 10 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունքը ասվածի ապացույցն է: Մեր երբեմնի բախտակից, նույն տարածքն ու բնակչությունն ունեցող Ալբանիան հատել է ՀՆԱ-ի 30 մլրդ դոլարիցուցանիշը, 1,2 մլն բնակչությամբ Էստոնիան մոտենում է 35 մլրդ ՀՆԱ-ի: 11 մլրդ դոլար է 400 հազար բնակիչ ունեցող Մալթայի ՀՆԱ-ն: Մեկ բնակչի հաշվով տարեկան 3000 դոլար մեր արդյունքը կայացածության աննշան տարր է պարունակում. հարևան Իրանում այն 13 հազար դոլար է, Թուրքիայում` 15 հազար դոլար, Լեհաստանում` 21 հազար դոլար, զարգացածներն ինքներդ գուշակեք:
Արդյո՞ք նման անցանկալի վիճակը պայմանավորված է Հայաստանի իրոք փոքր տարածքի, թե՞ այն փոքր հռչակելու անցանկալի դրսևորմամբ, որին ոմանք ավելացնում են մեզանում նավթի ու գազի բացակայությունը: ՀՀ 30 հազար քառակուսի կմ տարածքը ՄԱԿ-ի շուրջ 220 պետությունների շարքում 155-160-րդն է, ինչը ՀՀ քաղաքացուս այն որևէ ձևով պիտակավորելու առիթ չի տալիս: Մի այլ չափորոշիչ նշեմ: 9-11 մլն ազգային կազմ, որպիսին հայերիս հաշվով մեր թվաքանակն է, բնակչություն ունեն 20 երկրներ, իսկ շուրջ 75 պետություններ առավել բազմամարդ են: Սիրողական մակարդակով արված հեղինակիս նման վիճակագրությանը խնդրում են բարյացակամ վերաբերվել:
Փորձենք խնդիրը դիտարկել որոշակի մասնագիտական հրապարակումների օգնությամբ, որպիսին առանձնացվում է 1 քկմ-ի վրա բնակչության թիվը. ՀՀ-ում այն 100 մարդ է, ԱՄՆ-ում` 35, Չինաստանում` 142, Իսրայելում` 400, Հոլանդիայում` 500, Մոնղոլիայում` 2, Սուդանում` 20։ Կարծում եմ` որևէ մեկն անգամ չի ենթադրի, որ վերջին 2-ն իրենց 1,5 մլն և 1,8 մլն քկմ տարածքների շնորհիվ կայացած կամ կայացող երկրների շարքում են: Առաջինում 1 բնակչի հաշվով տարվա ընթացքում ստեղծվող արդյունքը 6000 դոլար է, Սուդանում` 2600 դոլար, ՀՀ-ում մոտ 3000 դոլար, որոնցից և ոչ մեկը կայացման ու բարեկեցության երաշխիք չէ: Նույնը կարող ենք պնդել տասնյակ հողա-ջրա-ջերմային առավել նպաստավոր երկրների մասին, որոնք միջազգայնորեն ընդունվող կենցաղային նորմերից զգալի բացասական շեղումներ ունեն, ինչն էլ հիմք է տալիս նշելու, որ ընդարձակ տարածքները միանշանակ բարեկեցություն չեն ապահովում: Ոչ էլ նավթն ու գազն են դրա երաշխիքը: ԱՄՆ-ում 1868-ից տպագրվող «Համաշխարհային թվեր ու փաստեր. 2015» տեղեկատուի համաձայն` 2013-ին միջին օրական նավթի արտահանման ցուցակի 1-ին տասնյակում են Վենեսուելան, Կոլումբիան, Նիգերիան, Էկվադորն ու Անգոլան, որոնց բարեկեցիկ երկրների թվին չես դասի: Թեև նշվածներից Անգոլան ու Վենեսուելան 1 բնակչի հաշվով ՀՀ-ի ցուցանիշի կրկնակին ու քառակին ունեն, սակայն անգամ այդ ցուցանիշները կայացած տնտեսության ապացույց չեն: Անաչառ գտնվեմ և նշեմ, որ նավթ արտահանող երկրների 3-րդ տասնյակից համանման փաստեր նշելու պարագայում վիճակն առավել անմխիթար է, քանզի այդ ցանկում են Գաբոնը, Կոնգոյի Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադ-Տոբագոն: Զգում եմ` ինչ-որ առումով այսօրինակ սիրողական դատողություններին ընդդիմացողները հիմա էլ ասպարեզ կնետեն ՀՀ-ի ծովային սահմաններ չունենալու հարցը: Աֆրիկայի ծայր հարավում գտնվող 2 մլն բնակչությամբ Բոտսվանա երկիրը ՀՀ-ի պես համաշխարհային ջրերից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա է, չկա անգամ նվազագույն քանակներով նավթ ու գազ ունեցողների շարքում, գրաճանաչ է բնակչության 88 տոկոսը, երկրի ՀՆԱ-ն 35 մլրդ դոլար է, բյուջեն` 5 մլրդ դոլար: ՀՀ-ի հետ համեմատության ոչ մի ցուցանիշ մեր օգտին չէ: Թե ինչպես են հարավաֆրիկյան այս երկրում նման ցուցանիշներ ապահովում, լրագրողիս խնդիրը չէ, այլ հայ տնտեսագիտական ու տնտեսավարական մտքի, որքանով որ այն կա: Ոլորտում հայ գիտության դոկտորների պակաս չունենք, իսկ ահա ողջամիտ տնտեսավարում ցավալիորեն չի նկատվում:
Համաշխարհային մասնագիտական միտքը երկրների կայացման խնդրում առաջնահերթությունների թվին է դասում տվյալ երկրի գյուղնշանակության հողերի վարելահողային մասը, այն դիտարկում որպես առավել բարձր արդյունավետ գործունեություն ծավալելու, հավելյալ ավելացված արժեք ստանալու լավագույն միջոց: ՀՀ-ում այն 1 բնակչի հաշվով 1700 քառակուսի մետր է: Այն իրողությունը, որ պարենային ապրանքախմբերի ապահովության որևէ տեսականու առումով մենք ինքնաբավություն չունենք, իսկ սննդակարգի հիմնական մաս կազմող բուսական ու կենդանական ծագման յուղերի արտադրությունը գրեթե զրոյական մակարդակում է, խոսում է այն մասին, որ նշված տարածքը կարծես բավարար չէ երկրի պարենապահովությունը լուծելու համար: Թե ինչ ծավալների վարելահողեր ունեն ինքնաբավության բարձր մակարդակ ունեցող երկրները, փորձենք պարզել թվերի միջոցով: Ֆրանսիան, օրինակ, 1 բնակչի հաշվով ունի 3300 քմ վարելահող, Հոլանդիան 500 քմ, Չինաստանը` 750 քմ, Իսրայելը` 380 քմ, ԱՄՆ-ը` 5000 քմ, Ավստրիան` 1700 քմ: Բայց ո՜ւր վերջինիս ապահովությունը, ո՜ւր ՀՀ-ինը: Կենտրոնական Եվրոպայում գտնվող այս երկիրը, որտեղ նավթ ու գազ կարծես չկա, ծովափ նույնպես, տարեկան արտադրում է 600 հազար տոննա խոզի միս, հավի միս` 150 հազար տոննա, տավարի միս` 230 հազար տոննա, երբ ՀՀ-ում այս թվերի անգամ 10 տոկոսը չի ապահովվում: Բարձր են բանջարաբույծների, այգեգործների ցուցանիշները: Երկրի այգեգործներից մեկը տողերիս հեղինակին ասաց, որ իրենք իրենց շատ վատ կզգան, եթե երկիր խնձոր ներմուծվի: Հավելեմ նաև, որ բանջարաբոստանային շատ մշակաբույսեր տարվա որոշակի ժամանակահատվածում վաճառվում են մինչև 50 տոկոս զեղչերով: Մեր պարենապահովության պատասխանատուները գերադասում են ծիրան ու խաղող արտահանել, փոխարենը ներմուծել հայերիս խոհանոցում օգտագործվող գրեթե ողջ սննդատեսականին, մսամթերքից մինչև սոխն ու սխտորը:
Անկեղծ գտնվեմ և նշեմ, որ սույն մտորումներս դժվար տրվեցին, թեև դրանք թղթին հանձնելու ցանկություն կուտակվել էր տարիներ շարունակ: Ինքս էլ դեմ չլինելով մեր կրկնակի թե տասնապատիկ տարածքով պետությունում ապրելու ցանկությանը, այսուհանդերձ, երբևէ Հայաստանն ինչ-ինչ չափորոշիչների մեջ չեմ տեղավորել, այն ընդունել եմ ինչպես կա: Եվ երբ որևէ մեկը, ասենք, հանրահայտ մարզիկը, փորձում է թիմի անհաջողությունը բացատրել երկրի և ազգի չափով, ներողամտորեն եմ վերաբերվում: Բայց երբ «դե, Հայաստանը փոքր երկիր է» խոսքերը հնչեցնում է տնտեսագիտության դոկտորը, անզոր եմ զսպելու հարց տալու պահանջը` ինչքա՞ն տարածք է պահանջում տնտեսագիտական միտքը Հայաստանի համար, այն ողջամիտ տնտեսավարման երկիր դարձնելու նպատակով: Տարածքի չա՞փն է պատճառը, որ ասենք չի կառուցվում հայ հիդրոշինարարների տարիների ցանկություն Մեղրիհէկ-1-ը, որն իր մոտ 500 մլն կՎտ.ժ տարեկան էլարտադրությամբ Հայաստանի տարածքի հազիվ մի թիզ մասը կզբաղեցնի: ՀՀ տարա՞ծքն է խնդիր հարուցում, որ 2-3 հազար մետր բարձրություններում չեն տեղադրվում էլհոսանք արտադրող կայաններ, այլապես տպավորություն է ստեղծվում, որ անգործության մատնված քամիները մայրաքաղաքի գիտական կենտրոններում են հայտնվում: Դրանցից որևէ մեկում կարո՞ղ են բացատրել, թե ինչպես է 1 բնակչի հաշվով հազիվ 400 քմ վարելահող ունեցող Ճապոնիային հաջողվում յուրաքանչյուր տարի 10-12 մլն տոննա իրենց բրնձի պահանջը լիովին բավարարող արտադրություն ծավալել, երբ մենք անվերջ ցորեն ու ալյուր ենք ներկրում, իշխանավորների կողմից պարբերաբար հիշեցվող մշակովի հողերի ու դրանցում բերքատվության ավելացման պարագայում: Այս ամենը տարածքի՞ խնդիր է, թե՞ տարածքի կառավարման: Հիմնավորապես կարելի է պնդել, որ երկրորդի, քանզի արդեն փաստարկված տարածքի կողքին մեր երկիրն ունի նաև ջերմային ու ջրային լավագույն պայմաններ ՀՀ լիարժեք կառավարումն ապահովելու համար: Արդյո՞ք լրջմիտ է Հայաստանն ու հայերիս փոքր երկիր ու ազգ հռչակելու մտայնությունը, որի ոչ նպատակն է հասկանալի, ոչ էլ շարժառիթը բացատրելի: Փոխարենը պարզ է մի բան` անզորի ու ամոթխածի այս կարգավիճակն անվերջ շարունակվել չի կարող: Նախընտրելի եմ համարում այսօրինակ մոտեցման փոխարեն գոնե Այսրկովկասում հայերիս գործոն լինելը փաստելը, որը լավագույնս հաստատագրվեց արցախյան պատերազմի արդյունքում:
Վերջը բարին անի:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ.Գ.-Վստահ եմ, որ խնդրին նման մոտեցումը միանշանակ չի ընդունվի: ՈՒստի ակնկալում եմ որոշակի մասնագետների հիմնավորումներով արձագանքներ:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ