ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Որդան կարմրից՝ ոչխարի բուրդ (ազերբայջանական Մադագասկար)

Որդան կարմրից՝ ոչխարի բուրդ (ազերբայջանական Մադագասկար)
16.10.2015 | 00:38

...Իսկ քե՛զ, քավաթափ իմ բարի քավոր,
Մուրացկա՜նդ իմ, մեղքերս քավող,
Քեզ - ես տալիս եմ իմ կյանքը վերջին,
Այդ կյանքից - մեկ օ՜ր, մեկ պա՜հ - բաղձալի՜ն։
Խոստովանահա՜յր,
Կմուրա՜նք մի օր
Մենք դեռ - միասին։
Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

«ՋՈՒՋԱԼԱՐԸՄ»
(այգաբացյան ֆելիետոն)
Ապշերոնյան «շերբեթամուղամային» դիվանագիտության աստղ Փոլադը՝ Բյուլ-բյուլ օղլին, յուր հայրենիքի թալիսմանն է և արծաթերիզ այցեքարտը հեռավոր Մոսկվայում։ Նրա առջև կրնկակոխ բացվում են Ռուսիո պետական դռները բյուր և հետ են քաշվում բազում թանձր վարագույրներ։ Խնդրում եմ՝ չհարցնեք, թե այդ ինչպես։ Լավ, բարեսրտորեն բացատրում եմ, նրա հաղթաթղթերը մի քանիսն են (դրանք նաև արդեն 1000 տարի օսմանական կիսալուսին յաթաղանի անկյունաքարն են և տանիքը). քսակով լի կարմիր ոսկին (շաղախված դյուրամարս-ստորաքարշ ժպիտով), թասակը պռնկեպռունկ լցոնած շողափայլ ալմաստը (խարսխված հաշիշի թմբիրով և հարեմական լիցքաթափմամբ) և, վերջապես, դավադիր սուտը։
Խնդրում եմ պաղատագին, ինձ մի՛ համոզեք, թե հայկական-մանկական որևէ երգ լքել էր հանրապետության սահմանները և առավոտից գիշեր թնդացրել էր Սովետմիության աուլներն ու այլ շեները՝ Չուկոտկայից մինչև Կալինինգրադ - Քյոնիգսբերգ։ Իսկ ազերբայջանական «Ջուջալարըմ»-ը ամենուր էր։
«Ջո՜ւ-ջո՜ւ-ջուջալարըմ, ման ըմ քյոռփա ջուջալարըմ» երգը սրտեր էր խանդավառում։
«Ջո՜ւ-ջո՜ւ-ջուջալարըմ...»,- Ռուսիո գլխադիր հեռուստաալիքի կիրակնօրյա հաղորդումն է վարում ջուջալարըմային անսֆաթ այս արարածը՝ Իրադա Զեյնալովան։ Վարում է և հանպատրաստից հակահայկական հիշոց է դայլայլում։ (Պատմում են, որ Փոլադ Բյուլ-բյուլն օրն սկսում և ավարտում է «Ջուջալարըմի» մեղեդու ուղեկցությամբ)։
Россия-24, հռչակավոր հեռուստաալիք է, բազմամիլիոն լսարանով։ Այստեղ էլ եթերից չռված աչքերով փորձում է հեռուստադիտողին հմայել Նաիլիա Ասքերզադեն, ասկյարի կըզին, ինչպես հուշում է նրա ազգանունը։ (Զարմանալի է, ազերբայջանցիք այդպես էլ ազգ չդարձան, բայց տեսեք, թե որքան ազգանուններ են շողշողացնում այսօր աշխարհին խաղի կանոններ թելադրող Ռուսիո կենտրոնական լրատվամիջոցներով, ի մասնավորի՝ ամենահաս-ուղեղալվա հեռուստատեսությամբ)։
Այս ամենում կա՞ հատիկը ճշմարտության։ Հարկավ, այո, երախտագետ ռուս-քաղաքական միտքը բնավ չի անտեսում ազերիների մասնակցությունը ռուսական պետականաշինությանը, Բորոդինոյի ճակատամարտին և ռուս-խորհրդային գիտության, մշակույթի և այլնի զարգացմանը։ Մի խոսքով՝ ազերբայջանցիք լայնսրտորեն բացճակատ են Ռուսիո առջև։ Տեսեք, PEH TB-ի ձեռնածուն՝ ոչ անհայտ Իգոր Պրոկոպենկոն, վերջերս հակահայկական բլիցկրիգ էր սանձազերծել և բացսիրտ ու բացճակատ ծանակում էր ողջ հայությանը, այն է թե՝ հայերն իրենց հիվանդագին երևակայությանը զոհ գնալով հայտարարում են, որ ավելի հին են Հելլադայից, որ Եգիպտոսի բուրգերն են կառուցել և այսպես շարունակ։ (Ջո՜ւ-ջո՜ւ-ջուջալարըմ. ի՜նչ մոլագար ուժ ունեն մի քսակ ոսկին և մի թասակ ալմաստը)։
НТВ-ով անհայտ ծագման ոմն Ստալիկ Խանկաշիև փառաբանում է ազերիական ազգային խոհանոցը։ Այս իմաստով եկեք մի փոքր տանք-առնենք։ Անձամբ երբեք ազգային խոհանոցը չեմ համարել քաղաքակրթության առաջնադիրք երևույթ, գոնե հայերիս պարագայում։ Սակայն ակ և կարա կոյունլու ոչխարապահ-արյունազեխների նորահայտ էթնոս ազերիների համար հույժ կարևոր է հաստատել աշխարհում, որ իրենք թոնրում հարիսա են եփել և գաթա են թխել։ Անշուշտ ընթերցողս կռահեց, թե ինչն է բանը։ Այո՛, առաջնակարգ խոհանոցը նստակյացության և կրթյալության ցուցանիշ է, ոչ վաչկատուն-թափառաշրջիկների խելքի բանը։ (Այսինքն՝ մեզ հետ պատերազմող երկիրը հսկայական գումարներ է ծախսում և փորձում է աշխարհին ներկայանալ որպես հնագույն քաղաքակրթության հայրենիք։ Սա պետական-ռազմավարական գերակա ծրագիր է, ոչ ավելի, ոչ էլ պակաս)։ Իսկ ինչո՞վ են զբաղված մեր համապատասխան ծառայությունները։ Սակայն այս ամենը հայտնի է ձեզ, այժմ հարմարավետ տեղակայվեք բազմոցներում և լսեք ներքոնշյալ թարմ հեքիաթը Տոգոյի և Մադագասկարի մասին։

ՍԵ՜Ր ԻՄ, ՏՈԳՈ, ԵՐԱ՜Զ ԻՄ, ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
(կեսօրյա պամֆլետ)
Այս ամենի մեր պատասխանը բարյացակամ է, հրաբխային է և, իհարկե, հեռանկարային է։ Այսպես, ՀՀ կառավարությունը (հանձինս հայոց արտաքին գործոց և մշակութաց նախարարությունների և ի վավերացում տիար Էդվարդ Նալբանդյանի և տիկին Հասմիկ Պողոսյանի) դեմքով շրջվում է դեպի Աֆրիկա մայր ցամաք, դարակազմիկ պայմանագրեր են կնքվել նախ՝ Մադագասկարի, այնուհետև Տոգոյի հանրապետությունների հետ։ (Սա իր նախապատմությունն ունի, այսպես ասած, իր պատմահիգիենիկ պատվանդանը։ Չէ՞ որ ժամանակին Զիմբաբվե երկրի պատվիրակը վարկային միջոցների հաշվին ժամանեց ՀՀ և ուսուցանեց Արարատյան երկրի բնակիչներիս, թե ինչպես է պետք ճիշտ տնկել ծառը ծիրանի)։ Բա՜, բառաչեք, հայոց եզներ, և հառաչեք, հովիվ, նախրորդ։ Հայոց ինտերնացիոնալ ոգին մակընթացության բարձրակետում ցնցեց անգամ Կլարա Ցետկինին և Չե Գևարային, համաշխարհայնացման իններորդ ալիքը հանգրվանեց հայոց սարահարթերում և արյունակցական դաշինք կնքեց վաչկատուն-ոչխարապահ, շեղաչք-թխամորթ (դեղնավուն շղարշով պատած) և փափախավոր-քրտնահոտ ցեղերի և տոհմերի հետ, սկսած դրացի ազերբայջանցիներից, վերջացրած կալմիկով և թաթարով, բաշկիրով ու սելջուկով։ Համահայկական մեծ փառատոնը նվիրաբերված էր ոչխարի արագընթաց խուզին։ Սա հանրային կազմակերպությունների սխրանքն էր և, անշուշտ, մեր պետատյաններն իսկույն արձագանքեցին դրան։ Մանրամասնենք։

Տոգոն հինավուրց, բայց և այնպես մի համեստ երկիր է Աֆրիկա մայր ցամաքի արևմուտքում, Գվինեական ծոցի ափերին։ Այստեղ զարմանալի, ավելին, պնդեմ, գրեթե անհասանելի բարձրության վրա է ազգային քաղաքակրթությունը։ Տեսեք և հիացեք՝ Տոգո երկրում մշակում են կակաո, յամս, սորգո, սուրճ։ Սույն աստվածահաճո գործն ավարտելով, տոգոցիներն ուշի ուշով ուսումնասիրում են Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը։ Օրը ճաշ դառավ, բայց նրանք զբաղվում են անասնապահությամբ (սա` երկրի խորքերում) և ձկնորսությամբ (սա` ափամերձ շրջաններում)։

Մայրամուտ է, տոգոցիները հավաքվում են իրենց կավե հիմքով, ծղոտե պատերով և կոնաձև տանիքներով առանձնատներում և լուռ ու տխուր զարգացնում են յուրյանց ինքնաբավ մշակույթը՝ քանդակազարդագրությունը փղոսկրի վրա։ Բայց, ներող եղեք, Մադագասկարում կարծես պատերազմական դրություն է հայտարարվել։ Հանգստացեք, տիարք և տիկնայք մադագասկարցիներ, դուք մոռացված չեք, ՀՀ կառավարությունն ու մշնախը, իմա՝ մշակույթի նախարարությունը, բազմակողմանի պայմանագրեր են ստորագրել նաև ձեզ հետ։ Պարզապես ձեր պանծալի երկրի մայրաքաղաքի անունը մի քիչ դժվարամարս-սայթաքուն է՝ Անտանանարիվու։
Մադագասկար։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանված է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով։ Սակայն մեզ համար նույնքան թանկ և հարազատ է, որքան Տոգոն։ Մադագասկարի տոտեմը լեմուրն է, այդ չարաճճի գազանիկը, որը շատ նման է կապիկի, ապրում է ծառերի վրա և ամոթխած խույս է տալիս զբոսաշրջիկներից։ Հնդկական օվկիանոսի տաք ջրերում դիրքավորված այս երկիրը գյուղատնտեսական է, աճում են բրինձը, բամբուկը, սուրճը, մանիոկը, սորգոն և բատատը։ Մադագասկարցիները որպես հավատացյալներ բավականին բազմասեր են, նրանք դավանում են կաթոլիկություն և բողոքականություն, իսլամ և անիմիզմ, հինդուիզմ և աթեիզմ (ինչպիսի՜ ներդաշնակություն Հայաստան աշխարհի և Մադագասկար երկրի միջև)։

Մեկ շաբաթ առաջ էի այս ամենը փաստագրում, և խնդրեմ, բացվեցին վարագույրներն ու ՀՀ ԱԳՆ-ն սկսեց գրկաբաց մի հանդես, մեկը մյուսի հետևից ընդունում է աֆրիկյան պետությունների պատվիրակություններին (Գանա, Սենեգալ և այլն), ողջագուրվում է և վավերացնում է միջպետական եղբայրության պայմանագրերը և պատվիրակություններին գործուղում է Հանրապետության հրապարակի հարավային կողմը, ուր ՀՀ մշակույթի նախարարությունն է։ Հասկանալի է, միջմշակութային-հեռանկարային կապերն ամրապնդելու և այդ ամենը բարձրացնելու ամպերից էլ վեր։ Այսպիսով մե՞նք ենք նվաճում Աֆրիկան, թե՞ Աֆրիկան է խաղադրույքներ սահմանում այստեղ։ (Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կմեկնաբանեն այս ամենը ջուջալարըմային դիվանագիտության բաջիներն ու ասկյարները)։ Աֆրիկական սույն գլխապատառ գրկախառնումները գուցե անցած հուր-կրակ ամռան արձագա՞նքն են։ Կամ միգուցե Նոյյան տապանը նախ կամացուկ հանգրվանել է Կիլիմանջարոյի կատարին, հետո՞ միայն իջևանել Արարատի գագաթին։
Մի խոսքով, դեպի Աֆրիկա։ Ի դեպ, ՀՀ ԱԳ-ն և մշնախը վրիպել են։ Անհրաժեշտ է անհապաղ նախ Երևանում, ապա նաև ՀՀ բոլոր մարզկենտրոններում (նմանապես ՀՀ բոլոր սահմանամերձ համայնքների գյուղապետարաններում) բացել աֆրիկյան խոհանոցներ և կազմակերպել մակակների, կոկոսի, լեմուրների և կոկորդիլոսների աճեցման բարձրագույն դասընթացներ։ Այո՜։

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՔՐՔԻՋԸ
(իրիկնահացն անո՜ւշ էր, սարկազմն է հասունացել)
Խոստովանենք հեռակա կարգով, լուսահոգի պոետ, ընտրյալ Ռոմիկ Սարդարյան, որ մեր երկիրը զարգանում է զարզանդելի ժամանակացույցով։ ՈՒ չարժե՞ արդյոք դրան նվիրաբերել մեր անկախական կյանքն առաջին և մեր կիսամեռ շապիկը վերջին։ Հարկավ՝ արժե՛։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ