ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Բոլոր ժամանակներում էլ ճշմարտությունը մեկ ճերմակ երես ունի, ոչ թե մի քանի գունեղ աստառներ

Բոլոր ժամանակներում էլ ճշմարտությունը մեկ ճերմակ երես ունի, ոչ թե մի քանի գունեղ աստառներ
13.10.2015 | 00:07

Ժամանակ առ ժամանակ հայաստանյան հանրությանն «անակնկալ» է մատուցում ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։ Զորօրինակ` «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից», «Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը» և այլն, և այլն։ Բնական է` նա աչքաթող չէր անելու խնդիրների խնդիրը` Սահմանադրությունը։ Չափազանցրած չեմ լինի, եթե արձանագրեմ` պարոն Միլզը միջամտում է սահմանադրական փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի հետ։ Մեզ (կոմունիստներիս) դեռ էն գլխից էր հայտնի, որ սահմանադրության մշակման փուլում այն ներկայացվել է ԱՄՆ-ի դեսպանին, որն էլ գերմանացի միջազգային փորձագետների հետ մասնագիտական վերահսկողություն է իրականացնում։
Ասեմ ավելին` դեսպանը հանդիպում է ՀՀ ֆինանսների նախարարին, քննարկում է հարկային ոլորտի հարցերը, առաջարկում է փոխել հայ-ամերիկյան խորհրդատվական հանձնաժողովի նախագահին, հանդիպում է կուսակցությունների ղեկավարների հետ, մեզ պարտադրում է արևմտյան ապրելակերպ։
Միստր Միլզ, ես` հայ կոմունիստս, ուզում եմ փաստել` գեղեցիկ է, երբ դիվանագետը գործում է իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակներում։
Բոլոր ժամանակներում (պատմական փորձն է ապացուցել) ձեր պետության միջամտությունը հայերիս առնչվող խնդիրներին մեզ համար դարձել է ազգային ողբերգություն, ունեցել ենք անդառնալի կորուստներ։
Հարգելի միստր Ռիչարդ Միլզ, բլից-էքսկուրսով փորձեմ թարմացնել Ձեր հիշողությունը. միասին դեն նետենք տասնամյակների մշուշաքողը, բացենք պատմության վարագույրը և տեղափոխվենք 1900 թվական, մտաբերենք ամերիկյան իրավաբան, հանրապետական Ալբեր Բերիջին։ Վերհիշենք նրա հայտարարությունը Սենատի ամբիոնից. «Նա` Ամենաբարձրյալը (Աստված), մեզ առաջադիմական ոգի է պարգևել, որպեսզի կարողանանք հաղթել ռեակցիոն ուժերին ամբողջ աշխարհում (որպես գիտակներ կառավարման հարցերում), որպեսզի կարողանանք կառավարել վայրենի և անկման հասած ժողովուրդներին։ Եթե չունենանք այդպիսի ուժ, ամբողջ աշխարհը նորից կընկնի բարբարոսության ու խավարի մեջ»։
Իրավաբան-հանրապետականի այդ գաղափարով է ներծծված (ամբողջությամբ) ամերիկյան մեծապետակա՞ն ասեմ, թե՞ դոլարազենքախառն մտածելակերպը։ Այդ «աստվածային առաքելության» հովերով տարված էլ դուք խելք եք սովորեցնում բոլորիս։ Ցավալի է, որ իրավաբան-հանրապետականը մարդկային ցեղից առանձնացրեց միայն ամերիկացիներին, անտեսելով, որ աշխարհում կան դարերի պատմություն ունեցող քաղաքակիրթ շատ ժողովուրդներ, իսկ իր նախնիները Եվրոպայից փախած անգլո-սաքսերն են (հիմնականում հանցագործներ), որոնք հողագնդի վրա իրականացրին առաջին եղեռնը, գրեթե ոչնչացնելով տեղաբնակ բոլոր ցեղերին և այդ տարածքում կազմավորեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) պետությունը։ Քանի՞ միլիոն տեղաբնակ եք ոչնչացրել, ստույգ չգիտեմ, կոնկրետ թիվը բարձրաձայնեք ինքներդ։ Ես միայն գիտեմ, որ այսօր էլ բնիկների` կոտորածներից մազապուրծ շառավիղներին արգելափակել եք սարսափելի մահվան գետտոներում, զրկել ամեն իրավունքից` անգամ ազատ տեղաշարժվելու, և այդ խեղճուկրակներին մխրճել եք հարբեցողության ու թմրամոլության հորձանուտ։ ՈՒ դեռ գոռում եք դեմոկրատիայի, մարդու իրավունքների և ձեր հորինած «աստվածային առաքելության» մասին։
Որքան էլ ասածս հաճելի չէ Ձեր ունկերին, այնուամենայնիվ, շարունակեմ. 1915 թ. երիտթուրքերն իրականացնում էին հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Թուրքիայում Ամերիկայի դեսպան, երջանկահիշատակ Մորգենթաուն դեռևս 1914-ին, եղեռնից մեկ տարի առաջ, ամերիկյան ղեկավարությանը պարբերաբար իրազեկում էր Թուրքիայի նպատակների և կատարվող ջարդերի մասին։ Բայց Վաշինգտոնն այդպես էլ չփորձեց կանխել արհավիրքը։ Աշխարհի ամենատես աչքի առաջ տեղահանվեց ու ոչնչացվեց 2 միլիոն հայ։ Այդ ոճրագործությունից անցել է 100 տարի, ԱՄՆ-ի 43 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց «աստվածային առաքելությամբ» օժտված ամերիկյան և ոչ մի նախագահ չի արտաբերում «ցեղասպանություն» բառը, քանի որ ԱՄՆ-ն ունի իր շահերը, նաև ոճրագործն ԱՄՆ-ի բարեկամն է ու դաշնակիցը։ 1918 թ. հունվարի 8-ին գեներալ Ջեյմս Հարբորդը Հայաստանում նշանակվեց Անտանտի երկրների վերահսկող ներկայացուցիչ հանձնաժողովի ղեկավար։ Հիշյալ հանձնաժողովը գործում էր «Ամերիկյան զինվորական առաքելություն Հայաստանում» անվան տակ։ Գեներալ Հարբորդի հետ հանդիպելով` Մուսթաֆա Քեմալը համոզվեց, որ պաշտոնական Վաշինգտոնը տվյալ տարածքում Հայաստան պետություն ստեղծելու մտադրություն չունի։
1919 թ. հուլիսի 5-ին Հայաստանում գերագույն կոմիսար նշանակվեց ամերիկյան գնդապետ Հասկելը, որն էլ Հայաստանին պարտադրեց Ադրբեջանի հետ պայմանագիր հաստատել` Ղարաբաղը թողնելով Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում պարտադրանքով նրան միացվեցին Շուշին, Ջեբրայիլը և այլ տարածքներ։ Նախիջևանը, Զանգեզուրը, Շարուրը, Դարալագյազը դարձրին դաշնակիցների ամերիկյան միացյալ հատուկ գոտի. նրան ավելացնելով Վեդի Բասարը, Երևան-Ջուլֆա երկաթգիծը, իսկ հայկական բանակը տեղափոխեցին Յուվա գյուղի մոտ։ Ամերիկյան դիվանագիտության միջամտությամբ Հայաստանը կորցրեց ամեն ինչ։
ԱՄՆ-ի խոշոր քաղաքագետ և դիվանագետ, մեր ժամանակակից Հենրի Քիսինջերը նշում է, որ յուրաքանչյուր հազարամյակում ի հայտ է գալիս որևէ երկիր, որը, ունենալով հզորություն, կամք, մտավոր ու բարոյական խթանիչներ, կարողանում է միջազգային ողջ համակարգը հարմարեցնել սեփական ուժերին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ դերակատարությունն իր վրա վերցրեց ԱՄՆ-ը, բայց ճակատագրի հեգնանքով նա գործ ունեցավ այնպիսի իրողությունների հետ, որոնք նրա համար եղան անցանկալի. աշխարհի ժողովուրդները սկսեցին ավելի շատ հակադրվել միմյանց, քան գործակցել։
Խորհրդային Միության փլուզումն իսկապես մահացու հարված հասցրեց հայ ժողովրդին։ Հրապուրված Ձեր «աստվածային առաքելությամբ»` հանրապետության նախագահ ընտրեցինք ձեզ համար հաճելի Լևոն Տեր-Պետրոսյանին, ով արևմտյան ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ հրավիրեց ԱՄՆ-ի մեր հայրենակից ձեր գործակալներին, Ֆլեթչերի դիվանագիտական դպրոցներում դաստիարակված Ժ. Լիպարիտյանին, Ս. Թաշչյանին, Վ. Օսկանյանին, Ռ. Հովհաննիսյանին։ Հիշյալ անձինք Լ. Տ.-Պ.-ի շրջապատի հետ այստեղ ձևավորեցին արհեստավարժ տղերքի խումբ, կարգախոս հռչակեցին, թե կոմունիստների կառուցածն է, պետք է քանդել, և ժողովրդին մթության ու խավարի մեջ պահելով` սկսեցին ուղեղների լվացման գործընթացը, ինչպես ձեզ մոտ է ընդունված։ Կարճ ժամանակում երկրից արտագաղթեց 950 հազար մարդ, այսօր այդ թիվն անցնում է 1,5 միլիոնի սահմանագիծը։ Կարգախոս ընդունվեց, թե ազգը չունի մշտական բարեկամներ և թշնամիներ։ Ճակատագրական սխալ համարվեց ռուսների հետ դարերի բարեկամությունը։ Փորձեցին համոզել, թե Օսմանյան կայսրությունում հայերն ապրում էին բարվոք կյանքով, չկար կոտորած և եղեռն, թե չարիքի աղբյուրը ռուսներն էին։ Թնդացրին, թե հայոց պատմագրությունը կեղծ կատեգորիա է, ազգային ազատագրական շարժումը համարվեց ռոմանտիզմ և արկածախնդրություն, հերքվեց համաթուրքական գոյությունը որպես հորինված առասպել, Թուրքիան համարվեց կյանքի ճանապարհ։ Հայաստանում ձևավորվեցին աղքատների, բոմժերի, մարմնավաճառների, դրամաշորթների, մուրացկանների, ժողովրդի և ազգային հարստությունը յուրացնողների շերտեր։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժողովրդի կենսամակարդակը վատացավ մի քանի անգամ։ Ձևավորվեցին հասարակական կազմակերպություններ, որոնք Քեռի Սեմի կանաչ դոլարներից շլացած, Եվրոպայի կենցաղավարության աղբը պարբերաբար ներկրում են Հայաստան։ Սրանք են ձեր «աստվածային առաքելությամբ» տրված մեր պետության գործերին միջամտելու դառը պտուղները։
Մեր ժամանակի խոշոր քաղաքագետ, ամերիկացի Զբիգնև Բժեզինսկին նշում է, որ եթե ԱՄՆ-ը չվերանայի իր հայեցակարգը, թե ինքը համաշխարհային քաղաքականության մեջ հանդիսանում է «Աստծու» կողմից ընտրված «գերիշխող» և ունի գլոբալ դերակատարում, ապա նրան սպասում է այնպիսի համակարգային ճգնաժամ, որն իր ժամանակին կործանեց Խորհրդային Միությունը։
Չլուծվող ներքին և ձգձգվող արտաքին հիմնահարցերը, հաստատում է Բժեզինսկին, կքամեն ԱՄՆ¬ի բոլոր հյութերը, կբարոյազրկեն ամերիկյան հասարակությունը, կսասանեն նրա սոցիալական, բարոյական վարքագիծը, արդյունքում մոտավորապես 2025 թ. միջազգային անկայունության ֆոնի վրա ԱՄՆ-ը դեֆակտո կդադարի համաշխարհային տիրապետող լինելուց։
Հարգելի միստր Միլզ, դժվար է պատկերացնել, բայց ճշմարտությունը մեկն է. ԱՄՆ-ի անխոհեմ արտաքին քաղաքականության պատճառով այսօր Եվրոպան կանգնած է կրոնադեմոգրաֆիկ աղետի առջև։ Գաղտնիք չէ, որ «Իսլամական պետություն» կոչված հրեշն ԱՄՆ-ի ծնած-սնածն է։ Հանրահայտ է և այն, որ այսօր ՈՒկրաինայում իշխանությունը գտնվում է ուոլսթրիթներում հարություն առած Հիտլեր-գեբելսյան ճտերի ձեռքում։ ՈՒզում եմ մեկ անգամ ևս հնչեցնել չլռող ահազանգերը՝ դեպի Եվրոպա վազող փախստականներն ինչ-որ պահի «ուղղվելու» են ԱՄՆ. այսօր երիտասարդներն են գնում, վաղը գնալու են ծերերը, երեխաները, հաշմանդամները, հոգևորականները, տկարամիտները, հոգեկան խնդիրներ ունեցողները, ծայրահեղականները, ինչպես նաև ահաբեկիչները։ ԱՄՆ-ը Եվրոպայի հետ պետք է մտածի ավելի վատ հետևանքներին դիմակայելու մասին։
Միստր Միլզ, մի՞թե չեք տեսնում` միաբևեռ աշխարհն ԱՄՆ-ի գլխավորությամբ չկարողացավ իր «աստվածային առաքելությունն» իրականացնել։ Այսօր ԻՊ հիդրայի դեմ մարտնչող ՌԴ-ն երկրորդ՝ հակադիր բևեռի հիմքը դրեց։
Հիշեցնեմ Ձեզ, հարգելի դիվանագետ միստր Ռիչարդ Միլզ, ոչ մի երկրի դիվանագետ իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին, սահմանադրական փոփոխություններին, կադրային տեղաշարժին։ Պատկերացնո՞ւմ եք, Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, խորհուրդներ տա Բարաք Օբամային կամ Ջոն Քերիին, հայտարարի, թե Հայաստանը հիասթափված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախագահի հուզախառն թույլ ելույթից, թե Օբաման ՄԱԿ-ում բացահայտ պարտություն կրեց Պուտինից, թե Երևանը ոգևորված չէ... ԱՄՆ-ում առկա հազար ու մեկ անարդարությունից։ Դուք պատկերացնո՞ւմ եք նման բան։ Համոզված եմ՝ ոչ։
Հարգելի միստր Ռիչարդ Միլզ, բոլոր ժամանակներում էլ ճշմարտությունը մեկ ճերմակ երես ունի, ոչ թե մի քանի գունեղ աստառներ...

Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ