Մենք անհուշ ենք հիմի, կորուսյալ ենք հիմի,
Որպես սողոմոնյան անապատի քամի։
Ո՞վ է զորու այսքան ունայնություն տանել,-
Թափուր պատվանդաններ։
«Թափուր պատվանդաններ»,
Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ
ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ Է
(ֆելիետոնն այգաբացին, 7։00)
Օրեր առաջ իշխող կուսակցությունն արքայական վեհանձնությամբ հրովարտակեց մեր նվիրական գոյապայքարի բանաձևը. «Պետությունը վատ կառավարիչ է»։ Բանաձևումը հրապարակեց հնագույն հանրապետական տիար Գագիկ Մինասյանը, ՀՀԿ տնտեսական քաղաքականության հանգուցային պատասխանատուն, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։
Մի խոսքով ՀՀ-ն, որպես պետություն, «վատ կառավարիչ» է, այսինքն՝ կարող է վատնումների գնալ, ՀԷՑ-ը (տիար Գագիկի թևավոր խոսքը հենց ՀԷՑ-ի կառավարման վերաբերմամբ է հնչել) պետությունը կարող է գրավ դնել, վարկ վերցնել և անհետանալ։ Այսպիսով, մի անձրևոտ օր մենք կարող ենք արթնանալ և շշմել երջանկության շանթահարումից, զի կարող ենք նկատել, որ կառավարական տունն անհետացել է հրապարակից։ Ամե՜ն։
Այսինքն, ՀՀ կառավարությունը (հանձին պետության), իր բյուրոկրատական ճերմակաօձիք, բանիմաց և հզոր զորաբանակով, անկարող է, դիցուք, շաքարավազ ներկրել, գազ և դեղորայք հասցնել երկիր, ցորենով և ծխախոտով, բազուկի սպիրտով և գոմեշի ժամկետանց մսով ապահովել բնակչության պահանջարկը և այսպես շարունակ։ Ինչից ելնելով էլ ի սկզբանե մասնավորին տրվեց երկիրն ապահովելու երջանկաբեր մենաշնորհը։ Մասնավորը նախ լիացավ, այնուհետև լիասիրտ հղփացավ, հարաճուն դարձավ մենաշնորհատեր, վերաճեց օլիգարխի, ներխուժեց քաղաքական դաշտ, այդ դաշտն ապականեց ոտն ի գլուխ, գլուխն ի ոտք փոխարինեց հայոց նորաստեղծ պետականությանը։ Հետո էլ դարձավ լպիրշորեն անկեղծ, բացեց բարեգործական բազում ճաշարաններ և գոցեց պետական բյուջեի դուռն ու պատուհանը։ Եվ մի՞թե տեղին չի հնչի ուղղամիտ հարցս՝ ուղղված ՀՀ տնտեսական մտքի կերտիչներին՝ արդյոք ժամանակը չէ՞ գալիք սահմանադրական փոփոխություններում հեղաշրջվելու և հեղափոխական մեկ սահմանում այնտեղ ամրագրելու, ըստ որի, անմիջապես կլուծարվի ՀՀ կառավարությունը (շենքը, հարկավ, կտրամադրվի որևէ օլիգարխիկ աղանդի), և հանրապետությունը խաղաղ ու խեղկատակաբնույթ կկառավարվի գերագույնս օլիգարխացված ԱԺ-ի ձեռամբ։ Զի մեր պետությունը, իմա՝ կառավարությունը, վատ կառավարիչ է։ Եվ վերջ։
Կառավարության լուծարքը պատմահիգիենիկ բնույթի գործարք է։ Այսպես, եթե կառավարությունը լուծարվի, հազարավոր ծառայողներ, յուրյանց նախարարաց գլխավորությամբ, կլքեն երկիրը։ Այսինքն՝ կարձանագրենք արտագաղթի աննախադեպ աճ։ Սքանչելի է, զի այս բախտակորույս երկրում, այնուամենայնիվ, ինչ-որ բան մշտապես պետք է իրական աճ գրանցի։ (ՀՀ-ում կայուն և մշտարթուն աճ են գրանցում. ա) արտագաղթը, բ) երկրի կողոպուտը, գ) աղանդավորների գլխաքանակի հարաճուն վերելքը և այսպես շարունակ, անփառունակ, անդեմ և անհիշատակ)։
ՄԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ-ԿԱՐԱՊՆԵՐԸ
(պամֆլետը թխվեց ժամը 13։13-ին)
Լավ, բավ է, հանդարտվենք, խոր շնչենք ու անորոշ արտաշնչենք, զի ժամն է պարզելու՝ ինչ անել և ինչպես անել։ Հարցերս ոչ միայն հռետորական չեն, այլև ողբերգաշունչ են, զի ավելի ու ավելի կորցնում ենք պետականությունը, կորցնում ենք հենց այս սահմանադրության մթին արահետներում և խորտակիչ ոլորաններում։ Զի ամենուր, սահմանադրության բոլոր սահմանումներում սափրագլուխ հրոսակն է դիրքավորված, զինավառ ոտքից գլուխ, անչափելի տկարամիտ, ահարկու նենգ և այլն։ Եվ ահա մեր օլիգարխիկ-օֆշորային երկրի սուրն ու վահանը, թմրանյութն ու թերմացքը հանդիսացող վերոնշյալ «ազգանվեր խավը» սահմանադրորեն դառնում է արդեն ոչ միայն երկրի, այլև ժամանակի տերն ու տնօրենը (Տե՜ր իմ Երկնավոր, օլիգարխները շքանշանավորվում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին հանդես բերած գործուն մասնակցության համար, ու սա մի բան է խորհրդանշում. անկախ պետականության 24-րդ տարեդարձը իրականում մեր պետականության տարելիցն էր)։
Հարկավ, ներկա սահմանային ալեբախումներն ազդանշում են ռուսական հավերժ խումար արջի, իրանական մոլեռանդ վագրի և ամերիկյան ծանրաթռիչք արծվի գերակայության հաստատումը Հայաստանում։ Ամեն բան կազմ ու պատրաստ է դրան։ Ե՛վ քաղաքական խառնակ նախիրներն ու հանրային խուռներամ երամները, և՛ թլպատված մտավորականության փարիսեցիական կոհորտաները, և՛ ազատատենչ, բայց և այնպես անմիաբան երիտասարդությունը հրաշալի «հումք» են գաղութապետական այն նոր աշխարհակարգի համար, որ եթե այսօր չէ, ապա վաղը վստահաբար կհաստատվի Մեղրու անցակետից մինչև Գյումրի և Թումանյանի տուն-թանգարանից մինչև Մատենադարան։
Ասացեք, խնդրեմ, նորահայոց վերնադաս-վերին կույտի մեծամասնության համար արդյոք առավել հարմարավետ և հեռանկարային չի՞ լինի նորահայոց այս գաղութապետությունում հաստատված սոդոմ-գոմորյան կանոնակարգը։ Հարկավ՝ այո։ Զի նրա գերագույն իղձն ահռելի գողոնի վայելումն է, զավակների և թոռների, վստահաբար նաև յոթ պորտի համար հուսալի գողապետական ամրոց-աշխարհների կառուցումը ներկա գաղութապետությունում։ Հարկավ՝ այո։ Մի խոսքով, մեր անկախության պողպատահյուս ճոպան-պորտալարը օր օրի և ժամ առ ժամ ոլորվում-մոլորվում է:
Օ՜հ, հայ մտավորականություն, որ տքնում-արարում ես կտավիդ և նոթատետրիդ առջև և խորաթափանց մտքով, կրքոտ և անհույզ ներկա պետականության եղելություններն ես փաստագրում նոթատետրերիդ լուսանցքներում և կտավիդ հորինվածքում, դու ե՞րբ սպանեցիր քո մեջ քաղաքացուն, այդ ե՞րբ դառար այսքան անմռունչ դերակատար։ Լավ, հարկավ բավ է, հայոց մտավորականության ճնշող մեծամասնության կարապի երգը դարձել է երկրի օրհներգ, և նրանից կառուցողական հավաքականություն այլևս չսպասենք։ Իսկ ազատամարտի ազնվական և աննահանջ վետերանները էլ ե՞րբ են միաբանվելու համազգային ընդդիմադիր մի բանակում։
Անկեղծ ասած, գուցե պետք է յուրաքանչյուր այգաբացի մագլցել օպերային թատրոնի տանիք և հնչեցնել 1988-ի կոչնակնե՞րը։ Գուցե։ Բայց միգուցե այլ ուղիներ կան։ Գուցե հայոց դեռևս չանապատացված, այսինքն՝ օլիգարխի ոտնահետքը «չվայելած» ալպիական գոտիներից ինչ-ինչ բույսեր ժողովենք, դրանց թուրմն օրհնենք Նժդեհի շիրմաքարի առջև և մեկական ումպ հրամցնենք նորանկախ-մոլորյալ հայությանը, սկսենք առաջինը պատահած նախրապանից, ավարտենք վերջինը մեզ հանդիպած նախարարով։ Միգուցե հենց այսպես մեր հոգու խորխորատներում վերածնվի 1988-ի հայկազուն-արորդին։
Իսկ այժմ մենք համակված ենք մեռնող կարապի ախտանիշով։ Եվ մեր ազնիվ ցասումն ու հորդացող բողոքն ակնթարթորեն ցնդում են, երբ հուռռա¬հայրենասիրական մի մեղեդի է հնչում։
(Անկեղծորեն ապշած եմ մեր վերնադաս-վերին կույտի պարզամտության վրա։ Համաժողովրդական ընդվզումը կանխելու ալքիմիկոսական ակնկալիքով նրանք դեռևս 1991-ից կազմակերպեցին մեծ արտագաղթը, ընկան քառակի մեղքերի տակ, երբ հնարավոր էր այլ, շատ ավելի շահավետ և առավել նպաստավոր ճանապարհ։ Այդ բանում սիրտս բացեմ ձեր հոգու առջև, իմ բոսորամիտ ընթերցողներ։ Բավական է, որ ԱԺ-ն հայտարարի համազգային ջանգյուլումներ յուր բակում, անվճար բրդուճների մատուցմամբ (բրդուճի պարունակությունը հետևյալն է՝ ռուսական խոզաճարպ ու թթու վարունգ, ամերիկյան փոփքորն, իրանական խուրմա և փլավ), հերիք է, որ կառավարությունը կազմակերպի ամենամսյա (հարկավ անվճար և ընտիր ուտեստների, նաև գինու մատուցմամբ) ուղևորություններ դեպի Էրգիր-դրախտավայր, բավ է, որ նախագահական նստավայրը յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան հազարական շքանշան բաշխի հանրությանը (այս պարագայում, անշուշտ, առանց անվճար ուտեստի մատուցման), և կանէանան ընդդիմադիր հույզերն ու կմարեն մարտաշունչ կրքերը։ Ահավասիկ այսպիսի բաներ, անկախության մեր անհայտ սանահեր, կնքամայր և քավորկին։ Թաքցրեք շեփորը։ Այն այլևս չի շեփորում։
ԹԱՓՈՒՐ ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐԻՆ ՄԵԿԱԿԱՆ ՊԱՔՍԻՄԱՏ
(սարկաստիկ մայրամուտ, ժ. 20։45)
Է՜հ, սիրելի պոետ Հրաչյա Բեյլերյան, Բելը չոքել է մեր պետության շեմին, բայց մենք ընդամենը զորում ենք անապատի քամու նման ունայն ու երջանիկ դեգերելու թափուր պատվանդանների միջև, մինչև ե՞րբ։ ՈՒ հանուն ինչի՞ ենք մենք շարունակ մարմարակերտ պատվանդաններ փնտրում և ունայն ու սնանկ, սակայն բրոնզաձույլ հերոսներ բազմեցնում դրանց վրա։ Այնինչ ժամանակը հիմնավորապես ապացուցեց՝ մեր հերոսները հաղթելով օսմանլվա հետնորդներին պատերազմի դաշտում, պետականաշինության խաղաղ օրերում դարձան ջերմեռանդ կեղեքիչներ։ Այնպես որ, շատ տեղին է ՀՀ ասպետական պատվանդաններին տեղադրել մեկական աղյուսագույն պաքսիմատ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ