ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Վերջ թալանին (կամ ճագար ենք, կամ էլ բազե)

Վերջ թալանին (կամ ճագար ենք, կամ էլ բազե)
19.06.2015 | 00:09

Ահա դիտենք քեզ, ոտքերդ շարժուն, երկու կրողներ` բայց նույն խորհրդում միակցորդված, ողջ արտաքինով դու կառուցվեցիր հրեշտակների հար նմանությամբ, և ինչպես նրանք ազատ թռչում են իրենց թևերով, նույնի պես և քեզ բազուկներ տրվեց, որ տանում են վեր, որ հայրենական աշխարհը դիտես քո թռիչքներով...
Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ, «Մատյան ողբերգության», ԲԱՆ ԽԶ

Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ` ԸՍՏ ԳՐՈՂԱՑ ԵՎ ԶԻՆՎՈՐԱՑ

(նավակայանում ճերմակ դրոշներն են փողփողում)

Նախորդ ուրբաթ օրվա «Գրական թերթի» առաջնորդող էջը ուշագրավ էր հռչակագրով. «Եղիցի լո՛ւյս... Բայց ինչ գնով»։ Անշուշտ, տեղին են դրվագումները. «...Հիմա, ըստ հավաստի տվյալների, էլեկտրաէներգիան տնօրինող իշխանավորները իրենց էլեկտրական պարտքերը, որ, ամենայն հավանականությամբ, վատնվել են կամ գողացվել, փորձում են ժողովրդի միջոցով ծածկել այդ անդունդը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ իրավունքով։ Ի՞նչ բարոյականությամբ»։

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

«Ժողովուրդն իրավամբ ասում է` ուրիշների լափածի դիմաց ինչո՞ւ պիտի մենք վճարենք։ Մինչդեռ դատելով այդ ուրիշների նկատմամբ մեր որոշ իշխանավորների հաճկատար վերաբերմունքից, կասկած չի մնում, որ նրանք միասին են լափել տաշտակից»։

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

«Այս պատմության մեջ` ի դեմս ՀԷՑ-ի նյութական մսխումների, արդեն աղմկոտ ու բացահայտ քննարկվող մեր հանրության առջև ներկայանում է հայ մարդուն վերջնականապես թալանելու, ընկճելու և երկրից դուրս մղելու մի մասնավոր սցենար` առանցքում հար և նման արդեն փորձված նախորդներին»։

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

«Հոսանքի թանկացումը, այսինքն` առաջին անհրաժեշտության առանց այդ էլ բավականին թանկ ապրանքների համատարած թանկացումը, նման է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինո» հանրահայտ ստեղծագործության մեջ պարոն Լիմոնի հայտնագործություններին»։

Վահե ԱՐՍԵՆ

«Մեր պետական այրերը աչքակապերով են։ Չեն ուզում տեսնել ու վերջ... Անցել են գեղեցիկ, պաթետիկ, բարձրագոչ ճառաբանության օրերը։ Բառը արժեզուրկ է։ Լավատեսությունը սպառել է ինքն իրեն։ Մնում է պայքարի ոգին, որը կամաց-կամաց սկսում է արթնանալ, երբ արհավիրք է»։

ՀՌԻՓՍԻՄԵ

«Այդ ինչպե՞ս է պատահում, որ ատոմակայան ունեցող, 7 դրամ ինքնարժեքով էլէներգիա արտադրող երկրում սակագինը բարձրանում է տարեցտարի, իսկ հարևան Վրաստանում, որ մեզնից է գնում հոսանքը, գինը չի փոխվում տարիներ շարունակ։ Հիմնավորումները աբսուրդի ասպարեզից են, իսկ պատճառը մեկն է` մեր տարօրինակ անտարբերությունը»։

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Այո, դանակը վերջապես հասել է ամենադիմացկուն-մշակութային ոսկոր-փղոսկրին, գրողներն են ոտքի կանգնում։ Կասկած չունենաք, նրանց կմիանան նկարիչներն ու երաժիշտները, նրանց շարքերը կհամալրեն դերասաններն ու գիտնականները, Տեր իմ երկնավոր, կարծես թե իրականություն է դառնում նվաստիս գերագույն իղձը, և հնազանդ-հացկատակությունը անվերադարձ լքում է հանրապետության սահմանները։ Ամեն։

Դուք լսո՞ւմ եք ամրակուռ ոտքերի թնդուն դոփյունը, այո՛, ազատամարտի ազնվարյուն վետերաններն են մտնում հրապարակ, մասնակցելու սրբազան օծման համազգային արարողությանը` թատերական հրապարակը այսուհետև բնույթով և նպատակով է Ազատության հրապարակ։ Եվ այս հրապարակը պիտի Մհերի դռան պես փակվի ցանկացած քաղաքական կուսակցության առաջ (եթե անգամ քաղմարմինը հարթակ բարձրանա հրեշտակի զույգ ճերմակահուռ թևերով պճնված և եթե անգամ նրա շուրթերից առատության եղջյուրի ուժգնությամբ մեր գլխին թափվեն 25 տարի շարունակ մեզնից կորզված երկրի բարիքները մեկ առ մեկ)։ Հակազգային հանդուգն բայղուշները, քաղաքական պատեհապաշտ պոռնիկները և, առհասարակ, բոլոր նրանք, ովքեր երբևէ մերձեցել են իշխանություններին և նրանց ձեռքում եղել հլու և մարտաշունչ գործիք, այսօր դարձյալ փորձում են գրավել Ազատության հրապարակը և այն դարձնել Թատերական։ Հետ շրջեք մի պահ ձեր երախտապարտ հիշողությունը և մեկ առ մեկ վերականգնեք այն մրե անունները, ովքեր գոչում-բառաչում և օրվա իշխանապետության հրեղեն գովքն էին շառաչում։ Նրանք այսօր էլ սերտագույնս գործակցում են օրվա իշխանապետության հետ և կազմ ու պատրաստ են նրանց փոխարինելու, փոխելով դիմակները։ Նրանք փոխել են, իսկ մենք մի՞թե դարձյալ պիտի խաբվենք։

Միով բանիվ պատվարժան այրեր` Նորայր, Գագիկ, Սամվել և Վահե, արժանապատիվ տիկնայք` Հռիփսիմե և Գոհար, այսօր ժամը 18.30-ին մեր հանդիպման վայրն է Երևան, Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի շուրջբոլորը։ Ո՛ղջ լերուք։

«ՓՈՐՁԱԿԱՅԱՆԻ ՃԱԳԱՐՆԵՐԻ» ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

(նավաբեկությունից փրկվածներիս օրհնությունը)

Եկեք բոլորվենք Ազատության հրապարակին հարակից օպերային թատրոնի հրաշակերտ կառույցի, այնուհետև Սևանա լճի մանրակերտ-անդրադարձ Կարապի լճի շուրջ։ 1965-ին այստեղ համազգային ընդվզում էր, 1988-ին` զարթոնք և շարժում։ Այսինքն` սրբազնագործված է այս տարածքը, լճակն էլ կենարար այն ծփանքն է, որը խոհականության է մեզ մղելու, զի բազում են կենսաթրթիռ հուշերը կապված Կառույցի, Հրապարակի և Կարապի լճի հետ, որքա՜ն պետականաշեն խոսք ու զրույց է սկսվել և ավարտվել այստեղ։

Սակայն բավ է, վերադառնանք «Էրիվանի խանություն»։ Հավատա, արգո իմ ընթերցող, սրտի կսկծալից տրտմությամբ նշագրեցի «Փորձակայանի ճագարներ» ենթավերնագիրը, զի մենք գերօգտավետ ճագարներ ենք, որոնց և՛ միսն է գործածելի, և՛ մորթին, որոնց հնազանդեցման համար ընդամենը կամ բաղաձայն փռշտում են, կամ էլ շոյում են հավերժ խոնավ դնչիկը։ Վիրահատման նշտարն այս դեպքում բուժիչ բալասան է, դիմահարդարումը` կործանիչ սադրանք։ Այո, մենք մեր իշխանաց համար երեկ էլ, այսօր էլ փորձակայանի ճագարներ ենք, երկիրն էլ փորձակայան է։ Սակայն ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս վրիպեցինք, տեղին եմ համարում այս երեկոյի խաղաղ երթից առաջ մի քանի միտք փոխանակել ձեզ հետ, «համաժողովրդական ճագարացման» ծագման, զարգացման և հաստատման շուրջ։ Ահավասիկ մի քանի ճակատագրական սայթաքումներ.

ա) 1991-ի ընտրության օրերին հայ մտավորականության ճնշող մասը ցնծագին ձայն տվեց Տեր-Պետրոսյան Լևոնին։ Այլընտրանքը, ի դեմս նրա մրցակիցների, բավականին անհուսալի էր։ Սակայն չէ՞ որ մեկ տարվա քաղաքական իշխանությունը ԳԽ նախագահի դիրքում վստահորեն հիմնավորեց, որ երկրի ղեկը ստանձնել է քաղաքականապես որքան էլ շրջահայաց և ճկուն, ազգային պետականության հարցերում հայության իղձերի հակոտնյա մեկը։ Չմոռանանք, որ Լևոնը նշյալ նախագահական հաղթարշավից առաջ մեկ տարի շարունակ ժամ առ ժամ ճանապարհ էր հարթում իշխող ՀՀՇ-ի օծյալ շահկատակների, անառողջ կրքերի առաջ։ Այսինքն` ծանրաբարո այս ղեկակալ-նավավարի դիմակի հետևում մենք անտեսեցինք ուխտադրուժ նավազին, այո, նրան հաջողվեց հայ մտավորականության ճնշիչ մեծամասնության հնազանդ լռության մեջ զբաղեցնելով ՀՀ նախագահի գահաթոռը, լինել բացառապես երկրաքանդարար ՀՀՇականության ոգին, միտքը, ձեռքն ու մնացյալը։ Բայց մենք ինչո՞ւ ի մի չեկանք և ինչո՞ւ չփորձեցինք տնօրինել մեր ու մեր նորածին հանրապետության ճակատագիրը։ ՈՒ մի՞թե ներկա դեպքերի դաժանության խորքերում այն տարիների հնազանդությունը չի ամբարված։ 25 տարի մեր ոսկեհատիկ ցորյանը կորչում է, հարդն է իշխում։

բ) Հայ մտավորական հավաքականության համար եթե խորագույն գաղտնիք էր «Հոկտեմբերի 27»-ը, վստահաբար պարզագույն փաստ էր Ռոբերտ Քոչարյանի վարքի դաժան բրտությունը հանրապետության հանդեպ։ Հայոց օլիգարխիայի կնքահոր թիկնապահը երկրի մայրաքաղաքի մշակութաբոհեմիկ սրտում յաթաղանեց երիտասարդ հայ տղամարդուն և գավառական իշխանիկի նշյալ նեմեսիսը ազդու ազդանշան էր, Արցախի հերոսը Հայաստանում սահմանում է համակարգված բռնապետական կարգեր, ու թե մի պուտ ազնվական-ընդվզողական արյուն կար մեր մեջ, մենք մտավորականության և ազատամարտիկների դաշինքի առաջնորդությամբ պիտի նրան («Ռոբին») և նրա յաթաղանին («Կուկուին») քշեինք ուղիղ դեպի Ազատության հրապարակ։ Լռեցինք, համակերպվեցինք և վայելում ենք մեր գլխին թափվող նեմեսիսները։

Հրաժեշտից առաջ կամենում եմ տագնապ հնչեցնել։ Դիցուք մեր մտավոր-զինավորյալ դաշինքի պահանջատիրությունից ահաբեկված իշխանակույտը տակտիկական նոր հնարք է կիրառում (իսկ որ նրանք զանգվածներին լումայի գնով շփացնելու և մոլորեցնելու գործում հնարագետ դերվիշներ են, կասկած չկա)։ Ասենք, Հանրապետության հրապարակում բոլորակի սեղաններ է շարում, սեղանները ծածկում է եռագույն սփռոցներով, դարսում է հայրենի հողի բարիքները (զորօրինակ` թոնրի որդան կարմիր գաթա + մառանի խնկաբույր գինի) և առաջարկում բաժակ տնկել գլխից վերև, ծնկի իջնել և իշխանությունների հետ համերաշխության դաշնագիրը ստորագրել առ այն, որ ամեն բան նույնն է մնալու, պարզապես ամիսը մեկ անգամ հայ մտավորականն ու ազատամարտիկը իրավունք կունենան իրենց հետ եղբայրական սեղան նստելու Հանրապետության հրապարակում։ Վախենամ սեղանն այս թափուր չմնա, զի հաղթելով հոգեշահ պատերազմում` մենք պարտվում ենք սոցիալական ճակատամարտերում։

Այնինչ պիտի զգոն լինենք, զի քաղաքական հացկատակների նոր սերունդն է հրապարակ իջել և վերջնագիր է ներկայացնում ներկա իշխանակույտին։ Նաև` երկրին։

Մի խոսքով, դեպի Ազատության հրապարակ։

ԲԱՎ Է, ԺԱՄՆ Է ՀՆՉԵԼ

(նավակայանում նարեկյան ընթերցումներ են)

Բավ է, ժամն է, որ հայրենական աշխարհը դիտենք մեր թռիչքներով։ Եվ ժամն է, որ մեր պնդակուռ բազուկները կռեն ու կոփեն Նարեկացու և մեր հայրենիքը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ