ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Բռնատիրության գարշահոտը (ինչպես կավարտվի մականունակրի և արտադրողի «բանավեճը»)

Բռնատիրության գարշահոտը (ինչպես կավարտվի մականունակրի  և արտադրողի «բանավեճը»)
22.05.2015 | 05:18

Ճանաչված գործարար և հանրային գործիչ, հանրապետությունում դիրք, հեղինակություն և, ամենակարևորը` սեր ու հարգանք վայելող ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ առեղծվածային ձերբակալությունն ալեկոծում է հանրային կարծիքը, տագնապ և անհուսություն սերմանում մարդկանց հոգիներում, քանզի քրեական ծանր հանցանքի մեջ են փորձում մեղադրել քրեականությունից մղոններով հեռու մեկին: Գոհար Ենոքյանը հանրությանն իրազեկել է կատարվածի թե՛ ընթացքի, թե՛ շարժառիթների և թե՛ նպատակների մասին: Այս հարգարժան կնոջից ստորագրություն է վերցվել չհեռանալու մասին: Սա նրա խափանման միջոցն է: Այսպիսով հայտնի և անհայտ շրջանակները, ըստ էության, հերթական անգամ ձեռնոց են նետում հանրությանը, ժողովրդին, պետությանն ու մեր վաղվա օրվան: Հետևությունները թողնենք մեզ բոլորիս: Նաև այս ամենի սադրիչներին, լռությամբ և համակերպությամբ այն շրջանցողներին և «օրվա հերոս» յուվեցի Կարո Կարապետյանին:

Այո՛, քաղաքական նենգադավը տարիներ առաջ մեր հանրապետությունում ծնեց գրեթե բացարձակ անպատժելիության մթնոլորտ, ու որպես չարագույժ հետևանք այսօր հրապարակ է իջել քրեական ամենաթողությունը, երբ հանուն սեփական անբարո կրքերին հագուրդ տալու ոմանք արդեն կազմ ու պատրաստ են ոհմակային գրոհի: (Չնայած ոհմակը համեմատելով այս պատմության հակահերոսների հետ` ակնհայտորեն վիրավորում ենք բնաշխարհի ամենանվիրյալ սանիտարներից մեկին` պարոն գայլին: Ի վերջո, գայլը ոհմակ է կազմում և, լքելով անտառը, հարձակվում է անասնաֆերմաների վրա, երբ անտառը հենց մարդկանց ջանքերով նոսրացել-կորցրել է կենդանական աշխարհը, գայլն էլ իր քաղցած ձագերին կերակրելու համար գյուղ է ներխուժում):

Ամենազարմանալին այս պատմության մեջ մի կողմից մեր դատաիրավական համակարգի առանձին օղակների կանխակալությունն է, մյուս կողմից` երկրի առողջ ուժերի, այլ կերպ ասած, ՀՀ քաղաքացիների, ի մասնավորի՝ մտավորականության, համառ լռությունն է: Իսկ ես միամտաբար սպասում էի, որ կսկսվեն ստորագրահավաքներ ի պաշտպանություն հարգարժան այս կնոջ` Գոհար Ենոքյանի, ով հանրապետության արդյունաբերության հեղինակավոր դեմքերից մեկն է, ով անգամ էներգետիկ ճգնաժամի տարիներին ողջ թափով աշխատեցնում էր «Գարուն» կարի ֆաբրիկան, ով ծանրակշիռ ներդրում ունի Արցախի հարցի արդարացի լուծման գործում, ում նվիրումը բարձր է գնահատվել թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ կառույցների կողմից: Տեղին եմ համարում ներկայացնել նրան` ի գիտություն հայ հանրության և այս արտառոց պատմությունը թխողների: Գոհար Ենոքյանի կյանքը պայքար է դեռ մանկության տարիներից, երբ բռնադատվում է նրանց ընտանիքը 1949-ին: Սիբիրում, Ալթայի երկրամասում են անցել Գոհարի մանկությունն ու պատանեկությունը: Երևան վերադառնալուց հետո նա անցնում է արտադրության հրամանատարին հարիր դժվարին, բայց նաև հետաքրքիր ճանապարհ, Երևանի պահածոների գործարանի բանվորից հասնելով «Գարուն» ֆաբրիկայի տնօրենի, այնուհետև «Գարուն» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնին: Նա հիմնովին վերականգնեց «Գարունը», ֆաբրիկայի գրեթե խարխլված տնտեսությունը դարձնելով առաջատարներից մեկը հանրապետությունում: Եվ ամենևին պատահական չէր, որ նա 1989-ին ընտրվեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ: Նա պատվով էր պաշտպանում Արցախի, նույնն է թե՝ Հայաստանի և հայության դատը Մոսկվայում, հիմնավոր, ծանրակշիռ և վերջնագրային փաստարկներով քանդելով ազերիների և կրեմլյան ծերակույտի նյութած հակահայկական դավերը: Երեք տարի նա Մոսկվայում էր, յուրաքանչյուր պահի կանգնած իրական վտանգի առջև, երբ նրան կարող էին ասպարեզից հեռացնել պատահական մի պատահարի «օգնությամբ», չէ՞ որ Գոհար Ենոքյանը պայքար էր մղում խորհրդային կայսրապետության դեմ: Նա երկիրն էր ներկայացնում: Այն տարիներին ինձ և շատերին հիացնում ու զարմացնում էր ոչ միայն տակավին երիտասարդ այս կնոջ ոգին, այլև պրոֆեսիոնալիզմը, կարծես ողջ կյանքում նա պայքարել էր քաղաքական նենգադավի ասպետների դեմ, այնինչ նա արտադրող էր, ոչ քաղաքագետ և դիվանագետ: Այստեղ շատ տեղին է հիշել հնագույն մի իմաստություն, որը սիրում էր մեջբերել Ավետիք Իսահակյանը. «Ցանկանում ես լավ բան անել և անպատիժ մնալ»: Պատիժը վրա է պրծել դարանից, այն էլ սեփական հայրենիքում, ում դատը պաշտպանել է ամենադժվարին պայմաններում, նրան այսօր բավականին անբռնազբոս քրեական ծանր մեղադրանք ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը դեռ տարրական դասարանների աշակերտներ էին, երբ Գոհարը պատռում էր քաղաքական մեծագույն աճպարար Միխայիլ Գորբաչովի դիմակը:
Ըստ էության, այս գործն ընթանում է 1937-ի մեթոդներով, երբ ինչ-որ մեկի ակնհայտ կեղծ մատնության հիման վրա գործ է հարուցվում և ծանր մեղադրանք է ներկայացվում:

Այո՛, նա հանրապետության թեթև արդյունաբերության հիմնասյուներից մեկն է, ում խորհրդային պետության փլուզումից առաջ հաջողվեց հիմնովին վերակառուցել ֆաբրիկան, ում հաջողվեց փայլուն պայմանագրեր կնքել Հոլանդիայի և ԱՄՆ-ի հետ, և տարիներ շարունակ «Գարուն»-ում գարուն էր, աշխատանքը եռում էր, հազարավոր (5600 մշտական աշխատատեղ ֆաբրիկայի 9 մասնաճյուղերում) ծառայողներ ու բանվորներ իրենց գործն անելով վաստակում էին հանապազօր հացը: Հանրային գործունեությունը հանգիստ չի տալիս նրան: Սա ևս կանխորոշված է ի սկզբանե, 1997-ից նա ՀՀ կանանց համահայկական միության վարչության անդամ է, 1993-1997-ին Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարչության անդամ, 1993-2014-ին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ: 1999-ին Գոհար Ենոքյանը պարգևատրվում է վերոնշյալ միության «Ոսկե մեդալով», մեկ տարի անց արժանանում է ԱՄՆ-ի «Կենսագրական ինստիտուտի» «Դարի մարդ» կոչմանը և արժանանում է անվանական ոսկե մեդալի, 2001-ին ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվում է «Մխիթար Գոշ» մեդալով` Արցախին մատուցած ծառայությունների համար: Նաև բազմաթիվ այլ մեդալների ու պատվոգրերի` ՀՀ կառավարության և միջպետական հայ-ռուսական խորհրդարանական հանձնախմբի կողմից։ Քաղաքական դաշտում Գոհար Ենոքյանը մշտական գրանցում չունեցավ, 2007-ին ԲՀԿ համամասնական ընտրակարգով ընտրվեց ԱԺ պատգամավոր, նշանակվեց ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ: Եվ նման անձնավորությունը պիտի մահափորձ կազմակերպի, այն էլ մեկի դեմ, ով այսօր, ի դեպ, շրջում է երեք մեքենաներից կազմված թիկնազորային շքախմբի ուղեկցությամբ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Գոհար Ենոքյանը հայտարարությամբ դիմել է մեզ, որն սկսվում է «Սիրելի՛ հայրենակիցներ» կոչով և ավարտվում է հետևյալ խոսքերով. «Մեծ հույսով և հավատով սպասում եմ, որ արդարությունը կհաղթանակի»: Շատերն են հավատում, քանզի անգամ ամենաբեղուն երևակայությունից էլ դուրս է նրա շուրջը հյուսված այս պատմությունը: Այո՛, սարդոստայնը հյուսվել է, և այն պիտի մասնատվի, հակառակ պարագայում այդ խելագար ուղտը յուրաքանչյուրիս դռանը կչոքի: Ես միտումնավոր չեմ անդրադառնում Կարո Կարապետյանի ձեռնարկած այս և բազում այլ «քյալլագյոզություններին», քանզի «Յուվեցի Կարոն» մի քանի այլ մականունակիր սուբյեկտների հետ վաղուց իրենց զգում են ոչ միայն դրության, այլև երկրի տերը: Զարհուրելի է, որ մեր դատաիրավական համակարգն է կամա-ակամա դառնում նրանց սպասարկուն: Հիշենք անմոռանալին. 2014-ի ամռանը, օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, կրակում էր ինքնաբուխ, կրակում էր երկրի վրա: Այս սուբյեկտի վրա դրված հոդվածը հանկարծ փոխվեց և բավականին մեղմացավ: Սա տեղի ունեցավ նույն այն օրերին, երբ Կարո Կարապետյանը ասպարեզ էր իջել դղրդուն մերկացումներով: Սա հնարավո՞ր է պատահականություն համարել: Համոզված եմ, որ ոչ, որոշակի ուժեր բավականին հստակ պլանավորել են իրենց սև գործը: Ամենևին չի բացառվում, որ «վերնիսաժյան ճակատամարտի» գլխավոր հակահերոս Գոռը դառնա հերոս, պարգևատրվի պետական շքանշանով: Իսկ ինչ կարգի շքանշաններ են սպասում Յուվեցի Կարոյի հովանավորներին: Կասկած լինել չի կարող, շատ շուտով հանրության համար կբացվեն այս պատմության բոլոր ծալքերը, սակայն գլխավոր հարցը յաթաղանի նման կախված է երկրի պարանոցին: Դա «ժողովրդավարա-իրավական գանգստերիզմն» է, որի մեջ թաղվում ենք ավելի ու ավելի խոր:

Սակայն ի՞նչ է տեղի ունեցել: Կարո Կարապետյանի գործընկեր Խաժակ Բադալյանը գործընկերային հարաբերություններ ուներ Արայիկ Ենոքյանի հետ, Արայիկ Ենոքյանը Գոհար Ենոքյանի եղբորորդին է, ով դրամափոխանակման ափաչափ մի կետում աշխատելով իր օրվա հացն էր վաստակում: Սակայն Խաժակ Բադալյան-Կարո Կարապետյան տանդեմը բավականին հեռահար նպատակով այս աննշան լումայափոխին ներքաշում է խարդավանքի անդունդը: Հանրությանն ուղղված իր կոչում Գոհար Ենոքյանը եզրակացնում է. «Եթե հակիրճ լինեմ, ապա նրանց միակ նպատակը` ինձ պատկանող «Գարուն» կարի ֆաբրիկայի հափշտակումն է»: Այլ եզրակացություն լինել ուղղակի չի կարող:

Ինչպես են զարգացել այս անհավանական դեպքերը, որտեղ է գարշահոտում շան գլուխը: 2011-ին Ա. Ենոքյանն ու Խ. Բադալյանը խնամիանում են և որոշում խնամիությունը ամրապնդել ֆինանսական հզոր հովանիով: Մի առիթով խնամիները հյուրընկալվում են Գ. Ենոքյանին: Գործն ավարտելով՝ Խաժակը կտրուկ անցում է կատարում մի այլ ոլորտ, և պարզվում է, որ նա 2 տարվա ընթացքում ութ մլն երեք հարյուր հազար դոլար է հանձնել Արայիկին փոխանակման կետում շրջանառելու և շահույթ ստանալու նպատակով: Պատկերացնենք, ափաչափ մի փոխանակման կետ և նման ահռելի գումարի շարժ: Գ. Ենոքյանը, բնականաբար, նրանց դուրս է հրավիրում՝ իր և իրենց հանդիպման նյութի հետ որևէ առնչություն չունեցող խոսակցությունը այլ վայրում տրամաբանական վախճանին հասցնելու համար: Խնամիները գումար վաստակելու ճանապարհներ են փնտրում: Նրանք ինչ-որ շահութաբեր օբյեկտներ են գտնում, զբաղվում են դրանց վաճառքով և շահույթ են ստանում: Վատ չէ, անգամ բավականին հուզիչ է, խնամի-գործընկերները սիամական եկվորյակների պես հարազատ են և անում են հնարավորը դժվարին ֆինանսական վիճակը հաջողությամբ հաղթահարելու համար: Մի օր էլ տեղեկանում են, որ Գոհար Ենոքյանը կամենում է վաճառել «Գարունը»: Խաժակ Բ.-ն նման հրաշալի պահը, իհարկե, չէր կարող կորցնել, սլանում-հասնում է «Գարուն» ֆաբրիկա և տնօրենին առաջարկում է ֆաբրիկան իրեն ծանոթ բանկի միջոցով վաճառել հիպոթեքային վարկավորմամբ: Բայց պարզվում է, որ բանկը գործարքը կկայացնի միայն այն դեպքում, երբ ֆաբրիկան կգրանցվի Խաժակ Բ.-ի անունով: Այս տրագիֆարսային առաջարկը, բնականաբար, մերժվում է:
Իսկ կարճ ժամանակ անց, 2012-ի մարտի 14-ին Խաժակը դիմում է ոստիկանություն, և նրա բողոքի հիման վրա Արայիկը ձերբակալվում է` դատապարտվելով 5 տարվա ազատազրկման: 2013-ի աշնանը համաներումը տարածվում է նաև Արայիկ Ենոքյանի վրա, և նա վերադառնում է ազատության գիրկը:
Եվ այստեղ են ահա բացվում վարագույրները. բեմահարթակ է մտնում գլխավոր գործող անձը` «Յուվեցի Կարոն», ում բանսարկության հիման վրա ձախորդ գործամոլ Արայիկ Ենոքյանը ձերբակալվում է 2014-ի հունիսին: Չափազանց հուզիչ է ձերբակալման շարժառիթը` Կարո Կարապետյան-Յուվեցին դիմում է ոստիկանությանը, թե հասեք ու փրկեք, ապահովեք իմ կյանքի անվտանգությունը, Խաժակ Բադալյանը հոգին մեղքից ազատելու համար ինձ խոստովանել է, որ Արայիկ և Գոհար Ենոքյանները առաջարկել են իրեն մի տասն օրով լքել Հայաստանը, որպեսզի Արայիկ Ենոքյանը վերացնի, այսինքն՝ կյանքից զրկի բարեկրթության և մարդասիրության «քայլող հուշարձան», ԱԺ պատգամավոր, քրեականության հետ որևէ առնչություն երբևէ չունեցած Կարո Կարապետյան-Յուվեցուն: Լավ, Արայիկ-լումայափոխը ինչ-ինչ հեռակա առնչություններ է ունեցել Կարո Կարապետյանի գործընկերոջ` Խաժակ Բադալյանի հետ, Գոհար Ենոքյանը` երբեք:

2015-ի մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի հրահանգով Գոհար Ենոքյանը ձերբակալվում է Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստությանը մասնակցության կասկածանքով: Առաջադրվում է մեղադրանք` ՀՀ քր. օր.-ի 35 և 104 հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով: Ի դեպ, մեկուսարան տարվելուց առաջ խիստ վատանում է Գ. Ենոքյանի առողջական վիճակը, արյան ճնշումը հասնում է ծայր աստիճանի վտանգավոր սահմանի, իրավապահները դա խոհեմաբար անտեսում են ու շտապօգնության ծառայությանը չեն դիմում: Հարց է՝ ինչո՞ւ: Եթե մեկուսարանում Գ. Ենոքյանին անհրաժեշտ բուժօգնությունը չցուցաբերվեր շտապօգնության բրիգադի կողմից, դժվար չէ ենթադրել, թե ինչ տեղի կունենար: Մինչ այդ ծայր աստիճանի «օբյեկտիվ» գործող իրավապահները խուզարկում են Գ. Ենոքյանի աշխատասենյակը, մեծ ակնկալիքներով բացում են չհրկիզվող պահարանը, հասկանալի է, այնտեղ զենք ու զինամթերք հայտնաբերելու համոզմունքով: Ցավոք, նրանց մուրազը չի իրականանում. զենք-զինամթերքի փոխարեն մի պայուսակ են հայտնաբերում, ուր Գ. Ենոքյանի 50 տարվա ընթացքում ստացած շքանշաններն էին, մեդալներն ու պատվոգրերը: Խուզարկում են նաև նրա բնակարանը, Գ. Ենոքյանը, ի դեպ, ապրում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, 5-հարկանի շենքի 4-րդ հարկում, 4-սենյականոց բնակարանում: Հետախուզա-որոնողական ծավալուն աշխատանքները դարձյալ ձեռնունայն են թողնում իրավապահներին. ո՛չ զենք է հայտնաբերվում, ո՛չ էլ զինամթերք: Ի դեպ, ոչ էլ փող:

Իհարկե, ջրերը կզուլալվեն, և ամեն բան կհասնի իր տրամաբանական վախճանին: Սակայն չափազանց կարևոր մի բան է սպրդում հանրային ուշադրությունից. որոշ ուժեր վերջնականապես փորձում են խեղանդամել մեր հեղհեղուկ իրականությունը, մարզային բդեշխիկները («Լիսկան» Սյունիքից, «Յուվեցին» էլ Արարատի մարզից, մյուսները հարավից և հյուսիսից) գրոհում են մայրաքաղաքի վրա, փորձում հաստատել իրենց խաղի կանոնները: Ներեցեք, բայց չէ՞ որ Կարո Կարապետյանը երկար տարիներ Գոհար Ենոքյանի գործընկերն էր ԱԺ նույն խմբակցությունում, և եթե Գոհարի կողմից որևէ ոտնձգություն լիներ նրա «սրբազանացված անձի և գույքի» հանդեպ, նա նախ և առաջ կփորձեր խնդիրը կարգավորել կուսակցապետ և իր համար անառարկելի հեղինակություն Գագիկ Ծառուկյանի միջոցով:
Մի խոսքով` մենք ուշի ուշով հետևելու ենք այս չարաբաստիկ պատմության հետագա զարգացումներին և իրազեկելու ենք մեր ընթերցողին: Մնում է հիշեցնել դատաիրավական համակարգի որոշ պատասխանատուներին և նրանց հովանավորներին` մի՛ դատեք, որ չդատվեք: Ոչինչ չի մնում անպատիժ:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ