ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Ինչի՞ս է պետք մի կոնգրես, որտեղ արդարացնում են ազգային հողի վրա մարդկանց սպանությունը»

«Ինչի՞ս է պետք մի կոնգրես, որտեղ  արդարացնում են ազգային  հողի վրա մարդկանց սպանությունը»
05.05.2015 | 01:00

Ազգությամբ ադրբեջանցի մտավորականի Facebook-յան էջից վերցրած այս արձագանքն ուշացած թող չթվա մեր ընթերցողին, քանզի ճշմարտության բարձրաձայնումը վաղեմության ժամկետ չունի: Առավել ևս, երբ այն հնչում է հակահայկական հիստերիայի համախտանիշն այդպես էլ բուժել չկարողացող դրկիցիդ ծոցից դուրս եկած պարկեշտ ու արդարամիտ մարդու շուրթերից:

ՈՒղիղ երկու տարի առաջ մոսկվաբնակ խելամիտ ադրբեջանցիների անունից ես հայ ժողովրդին հրապարակայնորեն ցավակցություն հայտնեցի Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Դժվար է պատկերացնել անգամ, թե դա ինչ հրեշավոր արձագանք ունեցավ։ Ադրբեջանական լրատվամիջոցները բուրդս քամուն տվեցին։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակամիջոցում ազգի հպարտությունից, ադրբեջանական մամուլի սիրելիից և «մեր մոսկվացի խուլիգանից» վերածվեցի «ծախու ¥բա էլ ո՞նց¤ դավաճանի», արժանացա «դե նա ի՞նչ գրող է որ» և նույնիսկ «հաստատ ադրբեջանցի չի» հիշոցների։ Գլխիս ամեն տեսակի լուտանք էին թափում բոլորը. ինչ-որ գյուղական գաղթօջախի Վուգլուսկր, կարծեմ, Աբասով անունով մի ինչ-որ աննշան անդամից մինչև Ադրբեջանի գրողների միության զառամյալ նախագահ Անարը։ Էլ չեմ խոսում իրենցից ոչինչ չներկայացնող Վուգար Վուգարլիի և Ռովշան Ասկերովի նման ամեն տեսակի հաստիքային ստրկամիտ խամաճիկների մասին։ Այս ամենը բավական զվարճալի էր։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ, այ քեզ տհաճ բա՜ն, իմ ազգանունը տեղ է գտել «Մոսկվայի ադրբեջանական աշխարհը» մեծ ու գունագեղ հանրագիտարանում` նվիրված մոսկվաբնակ 128 առավել ականավոր ադրբեջանցիների, իսկ իմ այդ հայտարարությունից ոչ շատ առաջ ես կամովին հեռացել էի այդ նույն գրողների միության կուռ շարքերից, որտեղ համարվում էի պատվավոր անդամ, իսկ նույն Անարը հաճոյախոսություններ չէր խնայում իմ «արտասովոր տաղանդը» գովաբանելու համար։ Այն Անարը, որն այդ նույն ձեռքով հավանություն էր տվել Բաքվի կենտրոնում օրը ցերեկով գրող Ռաֆիկ Թաղիի գազանային սպանությանը, ինչպես նաև գրող Աքրամ Այլիսլիի և մեծ Ռուստամ Իբրահիմբեկովի անամոթ հալածանքին։ Ավելացնեմ, որ մինչ այդ ես արդեն հասցրել էի ուսումնասիրել տոննաներով նյութեր, որոնք ինձ օգնեցին բավական լավ խորամուխ լինել թե՛ ղարաբաղյան խնդրի, թե՛ 1915 թ. ցեղասպանության հարցի մեջ, ուստի ոչ մի կերպ այլևս չէի կարող թույլ տալ, որ նաև իմ անունով տարածվի այդ մոլի և արյունալի հակահայ ամենաթողությունը։ ՈՒստի իմ, իհարկե, պատվավոր անդամությունը Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսին ես նույնպես գրողի ծոցն ուղարկեցի նույն օրը, ինչ և գրողների միության անդամությունը։ Ինչի՞ս է պետք մի կոնգրես, որտեղ ոչ միայն արդարացնում են ազգային հողի վրա մարդկանց սպանությունը, այլև շարունակ նոր սպանությունների են կոչում։
Վաղը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Երևան են գալու ավելի քան քսան երկրների ղեկավարներ, այդ թվում` Վլադիմիր Պուտինը։ Էրդողանը, որն անցյալ տարի առաջին անգամ ցավակցություն հայտնեց ցեղասպանության զոհերի թոռներին, չգիտես ինչու, չի գնալու այնտեղ։ Այնտեղ չի լինի նաև Ադրբեջանի նախագահը։ Բայց Էրդողանը, ասենք, լավ. համաշխարհային ընկերակցությունը վաղ թե ուշ, միևնույն է, նրան կստիպի անելու հաջորդ քայլը, որովհետև նա, այնուամենայնիվ, քաղաքակիրթ կողմնորոշման պետություն է գլխավորում, և նրան ոչ ոք թույլ չի տա ռմբակոծել Թուրքիան 1915 թվականի օրինակով։ Իսկ այ Ադրբեջանը շատ ավելի բարդ է. հակահայ արյունալի քաղաքականությունն ու հռետորաբանությունը հիմա, փաստորեն, միակ ամրակապն են, որ կառավարող ընտանիքի վարկանիշին ավելացվող հրեշավոր գումարների հետ մեկտեղ էլի թեկուզ մի ինչ-որ կերպ օգնում է պահպանել իշխանությունը այն բանտուստանի կողոպտված ժողովրդի գլխին, որին չափազանց արագ Ադրբեջանը նմանեցրեց Իլհամ Ալիևը։ Բայց կգա ժամանակ, սա էլ կանցնի։ Իսկ այսօր ես վերստին ցավակցում եմ հայ ժողովրդին։ Արդեն ոչ թե բոլոր խելամիտների, այլ անձամբ իմ անունից։ Խելամիտներն իրենք կցավակցեն. իմ հայտարարություններից հետո անցած երկու տարում նրանք վերջնականորեն հասկացել են, որ դա անհրաժեշտ է։ Հուսամ, որ կապրեմ մինչև այն օրերը, երբ հայերն ու ադրբեջանցիներն այլևս չեն սպանի միմյանց։ Բայց դրա համար, ավաղ, ուրիշ քաղաքական դեմքեր են պետք։ Միանգամայն ուրիշ։


Էդուարդ ԲԱԳԻՐՈՎ
Գրող, հրապարակախոս, սցենարիստ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ