Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

МАРАЗМ-ի արշավանքը (հեքիաթ-պամֆլետ)

МАРАЗМ-ի արշավանքը (հեքիաթ-պամֆլետ)
12.12.2014 | 11:40

Մոցարտը, Բեթհովենը, Կոմիտասն ու Թումանյանը, վաղ շրջանի Սարյանը անկանխատեսելի են։ Խոսքը վերաբերում է նրանց ներքին, խոր ստեղծագործական ընթացքին։ Մարդը ծնվում է անկանխատեսելի, պատրաստ թռիչքի, հրաշագործության, նույնիսկ հեղափոխության։ Սակայն մանկապարտեզում, դպրոցում, բարձրագույն կոչվող ուսումնական հաստատությունում խուզում են նրա մազերը, կտրում են նրա թևերը...
«Անկանխատեսելին», արվեստաբան Մարտին ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՄՂՁԱՎԱՆՋ

(փոթորիկը նավակայանում)

Կեսգիշերից առաջ ունկնդրում էի մի լրբակեղեք քաղգուշակի արևմտամոլոր որովայնախոսությունը։ Հիգիենիկ նպատակով հում դդում ճաշակեցի։ Երազում, բնականաբար, ինձ այցելեց МАРАЗМ-ը։ Նրա հագին արնագույն թիկնոց էր, երկնագույն աստառով։ Ի դեպ, կապել էր վառ կանաչ գույնի փողկապ։ МАРАЗМ-ը ինձ մեկնեց անգլիական ոսկեզօծ մի գրիչ, առաջարկեց ստորագրել վարդագույն զուգարանաթղթից պատրաստված մատյանում և անդամագրվել «Փոր և փսոր» ուլտրաարմատական կուսակցությանը։ Ըստ «Փոր և փսոր»-ի` շուտով ՀՀ քաղաքաքրեական օլիգոպոլիան փախչելու է երկրից` իշխանությունը փոխանցելով իրենց։ МАРАЗМ-ը խոստովանեց (կարմրելով և կակազելով), որ իր ավազանի անունը Գեղամ է, ազգանունը` Լիսկայենկո։ Արթնացա կիսակրտած աքաղաղիս` Բրայզիկի ծղրտոցից։ (Ի դեպ, Բրայզիկին Բաքվի գազանանոցում գտել էր ՀՀ կենդանասերների միության քարտուղար Սենեքերիմ Հապետնակյանը և նվիրել էր ինձ։ Դա եղել էր վաղուց, նախանցյալ երկուշաբթի օրը)։ Մի խոսքով, արթնացա և գտա բառարանում МАРАЗМ-ի թարգմանությունը. ահավասիկ, հյուծանք, ծյուրանք, զառամախտ, անկարողություն, քայքայվածություն։ Միով բանիվ` փոր և փսոր։

ԳԼՈԲԱԼԻՍՏ ԳԵՅԹՍԻ «ԱՎԵՏԱՐԱՆԸ» ԵՎ ՀՀ-Ի «ՄԵՂԱՅԱԿԱՆԸ»

(դեպի բաց ծով)

Հրապարակագիր և գրող Նանեն ահա թե ինչ է շարակարգել «ԳԹ»-ում իր` «Մի քանի խոսք «հարստացված» ալյուրով հարստացած մեր կյանքից» հոդվածում. «Բիլ Գեյթսը («Microsoft»-ի հիմնադիրը) գլոբալիստական վերնախավի գաղտնի հավաքներից մեկի ժամանակ հայտարարել է. «Եթե մենք հիմա իսկապես լավ աշխատենք նոր վակցինաների, բժշկասանիտարական օգնության, վերարտադրողական առողջության բնագավառի օգնության վրա, հնարավոր է կկարողանանք ազգաբնակչության թիվը նվազեցնել 10-15 %-ով»։ Վակցինան պատվաստանյութն է։ Եթե Բիլի նշյալ զառանցանքն իրականանա, նշանակում է` պատվաստանյութերի միջոցով երկրագունդը կկորցնի շուրջ 1 մլրդ բանական արարած։ Մի խոսքով, կարդացի սա և գլխի ընկա, որ 3-րդ հանրապետությունը ինչ-որ մեկի թարախագալար ուղեղի և մոլագար հոգու հրամայականով ակամա-կամա իրականացնում է «300-ի կոմիտեի» առաջադրանքները։ Գուցե նրա՞նք են անսխալական, և մե՞նք ենք մոլորված։ Միգուցե, իսկապես ՀՀ-ն հայտարարենք համաշխարհային եզակի կղզյակ, ուր պրտկերես պատկառանքով ի կատար են ածվում (հավատացեք` վայրկյանի, գրամի և միլիմետրի ճշտությամբ) և՛ Արաբացի Լոուրենսի, և՛ գնդապետ Դանի, և մյուս սատանայակերպերի կանխագուշակումներն աշխարհի և, ի մասնավորի, Հայաստանի վերաբերյալ։

Սակայն տարին ենք եզրափակում և նախատարեվերջյան այս հանդիպման ժամանակ հասկանալ է պետք. МАРАЗМ-ը հո պատահաբա՞ր ի հայտ չեկավ իմ երազում։ (Դոլարային-դրամավարկային պորտագալարները խոհեմաբար մի կողմ թողնենք, Շարմազանով-Զարուհի, Հայրիկյան-Լենինի դամբարան և, ի վերջո, Շմայս-ՀՀ քաղաքակրթական երկխոսություններն էլ անտեսենք, զի սրանք հետևանք են, ոչ թե պատճառ, սաղարթ են և ոչ բնավ արմատ)։

Եվ այսպես.

ա) Անկախ պետականության կայացումից 23 տարի և երեք ամիս անց աղետի գոտում 1200 ընտանիք անօթևան է։ Սա մի՞թե իշխանապետական հյուծանք չէ։ Հարկավ այո։ Հավելենք սրան 3-րդ հանրապետության գաղութային կենսակերպը հավաստող ևս մի հանգամանք. ՀՀ օլիգարխիատի (հանրահայտ և անհայտ) ընդհանուր կապիտալը, համաձայն անկախ փորձագետների, 5-7 անգամ գերազանցում է հանրապետության բյուջեի եղած-չեղածը։ Հավելենք, չանտեսելով աղետի գոտու «երջանկահիշատակ ցնցակաթվածը»` անօթևան դատախազին պետությունը բնակարան է նվիրաբերում։ Որքա՞ն է անօթևան-սնանկ-տնանկ դատախազի աշխատավարձը, այո, ճիշտ եք, լավ է լռեմ, զի այստեղ թերևս Օտյանի հանճարեղ գրիչը կգտներ համարժեք որակումը։

բ) Ժողովրդավարությունն ու տնտեսական բարեփոխումները գերագույն գերակայություն հռչակած հանրապետությունում «խալխի նոքար» պատգամավորի աշխատավարձը տասն անգամ գերազանցում է գիտնականի, մանկավարժի և անասնաբույժի վաստակը։ Սա զառամա՞խտ է: Անկասկած։

գ) ՀՀ ջրային պաշարների մի ստվար մասը հոսում-կենսաբերում է Ազերբայջանի արոտներն ու այգիները։ Սա արդյո՞ք իշխանակառավարական վերնախավերում տիրող ծյուրանքի առհավատչյան չէ։ Անվերապահորեն։

Լավ, բավ է, զի ցուցանքի ցուցակը չարագույժ է։ Խոսենք-ինքնակեղեքվենք այլ զարմանահրաշ բաների շուրջ։

ՍԱՌՆ ՈՒ ԴԱԺԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԵՐՄԻ «ՆԱՌԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ-ԱՆԿԱԽ-ՊԵՏԱԿԱՆԱԿԱՆ-ՓՄՓՇԻԿ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

(բաց ծովում տիրակալությունն է)

Պերմը քաղաք է Ռուսաստանում։ Պերմը հանրահայտ է յուր դժնի կլիմայով և հռչակված է որպես ԽՍՀՄ այլախոհության գլխավոր գլխակեր զնդան։ Պերմի այլախոհական զնդանների զարդը հայ քաղբանտարկյալներն էին, հռչակված յուրյանց մոլեռանդության հասնող գաղափարական հավատարմությամբ, ասկետիզմով և արիությամբ։ «Հայկական պատ». սա էր մեր հերոսների պատվատիտղոսը։ Ինչքան ցավ, որքան էլ դավ տեսան մեր հերոսների կողոսկրերը գաղութային անբարեհաճ նառերի վրա։ (Ի դեպ, նառը խոսակցական հայերենում է ընդունված, ռուսերենում այն գրվում է нары, թարգմանվում է որպես քնատախտամած, քնադարակ)։ Սակայն նրանք այսօր պիտի որ երազներում խնկարկեն յուրյանց այլախոհական նառերը. վերջիններիս օրհնանքով իրենք 1993-94-ից հանգրվանում են մետաքսյա քնատախտամածներում և սնվում են արծաթյա սպասքեղենով մատուցվող նույն այն կերակրատեսակներով, որ վայելում էին ատելի Կրեմլի նեռաժպիտ տիրակալները։ Սա, եղեք ներողամիտ, մի՞թե ծյուրանք չէ։ Հարկավ այո։

Եվս մեկ-երկու ծյուրանք-հյուծանք-զառամախտեր մեր նորանկախական հեղհեղուկ խառնակությունից։

Այսպես. մեկ տարվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը երեք անգամ, միանգամայն պաշտոնապես, այսինքն` պետական զինանշանով վավերացված գրություններով դիմում է երկրի կառավարությանը` ահազանգելով, որ հրավառությունները տարին բոլոր ու պայթուցիկագրոհները Ամանորին ընդառաջ ազդակային աղմկարարություն են և խիստ վտանգավոր են հանրային առողջության համար։ Վտանգավոր են և առաջացնում են բազում աղեստամոքսային և անհամար սրտանոթային հիվանդություններ։ Բնականաբար, հարկ է դրանք անհապաղ վերացնել։ Կառավարական տունը կարդում է առաջին գրությունը և խնդրի լուծման նպատակով այն ուղղում է... խնդիրն ահազանգողին` ՀՀ առողջապահության նախարարությանը։ Միևնույնը կատարվում է երկրորդ և երրորդ նույնիմաստ նամակ-գրությունների պարագայում։ Այսինքն` կառավարությունը ծաղրուծանակի է ենթարկում յուր առողջապահական գլխավոր ատյանին, միաժամանակ ոտան կոխան է դարձնում պետական զինանշա՞նը։ Անտարակո՛ւյս։ Այսպես. 1995-ից սկսած, այսինքն` երբ ՀՀ խորհրդարանը Գերագույն խորհրդից (ԳԽ) վերանվանվեց Ազգային ժողովի (ԱԺ), սկսեց քրեականացվել, արդեն դժվար է մերժել այն պնդումը, համաձայն որի` մականունակիրներին և նրանց կցորդ քաղաքական գաղափարակիրներին միաբանող-համաձուլող, ի վերջո կառափնարան ուղեկցող քաղաքական մարմինը, այսինքն` Ազգային ժողովը, պիտի ընդամենը վերանվանել թեկուզ էսպես. Ապազգայնացունց ժպիտարան։ Եվ ամեն բան կընկնի յուր տրամաբանական ակոսի խորքերը։ Թե չէ МАРАЗМ-ը հանկարծ կարող է վերջնականապես ներծծվել մեր ինքնության մեջ և բոլորիս ոտն ի գլուխ շմայսակերպել ու ստիպել Հանրապետության հրապարակում տեղակայել Նառի կոթողը։ Հասկանալի է` կողքին էլ քրեականացված Մանդատի ցայտաղբյուրը։ Քիչ այն կողմում էլ (մի՞թե պարզ չէ), «Նաիրիտի» հիշատակը հավերժացնող խաչքարը։

ՁՆԱԽԱՌՆ ՏԵՐԵՎԱԹԱՓ

(սառույցը նավահանգստում)

«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից 3-4-ը մնացին անբասիր, հավատարիմ յուրյանց գաղափարներին` Աշոտը Մանուչարյան, Ռաֆայելը Ղազարյան, Սամսոնը դարձյալ Ղազարյան և Ալեքսանը Հակոբյան։ Նրանք անկանխատեսելի էին։ Ազգային միացյալ կուսակցության (հռչակավոր ԱՄԿ-ի) կիրառած պատժամիջոցների մասին` առ անկախ պետականության, ասվեց վերևում։ 1991-1996 թթ. ընդդիմադիր կոհորտայի, ԱԺՄ-ի ղեկավարները քաղաքական փարիսեցիության հատընտիր նմուշներ են։ ԱՄԿ-ն և ԱԺՄ-ն պատրաստ էին թռիչքի և ճախրեցին փոթորկուն երկինքներում, սակայն հանգրվանել են երանավետ մարգագետիններում։ Որքա՜ն անկանխատեսելի էին նրանք պայքարի երիտասարդական շրջանում և որքա՜ն կանխատեսելի են օր ծերության։ Ո՞վ խուզեց նրանց մազերը։ Եվ ո՞վ կտրեց նրանց թևերը։

Միով բանիվ, մի՞թե ժամանակը չէ մաքուր էջից սկսելու 4-րդ հանրապետության պատմությունը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. 1- Լիմինդրի որդու հայտարարությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ ոչ МАРАЗМ է, ոչ էլ զանցանք։ Նա մեր համակարգի գուրգուրելի պտուղն է։ Այնպես որ, միանգամայն բնական է մայրաքաղաքի արվարձանի երբեմնի հրաձգարանի երբեմնի աննշան վարիչի ախորժակը, քանզի մեր բոշափաշայական համակարգն այնքան է ախտահարված, որ միանգամայն հնարավոր է 2018-ին ՀՀ նախագահի պաշտոնում տեսնել վերջին հնգամյակում «պալիծիկայով» զբաղվող Սամվել-Լֆիկին։ Իսկ նրա հարգևոր կողակցուհուն, վերջին հնգօրյակում «պալիծիկ» կարգված տիկին Շողերինային էլ կարող ենք տեսնել այն գահաթոռում ընկողմանած, որն այսօր զբաղեցնում է արգո Գալուստը։

Հ. Գ. 2- «Փոր և փսոր» կուսակցությունը ՀՀ ազատամարտիկներին սմբակահարողներին ներկայացնում է Ալիևների տոհմի «Կիսալուսին և յաթաղան» շքանշանին:

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ