Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Խոզագայլի որսը (վաղ ձմեռային տագնապներ)

Խոզագայլի որսը (վաղ ձմեռային տագնապներ)
05.12.2014 | 11:22

Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սա է ճշմարտությունը։ Մի մասը` խաչագող սրիկաներ, մի մասը` գողեր ու ավազակներ, մի մասը` ապիկար թշվառականներ։
Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ո՛չ ոք պատասխանի չկանչվեց, ոչ էլ պատասխան տվեց։ Եվ ոչ մեկը անձնասպան չեղավ։


«Նամակ` հասցեագրված Ավետիք Իսահակյանին»,
9 դեկտեմբերի, 1921 թ., Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԴԱՐԻ ԴԱՎԸ

(նավահանգստարանում մերկասառույց է, զգոն եղեք)

Թումանյանի ծննդավայրից մինչև Իսահակյանի հայրենի գյուղը 1921-ին ուխտավորները սայլով կանցնեին, հավանաբար, կես օրում։ «Երազ» խորհրդահայ միկրոավտոբուսով` գուցե թե մեկ, մեկուկես ժամում։ Մեկ, մեկուկես ափաչափ տարածքում ահա երկու համաշխարհային բանաստեղծական մտածողություններ` համակված միևնույն հոգեխռով մտահոգությամբ։ Ինչ իմանանք, արդյոք նրանք (և այլք) անտեղի չե՞ն համարել իրենց գրական մաքառումներն ու անդրգրական մտատանջանքները։ Այո, թե՛ դրսից, թե՛ ներսից շարունակում ենք երկիրը քանդել, և ուղղակի ապշահարվում ես, թե ինչպես են նույն ազգային հոգեմտակերպում ծլարձակում, հասակ առնում արարիչ-հայն ու քանդարար-արմենոիդը։ ՈՒ մինչ նրանք արարել-քանդելով ծլարձակում, հասակ են առնում, հայոց լեռնաշխարհում խոզագայլը իշխանության է հասնում և մոլեգնաբար ճանապարհ է հարթում յուր օրինական ժառանգորդի` գայլախոզի համար։ Սակայն ինչ է այս կիսամիֆական կենդանին` խոզագայլ-գայլախոզը։ Անունն առաջին անգամ հրապարակ իջավ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր ժողովում, կարծեմ ազատամարտիկների նախաձեռնմամբ։ Կեցցե՛ք։

ԴԱՎԻ ՑԱՎԸ

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի որոշումը.

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ ավանդը անկախության ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության կայունացման, հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև նրա հեղինակությունը միջազգային հանրությունում, ՀՀ ԳԱԱ-ն որոշում է պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում: 30 օգոստոսի, 1996 թ.»։

1996-ի ամռանը երկիրը դաժան ու խրթին տագնապների մեջ էր, զի Լևոնի անձնակազմը (ՀՀՇ+ՀՀԿ+«Շամիրամ» և այլք) քլնգում էր երկիրը թե՛ դրսից, թե՛ ներսից։ ԳԱԱ ծերակույտ-վերնադասը սա պաշտոնապես որակեց որպես «հանրապետության կայունացում»։ «Ներսի» քանդարարությունը ներկա զավեշտախեղդ բաշիբոզուկության հիմքերն էր ամրակռում։ «Դրսի» մասին լսենք շվեյցարական «Նոյեցյուրիխեր Ցայթունգ» թերթի 1996 թ. օգոստոսի 15-ի հաղորդագրությունը. «...ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է Արևմուտքի և առաջին հերթին Թուրքիայի համար ամենացանկալի նախագահը, որը կարողացել է ցրել հակաթուրքական տրամադրությունները հայ ժողովրդի և երկրի պաշտոնական քաղաքականության մեջ»։ Բարի, սակայն ինչո՞ւ 1998-ի քաղաքական հեղաշրջիչ փասիանսի օրերին ԳԱԱ նախագահությունը թև ու թիկունք չկանգնեց յուր ընտրյալին։ Մի՞թե երկրում առկա ճգնաժամի միակ մեղավորը Տեր-Պետրոսյանն էր, շարժման և զարթոնքի անվիճելի գեներալիսիմուսը, նույն գիտնականների ճնշող մեծամասնության նախկին կուռքը։ Չէ, նրան լքեցին հենց այն պահին, երբ Լևոնը դաժանորեն խճճվել էր սեփական հավակնությունների և շրջապատի հացկատակների հյուսած սարդոստայնում, երբ դրսից ու ներսից նրան հարվածում էին, քծնում էին և անհրաժեշտ պահին, անկասկած, դասալքում էին։ Նաև ինչո՞ւ 1996-ի քաղաքական դիվախաղի օրերին, երբ ակնհայտ էր, որ հաղթել է Վազգենը` Մանուկյան, ակադեմիական ծերակույտը, առհասարակ բյուր-բազմազան գիտնականները իջել էին համակերպության ճահիճը։ Այսօր ԳԱԱ վերնադասը միևնույն ավյունով համակերպ է իշխանությանն ու կառավարությանը։ Ընդ որում, համակերպ է առերես, սակայն հոգու խորքում կուշտ է մինչև հոգու անդնդախոր խորքերը։ Վաղը նույն եռանդով կհամակերպվի նոր իշխանապետերին։ Եվ այստեղ երկու հարցական է ծիածան կապում Բաղրամյան պողոտայի կաճառի վրա։ Արդյոք ԳԱԱ նախագահության պաշտոնական զեղումներին համակարծի՞ք էին չարքաշ գոյության բավիղներում օրը մթնեցնող շուրջ 3 հազար գիտաշխատողները։ Հարկավ` ո՛չ։ ՈՒրե՞մն...

Միաժամանակ հանրահայտ է` գիտական վերնադասի պատկառաշեն անդամները լիուբոլ ապահովել են յուրյանց սոցիումը և, ահավասիկ, պղտոր ջրեր են ուղղորդում հակապետականության ջրաղացին։ ՈՒրեմն ի՞նչ է մնում հարգարժան-տառապյալ գիտնականներին. մնում է հանրահավաքներով, հանրային երթերով, առհասարակ բողոքի և ընդվզման այլևայլ եղանակներով ազդել իշխանությունների վրա, այսօր և վաղը նույնպես։ Եղա՞վ, հարկա՛վ։

Միով բանիվ, ՀՀ ԳԱԱ-ն, հայ մտավորականությունը, առհասարակ, լիուբոլ տեղակայվում են Հայաստանի պետականության մանկուրտացման համատեքստում, այսինքն` արևմտյան վարկատուների և նրանց տեղական համկալների ձեռամբ կամա-ակամա քանդում են երկիրը թե՛ դրսից և թե՛ ներսից։

Մի խոսքով, խոզագայլը ելել է որսի, զգուշանանք։

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԵՎ ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԸ

(նավաբեկություն անհայտ կղզու ափերին)

Դարձյալ հիշենք, թե անզուգական Զարյանը` Կոստան, ինչ էր մեզ պատգամում. «Հայաստանում դեռ հովիվներ կան։ Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները։

Մշակույթը հովիվների գիտություն է»։

Դուք տեսե՞լ եք գեթ մեկ հովվի, ով թե՛ դրսից և թե՛ ներսից հոշոտում է յուր տնօրինմանը հանձնված հոտը։ Հարկավ ոչ։ Հիմա մտածում եմ, միգուցե 2015-ի ապրիլի 25-ին մեկնարկող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն ոչ թե քաղաքական կուսակցությունները, այլ հանրային-ժողովրդական դաշինքները։ (Որ ապրիլի 25-ին արտահերթվելու ենք, ամենևին չկասկածեք։ Նաև հավատացեք, որ նշյալ խնդրում մեզ մեծապես աջակցելու են ներկա մանդատակիր տիարք և տիկնայք։ Հասկանալի է, իրենց տիեզերական մեղքերի թողության նպատակով)։

Դասակարգում եմ ի խորոց սրտի.

ա) Ռուսաստանում և այլուր կապիտալ կուտակած և Հայաստանում այդ կապիտալը պետականաշինական ծրագրերի կենսագործմանը նպատակաուղղած հայոց նորօրյա Մանթաշյանցներին։ Խոսքը հասկանալի է, չի վերաբերում մայրաքաղաքը առևտրազվարճանքային շոգեբաղնիքի վերածող մոլեմսխուն կապիտալի տիրակալներին։

բ) Յուրյանց ապրելավայրում հեղինակություն վայելող հովիվներին, ռանչպարներին, մանկավարժներին և գյուղապետերին։ Հասկանալի է, որ գյուղապետերը հենց տեղում պիտի կուսակցականաթող լինեն։

գ) Երբևէ որևէ օլիգարխի հետ սեղան չնստած և որևէ կուսակցական պատկանելություն չունեցող ազատամարտի վետերաններին, մեր օրերի ազնվասիրտ ֆիդայիներին։

Եվ` վերջ։ Զի հայ մտավորական դասը յուր հնազանդ լռությամբ ու դավադիր անտարբերությամբ (թող պապանձվի չարաճճի լեզուս), սակայն ակնհայտորեն ու վերջնականապես հիմնավորում է իր կրավորականությունը։ Մի խոսքով, նրանք խաղից դուրս թող արարեն, կտավներ կերտեն և գրեր մագաղաթեն։ Նրանք այսօր այս երկրի աղը չեն, այս է ողբերգական խնդիրը։ Միով բանիվ, գայլախոզը որսի է ելել։ Լավ, բավ է սահանկենք հայ մտավորականությանն ու համբերության չիբուխը մխելով սպասենք, որ այսօր չէ վաղը նրանք կելնեն խաղաղ հեղաշրջման, ասենք, թեկուզ հացադուլի կնստեն Մատենադարանի առջև կամ, ինչու չէ, կառավարական տան ճաշարանում, կամ էլ կանգուն և աներեր կանցնեն համամտավորական գործադուլի։ Այո, թող որ օրեր ու շաբաթներ շարունակ գոցվեն ՀՀ ԳԱԱ-ի, Հայաստանի ստեղծագործական միությունների, այլևայլ թանգարանների ու թատրոնների դռները։ Եվ իշխանությունները պարտադրված կլինեն մեջքով շուռ գալու դեպի արևմտյան վարկատուներն ու Արաբացի Լոուրենսի հոգեզավակները, դեմքով էլ, հասկանալի է, դեպի հայ պետականությունը։ Այս պարագայում, հասկանալի է, խոզագայլերը որս կանեն Լենքորանի հովիտներում։ Այս պարագայում, միանշանակ է, հայոց մտավոր դասը իրական հնարավորություն կունենա արժանի տեղ ունենալու 4-րդ հանրապետության առաջին խորհրդարանում։

Մի խոսքով, երկիրը ներսից ու դրսից կառուցելու պատմափուլն է բախում մեր դուռը։ Տերը լինենք մեր բախտի։ Իսկ դա նաև հնարավոր է հանրապետության վերջնական ապաքաղաքականացմամբ։ Ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հովիվների ու ռանչպարների, ազատամարտիկների և դարձի եկած մտավորականության դաշինքը պատասխան պահանջի հայ գայլախոզերից (որոնք գայլի վայրագությամբ և խոզի փնթիությամբ ապականում են իրենց մտքին, կամքին ու քմայքին ապավինած երկիրը)` սկսած 1991-ից։ Ի դեպ, գայլախոզն ու խոզագայլը կաթնեղբայրներ են։ Պարզապես գայլախոզի գլուխը գայլի է, մարմինը խոզի։ Խոզագայլի պարագայում հակառակ պատկերն է, ուրիշ ոչինչ։

ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՏԱՃԱՐ

(նավակայանում, այնուամենայնիվ, տոն է)

Երազենք մի քիչ։ Եվ այսպես լուսաբաց է։ Տոն է նավակայանում, զի մտավորականները հայոց ուս ուսի և խոսք խոսքի քայլարշավ են կազմակերպել։ ՈՒղին նրանց տատասկով է պատված, սակայն խնկով և կնդրուկով է բուրում։ Ահավասիկ նրանց վեհաքայլ շարասյուները ճանապարհ են բռնում դեպի Գառնի և հեթանոսական տաճարի սյունաշարի ներքո երդվում են լինել արժանի Վահագնին և Աստղիկին։ Հետո ոգեշունչ մոտենում են Խոր վիրապին և այստեղ արդեն խոստանում են լինել առաքինի ու նահատակ, եթե գործը հասնի դրան։

Նրանց էլ ողջ ճանապարհին ուղեկցում են ռանչպարների և հովիվների իմաստուն զրույցները։ Նավակայանում, այսպիսով, տոն է։ Ամեն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ