Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Կարուսելը քավարանում («Խոզագայլերի մահը» շարոցից)

Կարուսելը քավարանում («Խոզագայլերի մահը» շարոցից)
28.11.2014 | 00:09

Նենգություն էին կկոցում մանրիկ ժպիտների մեջ,
հետևելով առաջնորդին, որ խոսում էր ՆԷՊ-ից,
ուռճացնում էին ուտիճներ հատակներում`
Կրեմլից մինչև բոսյակների նառը...


ՄԱՆԱՍԵ

ՎԱՍՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ

(նավակայանում վարդաբույլ է լուսաբացը)

Զարմանահրաշ հրեշապատումների զարհուրելի երկնաքերը 1991-ին անշշուկ ճեղքեց լյառն Արարատի գագաթը պատանդող սառցաքուլա ամպն ու մխրճվեց Երևանյան լճի տղմառատ-կանաչագեղմ խորքերը, ապականելով հրաշապատում երկրի մայր ոստանի գլխավոր ջրամբարը։ Անցան տարիներ և, խնդրեմ, արքայաշնորհ իշխանի և կարմրախայտի բնօրրան Սևանա լուսեղեն ջրերում բազմացավ խեցգետինը, հավանաբար ի մխիթարություն գարեջրասեր հայության։ Ընթերցողս պատվարժան, հարկավ, կռահեց, ժանգասրսուռ երկնաքերը Իսթամբուլի բաղանիքներից թռավ-հասավ Հայաստան։ Երազ էր, իսկույն արթնացա և ջերմեռանդ աղոթքից ետքը ահավասիկ փորձում եմ ապաշխարության զանգեր հնչեցնել մեր իշխանապետերի, վերջիններիս տնտեսական կցորդ օլիգարխների, օսլայաժպիտ վարչարարների, առհասարակ` հանրապետությունը, նրա հանրությանը, վերջինիս ներկան և ապագան բռնադատող-բռնաբարող-բարեխեղող-բանսարկող-բանադրող «հայկազունների» ականջների տակ, երբ նրանք դեռ անոթի են ու քնաթաթախ։ Այո՜, ապաշխարեք, տիարք և տիկնայք իշխանավորներ, հին ու նոր, ահել ու ջահել, գեր ու նվազ, գլխադաս և մատռվակ, ապաշխարեք, քանի դեռ Երկնավորը ժամանակ է ընձեռել ձեզ, նաև մեզ։ Եվ ահավասիկ տանջվում եմ զօր ու գիշեր, երթուղայինում կքած, թե տրոլեյբուսում հաղթահասակ ցցված, տանջվում եմ ու միտք եմ անում, սակայն ելքը մշուշոտ է, զի վախենամ, որ իշխանաց հետ մենք էլ հայտնվենք քավարանում։ Հուշեմ-հիշեք` Մոզ տխրահռչակ քաղաքը կործանվեց անհամար մեղքերի պատճառով, որոնք անմար ճրագների նման լուսավորում էին մեղսալից բնակավայրի անկյուններն ու խոռոչները, ուր մոզեցիք շնանում էին և չէին ապաշխարում։ Սակայն չէ՞ որ քաղաքի անմեղ-բարեպաշտներն էլ նույն պատժին արժանացան։ Չնայած, ո՞վ գիտե, գուցե թե նրանք դրախտում կառապան են, մեղսագործները` գրաստ, նրանք որսորդ են, վերջիններս` նապաստակ։ Եվ այսպես շարունակ։

ԽՈՍԵ ՄՈՒԽԻԿԱՅԻ ՏԱՐՈՍԸ ՄԵԶ

(նավարկություն ՈՒրուգվայի ջրերում)

ՈՒրուգվա՜յ, իսպանալեզու վեհանձն երկիր։ Երկիր, որը կառավարում է 21-րդ դարի խոշորագույն երրորդ դեմքը (ըստ իս` առաջինը Պուտինն է, որդին Վլադիմիրի, երկրորդը` Վենեսուելայի վաղամեռիկ նախագահ Չավեսը` ՈՒգո, երրորդն էլ, անշուշտ, Խոսե Մուխիկան), երկիր, որի մասին արժե հիշել։ ՈՒրուգվայ, տարածությունը 187 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը` 3,5 մլն մարդ։ Եվ չնայած, որ օտարերկրյա կապիտալը ծանրակշիռ տեղ ուներ այս երկրի տնտեսության մեջ, պետական հատվածը միշտ էլ ակտիվ դերակատարում է ունեցել։ Այսինքն, պետությունը յուր դեմքով ու դիրքով միշտ էլ զգալի է եղել, եղել է տեսանելի և, բնականաբար, շոշափելի։ Այսինքն, մեծարգո Մուխիկան ունի ամուր հենարան։ Նաև բարոյական հսկա ներուժ, տեսեք, երկրի ազգընտիր նախագահը մեկ մլն դոլարով վաճառեց յուր ծառայողական շքեղ շարժակազմը և մեկ հազար դոլարով ձեռք բերեց ուրուգվայական մի «Զապորոժեց»։ Գուցե այստեղ ինչ-որ խորհո՞ւրդ կա, չէ՞ որ ՈՒրուգվայը ներկայումս Լատինական Ամերիկայի ամենեն զարգացած երկիրն է։ Հնարավո՞ր է երազել, որ մինչև Ամանոր մեր իշխանությունները կհրաժարվեն ծառայողական շարժակազմերի ծառայություններից, դրանք վաճառքի կհանեն, ստացված վիթխարի գումարների նվազագույն մասով ձեռք կբերեն հնամաշ (յուրաքանչյուրը` 500 դոլարից ոչ ավելի) մեքենաներ, դիցուք, 1960-ի արտադրության «Մոսկվիչներ», իսկ մեծագույն մասով կփակեն վարկային պարտքը, 5,2 մլրդ դոլարը։ Հուռա՜-ա՜-ա՜-ա՜։ Ի դեպ, խնայողության աննախադեպ առիթ է ի հայտ գալիս, տարեկան հավելյալ կխնայենք 7 մլն դոլար, եթե մեր իշխանիկները իրենք վարեն իրենց բռնակցված շարժակազմերը։ (Ցնցող տեսարան է` դոկտոր Լիսկան «Մոսկվիչի» ղեկին)։ Միով բանիվ մեր իշխանապետերին հույժ անհրաժեշտ է դարձի գալ, ապաշխարել և ծնկաչոք ընթանալ դեպի Խոր վիրապ։ Ինչո՞ւ, դե մի՞թե հասկանալի չէ, չէ՞ որ հատուցման ժամը մոտեցել է, ուղղափառ Վլադիմիրը խստագույն հակադարձվել է «300-ի կոմիտեին» և գլխիվայր աշխարհը բնականոն դիրքի է բերում։ Համենայն դեպս, «Բաշնեֆթի» ազգայնացումը ասվածի հաստատումն է, զի ռուսական տնտեսությունը թոթափում է արևմտյան կեղեքիչ ֆինանսական լուծը և տնօրինում է սեփական ճակատագիրը։

Ի դեպ, «Բաշնեֆտի» ազգայնացումը մեկնարկն է։ Անշուշտ, դրան կհետևեն արևմտյան կապիտալի բռնազավթած ռուսական ազգային մենաշնորհների ազատագրումները (տարոսը մեզ, չնայած խիստ կասկածելի է)։

Միով բանիվ ճիշտ ժամանակն է, որ մեր իշխանությունները սկսեն ազգային-պետական տնտեսության ազգայնացումն ու պետականաշնորհումը։ Հակառակ պարագայում եվրասիական մուրճն ու մանգաղը կանցնի գործի։

Միով բանիվ խորհրդարանի լուծարումը և մենիշխանության տարրալուծումը պատմական պահանջ են։ Իսկ պատմությունն անողոք է յուր բնականոն պահանջներն անտեսողների նկատմամբ։

Մենք առաքելական երկիր ենք։ Համենայն դեպս, այսպես է 301 բախտորոշ թվականից ի վեր։ Միով բանիվ, անկախ պետականությամբ փորձում էինք սլանալ սարն ի վեր, սակայն սահանկեցինք դարն ի վար։ Զի մեր առաքելականությունը իսպառ կորցրել է յուր ճերմակ առաքինությունը։ Եվ կասկածն է սողոսկում սրտիս մեջ, դեղնականաչ ու մուղամանվագ կասկածը, արդյո՞ք ուշ չէ, մի՞թե ի զորու ենք ահռելի մեղքերի տակից դուրս ելնելու։ Չէ՞ որ պատիժն ուշացած է բախում մեր դուռն ու պատուհանը, սակայն նա երբեք չի ժամանում հենց էնպես և հենց էնպես էլ չի լքում «մարտի դաշտը»։ Եվ ներկա իշխանություններն ու ոչիշխանությունները թող որ ուշի ուշով ընթերցեն հայտնի դրամատուրգ և արձակագիր տիկին Աննա Պետրոսյանի «Մոզ քաղաքի կործանումը» վեպը։

Ինչ խոսք, եթե արգո իշխանությունները լիասիրտ և ողբաձայն չապաշխարեն, ապա կհայտնվեն Քավարանում, ուր նրանց (սա երազումս եմ տեսել, հավատացեք) սպասում է հետևյալը։ Քավարանի գլխավոր քավիչը նրանց հերթով նստեցնում է դեռահասների համար նախատեսված կարուսելը, որը, հուշեմ-հիշեք` կազմված է գիպսե ձիերից, գետաձիերից, ընձուղտներից և այլնից, որը դանդաղ պտտվում է սեփական առանցքի շուրջը, անզուսպ հրճվանք պարգևելով հեծվոր-մանուկներին։ Միայն թե քավարանում կարգը քիչ այլ է. կարուսելն անվերջ պտտվելով 1991-ից հասնում է 2014 և նորից հետ է պտտվում։ Ի դեպ, (խնդրում եմ սա «յալանչություն» չհամարել) երազումս կարուսելի գիպսե դեղին-կանաչ-արնագույն կենդանիների երախներից ծուխ ու բոց էր ժայթքում, հեծյալներին էլ 1 մլն դոլարանոց փողկապ էին կապել, բայց մորեմերկ էին։ Այո, մորեմերկ էին և վարկի էին սպասում թզենու տերևներ ներկրելու նպատակով։

Այնուամենայնիվ, կարծես թե արթնանում ենք։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի քարտուղար արգո Վաղարշակյանը` Գառնիկ, մշտապես հրապարակում է և ահա թե ինչ է նա բարձրաձայնել վերջերս. «Փաստացի ստացվել է այնպես, որ օրվա իշխանությունը պահվում է արհեստական շնչառությամբ՝ վարկերի հաշվին»։ Համաձայն եմ, լիասիրտ և տիար Վաղարշակյանին հրավիրում եմ «ԼԼ» արևելյան ծովածոցը կարմրախայտ ճաշակելու, սովետահայ կոնյակի ուղեկցությամբ։

ՎԵՐՋԱՊԵ՜Ս...

(կառամատույցում հավքեր են)

Վերջապես մտավորականությանն ու ազատամարտիկներին, երիտասարդությանը միավորող «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունն է հրապարակում, փորձառյալ քաղաքական ասպետ տիար Մանուչարյան Աշոտի գլխավորությամբ։ Ըստ «Հայաստանի»` մեր իշխանություններն ընդամենը օպերատոր են համաշխարհային աշխարհակործան կառավարիչների ձեռքում։ Սակայն ինչպիսի՜ ուշիմ օպերատորներ են նրանք։ Մի խոսքով հավատանք «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությանը։ Հավատանք և մաքրենք սրբազան մեր երկիրը քաղաքական ուտիճներից, կառավարական մորմերից, մարզպանական մորեխներից և շատ այլ բաներից։

Մի խոսքով, ինձ համարեք «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության կրքոտ պաշտպան։ Եվ այստեղ թույլ տվեք հիշեցնել օլիգարխիատին և նրան շուրջկալած հացկատակներին ժողովրդական բանահյուսվածքի մի պղպեղախառն իմաստություն. «Ով չի սիրում մեր ծառը, կորչի նրա անտառը»։ Անշուշտ, ըստ քաղաքական ճաշակի և «ատկատային» հափշտակությունների, կարելի է օգտագործել նաև հետևյալ տարբերակները.

ա) կորչի նրա վերջին պատառը,

բ) չորանա նրա քծնանքի տոնածառը,

գ) պատռվի նրա վերջին դհոլը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ