ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Յո՞ երթանք (IV հանրապետության մատույցներում)

Յո՞ երթանք (IV հանրապետության մատույցներում)
25.07.2014 | 00:23

Այսպես` վաղնջամյա,
Որ ծնվում ես, ծնում-
Ամբարտավան ու հեզ,
Վսեմ ու գլխիկոր,-

Շրջապտույտներով
Այսպես ո՞ւր ես գնում,
Ո՜վ կրակուպատիժ
Տիեզերյան Գիքոր...


«Հայկական էքսպրոմտ»,
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

ԵՐԲ ՀԱՐԴԸ ՑՈՐԵՆ Է, ԴՄԱԿՆ ԷԼ` ՈՂՆՈՒՂԵՂ

(ֆելիետոն-նամե)

Հարդը դարմանն է, հացահատիկների մանրած ցողունը, որն իր հերթին անասնակեր է։ Այսինքն` հարդն ու ցորյանը ազգակիցներ են, սակայն գաղափարական տեսանկյունից թշնամի են, ինչպես, օրինակ, արմատականներն ու ազատականները, կամ ինչպես մեր օլիգարխիան և մեր պետականությունը։

Հարդը դարմանն է, իսկ դմակը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ոչխարի պոչի շուրջ գոյացած ճարպային զանգվածն է։ Ամառ է, տոթ է, և հարկ է մեկ գավաթ սառնաշունչ գարեջուր ըմպել և ունկնդրել բոսորամիտ լոռեցուն. «Ճշմարիտ որ, մի ծառի տակ հարդի վրա մի գեր դմակ»։ 1991-ից ի վեր ցորյանը մեր սեղանների իշխանը չէ, այլ համեստ մի սպասավոր է, նվաստացած և գլխիկոր, ինչպես մի գլխահակ Գիքոր։ Հարդն է սեղանի տիրակալը, դմակն է տիրակալի պահապանը։

Այսպիսով, դմակ և հարդ, ցորյանի չարքաշության և պետականության կորուստ` հենց պետության կազմում։ Անգամ մեր ալեկոծուն պատմությունը նման արհավիրք չի հիշում, մենք, ներքին մեր որոմներին տուրք տալով կամ այլ հանգամանքների բերումով հաճախ ենք պետականազրկվել պարսիկների և բյուզանդացիների, սելջուկների ու արաբացոց, նաև մոնղոլների, նաև օսմանցիների հրով և սրով։ Մեզ շարունակ դյութել են, դավել են մեզ, և պետությունը վրնջան նժույգի պես փախել է մեր ծնկների արանքից, ու մեկ էլ հանկարծ ուշքի եկել ու տեսել ենք, որ հեծնել ենք մի քոսոտ յաբուի։ Այսպիսով, առանց դավի և առանց դավադիր դյութման մենք մեր ձեռքով անկախական ականներ փորեցինք մեր պետական տան դարպասների և աշտարակների տակ և պետականազրկվեցինք` մեր իսկ պետության սահմաններում, սեփական սահմանադրության զգաստ հայացքի, զինանշանի պարտադրող հաղթության, դրոշի և օրհներգի փառաշուք թևածումների ներքո։

Այսպիսով, Անտունին է մեր օրհներգը, և մեր զինանշանի վագրը առայժմ կատու է, արծիվն էլ, դեռևս, բայղուշ։ Մի խոսքով, 3-րդ հանրապետությունը հայության վերքն է, դմակի ու հարդի հաղթության խորհրդանիշը։

Այսպիսով, երկիրն ու մենք ամբարտավան ենք ու հեզ, վսեմ ենք և գլխիկոր, խե՜ղճ իմ Գիքոր, ինչո՞ւ արտագաղթի ցուպը բախեց Համբոյի օջախի դուռը ու քեզ Թիֆլիս նետեց։ Սակայն չէ՞ որ այդ օրերին Հայաստանը Ռուսիո գաղութներից մեկն էր ու հեծեծում էր հայոց բազազների հախ ու հաշվի և ռուսական ուրյադնիկների մտրակի տակ։

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ

(պամֆլետ-օրատորիա)

Ճար չկա, Օվալաձևը պիտի ապամոնտաժվի, այսինքն` պիտի լուծարվի։ Եվ սա կլինի Ազատիչի գլխավոր հաղթաթուղթը` ապահով Հայաստան կերտելու ճանապարհին։ Միայն թե չհարցնեք, թե ինչու, զի լույսի պես պարզ է և դդմի հասունացման նման անբեկանելի է. անհնար է այլևս հանդուրժել մի մարմնի ներկայություն, որը, առանձին հոգեշահ բացառություններով հանդերձ, այնուամենայնիվ, հակապետականության, ապազգայնության և, ի վերջո, հակամարդկայնության ուժային կենտրոն է։ Եկեք լսենք Բաղրամյան-13-ի ձայները. ահա մականունակիրների ուշունցախոսությունն է դղրդում և արձագանքում Մայր Հայաստանի հուշակոթողի մերձակայքում, քաղաքական դհոլների և պարկապզուկների քծնամոլոր ռոմանսներն են դայլայլում, ինչից որդնում է բերքը սահմանամերձ գյուղերի այգիներում և այսպես շարունակ։ Այսպիսով այս օրենսդիր կառույցը մի՞թե վերջնականապես ականապատված չէ հակապետականության ականներով։ Եվ մի՞թե 1995-ին խորհրդարանական ընտրությունների բռնակեղծումներով, ՀՀ զարգացման ուղեգիծը պետականակերտումից չբեկվեց դեպի պետության, երկրի, գրողը տանի` ի վերջո նաև հայրենիքի արժեզրկման։ Եվ երբ այսօր վասն պետության, երկրի ու հայրենիքի փրկության կուրծք են ծեծում սպանդի կնքահայրերն ու կազմակերպիչները և փորձում դարձյալ հեծնել մեզ (զորօրինակ, Ջհանգիրյան Գագիկը), այս ամենը նմանվում է այն բանին, թե նորածին հորթերի խնամքը հանձնես կիսաքաղց շնագայլերին։ Արտաշես Գեղամյա՜ն, քաղաքական բազում հողմեր են հարվածել նրա սեգ ճակատին, սակայն նա մնաց վսեմ և անսասան յուր ֆուշեականության մեջ, և նրա կշիռը, որպես քաղաքական գործչի, որքան ընկավ, նույնքան բարձրացավ ճամբարափոխության օծյալ ասպետի սակագինը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի երկրացունց բառահեղեղներով էր Արտաշեսը սույն անարգանքի սյունին գամում ողջ իշխանական վերնախավը։ Եվ ինձ մի բան է այսօր պատեպատ տալիս. արդյոք գալիք իշխանություննե՞րն էլ սիրառատ գրկները կբացեն գեղամյանակերպերի և ջհանգիրյանակերտերի ու այլ քամելեոնային քերթվածքների առջև։ Եթե այո, ապա թող ինձ իշխեն Գեղամա կապտաջինջ լճի արհեստավարժ որսագողերը, կամ էլ թող դառնամ Առաքել-Շմայսի ուշունցաբանության տարեգիրը։ (Ի դեպ, վերջին պարագայում կաշխատեմ անվճար, ավելի ստույգ` բնավճարով, օրումեջ չորս «պեռաշկի», մեկ շիշ ժավել և օրական երկու «թաշախուստով» հայհոյանք-շոյանք)։

Մի խոսքով, օլիգարխիատից բացի, մեր ներկան բռնախեղում են քաղաքական քամելեոնները։

Մեր տաճարները հազարամյակներով լուսավառ և փառահեղ էին, մեր դաշտերն ու այգիները` անգթորեն բերրի։ Բայց որտեղ ու երբ սաղմնավորվեց հարդադմակային այս որոմը, որ բախտորոշ պահերին ահա նման առատ բերք է տալիս։ Նորահայոց խորհրդարա՜ն, խորհուրդ խորին` հանուն պետականության առագաստանավերի խորտակման։ Սակայն չէ՞ որ դեռ երեկ չէ առաջին օրը մենք Սարդարապատում դիմակայեցինք, պարտադրված, սակայն, անկասկած, տղամարդավայել։ Երեկ էլ Երասխավանում մեր արորն ու խոփը հերկեցին մեր սուրբ հողը, դարձյալ դիմակայեցինք և դարձյալ տղամարդավայել։ Այսպիսով, դարմանն ու դմակը, դդումն ու դագանակն են այսօր դրության տերը։ Այսպիսով, հակապետական որոմն ամենուր է, իշխում է և կառավարում է, պորտապար է բռնում ու կողոպտում ծովահենի ցինիզմով և խաչագողի աներերությամբ։ Եվ միայն պինդ, գործածելի, դեռ երեկ փռված ասֆալտաշերտերի վերափռումը բավական է, որպեսզի պնդենք` վերնակույտը հասել է սահմանագծին և ամուր դիրքավորվել է, կողոպուտը, անկասկած, շարունակվելու է զօր ու գիշեր, Սևանը կողոպտվել է և դեռ երկար է ամորձատվելու-ներքինանալու, Արարատյան դաշտավայրին սպասում է Արարատյան անապատ դառնալու մթին հեռանկարը։ Այսպիսով, անհնար է որևէ դրական տեղաշարժ ակնկալել թե՛ խորհրդարանից և թե՛ Կառավարական տնից։ Եվ ասվածի ամենավառ վկայությունը օրվա բարձրաստիճան սեղանապետերի չքմեղությունն է, որով, ըստ էության, նրանք հիմնավորում են և՛ հիմնարար կողոպուտը, և՛ անվերջ արտագաղթը, և՛, պետության քերթումը։ Մի խոսքով, մենք ևս հասել ենք մեր սահմանագծին, որից պիտի անցնենք, քանզի պետականազրկվում ենք սկսած 1991-ից և, խնդրեմ, ներկայացրեք մի կառավարություն, որը քրեաօլիգարխիկ դաշինքի սպասարկուն, միաժամանակ արյունակից-դաշնակիցը չէ։ Հիշենք 1992-ը և հիշենք Հայաստանի 3-րդ Հանրապետության 1-ին կառավարության դուրսպրծուկ Եսայուն Ստեփանյան, ով լույս օրով կտրեց պետության գրպանն ու ճողոպրեց յոթ սար և յոթ ծով անդին։ Այն օրերին օլիգարխիա չկար, օլիգարխիան նախագծվում-կյանքի էր կոչվում ՀՀՇԿ ուղեղային կենտրոնում, ուր ուղեղագալարներն էին քահանան և պատմաբանը, արձակագիրն ու մյուսները։

Մի խոսքով, անկախ պետականության կայացման քառորդ դարը հերոսական մեկնարկից շա՜տ սահուն և անչա՜փ դյուրընթաց թևակոխեց հրոսակային զարգացման վերջնափուլ։ Եվ մեր պետականաստեղծման առաջին դեպքն է, երբ հրոսակը գետնում է հերոսին ընդամենը մի քանի ժամում, և, հավատացեք, որ եթե վերնակույտը շարունակի մոլախոտային յուր վերարտադրումը, ապա վերջնականապես կորցնելու ենք մենք ամբողջապես, և շահելու են նրանք, զի, հանուն ինքնապահպանման, վախենամ, որ պատրաստ են զոհաբերելու և՛ Արցախը, և՛ Երևանը, Գյումրին ու Ջավախքն էլ վրադիր։ Կներեք, իսկ մի՞թե այլ բան պիտի սպասել գերարհեստավարժ հրոսակներից, հարդի և դմակի երդվյալ գլադիատորներից։

ԿԱՄ ԳԼԽԻԿՈՐ ՄԻ ԳԻՔՈՐ, ԿԱՄ ԷԼ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԴԻՐՔԱՊԱՀ

(սարկաստիկ վերջերգ)

Օգոստոսն է առջևում, առջևում խաղողաքաղն է և հայոց սարահարթերի ծիրանի սրտատրոփ սպասումը։ Շոգ է, հարաբերական անդորր է, և հայ ժողովրդի տագնապներն են թանձրանում։ Այնինչ տագնապելու կարիք չիք, քանզի ոգեղենանալու ժամանակն է։ Եվ մի՞թե ժամանակը վերջնականապես չի հիմնավորել, որ դարմանը նահանջում է, երբ ցորենն է հաղթարշավում։ Եվ մեզ այսօր մի՞թե մի բան չի մնում` գոտեպնդվել 1988-ի գաղափարներով և ընդվզել, ելնել խաղաղ մարտերի։ Եվ Վանաձորի ու Հայաստանի կենդանի դասական Սարուխան Հրաչյայի դարակազմիկ հարցը պիտի յուր նույնարժեք պատասխանը գտնի։

Իսկապես, այսպես հեզ ու ներքուստ ըմբոստ, դեպի ո՞ւր ենք գնում տիեզերական գիքորներս:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ