ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Համակերպության սմբակները (երբ պետությունը վրեժխնդիր է)

Համակերպության սմբակները (երբ պետությունը վրեժխնդիր է)
18.07.2014 | 10:48

Բայց կառամատույցներին ժողովուրդը պետք է, թե չէ ինչի նման կլինի, որ նրանք բարեհաճեն անցնել մեր կայարանով, իսկ մենք, մեր տներում նստած, անփույթ, անհարգալից հաց ու սոխ ուտենք մեզ համար... Մի խոսքով, այստեղ տներն այնքան մոտ են գնացքներին, ինչքան հանդիպակաց գնացքները` իրար։


«Չտեսության հովիտ», Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

ՀՆԱԶԱՆԴՆԵՐԻ ՀՐՎԱՆԴԱՆԸ

(ֆելիետոն-նամե)

Դուք ինձ հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է այս տոթակեզ ամռանը վարակվել հարբուխով, ես պատասխանում եմ սիրով. կարելի է և, ահավասիկ, վերջերս նման մի բան կատարվեց ՀՀ ԳԱԱ դահլիճում, ուր գիտական արհմիությունը ժողով էր հրավիրել։ Հուշեմ, որ ժողովը ներկայացուցչական էր, գիտաշխատողների առավել ուշիմ պատվիրակները ներկայացել էին վճռական մարտի, և խնդիրը դաժան ենթատեքստ ուներ՝ հայ գիտնականը, Հայաստանի գիտության վեհագույն կաճառը դարձել են պետական վրեժխնդրության թիրախ։ Սա բուն անկախական սադրանք է, անդրօվկիանոսյան երկնագույն մորեղբայրների առաջադրանքը ՀՀ եռագույն իշխանություններին։ Անկասկած, այլ, գիտավերլուծական և բարոյահոգեբանական քննարկման նյութ է, թե ինչու 3-րդ հանրապետության ազգընտիր նախագահը, իմա` Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոհեմ գիտնականն ու սթափագույն այրը, ատեց գիտությունն ու գիտնականին և ատեց անկեղծ սրտով։ Եվ թե ինչու գիտությանը թիկունք դարձրին հիմնադիր-ազգընտրյալի գաղափարակիցները` արձակագիր և հայոց բոհեմի ասպետ Վանոն, փորձառյալ հայ մտավորականներ Բաբկենն ու Վազգենը Մանուկյան (պրեֆերանսի անխոնջ սիրահարներն ու սրճարանային հայրենասիրության զորավարները)։ Ինչո՞ւ, զի նրանք ուշի ուշով սխրագործում էին` կատարելով անդրօվկիանոսյան մորեղբայրների առաջադրանքը։ Մի՞թե այսօր խնդիրը փոխվել է։ Ամենևին, նույն կոտրած տաշտակն է և միևնույն գույնզգույն երազախաբությունը։ Մի խոսքով, նշյալ հիմնարար ժողովում հանդիսավոր քայլքով ամբիոն է ելնում ակադեմիայի նախագահը և խրոխտ հրովարտակում է՝ գլխներիդ ճարը տեսեք, մեր նորանկախ պետությունը սնանկ է, և ձեր տնանկության հիմքերը որոնեք ակադեմիական սրահներից անդին։ Անկասկած, որոշ գիտնականներ ակնառու փաստեր ներկայացրին քաղաքակիրթ պետությունների վերաբերմունքից հանդեպ գիտնական և գիտություն, հիշեցին նաև խորհրդային երանելի անցյալը և չարաչար փոշմանեցին։ Ակադեմիայի նախագահը երևելի իշխանասեր է, հետևաբար ունի բազում հիմնավոր փաստեր, օրինակ, որ, այո՛, խորհրդային տարիներին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան համաշխարհային ակադեմիաների կոհորտայում բնավ հետնապահ զինվոր չէր, և որ հայ գիտությունը բուռն զարգանում էր, հայ գիտնականները սոցիալական բողոքներ ամենևին չունեին, և սակայն Մոսկվայի ֆինանսավորմամբ ու Կրեմլի հնգաթև աստղի հոգածությամբ։ ԽՍՀՄ-ը ֆինանսավորում էր հայոց գիտության (այսինքն` ակադեմիական հաստատությունների) ընդհանուր ծախսերի 90 տոկոսը, մնացած 10 տոկոսի հոգսը թողնելով ՀԽՍՀ-ին։ Բայց քանի որ ԽՍՀՄ-ը, ինչպես քաջ հայտնի է մեր պատվարժան գիտական այրերին և տիկնանց, այլևս չի՛ք, ՀՀ-ն արդեն իր միջոցներով է ֆինանսավորում հայրենական գիտությունը, այսինքն` 10 %-ով։ Այս սահանկային թվաբանությունից հետո ոմանք գիտական ընդվզման հայտ են ներկայացնում, այն է` դուրս գալ չարանենգ այս դահլիճից (ուր ակադեմիայի նախագահի շուրթերից սառցաշունչ քամիներ են փչում) և փակել Բաղրամյան փողոցը, զի դա է այսօր միակ ելքը։ Անշուշտ, այս բոցաշունչ առաջարկը մարում է ԳԱԱ նախագահի ահեղ հայացքի ներքո։ Դե, ճիշտ հասկանանք, ով կհամարձակվի ձեռնոց նետել մի այրի, ով սերտ դաշնության մեջ է (ինչն ամենևին չի թաքցնում) վերնակույտի այնպիսի գրոհային-գլադիատորի հետ, որպիսին հանրահռչակ Սուրենն է Խաչատրյան, նույն ինքը Լիսկան, երկրի շքանշանակիր ասպետն ու Սյունիքի մարզի երևելի պատուհասը։

Մի խոսքով, արգո գիտնական-պատվիրակները տրտնջացին և լռեցին։ Զի համակերպումն ու հնազանդությունը, այնուամենայնիվ, շատ ավելի հեռանկարային են, գոնե ապահովված են տրոլեյբուսով աշխատավայր հասնելու հնարավորությունը և մսով ապուրը` կիրակնօրյա սեղանին։ Չնայած, ինչ խոսք, ամոթալի է, որ պատկառելի գիտնական այրի աշխատավարձը բազմապատիկ զիջում է միջին պաշտոնյայի աշխատավարձին, փոխարենը լրջորեն մրցակցում է գյուղական բուժակի վաստակի հետ։

Մի խոսքով, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հնազանդության հրվանդանում կառափնարան բարձրացված ոսկյա մի օրորոց է, ուր սմքած և երազկոտ պառկած են արդի հայ գիտնականը, հայ գիտությունը, հայ միտքը։

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԿՈՆՔԵՐՆ ՈՒ ՄԵՐ ՈՒՍԵՐԸ

(պամֆլետ-օրատորիա)

Բայց, կներեք, ինչո՞ւ ենք լուռ բողոքում և անձայն բղավում, երբ կամ թավշյա հեղաշրջման պիտի պատրաստվենք, կամ էլ միանանք մեր պատվարժան գիտայրերի համակերպման դավադրությանը։ Երրորդ ուղին փակուղին է, զի առնվազն արտառոց է ոմանց հույսն առ իշխանակույտի դարձը դեպի պետականաշինություն և օլիգարխիայի հախուռն վերադարձը դեպի յուր ակունքները, այսինքն՝ դեպի հրաձգարաններ, դեպի գավառական ոստիկանական բաժանմունք, նմանապես դեպի փերեզակություն, բեռնակրություն և այլն։ (Ի դեպ, իշխանակույտ-ժողովուրդ փոխառնչություններում իշխանակույտը շատ ավելի ազնվաբարո է վարվում, զի գործում է բացահայտ և հրահրում է մեզ ընդվզելու և քշելու իրենց։ Մենք չենք գնահատում։ Օրինակ, երբ երկրի կառավարությունը երեք տարով հարկերից ազատում է երկրի տնտեսության գլխավոր փայատերերից մեկին, ինչ է թե վերջինս օղի պիտի թորի, մի՞թե հիանալի առիթ չէ, որ ակադեմիայի աշխատակիցները գահազրկեն կառավարական բոլոր գործողությունների բուռն ջատագով, համատեղության կարգով էլ գիտության կաճառի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, մենք էլ մեր հերթին թիկունք կանգնենք նրանց)։ Այսինքն՝ պիտի գերհստակ գիտակցենք, որ երկրից և ժողովրդից ահռելի ծավալներով կողոպտվածը որևէ մեկը հենց այնպես չի վերադարձնի։ Այսպես չի լինում ո՛չ հայկական առակներում, ո՛չ էլ մոնղոլական դյուցազներգությունում։ (Սակայն մի նշանակալից բան է վրիպել մեր երախտամոռ աչքերից։ Տեսեք, երբ էապես բարձրացվում են պետական ծառայողների աշխատավարձերը, հերթական սեպն է մխրճվում հասարակության տարբեր շերտերի միջև. ով ծառայում է իշխանակույտին, պիտի բարեկեցիկ ապրի, ով ոչ, թող աղբարկղերը քչփորի։ Բացի այս, ամոթի այրող զգացումից կձերբազատվենք, տեսեք, թիկունքում 100 հազար ձայն ունեցող տիար Քոքոբելյանը, պարոն Առաքելը, նմանապես Զարուհին և վստահաբար Նաիրան, մոտենում են Օվալաձևի դրամարկղին և, խնդրեմ, ինչ-որ խղճուկ գումար ստանում։ Բայց չէ՞ որ 100 հազար ձայն պատգամ է հռնդում նրանց հոգում և, ահավասիկ, առաջարկում եմ, որ յուրաքանչյուր ձայնի դիմաց յուրաքանչյուր պատգամավոր ստանա 1 ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ 100 հազար դոլար նվազագույն աշխատավարձով եկեք պատժենք և՛ նրանց, և՛ մեզ)։

Այսպիսով՝ երկիրը ելուզակող բոշայափաշայական դաշինքը գոյացել է մեր համակերպության արոտավայրերում։ Ինչպես որ գոյանում է մոլախոտը, հետո փթթում է և վերածվում անտառի։ Սակայն չէ՞ որ համերկրային ավարառության հենքում հենց երկրի օրենսդրությունն է։ Այո, մենք համակարգված և հեռահար նպատակներով կողոպտվում ենք ՀՀ օրենքների սահմաններում։ Չէ՞ որ մենաշնորհված տնտեսությունը անօրինության դաշտում չէ, չէ՞ որ մականունակիր քրգործիչների մուտքը խորհրդարան դարձյալ և դարձյալ օրենքի խախտում չէ, ընդամենը ազգային-պետական բարոյականության բիրտ ոտնահարում է։ Այնպես որ, Սահմանադրությունը պիտի էապես շտկվի։

ՕԵԿ-ն այսօր հանրահավաք է հրավիրել։ Գնա՞լ, թե՞ ոչ, այս է խնդիրը։ Ըստ իս, պիտի մասնակցել և ահա թե ինչու։ ՕԵԿ-ը գերխնդիրներ է առաջադրել, և պիտի պահանջատեր լինենք, որ դրանք իրականանան նախ իրենց ձեռքով։ Գերագույն գլխավոր գերխնդիրը, անշուշտ, նախագահական արտահերթ ընտրությունը չէ (սա մեծն քաղլուսավորիչ Պարույր Հայրիկյանի մենաշնորհն է, չխաթարենք այն), ոչ էլ Արցախի, Արևմտյան Հայաստանի և վերջապես հարավ-արևմտյան Վրաստանի միակցումը չէ ՀՀ-ին (սա էլ, հասկանալի է, ընկեր Վահանի և այլոց քաղաքական մայրուղին է, վազանցներ չկատարենք, ամոթ է), ոչ էլ, անշուշտ, ՀՀԿ-ԲՀԿ թաքնախորհուրդ դաշնագրի բացահայտումը (նրանց իրական կարգախոսը հանրահայտ է, «Օլիգարխիան է կարգուկանոնի մայրը և հայ թշվառ ժողովրդի միակ ստնտուն»), ՕԵԿ-ը պահանջատեր է, որ վերանան մենաշնորհները, սուպերմարկետներն ու մյուս սուպեր-անհեթեթությունները մի երկրում, ուր բնակչության կեսը աղքատ է, մյուս կեսը, ճիշտ է, ապահով է, սակայն կանգնած է ճամփաբաժնում. արտագաղթե՞լ, թե՞, այնուամենայնիվ, դիմակայել։

Հետաքրքիր է, արտագաղթի գլխավոր հարուցիչը օլիգարխիան է, բայց հենց նրանք են կազմ ու պատրաստ հարմար մի պահի ճղելու երկրի սահմանները, և գիտե՞ք ինչու, զի երկրի համակարգված թալանը և ժողովրդի համատարած նսեմացումը այլևս նախկին բավականությունը չեն պատճառում, ինչ-որ թարմ զգացողություններ են անհրաժեշտ, ինչ-որ պատմական ցնցում, որը կամրագրվի 3-րդ հանրապետության պատմության տարեգրքում։ Զորօրինակ, ոմանք կամենում են ցնծագին մի անակնկալ մատուցել բողոքավոր հայ ժողովրդին, օրինակ, մի օր մենք արթնանում ենք և զարմանահրաշ գույներ ու բույրեր ենք ըմբոշխնում, պարզվում է, որ օլիգարխիան վաճառել է յուր սուպերմարկետները, սարերն ու հանքերը, լճերն ու օդանավերը և դարձել է անհայտ բացակայող։

Լճերը վաճառել է ազերիներին (չէ՞ որ նրանք վաղեմի երազ են փայփայում լողալու Սևանում և Պարզ լճում և նախ նամազի նստելու, հետո էլ խաշ զխկտվելու Արագածի գագաթին), սուպերմարկերտները՝ ֆրանկ-մասոններին, մնացածն էլ՝ ոնց պատահի։ Կարևորը, որ հայ ժողովուրդը գոնե մի պահ իրենց գնահատի։

Մի խոսքով, հանրությունը պիտի անհապաղ արթնանա և ուսերից դեն նետի հնազանդության մրոտ շղթաները։ Մի խոսքով, 88-ի վեհ սերունդը պիտի սթափվի և իր բախտն իր ձեռքով կռի։ Էնպես որ յուրաքանչյուր քաղաքական և հասարակական մարմին, որը արմատական բարեփոխումների ճանապարհ է բռնում, պիտի հենվի օլիգարխամերժ հանրության վրա և հանրությունն էլ քաղաքական և հասարակական խոստումնաշռայլ մարմինների յուրաքանչյուր քայլը (ոչ խոսքը կամ խոստումը, այլ հատկապես քայլը, գործը, պահանջը) պիտի վերահսկի հոգևորականի գթասրտությամբ, պարտատիրոջ հետևողականությամբ։ Այսպիսով շոգ է և հանրահավաք է։ Օլիգարխիան էլ մոլորակի գերթանկարժեք լողափերում դանդաղ թխանում է և բարձր չինովնիկության հետ կոնք կոնքի մտորում Հայաստանի պայծառ ապագայի մասին։

Մեզ էլ մնում է ուս ուսի գալ և դիմակայել նրանց դինոզավրային կոնքերին։ Այլ ճանապարհ չկա, վկան՝ մեր անկախ պետականության քերթման քրտնաջան տարիները։

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ԼՃԵՐՈՒՄ

(սարկաստիկ-վերջերգ)

Եթե այսպես շարունակվի, և եթե մենք շարունակենք մեր համակերպության սմբակներն օծել անուշահոտ յուղերով, և երբ վերջնականապես իրականանան ներկա կառավարության և խորհրդարանի մտահղացումները, ապա մենք փութաջան և հարգալից կուտենք մեր հացն ու սոխը և երջանկությունից արցունքառատ աչքերով կփառաբանենք մեր իշխանավորացն ու կառավարիչներին, որ հացն ու սոխը չխլեն մեր ձեռքից, զի որքա՜ն ծանր կլինի օրնիբուն միայն հաց ճաշակել կամ էլ միայն սոխ վայելել։ Իսկ երկուսը միասին մեծ շնորհ է։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ