Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Անկախ գաղութ Հայաստա՛նս (մեր վերջի սկիզբը)

Անկախ գաղութ Հայաստա՛նս (մեր վերջի սկիզբը)
11.07.2014 | 12:32

Հայոց աշխարհը, ինչպես Հիմալայի ստորոտը և հռովմեական բլուրները, գերազանցապես կրոնական է։ Աշխարհը խաչաձևող տնտեսական ճանապարհներից դուրս` դրանք հանդիսանում են իբրև խորհրդավոր կետեր, ուր երկրագունդը մի վայրկյան կանգ է առնում և երկար շնչում։ Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա։ Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը։ Վա՛յ մեզ, եթե վար իջնենք. կընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կդառնանք կամ խանութպան։
Հայաստանում դեռ հովիվներ կան։ Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները։
«Հայության կոչումը», Կոստան ԶԱՐՅԱՆ

ՅՈ՞ ԵՐԹԱՆՔ
(ֆելիետոն-նամե)
1992-ից, երբ ազատականացվեց երկրի բազմաբովանդակ տնտեսությունը, Կառավարական տունն անզուսպ պարում է, ընդ որում` կաղալով զույգ ոտքերից։ Պարում է և երբեմն էլ, կներեք, անցնում է արևելյան պարերի։ Դե, գիտեք, պորտապարի նվագները երբեմն փոխարինում են երկրի գլխավոր ժամացույցի ղողանջներին, երբ վարկերն են երկնային մանանայի պես անձրևում հանրապետության կառավարիչների գլխին և կարկտահարում հարկատուներիս սեգ ճակատները։
Մի խոսքով, երկիրը փառքով հաղթեց պատերազմում, հետո չարաչար պարտվեց երկրաշինության բոլոր ճակատներում` տնտեսությունից մինչև մշակույթ և քաղաքականությունից մինչև հանրային կյանք։ Եվ որքան հայտնի է նվաստիս, մեր Ազատամարտ-պատերազմը միակն է համաշխարհային պատմության զուգահեռներում, երբ ազատագրվում են պատմական հայրենիքի կենսալիցք հողերն ու լճերը, հանձին Արցախ աշխարհի, սակայն հաղթող կողմը նույնքան դաժան է տանում պատերազմի հետևանքները, որքան պարտվող ելուզակային պետությունը։
Միաժամանակ պաղատում եմ, նշեք գաղութացումից ազատագրված մի երկիր, որը խարխափում է մարտնչող տգիտության և վայրագացող ընչաքաղցության ճիրաններում։ Կարծես թե հակառակն է լինում։ Վկան թեկուզ Բրիտանական կայսրության մամլիչ լծից ազատագրված Հնդկաստանը։ Բայց դե Հնդկաստանի արևը մեզ վրա չի ընկնի, զի գանդիիզմը մեզնից նույնքան է հեռու, որքան հեռու են միմյանցից սրբազան Գանգեսն ու սրբապղծվող Սևանը։
Ընդունենք, որ ԽՍՀՄ-ը բոլոր ժամանակների մեծագույն գաղութապետությունն էր։ Բարի, Հայաստան-Երկիր Նաիրին 1920-ին անդամագրվեց ԽՍՀՄ կարմրաբորբ կայսրապետությանը։ 1920-ին Հայաստան-Երկիր Նաիրին սովի, համաճարակի, գութանի և գաղթականի երկիր էր։ Տասը տարի անց` 1930-ին, Հայաստանում կտրուկ աճել էր ծնելությունը, Երկիր Նաիրիի մայրաքաղաքն էր ուրվագծվում, ջրանցքներ էին գցվում և անտառներ էին տնկվում։ Ամենակարևորը, սակայն, հայ մարդու պետական ինքնագիտակցության ծնունդն էր, ինչպես եղել էր Արտաշես Աշխարհակալի և Աբգար արքայի, Պապ թագավորի, Բագրատունիների և Ռուբինյանների օրոք։ Ինչպես, երբ Հայկը նետահարեց Բելին։
1932-ին Հայաստանում գործում էին մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, գործարկվեցին Երևանի, Լենինականի, Ձորագետի հէկերը։ Ի դեպ, Երևանի 2-րդ հէկը ԽՍՀՄ-ում ավտոմատ գործող առաջին կայանն էր։ Հետախուզական աշխատանքներ կատարվեցին տուֆի, մարմարի, պեմզայի հանքապաշարները պարզելու ուղղությամբ և, ահավասիկ, հայկական տուֆը, որպես ազգային բրենդ, ճանաչվում է Փարիզում կազմակերպված միջազգային տոնավաճառում։
Զուգահեռաբար բարելավվում էր հայ էթնոսի, այս պարագայում` կայսրության ծայրագավառի բնակչության բարեկեցությունը, ծաղկում էր հայ ազգային մշակույթը։ 1921-ին հիմնադրվում է Հայաստանի պետական պատկերասրահը։ Լավ, բավ է, այսպես կարելի է անվերջ շարունակել և վերջնականապես հիմնավորել, որ, որպես կայսրության գաղութ, մենք պետություն էինք, որպես անկախ պետություն` գաղութացման հիմնադիր փուլում ենք։ Արտառո՞ց է։ Անշո՛ւշտ։
1990-ը համարենք անկախ պետականության ծնունդ։ 1994-ին հաղթեցինք արցախյան ազատամարտում։ 1995-ին ծնվեց երկրի գլխավոր օրենքը` Սահմանադրությունը։ (Հանրապետությունը այդ օրերին երկնեց երկու զավակ` Սահմանադրությունը և զանգվածային բռնակեղծիքներով օրենսդիր իշխանությունը գրավելու համակարգը)։ 1996-ին բռնակեղծիքների փորձը հաջողությամբ փորձություն անցավ նախագահական ընտրություններում։ 1998-ին և 1999-ին, 2003-ին երկրի հպատակեցումը բռնակեղծիքներով նույնքան բնականոն էր, որքան բարոյական է, դիցուք, գավառական-մականունաօծ սուբյեկտների հայտավորումը օրենսդիր մարմնում։ Եվ այս ամենի սկզբնաղբյուրներն են անորսալի, դրանք ամենուր են և գարշահոտ մագիլներով քաղցկեղել են երիտասարդ հանրապետության կենսախինդ մարմինը։

ԱՆՍԱՀՄԱՆ ԹԱԽԻԾ ԵՎ ԿՈՏՐՎԱԾ ՍԻՐՏ
(պամֆլետ-օրատորիա)
Հիմա շատ եմ փորձում (հուսամ, դուք էլ ինձ հետ) կռահել` ի՞նչ են տվել հայրենի իշխանությունները մեզ, որը չեն կարողանում հետ վերցնել։ Անկախ պետականությո՞ւնը. դա կներեք, մեր վաստակածն է, վարկերն ու դրամաշնորհնե՞րը. ներեք կրկին, դրանց սերուցքը քաշում եք իշխանավորներդ, պարտքը կախվում է, հարկավ, մեր պարանոցից։ Է, ետքը՞։ Սակայն դադար առնենք, խոր շնչենք և ճաշակենք, դիցուք, մեկ գավաթ սառնաշունչ մածնաթան։ Ըմպեցի՞ք, հրաշալի է, այժմ ունկնդրենք անզուգական պոետ և հրապարակախոս Հովհաննեսին Գրիգորյան։

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ
ՈՒշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն.
քսաներորդ դարի վերջին,
ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է
եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները`
բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր,
համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված
մի քանի տեղից...

Ցավոք, պատվարժան Հովհաննեսը ձանձրացավ և հեռացավ այս կեղեքվող հայրենիքից, և ես անկարող եմ տեղեկանալ, թե երբ են գրվել այս տանջահար տողերը։ Հավանաբար մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Սակայն չէ՞ որ և՛ Հոկտեմբերի 27-ը, և՛ Մարտի 1-ը, և՛ մյուս «պետականաշեն ձեռնարկները» ընդամենը հետևանք են, խիստ վայել գաղութային երկրին։ (3-րդ հանրապետության միացյալ-նախագահական կարգախոսը, թերևս, ահա նման ձևակերպում կստանա Մեծ եղեռնի 100-ամյակի և անկախ պետականության հիմնադրման 25-ամյակի նախաշեմին. «Իմ կուսակցություն-ժողովրդով պայքար, պայքար մինչև ապահով Հայաստան»)։

Վերջերս երկրիս բարձրագույն կառավարիչները դարձյալ սահմանամերձ գյուղերում էին։ Թերևս տեղին կլիներ, որ գյուղաբնակները փակեին կառավարական պերճաշուք շարժակազմերի ճանապարհը, ձեռքներին մի հսկա եռագույն պաստառ, վրան սևատառ գրված. «Եկել եք սահմանամերձ մեր գյուղերը, որ ի՞նչ անեք»։
Որքա՞ն է նման տրագիֆարսային շրջայցի ծախսը։ Հավանաբար, տասնյակ հազարավոր կանաչագեղ դոլարներ։ Նման այցի իրական արդյունքը, ինչպես ժամանակն է հիմնավորել, զրոյական է կամ գրեթե զրոյական։ Ասում եմ` գրեթե, զի, այնուամենայնիվ, ինչ-ինչ օգուտներ գյուղը քաղում է և բաշխում յուր անտրտունջ գյուղաբնակների միջև։ Զորօրինակ, յուրաքանչյուր նման այց ավանդաբար ավարտվում է հոգեպարար կերուխումով, ընդ որում, ուշագրավ մի օրինաչափությամբ. որքան սովալլուկ է գյուղը, նույնքան լիառատ են սեղանները` գցված գյուղապետարանի միջոցներով, մարզպետարանի ազդու հանձնարարականների ներքո։ Բնականաբար, սեղանները ոտն ի գլուխ չեն մաքրազարդվում (բարձրագույն կառավարիչներին սպասում են այլ բազմագունեղ սեղաններ հարևան համայնքներում), մնացորդով զվարճանում են սովալլուկ գյուղի ուզվոր շներն ու մուրացիկ կատուները։ Նաև քարից հաց քամող որոշ հայ շինական ընտանիքներ։
Մի խոսքով, պատմական մեկ ակնթարթում ազատ-անկախ-հերոսական հայրենիքից վայրընթաց ընկանք գաղութային հայրենազրկության խորխորատը։ Եվ միանգամայն բնական էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը նախորդեց բարձր պետպաշտոնյաների աշխատավարձերի քառապատկումը։ Սա գաղութային Հայաստանն է։ Եվ քանի դեռ մենք այս կարգավիճակում ենք, բողոքելը մեծ մոլորություն է...

ԿՈՉ` ՄԵՐ ՄԻՍ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
(սարկաստիկ վերջերգ)
Հայաստանում, վստահաբար, կան հովիվներ։ Նրանք ճանաչում են աստղերը և անշուշտ գիտեն բոլոր ճանապարհները։
Բավ է մոլորվենք, գաղութաբնակ իմ համերկրացիներ, այս երկրի հովիվները մենք ենք, որ չլքեցինք այն և չենք կքում արտաքին ու ներքին սադրանքների առաջ։
Մենք ենք, ոչ թե նրանք, ովքեր զայրացան իշխանիկների վրա և հեռացան երկրից, մոռանալով, որ իրենց հեռացմամբ վարար գետեր են ուղղորդում դեպի գաղութարարների ջրաղացները։
Մեզ, այո, վիճակված է ապրել բարձրավանդակում, ուր մտքերը աղբյուրի պես զուլալ են և գործերն են առաքինի, քանզի մեր դաշտերն ու լճերը հավերժորեն մագլցում են դեպի լեռները։ Եվ բարձրավանդակի առաքինությամբ դիմենք մեր միս-արյուն իշխան-կառավարիչներին. բա՛վ է, եղբայրներ ու քույրեր, բա՛վ է, դարձի եկեք, երկրային պատիժներից առայժմ խուսափում եք, երկնային դատաստանից խույս տալն անհնար է։
Այնպես որ, եղեք հովիվ, ոչ թե գաղութապետ և հիշեք-ականջին օղ արեք` Հայաստանը, հովիվների այս խորհրդավոր երկիրը, այս վեհանիստ բարձրավանդակն ու սրբազան լեռները և՛ մերն են, և՛ ձերը։ Հետևաբար, համազոր պատասխանատու ենք նրանց առջև։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ