Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Երբ մանգաղը յաթաղան է (հերոսական սերնդի քավարանը)

Երբ մանգաղը յաթաղան է (հերոսական սերնդի քավարանը)
04.07.2014 | 00:15

Արյունը մղվում է առաջ,
Բայց բնազդը գնում է հետ ու հասնում է
Նախամոր կրծքերին,
Հայկ Նահապետի նպատակի նետը
դրվել է աղեղի վրա
փափկասուն կրծքերի։


«Աստղածառ», Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

ԱՐԾԱԹԵ ԶԱՆԳԱԿՆԵՐ` ՄԵՐ ԹՈՒՋԵ ԱԿԱՆՋՆԵՐԻՆ

(ֆելիետոն-նամե)

Աֆրիկյանների տունն էլ ընկավ հերոսական մեր սերնդի արցունքառատ հայացքի ներքո։ Արցունքի առատությունը կոծկում է մեր սրտի այրող ամոթը, զի 1988-ի սերունդը ինքնակամ լքել է մարտի դաշտը։ Աֆրիկյանների տան անկումը, որքան էլ ցավալի, ընդամենը պետականության անկման հերթական ալիքն է, և մի՞թե արժե անվերջ խոսել և զայրանալ ու հոգնած քուն մտնել։ Առավոտյան թարմ ու առույգ կարթնանանք հայոց հակապետականության վառվռուն տիրույթներում և կշարունակենք քաշել եռագույն մեր լուծը։ Այսպիսով, նշյալ սերնդի ներաշխարհի սարսափի բարդույթ-որոմներն են չափազանց շահադիտական, և դրանք խիստ ներդաշն են իշխանավորաց խարդավանքներին։ Դուք ներեք ինձ, պաղատում եմ, սակայն եթե բանող եզը երդվյալ հեզ է ու բանում-տառապում է լուսաբացից արևամուտ, և եթե նրա ամենօրյա բեռը ահռելի է, իսկ սնունդը` ճագարին վայել, և եթե նա շարունակում է յուր հեզաբարո պարը, ի՞նչ է մնում նրա տիրոջը։ Այո՛, տանջահարել անմռունչ հեզին, մինչև նրա սմբակները վերասլաց դիրք ընդունեն։

Օրեր առաջ Աֆրիկյանների տան ընդվզման տիրույթներում էի։ Նպատակս էր, նախ, հաշվել, թե հերոսական սերնդի քանի ներկայացուցիչ է յուր ասպետական ներկայությամբ պատվել ընդվզումը, այնուհետև անհրաժեշտության դեպքում դառնալ հաշտարար` դեմեմականների և ոստիկանության միջև։ Բարեբախտաբար, գործը բախման չհասավ։ Դժբախտաբար, սերնդակիցներիցս ընդամենը մեկին հանդիպեցի` գեղանկարիչ Սերվետին։ Երեկոյան տեղեկացա, որ ընդվզմանը ներկա էր Թումանյանի թանգարանի շնորհալի տնօրենուհին` Թուխիկյան Նարինեն։ Եվ վերջ, մնացած 88-ականները լրջագույն պրոֆեսիոնալներ են հակաերկրային վտանգները անվտանգ հեռվից դիտելու և մտքում դրանց աքացի տալու իմաստով։ Եվ ահա, երբ նոր սերունդը սուրն է ձեռքն առել, 88-ականները յուրյանց փառապանծ թրերն են պատյանների մեջ հուսալիորեն թաքցրել և, հարակից բացօթյա սրճարաններում փառավորապես բազմած, սուրճի և պաղպաղակի վայելքների միջօրեում ընդվզում են և ձեռնոց նետում իշխանակույտի ձեռքում մատաղացու գառների վերածված ոստիկաններին, այնուհետև հիշում հիշարժան անուններ։ Ահա դրանցից մեկը` գործարար X-ը, ով 88-ին առաջին շարքերում էր, ով Երևանի կենտրոնից փոխադրվեց Աջափնյակ, բնակարանի վաճառքի արդյունքում ստացված շահույթով փոքրիկ մի խանութ ստեղծեց և ոչ մեծ իր եկամտից գումարներ էր նվիրաբերում դրկից մանկապարտեզին։ Նրան սեղանակից է գիտնական Z-ը։ Սա բազում առաջարկներ մերժեց (տոկաց ու արհամարհեց և իր գյուտերն ու հայտնագործությունները չնվիրաբերեց օտար երկրներին), չքաղաքականացվեց և այսօր նշանակալից դերակատարում ունի հայեցողական հայրենասիրության համահայկական ճակատում։ Հասկանալի է, որ X-ը ևս նշյալ ճակատի երկրորդական անդամներից է։ Հասկանալի է նաև, թե ինչպիսի՜ կարոտաբաղձական թառանչներ են լսվում սրճարաններում ու նարդու սեղանի շուրջ, և ի՜նչ թնդուն անուններ են ասպարեզ իջնում ու գոտեպնդում հայեցողական հայրենասիրության համահայկական ճակատի գլադիատորներին։ Ականջ դնենք երկխոսությանը, ուսանելի է. «Հե՜յ գիդի, հե՜յ, Մովսեսի կարիքը ոնց է զգացվում»։ «Այո, սիրելիս, միայն նա կարող էր այս հրաշալի սերնդին առաջնորդել»։

1988-ին Մովսես Գորգիսյանն այս սերնդի հասակակիցն էր։ Մի խոսքով, 1965-ի և 1988-ի արծաթե զանգերն են ղողանջում, և մեզ վերջնագրային ընդվզման են կանչում, ականազերծենք մեր հնազանդության թուջե լսելիքը։

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

(պամֆլետ-օրատորիա)

Օր օրի և ժամ առ ժամ ավելի ու ավելի եմ համոզվում` վերջին հարյուր տարում Հայկական լեռնաշխարհում ծլարձակած, հասակ առած և հայրենիքն ապականած ամենադալար մոլախոտի անունը քաղաքականություն է։

1965-ի անհնազանդների սերունդը փառավոր ճանապարհ անցավ խորհրդային գաղութներում և օրինակելի էր այլախոհական շարժումների համար. 1988-ին նրանք վերադարձան աքսորավայրերից։ Նրանց բարձրագույն երազանքը անկախ Հայաստանն էր։ Ինչպիսի՞ն կլիներ անկախ Հայաստանի ճակատագիրը, եթե ՍՄԿԿ քաղբյուրոն ընդառաջեր Պարույրի և այլոց ընդվզումներին և անկախացներ Հայաստանը, այսինքն` վաներ իրենից։ Արդյո՞ք Թուրքիան, Իսրայելը, Քրդստանն էլ վրադիր ցնծագին կողջունեին անկախ երկրի երկունքն ու գոյությունը, և ինչպիսի՞ն կլիներ մառախլապատ Ալբիոնի ու ԱՄՆ-ի վերաբերմունքը։ Այստեղ մի պահ շունչ քաշենք և հավաստենք, որ եթե անկախ Հայաստանը կայանար, ասենք, 1970-ին, ապա վստահաբար նրա նախագահը կլիներ 21-ամյա Պարույրը, պարույրվող երկրի գլխին կախվելիք հնարավոր արհավիրքների մասին էլ թող երազի պատվարժան ընթերցողը։ Այժմ դառնանք մեր դավ ու ցավին։ Անհնազանդների սերնդի առանձին ներկայացուցիչներ նորանկախ Հայաստանի կայացման, նրա սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրման առաջապահ դիրքերում էին: Հիշենք նրանց անուն առ անուն. Մովսես Գորգիսյան, Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան և այլք։ Շուրջ երկու հարյուր անկախականներ վերադարձան խորհրդային ճամբարներից, վերադարձան կառուցելու ազատ-անկախ-միացյալ հանրապետությունը։ Սա ակնառու պատմական փա՞ստ է։ Անշուշտ։ Սակայն, պաղատում եմ թախանձագին, աչքս խոթեք թեկուզ մեկ անհնազանդի անուն, ով յուր անկախ հայրենիքում յուր սոցիումը չի ապահովել յոթ պորտով։ Այսինքն, սա՛ էր խորհրդային կայսրապետության զնդաններում տառապած օրերի, հայրենաբաղձ-անկախական երազների և հայի հայկազյան ինքնության հաստատման գինը։ Ես (ներեցեք, եթե ասածս վերամբարձ հնչի) պնդում եմ` Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենց պարտքերն են ցայսօր վճարում անհնազանդների տառապանքի դիմաց։ Եվ դեռ որքա՜ն ենք վճարելու, անհայտ է։

ԿՈՉ ԵՎ ՈՒՂԵՐՁ «ԴԵՄ ԵՄ»-ԻՆ

(զանազանեք մոլախոտի սերմը մանանեխի հատիկից)

Այսպիսով, քաղաքականացվածությունն է այն մեծագույն որոմը, որն ունակ է կիսագաղութից վերջնական գաղութացման հասցնելու երկիրը։ ՈՒ սարսափով եմ լսում շրջանառվող լուրերը, թե «Դեմ եմ» հրաշալի շարժումը պատրաստվում է վերածվելու (ըստ իրենց` վերաճելու, ըստ իս` ձևախեղվելու) քաղաքական կառույցի։ Զգուշացեք, իմ աննկուն բարեկամներ, քաղաքականությունը հայերիս համար երկրակործան զբաղմունք է։ Եվ մի՞թե դույզն-ինչ զանազանում կա որևէ ընդդիմադիրի պոռոտախոսության և իշխանական ճառասացի գլուխյուղման միջև։ Մի՞թե միևնույն վաշխառուական կենցաղը չէ օրնիբուն և միևնույն անզուսպ հրավառությունը կեսգիշերից մինչև լուսաբաց։ Ի դեպ, 13-րդ կառավարության օրոք հրավառվում ենք շատ ավելի անկաշկանդ և բիրտ։ Բայց ի՞նչ է կատարվում, երբ կերած-խմած «լավ տղերքը», երջանկության կիզակետում, գնդակոծում են երկիրը։ Հասկանալի է, հազարավոր ծեր ու մանուկ, այր ու կին խիստ տագնապ են ապրում, և սրվում է ոմանց հիվանդությունը։ Եվ ի՞նչ, մի՞թե տագնապահարված քաղաքացիները գրոհում են ստահակների դիտակետի, ոստիկանական պահակակետի կամ կառավարական տան դարպասների վրա։ Բնավ։ Ընդամենը արցունք են թափում և բռունցք ճոճում դեպի դիտակետերը, պահակակետերն ու դարպասները։ ՀԷՑ-ի ռուսահպատակ տնօրենը որևէ պատճառ չի տեսնում, որ հիմնավորեր սակագնի բարձրացումը, հայաստանահպատակ հանձնաժողովը, Նազարյան Ռ.-ի գլխավորությամբ, բազում հիմնավորումներ է առաջ քաշում։ Եվ մի՞թե հենց սա համաժողովրդական ընդվզման աննախադեպ առիթ չէ։ Չէ՞ որ այն մարսելով (իսկ որ իշխանությունների ժողովրդակեղեքիչ մարսողությունը բացառիկ կենսունակ է, կարծում եմ, չկան կասկածներ) հայկական ատոմակայանի սնանկացման եղերերգը կհնչի, և սակագինը կրկին վեր կճախրի։

Այնպես որ, քառյակի գերագույն գերխնդիրը իշխանական խնջույքախաղերում կնքահոր գահաթոռում հանգրվանելն է, և նրանք ազնվասիրտ են յուրովի, իշխանական կուսակցությունը թագավորում է ահա 15 տարի, դեռ մի բան էլ ավելի։ Բավ է, եղբայր, զիջեք կնքահոր գահաթոռը մեզ, դուք էլ նստեք քավորկնոջ և սանահոր սեղանների շուրջը։ Այդպես չէ՞, անվերապահորեն այսպես է։

Ի դեպ, ի տարբերություն ԽՍՀՄ-ից արտազատված մյուս երկրների, Հայաստանը հարուստ էր քաղաքական հրաբուխներով։ Մի կողմից` համազգային շարժումն էր, մյուս կողմից` ավանդական կուսակցությունները, ժամանած գլխավորապես Արևմուտքից ու Հարավից, և վերջապես, Հյուսիսից իջած նախկին քաղկալանավորների կոհորտան։ Վերջնարդյունքում երկրում ծլարձակեց քաղաքական մոլախոտի անտառը։ Բավ է, վերջնականապես վտարենք երկրից քաղաքականությունն ու քաղգործիչներին։ Հասարակական անհնազանդությունն է արմատապես փոխելու մեր ճակատագիրը։

ՈՒՂԵՐՁՆԵՐ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ

(սարկաստիկ վերջերգ)

Ինչպե՞ս վարվել իշխանական (սիրով հավելում եմ` նաև իշխանա-ընդդիմադիր) քյալլագյոզների հետ, երբ հերոսական սերունդը հաղթանակ տոնի։ Մինչ այդ փորձենք պատմության տարեգրքերին հանձնել նրանց։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Երբ ընդվզում են երիտասարդներն ու ազատամարտիկները, թև ու թիկունք լինենք նրանց, այսինքն, եթե հրապարակում 100 ջահել է ելել խաղաղ մարտի, և երբ 100 ազատամարտիկ է միանում նրանց, մենք` 100 հազար անհնազանդներս, պիտի միաբանվենք և վերածվենք ուժի։ Ամենակարևորը` պիտի բացառել քաղգործիչների ներկայությունը, եթե անգամ ապաշխարանքի շուրջպար բռնեն և ծնկաչոք արշավեն Ազատության հրապարակից մինչև Նուբարաշենի մայրաքաղաքային աղբավայր։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ