Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Երկու հեքիաթ` մեկ իրականություն

Երկու հեքիաթ`  մեկ իրականություն
27.06.2014 | 12:06

Պատմությունն ու ժամանակը փաստում են, որ Լեոնարդո դա Վինչիի և ֆանտաստ գրող Ժյուլ Վեռնի երևակայության անհավատալի թռիչքների մեծ մասն այսօր իրականություն է դարձել։ Սա մարդկության նվաճումն ու հպարտությունն է։ Սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ նման թռիչքից հետո մարդն այնքան կցածրանա, որ իրականության կվերածի արևելյան ոչ թե կախարդական, այլ կենցաղային տրագիկոմիկ բնույթի հեքիաթները։
Մանկությանս տարիներին կարդացած մի հեքիաթ հառնեց հիշողությանս միջից, երբ ռադիոյով լսեցի այս անգամ էլ ավտովարորդների բողոքի ավտոարշավի մասին ընդդեմ անհիմն տուգանքների, կարմիր գծանշումների, ծառերի և սյուների հետևում «թաքնված» արագաչափերի և տեսախցիկների դեմ։
Համաձայն հեքիաթի, արևելյան թագավորներից մեկի շռայլության, ագահության, թե հիմարության պատճառով` պետական գանձարանը դատարկվել էր։ Թագավորը նազիր-վեզիրների հետ նստում է խորհրդի. ինչպե՞ս լցնել գանձարանը։ Ինչպես բոլոր թագավորներին, սրան էլ շա՜տ խելացի խորհրդականներ էին շրջապատում ¥թագավորին հաճոյանալուց բացի` իրենց շահը ևս առկա էր¤։ Եվ այս խորհրդականներից մեկը (սրամիտ մեկը) առաջարկում է. «Թագավորն ապրած կենա, նոր հարկեր պիտի հնարել։ Ես առաջարկում եմ` ում անունը Ահմեդ է, թող 5 ոսկի տա, ում կնոջ անունը Ֆաթիմա է, թող 5 ոսկի տա, ով փինաչի է` թող 5 ոսկի տա, ով էշ ունի` էլի 5 ոսկի տա, ով ճաղատ է` սա էլ 5 ոսկի տա։ Առայժմ այսքանը հերիք է, հետո` կտեսնենք»։ «Աֆերիմ,- գոչում է թագավորը,- դու շատ իմաստուն մարդ ես, և դրա համար ոչ միայն քո պաշտոնը կբարձրացնեմ, այլև հավաքված հարկերից քո բաժինը ևս կունենաս»։ Եվ անցնում են գործի։ Հետևյալ օրը հարկահանները կանգնում են մի հնակարկատի` փինաչու դռան առաջ: «Էս դուքանը քո՞նն է»,- հարցնում են։ «Իմն է»,- պատասխանում է զարմացած փինաչին։ «Թագավորի հրամանով, ով փինաչի է, 5 ոսկի հարկ պիտի տա»։ Նայելով հարկահանների անհոգի և սպառնալից տեսքին, ճարահատ կանչում է կնոջը. «Ֆաթիմա, 5 ոսկի բեր»։ «Ֆաթիման ո՞վ է»,- հետևում է հարցը։ «Կինս է»,- միամիտ-միամիտ պատասխանում է փինաչին։ «5 ոսկի էլ դրա համար պիտի տաս»։ «Ֆաթիմա, 10 ոսկի բեր»,- ձայնում է փինաչին։ «Սպասիր,- տնից կանչում է Ֆաթիման,- էշը կապեմ, կբերեմ»։ «Էշը քո՞նն է»։ «Իմն է»։ «Նոր հրամանով` 5 ոսկի էլ էշիդ համար պիտի տաս»։ «Թո՜ւ»,- զայրանում է փինաչին, և գլխարկը գլխից հանելով զարկում գետնին։ Եվ ո՜վ զավեշտ, թե սարսափ. փինաչին... ճաղատ էր։ «Ֆաթիմա,- բղավում է փինաչին,- քսան ոսկի բեր»։ Վերջապես հայտնվում է Ֆաթիման, և 20 ոսկին տալով, գանգատվում. «Այ Ահմեդ, մեզ 5 ոսկի մնաց, ո՞նց ենք սրանից հետո ապրելու»։ «Էդ 5 ոսկին էլ ձերը չէ,- ծիծաղում են փոքր-ինչ զարմացած հարկահանները,- թագավորի հրամանով` ում անունը Ահմեդ է, 5 ոսկի էլ նա պիտի հարկ տա»։
Եվ էշին նստեցնելով աղքատացած Ահմեդին ու Ֆաթիմային, ման են ածում, կանչելով. «Ժողովուրդ, լավ նայեք էս մարդուն. սա իր փինաչի տեղով թագավորի գանձարանին միանգամից 5 հարկ է վճարում»։
Սա իրականություն դարձած առաջին հեքիաթն էր։
Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում։ Սա շատ է սիրում ժամանակ առ ժամանակ ծանր հարկերով ճնշել իր հպատակներին ¥թեպետ գայլի անունն է ելել, աղվեսներն ավելի շատ են մարդ հոշոտում¤։ Հերթական հարկահանությունից հետո իր վեզիրներին ¥այսինքն` վերը նշված աղվեսներին¤ ուղարկում է, թե` գնացեք, տեսեք ի՞նչ է անում ժողովուրդը։ Գալիս տեսնում և թագավորին զեկուցում են. «Բողոքում և լաց է լինում»։ Թագավորը նորից է հրամայում գնալ և նոր հարկահավաքություն անել։ Հետո նորից է մարդ ուղարկում ստուգելու, և նորից նույն պատասխանը. «Բողոքում և լաց են լինում»։ Երրորդ «թալանից» հետո, երբ լսում է, որ ժողովուրդը ոչ բողոքում է, ոչ լալիս, այլ տներից դուրս եկած երգում և պարում է, ահն ընկնում է սիրտը. «Սա արդեն լուրջ և վտանգավոր է, էլ ոչ մի հարկ. ժողովուրդն իսկապես էլ ոչինչ չունի...»։
Սա էլ երկրորդ` դեռևս ոչ լրիվ իրականություն դարձած հեքիաթը։
Նորօրյա բաբելոնյան աշտարակ են կառուցում. թանկացում թանկացման վրա, տուգանք տուգանքի վրա, անարդարություն անարդարության վրա կուտակելով բարձրացնում են հիմքերն ու պատերը այդ խառնափնթոր և ճոճվող կառույցի։ Ո՞Ւր է գնում այդքան գումարը, որ ժողովրդին քամելով հավաքում են, որովհետև, երբ թոշակների կամ նվազագույն աշխատավարձի հարցն է առաջ քաշվում, բոլոր կառավարությունների բաղաձայն երգչախմբերը ականջ սղոցելով միշտ նույն երգն են երգում` բյուջեում փող չկա։ Բերմուդյան եռանկյունին են համարում «դժոխքի օղակ» և նրա գաղտնիքներն են փորձում պարզել։ Մեր բյուջեն շատ ավելի՛ է դժոխքի օղակ հիշեցնում։
Անարդարության թելից կախված մի զանգ է ճոճվում, զնգում Հայաստանում, որի ձայնն օր օրի ավելի ու ավելի է ահագնանում։ Ոմանք նրա ձայնի ուժգնությունից բնականից են խլացել, ոմանք անտարբերության և հիասթափության բամբակ են խցկել իրենց ականջները, ոմանք այդ ձայնը չլսելու համար փախել են երկրից։ Ոմանք, պարզելու փոխարեն, թե ինչու է զանգն այդպես աղմկում, առաջարկում են պոկել լեզվակը։ Ոմանք էլ լեզվակի անտեսանելի թելն են չարամտորեն անընդհատ քաշում։
Սա էլ մի իրականություն է, որը շատ քաշքշելու դեպքում ցած կգցի զանգը, որն իր ծանրության տակ կճզմի... բոլորին, և կդառնա տխուր ու ողբերգական ավարտով հեքիաթ։ Չգիտեմ` ո՞վ է հորինել այն, կամ ո՞ւմ է հարկավոր։ Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ վաղը ժողովուրդը կարող է փողոցներում ոչ թե բողոքել ու լացել, այլ ծիծաղել ու պարել` իր բոլոր կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ